Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Եթե «Ծառուկյան» դաշինքը և «Ելքը» միասին ընդդիմադիր ճակատ ձևավորեն, շատ մեծ օգուտ կտան մեր երկրին»

«Եթե «Ծառուկյան» դաշինքը և «Ելքը» միասին ընդդիմադիր ճակատ ձևավորեն, շատ մեծ օգուտ կտան մեր երկրին»
11.04.2017 | 00:56

ՀՀԿ-ն պատրաստ է ու կարող է նախընտրական իր խոստումները կյանքի կոչել։ Այս համոզմունքին է ՀՀԿ ցուցակի 34-րդ համար ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ, որն «Իրատեսի» հետ զրույցում խոսեց հետընտրական խճանկարի և առաջիկա զարգացումների մասին, մինչ այդ փաստելով. «Ես իմ թիմով, բոլոր հնարավորություններով ու կարողություններով կանգնած եմ նախագահի և վարչապետի կողքին (անկախ իմ զբաղեցրած դիրքից), սկսած գործը մեծ նվիրումով ավարտին հասցնելու համար։ Չնայած բարեփոխումներն ավարտ չունեն»։

-Պարոն Մկրտչյան, տրամաբանությունը հուշում է, որ ընտրություններում որևէ ընդդիմադիր ուժ պետք է մեծամասնություն կազմեր, քանի որ հանրային դժգոհությունները բավական մեծ են։ Սակայն հաղթեց ՀՀԿ-ն, ինչո՞ւ։
-Իհարկե, դժգոհություններ կան։ Մեզ նման երկրում, երբ կան բազում խնդիրներ, չկարգավորված հակամարտություն, չեն կարող հանրային դժգոհություններ չլինել։ Բայց այդ դժգոհությունը, այսպես ասած, մերժողական չէ, այսինքն՝ դա այնքան մեծ չէ, որ մերժի իշխանությանն ու գնա ընտրական հեղափոխության։ Դա մտահոգ մարդու ըմբոստացում է, որն ուզում է ոչ թե քանդել, ավերել, այլ շտկել։ Եթե դժգոհ ընտրողը նպատակ ունի իրավիճակ շտկելու, նժարին է դնում իշխող ուժի և՛ ձեռքբերումները, և՛ թերացումները, արդյունքում ցանկանում է, որ գործող իշխանությունը փոփոխությունների ճանապարհով գնա։
-Ընտրությունը ենթադրում է վատի ու լավի միջև հստակ դիրքորոշում։ Քաղաքացին դժգոհ է իշխող ուժից և ընտրում է ընդդիմությանը։
-Նախ ժողովրդի ըմբոստությունը կառավարել ցանկացող ուժը չկարողացավ նորմալ ծրագիր ներկայացնել, ոչ էլ նվիրյալների թիմ ուներ։ Արդյունքում իշխանությանն այլընտրանքային ուժ չձևավորվեց։ Հասարակությունը տեսավ սուտ խոստումների տեղատարափ՝ 17, 15 միլիարդներ, աշխատավարձերի, թոշակների կտրուկ բարձրացում։ Ժողովուրդը միամիտ չէ, հասկացավ, որ դրանք ստահոդ հայտարարություններ են, որով փորձում են իրեն մոլորեցնել։ Համադրեց ու ընտրեց ՀՀԿ-ի իրատեսական ծրագիրը, «ռեբրենդինգ»։ Տեսավ, որ իշխանությունում մոտեցումների էական փոփոխություն է եղել։ Այս ամենում լուրջ տեղ ունի վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց սա միայն երևացող մասն է։ Նախագահը լուրջ թիրախներ դրեց, ու մոտեցումները հենց նա թելադրեց։ Ով էլ լինի վարչապետը, միևնույն է, նախագահն է ուղենիշները գծում։ Եթե նախագահը չասի, թե մոտեցումները փոխվում են, ով ուզում է լինի, չի կարող իրավիճակ փոխել։ Մի կարևոր հանգամանք ևս կա. այսօրվա մոտեցումները թելադրվեցին դեռ 2015-ի փետրվարից, որոնք սկսեցին կյանքի կոչվել Կարեն Կարապետյան վարչապետի միջոցով։ Սա կիզակետվեց ընտրություններում։
-Այս ընտրություններում արմատական ընդդիմությունը պարտվեց։ Ինչո՞ւ։
-Մի քիչ դժվար է որևէ մեկին համարել արմատական ընդդիմություն, քանի որ նրանց միջև էլ խանդ կա այդ առումով։ ՀԱԿ-ը բավական լուրջ պարտություն կրեց, որում մեծ դերակատարում ունի ղարաբաղյան հարցում նրա որդեգրած դիրքորոշումը։ Ընդդիմությանը քվե է տալիս դժգոհ զանգվածը, բայց նրանց մեջ շատ են հայրենասեր, Հայ դատի ջատագով անհատները, որոնք չեն ուզում, որ այս պահին նման կերպ հանգուցալուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը։
