Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Ցանկացած նորմալ կառավարության հիմքը ազատ ընտրություններն են»

«Ցանկացած նորմալ կառավարության  հիմքը ազատ ընտրություններն են»
04.04.2017 | 01:19

«Իրատեսի» հյուրն է ԵԱՀԿ միջազգային դիտորդ, Մարդու իրավունքների ակտիվիստ, Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր ՀԱՐԻՎԱՆ ԲՈՄԵԼԸ:

-Խնդրում եմ մեր ընթերցողին առավել հանգամանալից ներկայացնել Ձեր գործունեությունը:
-Առաջին մասնագիտությունս եղել է ուսուցչությունը: Ամստերդամում ուսուցչի աշխատանքը համատեղել եմ քաղաքապետարանում հասարակական գործչի աշխատանքի հետ, այնուհետև խորամուխ եմ եղել մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցերում: Միաժամանակ ստացել եմ քաղաքագետի կրթություն, զբաղվել եմ քաղաքական ակտիվ գործունեությամբ, մասնագիտացել միջազգային հարաբերություններին վերաբերող թեմաներով, եղել եմ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, սոցիալիստական կուսակցության անդամ եմ, սակայն օրեր առաջ հրաժարվել եմ պատգամավորի մանդատից: Այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցան Նիդերլանդների խորհրդարանի նոր ընտրություններ, սակայն այս անգամ չցանկացա առաջադրվել: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է միջազգային հարաբերությունների ոլորտը: Հայաստանում գտնվում եմ որպես ԵԱՀԿ միջազգային դիտորդ՝ ընտրական գործընթացներին հետևելու առաքելությամբ: Ես դիտորդական առաքելություն եմ իրականացրել նաև Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, Վրաստանի խորհրդարանական և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
-Տեղյակ եմ, որ Հայաստան կատարած Ձեր այս այցելությունը առաջինը չէ: Ի՞նչ առիթով եք եղել Հայաստանում:
-Հայաստան կատարած իմ առաջին այցելությունը եղել է 2015 թ. մայիսին, երբ ղեկավարում էի Նիդերլանդների պատգամավորական պատվիրակությունը, այցելել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Թեև Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում չեմ եղել, այնուհանդերձ, մեր հայրենիքում մասնակցել եմ հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին: Այդ օրերին մեր խորհրդարանում ծավալվել են ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանավեճեր և քննարկումներ: Հավանաբար տեղյակ եք, որ Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանության փաստը (Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձևը)- հեղ.): Երկար տարիներ զբաղվում եմ Նիդերլանդների հայ համայնքի հարցերով: Հաջորդ այցելությունս եղել է Լեռնային Ղարաբաղ:
-Պատահաբար Ադրբեջանի «սև ցուցակում» չե՞ք հայտնվել:
-Բնականաբար, հայտնվել եմ, սակայն այդ մասին թերևս լռենք: Ես կարծում եմ, որ Նիդերլանդների խորհրդարանը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը: Ինձ համար չափազանց մտահոգիչ է հակամարտության գոտում զարգացումների նման ընթացքը: Նիդերլանդները հավասարակշռված դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ և կարծում է, որ բոլոր մակարդակներով պետք է լուծումներ գտնելու փորձեր արվեն:
-Այսօր Հայաստանում եք գտնվում խորհրդարանական ընտրություններին հետևելու դիտորդական առաքելությամբ:
