Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միակ ճանապարհը պայմանավորվելու ձև գտնելն է»

«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միակ ճանապարհը  պայմանավորվելու ձև գտնելն է»
14.04.2017 | 09:47

Աշխարհը կրկին անհանգիստ է` բախում է 3-րդ համաշխարհայինի դուռը... ՈՒ շատ ցավալի է, որ գերտերությունների առճակատումը նոր ողբերգությունների է հանգեցնում։ Սիրիայում են պարպվում բոլոր նկրտումները։ Ի՞նչ սպասել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հերթական սրացումից։ Մինչ խնդրին անդրադառնալը մեր զրուցակիցը` ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, իրադրությունը ճիշտ գնահատելու համար համառոտ պատմական էքսկուրս կատարեց։

-Քաղաքականությունում չի կարելի այսօրվա իրավիճակները գնահատել հենց այսօրվա հանգամանքներով,- փաստեց պարոն Սարգսյանը։- Ամեն ինչ ունի իր պատճառներն ու հետևանքները։ 20-րդ դարի վերջին ուժերի միջև հավասարակշռություն կար, բոլորը համակերպվել էին «սառը պատերազմին», քանի որ իրավիճակը որոշակիորեն կայուն էր։ Գաղափարական պատերազմ էր ընթանում։ Այն ժամանակվա քաղբյուրոն ծերակույտ էր, և երբ ԽՍՀՄ-ում անհրաժեշտ էր վերափոխումներ անել, որևէ մեկը դրան հակված չէր։ Հանկարծ ի հայտ եկավ Գորբաչովը, որը հասկանում էր՝ այսպես շարունակել արդեն հնարավոր չէ։ Սա առանձին քաղաքագիտական վերլուծության թեմա է, ու որպեսզի շատ չխորանանք պատմական դեպքերի մեջ, միայն նշենք, որ Գորբաչովն այնքան խորագիտակ չէր, որ կարողանար ճիշտ բարեփոխումներ անել, դիցուք, ինչպես Չինաստանում։ Գորբաչովի ամենամեծ սխալն այն էր, որ փոխանակ տնտեսական բարեփոխումներից սկսեր, առաջնային համարեց, այսպես կոչված, «չսՈրվՏրՑՖ»-ը։ Միանգամից ի հայտ եկան շատախոսները, որոնք տապալեցին հնարավոր վերափոխումները։
Երբ կազմաքանդվեց Խորհրդային Միությունը, Արևմուտքը շատ շուտ էյֆորիայի մեջ ընկավ։ Նրանց թվաց, թե իրենք այնպիսի հաղթանակ են գրանցել, որ այսուհետ որևէ խնդիր չի լինելու։ Մինչդեռ հենց այդ ժամանակ արևմտյան տնտեսական համակարգում ճգնաժամ եղավ։ Ֆեոդալական համակարգն ավարտվել էր և անցում էր կատարվում կապիտալիզմին։ Հիմա էլ կապիտալիզմն է վերանում, բայց թե ինչ է դրան փոխարինելու, անհայտ է։
2008-ին ամերիկացի հայտնի սոցիոլոգ Վալերստայնն ասաց, որ կապիտալիստական համակարգն ավարտել է իր պատմությունը, բայց ինչ է գալիս դրա փոխարեն, ոչ մեկը չգիտի։ Այս պայմաններում, երբ համաշխարհային կանոնակարգը խախտված է, հարկավոր է ունենալ նոր աշխարհակարգ, որը պետք է համաձայնեցված լինի խոշոր գերտերությունների հետ։ Աշխարհն այնքան է փոքրացել, որ անհրաժեշտ է նման համաձայնություն գոյատևելու համար։ Ավելի հստակ. նախորդ համակարգը համարյա փլուզվեց, բայց նորն էլ չի կարող ձևավորվել, որովհետև դեռ նախորդի կմախքները մնացել են։ Բոլորի համար պարզ է մեկ բան. կա կարմիր գիծ, որը եթե անցնես` կհանգեցնի բոլորի կործանմանը։ Խոսքը միջուկային պատերազմի մասին է, որի հետևանքները բոլորին հայտնի են։ Չնայած սրան, խոշոր խաղացողներն անընդհատ ձգտում են դեպի այդ կարմիր գիծը, որպեսզի հակառակորդին, այսպես ասած, վախեցնեն, ու իրենք լինեն հաղթողի դերում։ Բայց հաղթող այլևս չի լինելու։ Սա պետք է հասկանա աշխարհը, չի կարող մեկը տիրապետել, գերիշխել։ ԱՄՆ-ում փորձում էին վերանայել իրենց մոտեցումները։
