Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Գնորդը լոլիկի գնից կկարմրի, արտադրողը՝ չէ

Գնորդը լոլիկի գնից կկարմրի, արտադրողը՝ չէ
05.05.2017 | 11:20

Հայրենի գյուղմթերք արտադրողները հարվածում են սեփական ժողովրդի գրպանին։ Մի քանի օր է՝ մեծածախ և մանրածախ շուկաներում տեղական լոլիկի գինը կտրուկ բարձրացել է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը արգելել է թուրքական լոլիկի ներմուծումը։ Սրանք դատարկ խոսակցություններ չեն, այլ տնտեսապես հիմնավորված փաստ։


Շուկաներում և խանութներում այլևս 500-700 դրամով լոլիկ գոյություն չունի, նվազագույն գինը 1200 է, իսկ բարձրը՝ 1800 դրամ։ Հայրենի հող ու ջրում աճեցրած լոլիկը մայիս ամսին դարձել է «ընտրյալների» սեղանի զարդը։ Եթե այսպես շարունակվի, լոլիկի հետ դուքո՞վ պետք է խոսենք։ Կատակը՝ կատակ, բայց մեր բարձրացրած հարցը լուրջ է՝ ինչո՞ւ հանկարծ լոլիկի գինը «թռավ»։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն։ Իհարկե, պատահականություն չէ, բայց օրինաչափություն էլ չէ։ Գուցե մեր գյուղմթերք արտադրողների ախորժակն է գնալով մեծանում, սակայն ո՞ւմ հաշվին, ժողովրդի՞։


Ընդամենը մի քանի օր առաջ գյուղական տնտեսությունները և գյուղատնտեսական ՀԿ-ները գոհունակությամբ հայտարարեցին, որ, վերջապես, կառավարությունը արգելեց լոլիկի ներկրումը։ Իսկապես, ՊԵԿ-ը գնաց այդ դժվարին և լուրջ քայլին, նպատակ ունենալով խթանել տեղի արտադրողին, գյուղացուն, ֆերմերին։ Սա շատ կարևոր, սպասված գործընթաց էր։ Գաղտնիք չէ, որ տեղի արտադրողները ներմուծվող լոլիկի դեմ տարիներ շարունակ պայքարում են, սակայն այդ որոշիչ քայլը արվեց 2017-ին։ Քայլ, որը բավականին ծանր էր, եթե նկատի ունենանք, որ լոլիկի ներկրմամբ զբաղվում էին նաև մեր հայրենակիցները։ Բնականաբար, այս որոշումից վերջիններս իրենց տուժած են համարում։ Նրանց հետ զրույցում պարզվեց, որ լոլիկի ներկրմամբ մեծ մասամբ զբաղվում են ֆիզիկական անձինք, օրական ներկրելով 30-40 կգ լոլիկ և, ըստ իրենց ներքին աշխատանքային պայմանավորվածության, բոլորի ներկրածը հավաքվում է մեկ տեղում և այդ տեղից հանվում շուկա։ Ինչևէ։


Լոլիկի ներմուծումը արգելելով՝ ՊԵԿ-ը հաստատեց, որ տեղական արտադրողի կողքին է, երևույթ, որի մասին տարիներ շարունակ երազում էին գյուղմթերք արտադրողները։ Սակայն ճակատագրի հեգնանքով տնտեսական դաշտում այս լուրջ քաղաքականությունը գյուղմթերք արտադրողները այլասերում են իրենց կոշտ գնային քաղաքականությամբ, ինչը պատուհաս է դարձել ժողովրդի համար։ Հիշեցնենք, որ ներմուծված լոլիկի գինը միշտ էլ ավելի ցածր է եղել տեղականից։ Եվ այդ ժամանակ տեղի արտադրողները փաստում էին, որ իրենց զարգացմանն ու արտադրանքի սպառմանը հարվածում է ներմուծված լոլիկը։ Այժմ շուկայում ներմուծված լոլիկ չկա, ինչո՞ւ գները չեն նվազում։ Գուցե գյուղմթերք արտադրողների մոտ ամնեզիա՞ է սկսվել՝ մոռացել են, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ի վիճակի չէ գնելու լոլիկ 1200 դրամով։ Կամ՝ չե՞ն հասկանում, որ իրենց այդ քաղաքականությամբ զրոյացնում են պետության այն դրական որոշումը, որին սպասում էր ժողովուրդը, հուսալով, որ տեղական լոլիկ կուտի մատչելի գնով։


Եթե Հայաստանի գյուղմթերք արտադրողները չվերանայեն իրենց այս կոշտ և, մեղմ ասած, ոչ պարկեշտ գնային քաղաքականությունը, ապա եղած սոցիալական լարվածության վրա դժգոհություն կավելացվի պետության հանդեպ։ Մինչդեռ սա այն դեպքն է, երբ որոշումը բխում է և՛ գյուղմթերք արտադրողների, և՛ ժողովրդի շահերից։ Գաղտնիք չէ, որ սպառումը ապահովում է եկամուտը և, բնականաբար, որքան ցածր լինի լոլիկի գինը, այդքան մեծ կլինի սպառումը, հետևաբար գյուղմթերք արտադրողներն իրենց եկամուտը կապահովեն սպառման հաշվին, ինչը առողջ բիզնեսի օրենքն է։ Կարծում ենք՝ ստեղծված իրավիճակում վատ չէր լինի, եթե գյուղատնտեսության նախարարությունը ուշադրություն դարձներ այս հարցին։ Չի բացառվում, որ գյումթերք արտադրողները փորձեն համոզել, թե անհնար է էժան գնով վաճառելը, և որ իրենք «տակ կտան»։ Սակայն որքան էլ պնդեն, փորձագետները փաստում են, որ նման խնդիր չկա, ավելին՝ արտադրված լոլիկի ծավալները բավարար կլինեն և՛ ներքին սպառման, և՛ արտահանման համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