Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Փաստորեն, ունենալու ենք առանց ընդդիմության խորհրդարան»

«Փաստորեն, ունենալու ենք առանց ընդդիմության խորհրդարան»
04.04.2017 | 01:33

Անցանք ևս մեկ ընտրության միջով։ Ինը քաղաքական ուժերից հաջողությունը ժպտաց միայն չորսին, սակայն պարտվածները համաձայն չեն արդյունքների հետ և հայտարարում են, որ աղաղակող խախտումներ են եղել, ու ընտրակաշառք է բաժանվել։ Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նախ նշեց, որ ԱՄՆ-ում չենք, որ ԿԸՀ-ն այդքան երկար թվերի հրապարակումը ձգում է՝ ակնարկելով ընտրական «նկարչությունը», ապա նշեց, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու, և ինչ կարելի է սպասել հաղթող ուժից։

-Շռնդալից արդյունքներ արձանագրեց կրկին ՀՀԿ-ն։ Կարելի՞ է սա ժողովրդի կամարտահայտության արդյունք համարել։
-Նախապես կանխատեսել էի, որ խորհրդարանում կլինեն չորս ուժեր, պարզապես մի բացառությամբ. կարծում էի ՕՐՕ-ն ևս լինելու է։ Հիմա «Ելք»-ն է երրորդ տեղում, որտեղ հավաքված են երիտասարդ, եռանդուն մարդիկ։ Բայց վերջիններս այնքան արմատական չեն, որքան կարող էր ՕՐՕ-ն լինել։ Ակնհայտ է, որ այս փաստը շատ արագ զգաց իշխանությունը, և սկսվեցին այս ուժի դեմ կրակոցները։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Փաստորեն, ունենալու ենք առանց ընդդիմության խորհրդարան։ Այնքան, որքան «Ելքը» կունենա մանդատներ, այդ չափով էլ կունենանք ընդդիմության պես մի բան։ Իսկ դաշնակցությունն իշխանության համար փորձված թան է ու կօգնի նրան իր ուզածին հասնելու համար։ Թվերից կարելի է ենթադրել, որ հայ ժողովուրդը խելագարվում է ՀՀԿ-ի համար։ Իրականում այդպիսի բան չկա։
-Հետընտրական զարգացումների հավանականությունը որքա՞ն է։
-Եթե խորհրդարանից դուրս մնացած ուժերը պասիվություն ցուցաբերեն, իշխանությունը կկարողանա իր տոկոսները հանգիստ «մարսել»։ Բայց եթե հավատանք Սեյրան Օհանյանի հայտարարությանը, պետք է նման գործողություններ լինեն։ Սակայն 1988-ից քաղաքական գործիչների խոստումներին հետևում եմ ու գիտեմ, որ խոստանալն ու գործելը տարբեր բաներ են։ «Բարգավաճ Հայաստանը» մի բան է, բարգավաճած ժողովուրդը` մեկ այլ բան։ Ով ընտրությունները վիճարկելու հարց է դնելու, պետք է թիկունքում ունենա կուսակցություն, ուժ, որ ուզածին հասնի։ Թե ինչ ունի ՕՐՕ-ն, ինձ հայտնի չէ։ Ի դեպ, ՕՐՕ-ն չստացավ քվեներ այն պատճառով, որ նրա լիդերը մինչև վերջ մնաց իշխանությունում և միայն հրամանով գործից ազատվեց։ Հարկավոր էր գոնե օր առաջ հրաժարականի դիմում ներկայացնել, այդ ժամանակ գուցե բոլորովին այլ պատկեր ունենայինք։
-Ի՞նչ կարող եք առանձնացնել այս ընտրություններում։
-Հետևելով լրատվամիջոցների հաղորդագրություններին ու տեղեկություններին, հասկանալի էր, որ խաժամուժը տոն էր տալիս ընտրություններին, այսինքն` մեր երկրի տերը խաժամուժն է։ Սա քաղաքագիտության մեջ հայտնի է որպես կառավարելի քաոս։ Այս գործոնն աշխատեց 100 տոկոսով։ Պարզվում է, որ լենինյան տեսությունը, թե աղքատ ժողովուրդը բանի պիտանի չէ ու հեղափոխություն չի կարող անել, պետք է աղբանոց նետել։ Պետք է հասկանալ նաև մեկ բան, որ երկրի վերափոխումների իրական ղեկավարը պետք է լինի ընտրախավը` էլիտան։ Բայց մենք ընտրախավ չունենք, մենք ունենք վերնախավ, որը վերևում է այդ խաժամուժի օգնությամբ։ Երբ ամեն մի գեներալ մի տարածքի տեր է։ Սրանք քաղաքակրթության, Նարեկացու, Կոմիտասի հետ ոչ մի առնչություն չունեն։ Դրա համար հարկավոր է նոր էլիտա ձևավորել։ Եթե ժողովուրդն այդ խաժամուժից շատ ունի, ի՞նչ է, պետք է այդ ժողովրդին ճզմե՞ն։ Մեր «արիստոկրատ» կոչվածները լիովին այլ նյութից են բաղկացած, հարկավոր է փոխել այն։ Փողի քսակատերերը իշխանությունը բացարձակ վերցրել են իրենց ձեռքը ու չեն ուզում որևէ մեկի հետ կիսել։
-ՈՒզում ենք, թե ոչ` առաջիկա հինգ տարիներին իշխանությունը կրկին հանրապետականի ձեռքում է լինելու։ Ի՞նչ է լինելու երկրի հետ։
-Պետք է հստակ հասկանալ` այսպես շարունակել հնարավոր չէ, մեր ռեսուրսները սպառվում են, դեմոգրաֆիկ խնդիրները սարսափելի վիճակում են։ Գործող վարչապետն այս ընտրություններում դրական առումներով մեծ դերակատարություն ունեցավ ու իրավիճակ փոխեց։ Հիմա նա երկրում պետք է մոդեռնիզացիայի ծրագիր իրականացնի։ Դրա համար պետք է հրաժարվի թիմի հետ աշխատելուց, քաղաքական ինստիտուտների հետ համագործակցի և աշխատեցնի երկրի այն ուժերին, որոնք արդյունաբերություն ու գիտություն են ստեղծում։ Սա ենթադրում է արմատական տեղաշարժ։ Միայն զբոսաշրջությանը զարկ տալն անիմաստ է, պետք է համալիր զարգացում ապահովել։
-Ո՞րն եք համարում այս ընտրությունների ամենահաջողված փաստը։
-Հող հանձնողներին հանձնեցինք «հողին»։ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական աղանդը Հայաստանից պետք է հեռացնել։ Եթե իմ խոսքերին չեք հավատում, կարդացեք Ռափայել Պատկանյան։ Հասարակությունը դեռ այն աստիճանին չի հասել, որ ինքնապաշտպանական բնազդը կորցնի, դրա համար միանշանակ մերժեց ոչ միայն այս ուժին, այլև քաղաքական պատեհապաշտներին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