-ԱՄՆ-ի նախագահի ընտրության ժամանակ աշխարհը կարծում էր, թե Նահանգներում քաղաքականություն է փոխվում, քանի որ հենց Թրամփն էր քննադատում իր նախորդին՝ Օբամային, վերջինիս վարած արտաքին քաղաքական կուրսի համար։ Սակայն վերջին զարգացումներն ապացուցեցին, որ նույն ուղիով է ընթանում նաև Դոնալդ Թրամփը։ Ասել է` ամենևին էլ որոշիչ չէ, թե ով է ԱՄՆ-ի հերթական նախագահը, ինչ դավանանք, քաղաքական ինչ հայացքներ ունի և ինչ կուրսի հետնորդ է։ Առկա է իշխող առավել հզոր ուժ, որի քաղաքականությունն անփոփոխ է։
-Այդ երկիրը շատ հետաքրքիր համակարգ ունի, որը ստեղծվել է 200-ից ավելի տարի առաջ և մինչև հիմա կենսունակ է։ Սա հաջողության նշան է, ինչը ենթադրում է, որ ժամանակին ճիշտ են սահմանվել չափորոշիչները, դրա համար համակարգը կայուն է։ Մյուս կողմից` ժամանակի փոփոխությունները, քաղաքականության նոր երանգները, իրավիճակները, աշխարհաքաղաքական վերափոխումները պարտադրում են, որ մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա։ 1945-ին, երբ երկու ռումբ գցեցին Ճապոնիայի վրա, նրանց մեջ լրիվ այլ հոգեբանություն ձևավորվեց։ Մինչ այդ ԱՄՆ-ը երբևէ չէր մտածում, թե կարող է լինել գերտերություն, նրանց տնտեսական զարգացումն էլ նպաստեց դրան։ ԱՄՆ-ի իշխող էլիտան ասում է. «Եթե մենք այսքան հաջողակ ենք, ինչո՞ւ չեք ուզում մեզ նմանվել»։ Փիլիսոփայությունը սա է։ Բայց այդպես չի լինում։ Շարքային աֆղանն այսօր սովոր չէ, ներողություն, անգամ պետքարանից օգտվելու։ Նա լրիվ այլ մակարդակի է, իսկ դու նրան ստիպելով չես կարող պարտադրել քո քաղաքակրթական նորմերը։ Սրան գումարվում է մեկ այլ հանգամանք. եթե դու հասել ես այդպիսի հարստության, հիմա քեզ համար քո սահմանները նեղ են, ու դու ձգտում ես աշխարհի տարբեր ծայրերից նոր բաներ վերցնել։ Ասվածի ապացույցն է նավթի պատերազմը, որը հանգեցրեց արաբական աշխարհի փլուզմանը։
Այո, Թրամփը քննադատում էր Օբամային, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ նրա օրոք առանձնակի հաջողություններ չեն ունեցել։ Թրամփը եկավ ու սկզբում ինչ-որ բաներ փորձեց անել, սակայն նրան ասացին. «Էս ի՞նչ ես անում, մեր համակարգն այսպես չի գործում, դու պարտավոր ես ենթարկվել դրան»։ Նա նահանջեց։ Այն հարձակումները, ըմբոստացումները, որ երկրի ներսում կան նրա դեմ, ստիպեցին, որ Թրամփը փորձի ինքնահաստատվել՝ ցույց տալով, թե ռուսներից չի վախենում։ Տպավորությունն այնպիսին է, թե երեխայական մոտեցմամբ է առաջնորդվում, թե ինքը Պուտինից չի վախենում, «տես հեսա ինչ կանի»։ Մեծ քաղաքականությունում այսպես չի կարելի։ Օրինակ, 