Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Թուրքիան պետք է պատժվի, որ աշխարհը խաղաղ ապրի»

«Թուրքիան պետք է պատժվի, որ աշխարհը խաղաղ ապրի»
25.04.2017 | 12:24

Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար ՎԱՀԵ ՄԱՀՇԻԿՅԱՆԸ երկար տարիներ զբաղվում է Հայ դատի խնդիրներով։ Մեզ հետ զրույցում նա խոսեց անկախ Հայաստանի իշխանությունների՝ ցեղասպանության ճանաչման հարցում վարած քաղաքականության մասին։

-Անկախության տարիներին Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունում ի՞նչ թերություններ են եղել, և ի՞նչ սրբագրումներ պետք է անել։
-Հայաստանի բոլոր իշխանություններն այս հարցում քաղաքական կամքի խնդիր ունեն, որովհետև նեղմիտ, անհատական կամ հատվածային շահեր են հետապնդել։ Տարվելով մենատիրական մոլուցքով, Հայաստանի բոլոր տարիների իշխանությունները երկրի տնտեսական ու սոցիալական վիճակը հասցրին վտանգավոր վիճակի։ Փոխարենը Թուրքիան ճիշտ հակառակ ընթացքով գնաց՝ մեծացնելով իր հնարավորությունները։ Հայաստանը նախ պետք է փոխի իր պարտվողական քաղաքականությունը և անցնի հարձակողականի։ Սա հնարավոր է, եթե համազգային ճշմարիտ քաղաքական գիծ որդեգրվի։ Հայությունը ոչ թե խոսքով, այլ գործով մեկ ամբողջություն պետք է դառնա։ Առանձին վերցրած շատ շատերը լավ գործեր են անում, բայց հարկավոր է միավորել ուժերը, և հաջողությունը երաշխավորված կլինի։ Միավորող օղակը պետք է լինեն Հայաստանն ու նրա պետական քաղաքականությունը։ Հայաստանը պետք է լինի ամեն հայի տունը, և ամենևին կապ չունի, թե որտեղ է նա ապրում ու ինչ գործով է զբաղված։ Պատկերավոր եթե ասեմ` գողը որ գող է, աշխարհը գողանում ու իր տունն է բերում, իսկ Հայաստանի պարագայում տնից գողանում են, դուրս են տանում։ Այս մտածողությունը պետք է սրբագրվի, վերացվի։ Հարկավոր է ստեղծել մեկ գերագույն մարմին, որը երկրի կարևոր ազգային հարցերը ճիշտ ուղու վրա կդնի։ Սա վերաբերում է նաև ընտրություններին։ Երկիրը, մարդու խիղճը ապրանք չեն, որ վաճառվեն։
-Սփյուռքը Ցեղասպանության ճանաչման գործում շատ մեծ դերակատարում ունի, Դուք ևս զբաղվում եք այս հարցով։ Ի՞նչ խնդիր եք փորձում լուծել։
-Ամեն հայի հոգսն է Հայոց ցեղասպանության ճանաչումը, սա ազգի, տեսակի պահպանման, արժանապատվության, հետագայում բարգավաճ ապրելու հարց է։ Կարծում եմ, բոլորս անհատապես կամ խմբովին ձգտում ենք այս հարցի արդար լուծմանը, այսինքն, մեր իրավունքների վերականգնմանը։ Ցեղասպանության նախօրեին միայն Կոստանդնուպոլսում ապրում էր մեկ միլիոն մարդ, որից 400 հազարը հայեր էին։ Ասել է՝ մենք իրավունքներ ունենք այդ հողի վրա։ Իսկ ընդհանուր հաշվով ցեղասպանության օրերին Թուրքիայում ապրում էր շուրջ 10 միլիոն մարդ, որի 43,5 տոկոսը հայեր էին, բնակչության մյուս հատվածը ամբողջությամբ թուրքեր չէին (քրդեր, ույղուրլարներ, լազեր, հույներ, չերքեզներ, չեչեններ, պարսիկներ, թաթեր, աֆարներ, արաբներ, ասորիներ)։ Ասել է՝ հայերը մեծամասնություն էին։ Հետագայում այդ բոլոր ազգերին թուրք «դարձրեց» Մուստաֆա Քեմալը, որին Հակոբ Մարդայանը Աթաթուրք անվանեց, այսինքն` թուրքերի հայր։ ՈՒնենալով ծանրակշիռ ներկայություն Թուրքիայում, հայերը նպաստեցին այդ երկրի զարգացմանը բոլոր ոլորտներում։ Ասել է՝ մենք Թուրքիայում մեր իրավունքների վերականգնման խնդիր ունենք։ Ինչ վերաբերում է մեր խորհրդին, այն միջազգային իրավական կազմակերպություն է, որի նպատակն է վերականգնել հայերի արդար իրավունքները։ Համախմբում ենք բոլոր նրանց, ովքեր Հայ դատի հանդեպ հավատ ունեն։ Իրավական ճանապարհով փորձելու ենք ճնշում գործադրել բոլոր այն երկրների իշխանությունների վրա, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ստիպեն Թուրքիային ճանաչել ու ստանձնել համապատասխան պարտավորություններ։ Ցավով պետք է փաստեմ, որ հայաստանյան իշխանությունները հետաքրքրություն չեն ցուցաբերում խորհրդի հանդեպ։
-Ոմանք պնդում են, թե Թուրքիան վաղ, թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, մյուսներն էլ կողմ են թուրքերի հետ «լեզու գտնելուն»։ Դուք, փաստորեն, ավելի առաջ եք գնում և իրավունքների վերականգնումից եք խոսում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։
-Թուրքիայից ոչ մի օգուտ չկա։ Խղճի բացակայության պայմաններում ի՞նչ կարելի է ակնկալել Թուրքիայի նման երկրից, որը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։ Մեր գործը պետք է լինի միջազգային հանրության հետ, որ նրա ձեռքով պատժենք Թուրքիային։ Մինչդեռ մենք, հանցագործից ողորմություն մուրալով, պահանջում ենք ճանաչել իր իսկ հանցանքը։ Թուրքիան պետք է պատժվի, որպեսզի աշխարհը խաղաղ ապրի։ Ի վերջո, աշխարհը հասկանալու է, որ, ի դեմս այս երկրի, մեծ վտանգ կա կախված բոլորի գլխին։ Հավատացեք` թուրքն անպատիժ չի մնա։
-Աշխարհն ինչպես անտարբեր եղել է ժամանակին, այնպես էլ մնացել է։ Քաղաքագիտորեն ասած, ամեն մեկն իր շահերով է առաջնորդվում։ Մենք հասկացե՞լ ենք, որ մեր փրկիչն էլ, պաշտպանն էլ միայն մենք ենք, թե՞ նորից հույսը դրել ենք միջազգային հանրության վրա։
-Աշխարհն անտարբեր չի կարող լինել։ ՈՒշ, թե շուտ հաշվեհարդարը լինելու է։ Կյանքի օրենքն է` ծովը վանում է իր ներսում հայտնված օտար մարմինները։ Այնպես որ, այս օտար վնասակար մարմնից պիտի ձերբազատվել։ Կարևորը ցանկությունն է։ Հայը կենսասեր, արարող ազգ է։ Ենթարկվել ենք ամենախիստ փորձությունների, մեր տոկունության չափով փորձությունների ենք դիմացել, ուրեմն Աստված մեզ կյանք է տվել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