-Մարդիկ չընդունեցի՞ն «Խաղաղության» ծրագիրը։
-Իհարկե ոչ։ Մի կողմ թողնելով, թե այդ ծրագիրը որքան իրատեսական էր, այն ժամանակից շուտ քննարկման դրվեց, որի պատասխան-գնահատականը տվեց ժողովուրդը։ Ի դեպ, ՀՅԴ-ի բարձր քվեները նաև դրանով էին պայմանավորված, որովհետև դաշնակցությունն «արդիական» դարձավ։
-Խորհրդարան անցավ այս անգամ ընդդիմադիր նոր ուժ՝ «Ելքը»։ Ինչպիսի՞ ընդդիմություն է այն ՀՀԿ-ի համար։
-«Ելքին» բավական լավ եմ վերաբերվում։ Այդ ուժի այն անհատները, որոնք ԱԺ-ում էին, պատրաստված քաղաքական գործիչներ են։ Մասնավորապես Էդմոն Մարուքյանը լավ իրավաբան է, հավասարակշիռ, հստակ արժեհամակարգով։
-Իշխանությունը միշտ դժգոհում է, թե կառուցողական ընդդիմություն չկա։ «Ելքը» կարո՞ղ է այդպիսին լինել։
-Կարծում եմ, այո։ Էլի Մարուքյանի օրինակով պիտի ասեմ. լինելով պետաիրավական հանձնաժողովի անդամ, միշտ կառուցողական դիրքորոշումներով առանձնացել է։ Եթե պետականաշինության գործին նպաստել է որևէ օրենք, նա դրան դեմ չի քվեարկել։ Չնայած դրա համար նաև քննադատության է արժանացել։ Կարծում եմ, խորհրդարանում ընդդիմադիր լավ ուժ կլինեն, հատկապես հիմա ընդդիմությանը մեծ լիազորություններ են տրվել։
-Ի՞նչ կասեք «Ծառուկյան» դաշինքի մասին։
-Այդ ուժը միշտ իրեն այլընտրանք է համարել։ Բայց քաղաքական տերմինաբանությամբ երբեք չեմ հասկացել, թե դա ինչ է։ Եթե «Ծառուկյան» դաշինքը և «Ելքը» միասին ընդդիմադիր ճակատ ձևավորեն, շատ մեծ օգուտ կտան մեր երկրին։ Իսկ եթե ամեն մեկն առանձին լինի, մրցակցի մյուսի հետ, հաջողությունը քիչ կլինի։ Նոր սահմանադրությամբ այն գործիքները, որոնք տրվել են ընդդիմությանը, հնարավորություն են տալիս միասնական ընդդիմության պարագայում շատ օրինագծեր իրենց ցանկացած հունով տանելու։
-Ընտրությունները հետևում են, առջևում խոստումների իրականացումն է։ Հանրության քվեների մեծամասնությունը ՀՀԿ-ինն է, ու բոլոր փոփոխություններն ակնկալվում են նրանից։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է իրագործելու տված խոստումները։
-ՀՀԿ-ի բարձր քվեն պայմանավորված է նաև խոստումներով, որովհետև մենք իրատեսական, առանց ավելորդ խոսքերի, համարձակ ծրագիր ներկայացրինք։ ՀՀԿ-ն այլ ելք չունի, պետք է փոխվի ու փոխի։ Նախագահը, վարչապետը փոխում են իրողությունը, իսկ թիմի այն անդամները, որոնք չեն ուզում փոխվել, ուրեմն մեր շարքերում տեղ չունեն։ Վստահ եմ, որ կառավարությունը շատ բան կփոխի։ Կառավարությունը մի քանի բան պետք է որդեգրի՝ աշխատել նվիրումով, ինչն արդեն առկա է, և անհանդուրժողականություն բացասականի հանդեպ։ Մենք ուզում ենք ու կարող ենք փոխել մեր երկիրը և անհանդուրժող ենք վատի հանդեպ, կապ չունի, թե դա ում է վերաբերում՝ ծանոթին, բարեկամին կամ եղբորը։ Այլապես այն բարձր նշաձողին, որ սահմանել ենք, դժվար կլինի հասնել։
-Քանդվելո՞ւ է իշխանական բուրգի հիմքը, երբ կարևոր է, թե ում բարեկամը, ծանոթն ու քավոր- սանիկն ես։
-Բարեկամը, ծանոթը, քավոր-սանիկը ցանկացած հասարակությունում միշտ էլ նշանակություն են ունենում։ Եթե իմ բարեկամը մյուսի հետ հավասար պայմաններում է, հնարավոր է նրան առաջնայնություն տամ, բայց մեկ ուրիշից թեկուզ չնչին հետ է, ուրեմն պետք է զիջի իր տեղը։ Եթե իմ եղբայրը պետք է գա ու գործը լավ չանի, նա չպետք է աշխատի։