20-րդ դարի մեծագույն քաղաքական, պետական ղեկավարները կարողացան համաձայնության գալ։ Խոսքը Ռուզվելտի, Ստալինի, Չերչիլի, Դը Գոլի մասին է։ Ինձ համար գեներալ Դը Գոլն է ամենաբարձր տեղում։ Նա որպես նախագահ հիանալի գործեց, իր պետությունը վեր դասեց ամեն ինչից։ Նա գերիշխողի խնդիր չէր դրել, հետո այդպես եղավ։ Գեներալ Դը Գոլը ԱՄՆ-ին իր տեղը դրեց, երբ մի ողջ ինքնաթիռ դոլարներով հետ ուղարկեց՝ ասելով, թե ոսկին տվեք (այն ժամանակ դոլարը ոսկով էր ապահովված)։ ԱՄՆ-ին ասաց` Ֆրանսիայի վրա չես կարող մատ թափ տալ, դու դրա իրավունքը չունես։ Այսինքն, Ֆրանսիան ինքնուրույն քաղաքականություն վարեց, ինչը բնորոշ է իրեն հարգող յուրաքանչյուր ազգի, որը թաղված չէ ներքին խնդիրների (կոռուպցիայի, գողության, թալանի) մեջ։
Ասել է` աշխարհում ճիշտ քաղաքագիտական վերլուծություն չեղավ, որպեսզի հասկանան, որ նոր կարգը նոր սկզբունքներ է պահանջում։ Պետք է ելնել այն դիտակետից, թե մենք ուզո՞ւմ ենք, որ այս երկրագունդը շարունակություն ունենա և զարգանա, ուզո՞ւմ ենք, որ բնությունը մեզ չպատժի իր դեմ արածի համար, ուզո՞ւմ ենք վերանա այն վտանգը, երբ մեկն ուզում է մյուսին ոչնչացնել։
-Աշխարհի տերերի քաղաքականությունը կարծես այլ բան է հուշում։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք բացարձակ ցանկություն չունեն միմյանց զիջելու, մտածելու երկրագնդի գոյատևման մասին։
-Ցավոք, այն մարդիկ, ովքեր սովորել են փող կուտակել, ոչ մի բանի առաջ էլ չեն կանգնում։ 20-րդ դարի անաքրոնիզմներից մեկը «միլիարդատեր» հասկացությունն է։ Սա հանգեցրեց նրան, որ սկսեցին ավելի շատ կուտակել։ Սա նաև տնտեսական զարգացման բաղադրիչ դարձավ։ Բիզնեսի հոգեբանությունը գերիշխեց, իսկ բարոյական նորմերը դարձան հարաբերական։ Մեր օրինակով կարող ենք ասել, որ հայերի գոյատևման հիմնաքարն ընտանիքում բարոյական նորմերի պահպանումն է։ Հիմա դա էլ են ուզում խաթարել։ Բարոյական նորմերը խաթարվել են նաև քաղաքականության մեջ, դրա համար էլ սկսել են խոսել, թե քաղաքականությունն անբարոյական երևույթ է։ Այդպես չէ։
-Վերադառնանք կրկին Թրամփին. նրա ընտրությամբ ոգևորված էր նաև Ռուսաստանի էլիտան, ոմանք (զորօրինակ, էքսցենտրիկ Վլադիմիր Վոլֆովիչը) նույնիսկ նրա կենացն էին խմում։ Պարզվեց` շուտ էին ուրախացել։ Պուտինի վերջին հայտարարություններն էլ փաստեցին, որ ՌԴ-ն իր կանխատեսումներում սխալվել էր։ ԱՄՆ-ը մտադիր չէ նահանջելու իր նախկին գործելաոճից։ Ասել է` առճակատումը խորանալո՞ւ է։
-Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինն այնքան միամիտ է, որ հավատար ԱՄՆ-ի քաղաքականության վերափոխմանը։ Այդ ոգևորությունը եղել է ընդամենը ռուս որոշ քաղաքական գործիչների, վերլուծաբանների շրջանում։ Արևմուտքի նպատակը նորից ՌԴ-ն մասնատելն է։ Այս տատանումները, բզկտումներն անտանելի են։ Ռուսաստանն ահռելի մեծ պետություն է, դարավոր ավանդույթներով։
-Թերևս տեղին է ֆիքսել. Մոսկվայի Մեծ թատրոնը ԱՄՆ-ից մեծ է` տարիքով...
