Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Ո՞րն է Վերին Լարսի այլընտրանքը ի վերջո

Ո՞րն է Վերին Լարսի այլընտրանքը ի վերջո
20.04.2017 | 09:09

1992-ի օգոստոսի 14-ին Ինգուրի գետի վրայի կամուրջը պայթեցնելուց հետո խզվեց Վրաստանի ու Աբխազիայի երկաթուղային կապը, Անդրկովկասը Ռուսաստանից կտրվեց: Հետո որոշ հատվածներ վերականգնվեցին ուղևորափոխադրումների համար, բայց բեռնափոխադրումները դադարեցվել են մինչև այսօր: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առավելություններից մեկը անվանվում էր երկաթուղային կապի վերականգնումը՝ փաստացի Հայաստանի շրջափակման վերացումը: Բայց խոսակցությունները՝ խոսակցություններ, երկաթուղին վերագործարկելը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական որոշում է:

Այդ լուծմանը պետք է պատրաստ լինեն ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանն ու Աբխազիան, այլև Վրաստանը: Իսկ ռուս-վրացական, վրաց-աբխազական հարաբերությունները անորոշության կծիկ են: «Ռուսական կողմը ոչ մի խնդիր չի տեսնում վերականգնելու համար տարանցումը Աբխազիայով Հայաստան»՝ ապրիլի 19-ին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիաի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ համատեղ մամլո ասուլիսում Սուխումիում: «Կա իրավական հիմք կա, որ դա տեղի ունենա և կարող է հենվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011-ին ձեռք բերված համաձայնությունների վրա: Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները հետաքրքրված են, որ տարանցումը վերականգնվի: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ առարկություն չունի: Հարցն արդեն մեզնից չի կախված, այլ այն երկրներից, որտեղ տարանցումը կարող է հասնել»։ Աբխազիայի նախագահն ընդգծել է, որ հանրապետությունը պատրաստ է այդ հարցի լուծմանը, որը դրական կազդի պետության զարգացման վրա: «Դա հնարավորություն կտա լրացուցիչ միջոցներ ունենալ Աբխազիայի բյուջեում: Հասկանալով, որ մենք ինքնիշխան ճանաչված պետություն ենք ու չենք ապրում ինչ-որ փակ տարածքում, այդ հարցերը պետք է լուծել քաղաքակիրթ: Վրացական կողմը, եթե պատրաստ լինի այս հարցի լուծմանը, չեմ կասկածում, որ գործընթացը կսկսվի ու դա օգուտ է Աբխազիային»՝ ասել է Ռաուլ Հաջիմբան:


«Առևտրական միջանցքների մասին» 2011-ի ռուս-վրացական համաձայնագրի մասին հիշեցրին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների շուրջ բանակցություններում՝ Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինը: Հարցը փետրվարի 7-ին քննարկվել է Պրահայում հանդիպման ժամանակ: Հարցի լուծման քաղաքական որոշ պայմաններ, կարծես, կան: Կան և տնտեսական պատճառներ՝ Վրաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը աճում է (17 %՝ 2016-ին, 800 միլիոն դոլար, որ երրորդ ցուցանիշն է Վրաստանում): Փաստ է, որ կայուն հաղորդակցության բացակայությունը արգելակում է առևտրի զարգացումը:


Փաստ է նաև, որ Վերին Լարսը չի բավարարում առևտրի պահանջները ոչ Ռուսաստանի ու Վրաստանի, ոչ էլ Ռուսաստանի ու Հայաստանի միջև: Անցակետը հաճախ է փակվում՝ եղանակային պայմանների պատճառով: Հատկապես ձմռանը: Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունն է ՌԴ-ի ու Վրաստանի կառավարությունների միջև համաձայնագրի առարկան՝ հիմնական սկզբունքների մասին մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ: Խոսքը առևտրային ապրանքների տեղաշարժը որոշակի պայմաններով ապահովելու մասին է: Ենթադրվում է, որ միջանցքների մուտքի ու ելքի կետերում ռուսական ու վրացական կողմերը վերահսկողություն կիրականացնեն ապրանքաշրջանառության նկատմամբ, կփոխանակեն էլեկտրոնային տվյալները, կհետևեն տրանսպորտային միջոցների տեղաշարժին GPS-ի միջոցով և այդ տվյալները կփոխանցեն երրորդ՝ չեզոք կողմի, այդ մասնավոր ընկերությանը կընտրի Շվեյցարիան՝ բոլոր կողմերի համաձայնությամբ: Ընկերության ներկայացուցիչները ևս ներկա կլինեն միջանցքների մուտքի ու ելքի կետերում, որ չեն գտնվում Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցումից հետո: Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներն ապահովելու համար, քննարկվեց և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Թբիլիսի այցի ժամանակ: Որոշակի ոչինչ չասվեց, բայց Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ պայմանավորվել է Վերին Լարսի այլընտրանքի հարցում՝ «Եթե ձեզ հետաքրքրում է, կլինի՞ Լարսին այլընտրանք, կարող եմ հավատացնել, այո, կլինի: Մնացածի մասին հետո, հիմա ես փակագծերը չեմ բացի: Մենք պայմանավորվել ենք թե Լարսի, թե էներգետիկ միջանցքի մասին»՝ այն ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը, բայց հետո հերքեց, որ բանակցություններում քննարկվել է աբխազական երկաթուղու վերագործարկումը, այլ տարբերակներ են եղել՝ ասաց: Նրա այցից երկու ամիս է անցել, բայց այլ տարբերակների մասին ոչինչ հայտնի չի դարձել:

Ապրիլի 10-ին Կարեն Կարապետյանը միայն ասաց, որ Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա բեռնափոխադրումների մաքսատուրքերը նվազել են: ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը խոսակցությունը վերադարձնում է դեպի երկաթուղու վերագործարկում: Թեպետ ռուս-վրացական «Առևտրական միջանցքների մասին» համաձայնագիրը քաղաքական բաղադրիչ չունի, Թբիլիսիում համարում են, որ համաձայնագիրը ուժի մեջ մտնելը նշանակում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի սահմանների ճանաչում: Փաստ է, որ երկաթուղու վերագործարկումը շահեկան է և Ռուսաստանի, և Վրաստանի, և Հայաստանի համար: Քաղաքական որոշում ընդունելու համար Թբիլիսիում տնտեսական բաղադրիչը պետք է գերակայի քաղաքական ռիսկերին: Գուցե և հասունացել է ժամանակը, որ առևտրական միջանցքները այլևս չհատվեն քաղաքական պատերազմների հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հարավային Օսիա-Հայաստան՝ փաստացի միայն Վրաստանն է այս շղթայի պոկված օղակը: Բայց դա առաջին հայացքից, առևտրական միջանցքները քաղաքական պատերազմների և պատրվակ են, և հետևանք: Հարցը տեղից չի շարժվում, որովհետև խորքում կան Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, նաև՝ ՌԴ-ԵՄ: Շահերի եզակի համադրություն է պետք, որ երկաթուղին աշխատի, նաև՝ պատկառելի ներդրումներ՝ վերականգնելու համար տասնամյակներով անգործության մատնված ենթակառուցվածքները: Վարչապետը խոստացե՞լ է այլընտրանք գտնել Վերին Լարսին: Խոստացել է: Երևի հույսը լաստանավերն են:

Դիտվել է՝ 1930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