-Այո, ինձ վիճակված է Արմավիրի մարզում իրականացվող ընտրությունների ընթացքին հետևելը: Արդյունքների մասին կհայտնեմ ընտրություններից հետո հրավիրված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մամլո ասուլիսում: Հուսով եմ, որ ընտրությունները կընթանան ազատ, արդար սկզբունքով և բարձր մակարդակով, քանզի միջազգային հարաբերությունների հարցերում իմ երկարամյա փորձից ելնելով հույս ունեմ, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ամրապնդման գործընթացների վրա, քանի որ միայն ազատ ընտրություններն են համարվում ցանկացած նորմալ կառավարության հիմքը:
-Ժողովրդավարությունը ենթադրում է հասարակության գերիշխանություն, ինչը մեր իրականությունում գործում է հակառակ տրամաբանությամբ: Այս հարցում ո՞րն է Ձեր տեսակետը:
-Եկեք սկսենք ժողովրդավարության սահմանումից: Այն, իմ տեսանկյունից, շատ լայն ընդգրկում ունի: Քանի որ ես լեզվաբան եմ, ուստի հարցին մոտենում եմ քերականության տեսանկյունից: Բոլորս գիտենք, որ ժողովրդավարություն բառը գոյական է, սակայն դա գործողություն ցույց տվող բառ է, այսինքն` բայ է: Թեև ժողովրդավարության մենք հանդիպում ենք մեր առօրյա կյանքում, ամեն օր, այնուհանդերձ, այն պետք է ներառված լինի կրթության մեջ:
Ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ, դա պարզագույն ճշմարտություն է: Դրանք պետք է ներառեն հետևյալ կետերը. ընտրությունները պետք է ունենան համաչափ և ողջամիտ ժամկետներ, իսկ մասնակցող կուսակցությունները՝ հավասար պայմաններ, այսինքն` ժողովրդավարության հիմքում դրված է ընտրելու, միավորվելու, արտահայտվելու, խաղաղ հավաքներ կազմակերպելու ազատությունը: Հաջորդը՝ մարդը պետք է հասկանա մի բան, որ հենց այնպես չպետք է գնա ընտրելու: Երբ նշեցի, թե ժողովրդավարությունը պետք է ներառված լինի կրթության մեջ, նկատի ունեմ այն, որ ընտրելու իրավունք ունենալը դեռևս չի նշանակում ունենալ ընտրելու հմտություն կամ մշակույթ: Ընտրողն էլ կրթվելու կարիք ունի, ուստի մեր երկրի դպրոցական ծրագրերում ներառված է ժողովրդավարության, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքներին վերաբերող առարկաների դասավանդումը:
Ժողովրդավարության մասին խոսելիս, չպետք է մոռանալ, որ աշակերտները նույնպես քաղաքացիներ են, և եթե նրանք ունեն իրավունքներ, նշանակում է` ունեն նաև պարտականություններ, որոնց մասին տեղեկանում են դպրոցական նստարանից: Եթե ծնողը երեխային չի տանում դպրոց, ապա ոստիկանությունը, բնականաբար, մի օր կթակի նրա դուռը: Շատ եմ կարևորում աշակերտներին և ուսանողներին հիմնարար ազատություններին՝ մարդու իրավունքներին, ազատ խոսքի, կրոնական համոզմունքներին տեղեկացնելու գործառույթը:
Դպրոցներն ինքնին համարվում են փոքրիկ հասարակություններ, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա, ուստի նրանք իրավունք ունեն, և սովորաբար այդպես էլ լինում է, ընտրելու իրենց խորհուրդները, ինչը խոսում է այն մասին, որ փոքր հասակից երեխաները գաղափար են կազմում ժողովրդավարության և ընտրական գործընթացների մասին: Մեր երկրում կա նաև երեխաների իրավունքների պաշտպան: 1963 թվականից սկսած դպրոցներում անցկացվում են աշակերտների ընտրություններ, որպեսզի նրանք իմանան, թե ինչ է ընտրությունը, ինչպես պետք է ընտրեն: Նրանք իրենց տարածքային մակարդակով հնարավորություն ունեն քվեարկելու քաղաքական կուսակցության օգտին: Բնականաբար, նրանց ձայները չեն հաշվվում: Օրինակ, Նիդերլանդներում 2017 թ. մարտի 15-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցեց 140 հազար աշակերտ, անգամ տարրական դասարանների՝ 11-12 տարեկան երեխաները: Իհարկե, դպրոցների ղեկավարներն են որոշում` աշակերտները մասնակցե՞ն այդ ընտրություններին, թե՞ ոչ: Ընտրություններին մասնակցելու այս գործընթացը ներառված է