-Մինչդեռ ԱՄՆ-ն ասում է, թե իրեն դուր չի գալիս, որ ռուսներն այդպես են ապրում։ Եթե դու չես ուզում գնալ նրա հետ պայմանավորվել, դա նույնն է, որ երեխային փորձում են պատժել՝ ասելով` անկյուն կանգնիր։ Նա կանգնում է, բայց համաձայն չէ քո ասածին ու նորից նույնն է անելու։ Այն պատժամիջոցները, որոնք այսօր կիրառվում են, մանկապարտեզային մակարդակի են։ Առավել ևս պետք է լավ ճանաչել ռուսին։ Նա այսօր կարող է բավարարվել իր սև հացով, «սելյոդկայով» ու մի բաժակ օղիով՝ թքած ունենալով քո պատժամիջոցների վրա։ Նրա համար անկոտրում, անպարտելի ռուս լինելը շատ ավելի կարևոր է։ Սա կամ հասկանում եք, կամ ոչ։
Պատկերացնենք` մասնատեցիք Ռուսաստանը, ի՞նչ է լինելու։ Անգամ ձեր միացյալ Եվրոպայի զարգացման միտումներից գլուխ չեք հանում, ինչո՞ւ եք ուզում այս տարածաշրջանը դարձնել մեղվաբույն։ Այսօր միակ ճանապարհը պայմանավորվելու ձև գտնելն է։ Այլ ելք չկա։
Գոյություն ունի «Բիլդերբերգ» ակումբ, որտեղ տարին մեկ անգամ հավաքվում են մեր մոլորակի գերհարուստները, որոնք ազդեցություն ունեն աշխարհի ընդհանուր քաղաքականության վրա և պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Բայց ես դրա արդյունքները չեմ տեսնում։ Մինչդեռ պետք է այնպիսի քաղաքականություն թելադրվի, որ աշխարհին համերաշխություն բերի, և ազգերը ճիշտ ճանապարհով կզարգանան։ Այնինչ մեկը մյուսի հաշվին է փորձում զարգանալ, թույլի հաշվին, փորձում են պատժելով ավելին ստանալ։ Ցավոք, ՄԱԿ-ը չեղավ այդպիսի ակումբ, ինչին հենց կոչված էր։
Եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատումը խորանա, շատ ծանր հետևանքներ կլինեն։ Օրինակ, երբ դու ուզում ես Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել, որովհետև քո պատկերացմամբ ճիշտ քայլեր չի անում, դրա պատճառով նա համախմբում է իր ժողովրդին ու պատրաստվում պատերազմի։ Եվ ի՞նչ... Դժբախտաբար, այսօրվա մոտեցումներից ելնելով, կարելի է ասել, որ առճակատումը խորանալու է։ Բայց կա այն կարմիր գիծը, որից այն կողմ հաստատապես չեն անցնելու, որովհետև կլինի կործանում` բոլորի համար։ Աշխարհի պատմությունը հուշում է` եթե մեկը համոզված լինի, որ մյուսներին ոչնչացնելով ինքը կգոյատևի, կդիմի այդ քայլին։
-Այս պահին Ռուսաստան-ԱՄՆ լարվածությունից ամենաշատը տուժում է Սիրիան։ Ինչո՞ւ։
-Սիրիան դարձավ գործողությունների բեմահարթակ։ Սիրիայի ղեկավարի մեղքն էլ կա այս ամենում։ Բոլորը պետք է հասկանան, որ ԻՊ-ը ստեղծվել է Իրաքի քայքայման պատճառով։ ԱՄՆ-ին դուր չէր գալիս Սադամ Հուսեյնը, բայց նրանից ազատվելու ճիշտ ճանապարհը չընտրեցին։ Իմա` Իրաքը քարուքանդ արեցին։ Այնտեղ ցեղասպանություն է եղել, այս տարիներին միլիոնից ավելի մարդ է զոհվել, ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Ո՞վ է Լիբիայի համար պատասխան տալու։ Դա ծաղկուն երկիր էր։ Մեղմ ասած, արտասովոր ղեկավար ուներ, բայց այդ երկիրն էլ այդպես էր ղեկավարվում, թողնեիք տեղի ժողովուրդն ընտրեր` փոխում է նրան ու ինչպես։ Եթե դուք եք փոխում, լրիվ ուրիշ բան է ստացվում՝ «փիղը՝ սպասքի խանութում»։ Հույս չունեմ, թե Պենտագոնում կհասկանան, որ հասել են ամենավտանգավոր եզրին, ու ինչ պետք է անել, ինչ փոխզիջումների գնալ։ Ի վերջո, դուք ինքնակամ ստանձնել եք ժողովուրդների, երեխաների ճակատագիրը տնօրինողի դերը։ Բարի եղեք այնպես անել, որ պատերազմներ չլինեն։