-Ասում եք, որ փոխվում եք ու փոխում, բայց խորհրդարան են անցել հատկապես ռեյտինգային կարգով այնպիսի անհատներ, որոնք օլիգարխներ են, ստվերային աշխատանքի համբավ ունեն։ Հիմա նրանց ինչպե՞ս եք փոխելու։
-Երբ խոսում ենք որոշ անձերի հանդեպ հանրային բացասական ընկալման մասին, պետք է տեսնել, թե նա ինչ աշխատանք է տանում մեկ այլ հարթությունում։ Պարտադիր չէ, որ այդ մարդն ամբիոնից օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա կամ ելույթներ ունենա։ Կա մի մեծ զանգված, որի հետ նա մշտական աշխատանքի մեջ է։ Այսինքն, իր ընտրազանգվածի խնդիրներին մշտապես հաղորդակից է։ Մենք սա չենք տեսնում։ Խորհրդարանում հարյուր հոգին էլ չի կարող ակտիվ լինել, նրանք ակտիվ են այլ տիրույթում։ Ի վերջո, ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է, և հանրային բոլոր շերտերը նրանում արտացոլված են։
-Նախընտրական շրջանում Կարեն Կարապետյանը հայտարարեց 3,2 մլրդ դոլարի ներդրումների մասին։ Սա նախընտրական խոստում էլ կմնա՞։ Ի միջի այլոց, դրան անմիջապես հաջորդեց «Ծառուկյան» դաշինքի 15 մլրդ դոլարը։
-Ամենևին, ոչ, սա նախընտրական խոստում չէր։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն արդեն խորհրդարանում է, տեսնենք քանի միլիարդի ներդրում կանի։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, եթե նայենք տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքը, այնտեղ մեկ առ մեկ նշված են բոլոր բիզնես-ծրագրերը, որոնք շատ լավն են։ Վստահ եմ, որ ներդրողներ կլինեն, հատկապես 100 մլն դոլարն արդեն ակնառու է. խոսքը արևային էլեկտրակայանի մասին է։ Իսկ մինչ այս մենք ունենք արդեն բիզնես-ծրագրի լավագույն օրինակ, դա «Սանիտեկ» ընկերությունն է, որի սեփականատերը Լիբանանից է։ Հայաստան է եկել ընդամենը էլեկտրոնային հայտարարությամբ ու շահել է մրցույթում։ Հիմա նա բոլոր հարթակներում վստահեցնում է, որ Հայաստանը ներդրումների համար լավագույն երկիրն է։ Այսպիսի ծրագրեր են հիմա ներկայացված, որոնք Հայաստան կբերեն գուցե 3,2 կամ 4 մլրդ դոլար։
-Ինչո՞վ եք զբաղվելու, եթե խորհրդարան չմտնեք։
-Հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության մեջ կլինեմ։
-Քաղաքականությունից հեռու չե՞ք լինի։
-Ամենևին, 1994-ից քաղաքականության մեջ եմ, նախ ընդդիմություն, հետո իշխանություն։
-Ի դեպ, երկրի ղեկավարն էլ վերջերս իր քաղաքական ապագայի մասին ակնարկ արեց. «Եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»։ Հիմա ամենաշատ քննարկվող հարցն այն է, թե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կմնա՞ կառավարման օղակում, թե՞ ոչ։ Դուք ի՞նչ եք հասկացել նրա խոսքից։
-Նախագահի ասածը մտահոգ գործչի խոսք էր։ Այսինքն, քանի դեռ մեր երկրի անվտանգության հարցը լուծված չէ, իսկ նախագահն էլ եղել է մշտապես մեր անվտանգության համակարգերի հիմքում կանգնած անհատ, հետևապես իր ունակություններով միշտ կզբաղեցնի այնպիսի դիրք (դիրքը միշտ չպետք է պաշտոն հասկանալ), որ այդ անվտանգությունը կերաշխավորի։ Հիմա Սերժ Սարգսյանը կլինի պետական, հասարակական, թե կուսակցական դիրքում, չի հեռանա քաղաքականությունից ու կապահովի անվտանգության բաղադրիչը։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