-Սիրիայում զարգացումները մեզ համար ի՞նչ սպառնալիքներով են հղի։
-Լուրջ խնդիր է։ Նախ` մեր համայնքն այնտեղ գրեթե վերանում է, ինչն արդեն մեծագույն հարված է հայերիս։ Նրանք առանձին մշակույթ էին ստեղծում։ Մի մասը եկել է Հայաստան։ Աշխատասեր, ազնիվ մարդիկ են։ Բայց շատ լավ կլիներ, որ նրանք մեր համայնքը պահպանեին հենց Սիրիայում։ Մյուս խնդիրը ևս կա. հնարավո՞ր է այդ հրդեհը մեզ հասնի։ Դժբախտաբար, շատ մեծ է դրա հավանականությունը։ Այնտեղ կան ԻՊ-ի «էլիտար» ջոկատներ, և եթե հարվածներ հասցնեն, նրանք ո՞ւր պետք է գնան` այս տարածաշրջան։ ՈՒ եթե Թուրքիան փորձի մեզ վտանգի առաջ կանգնեցնել, այդ տարբերակը շատ լավ կաշխատի։
-Ի դեպ, Թուրքիայի ղեկավարը ողջունեց Սիրիայում ԱՄՆ-ի վերջին քայլերը։ Ի վերջո, Ռուսաստանի աչքերը բացվելո՞ւ են, հասկանալո՞ւ է, թե ի դեմս Թուրքիայի ում հետ գործ ունի։
-Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե ովքեր են թուրքերը։ Բայց գործում է «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը։ Ռուսաստանի քաղաքականությունը հետևյալն է. եթե այս պահին հնարավոր է նրանից ինչ-որ բան կորզել, ինչո՞ւ չվարվել այդպես։ Կարծում եմ` մյուսներն էլ են այս տրամաբանությամբ առաջնորդվում։ Սա, իհարկե, քիչ արդյունավետ է, սակայն ռուսները ստիպված էին վերադառնալ այդ քաղաքականությանը։ Թուրքիան ԱՄՆ-ից, որպես զինակցից, հովանավոր պետությունից, երբևիցե չի հրաժարվի։ Պարզ է, որ սա Ռուսաստանը միշտ իր ուղեղում պետք է ունենա և դրան համազոր քայլեր անի։ Սակայն Ռուսաստանը չի կարող Թուրքիային իրեն թշնամի դարձնել, որովհետև դա արդեն իր համար, այսպես ասած, շա՜տ շատ կլինի։ Դրա արդյունքում Ադրբեջանը կդառնա Թուրքիայի մի առանձին մաս։ Ինչը շատ վտանգավոր է։
-Այսուհանդերձ, երկու գերտերությունների «կռվից» մենք շահելո՞ւ ենք, թե՞ տուժելու։
-Այդ «կռվից» երբեք ոչ մեկը չի շահելու։ Պարտվող կամ հաղթող չի լինելու։ Ի վերջո, մենք մեր սեփական քաղաքականությունը պետք է ունենանք։ Հիմնավոր քաղաքականությունը։ Եթե սա չկա ու ապավինում ենք, թե հարևանի միջոցով ինչ կարող ենք անել, հաջողություն չի լինի։ Այնպես որ, արտաքին գործերի նախարարության այսօրվա առաքելությունն այն է, որ, ունենալով սեփական դոկտրինը, նախաձեռնողի դերում լինի։ Այստեղ էլ գալիս է հաջորդ էական հանգամանքը. որպեսզի երկիրը նախաձեռնող լինի, պետք է ներսում իրավիճակը բարվոք լինի ու զարգացման միտումներ արձանագրի։ Եթե այս պարադիգման չեն ընկալում այսօրվա իշխողները, կլինենք այն վիճակում, որում այսօր ենք։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