ուսումնական ծրագրերում: Թեև դպրոցներում կան հասարակագիտություն առարկայի որակավորված ուսուցիչներ, այնուհանդերձ, յուրաքանչյուր հինգշաբթի երկրի վարչապետը դպրոցներում դասավանդում է հասարակագիտություն առարկան, ինչը մեծ տպավորություն է թողնում երեխաների վրա: Աշակերտները սիրով են մասնակցում այդ դասերին, քանի որ այցելում են նաև խորհրդարան, կառավարություն, հնարավորություն են ունենում շփվելու և խոսելու պատգամավորների հետ, դա հետագայում օգնում է նրանց քաղաքական գիտելիքների ձևավորման հարցում:
-Դուք կարծում եք, որ կուսակցությունները պետք է ներկայացվա՞ծ լինեն դպրոցներում:
-Դպրոցներում կուսակցությունների ներկայացվածությունն ինքնին նշանակում է ազդեցություն դպրոցական կոլեկտիվների վրա: Բնական է, քաղաքական կուսակցություն ունենալը միևնույն ժամանակ ռիսկ է, որովհետև շատ դեպքերում իրենց կարծիքը կիսում են այդ կոլեկտիվների հետ: Բարդ է դպրոցում քաղաքական կուսակցություն ունենալը: Առկա է մեկ այլ հարց` ուսուցիչները պե՞տք է պահպանեն չեզոքություն, թե՞ կարող են ազատորեն համակրել այս կամ այն կուսակցությանը: Համենայն դեպս, մեր երկրում դա հնարավոր է, իսկ ձեր երկրում դա հնարավո՞ր է:
-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 17-ին հրապարակած միջանկյալ զեկույցում անդրադարձել է դիտարկման ընթացքում նկատված բազմաթիվ թերությունների: Այդ օրերին ԶԼՄ-ները հաստատեցին 84 դպրոցի և 30 մանկապարտեզների տնօրենների կողմից իշխող կուսակցության օգտին քաղաքացիների ցուցակների հավաքագրման փաստը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման երևույթներին:
-Բոլորին պարզ ու հասկանալի է, որ եթե տնօրենը դա չանի, նա կզրկվի աշխատանքից: Կարծում եմ` սրա մասին արդեն խոսվել և ներկայացվել է ԵԱՀԿ-ին, ինչն արդեն կներառի իր հաշվետվության մեջ: Կցանկանայի ավելի հանգամանալից տեղեկացված լինել այդ երևույթին:
Երբ խոսում ենք ընտրությունների ընթացքում ուսուցիչների չեզոքության մասին, լավ կլինի խոսել ընդհանրապես դպրոցների չեզոքության մասին: ՈՒսուցիչներն ունեն իրենց նախընտրությունները, քանի որ իրենք էլ ընտրողներ են և կարող են համակրել այս կամ այն քաղաքական ուժին: Բազմակարծությունը նրանց շրջանում նույնն է, ինչ հասարակության մեջ:
-Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ ԶԼՄ միջավայրը բնորոշվում է սահմանափակ գովազդային շուկայով, որտեղ միայն մի քանի լրատվամիջոցներ են ինքնաբավ։
-Ընտրություններում կարևոր է նաև ԶԼՄ-ների դերը, հատկապես բազմակարծիք լրատվամիջոցների, որոնք ազատ հասարակության զարգացման և կառավարման լավ համակարգ ունենալու հարցում մեծ դեր ունեն: Մեր երկրում քաղաքական կուսակցություններն ունեն իրենց սեփական թերթերն ու ռադիո-հեռուստաընկերությունները: Հետաքրքիր է, ձեզ մոտ ինչպե՞ս է:
-Հայաստանում մի քանի կուսակցություն ունի թերթ և հեռուստաընկերություն:
-Ես որքան տեղյակ եմ ԵԱՀԿԽ-ի զեկույցից, որտեղ ամփոփված են երկարատև մշտադիտարկման արդյունքները, Հայաստանում իշխող կուսակցությունը երկու մեծ հեռուստաընկերությունների վրա լուրջ ազդեցություն ունի:
Ցանկանում եմ խոսել ևս մի հարցի շուրջ, որի մասին, անշուշտ, բոլորն են մտածում, և որը շատ մեծ ազդեցություն ունի, դա փողն է: Խոսքս Նիդերլանդների մասին չէ, այլ ընդհանրապես վերաբերում է ընտրությունների շրջանում փողի դերին և ազդեցությանը: Բնական է, ընտրություններում քաղաքական կուսակցությունների համար այն շատ կարևոր է, որ կարողանան սեփական ծրագրերն ու գաղափարները հրապուրիչ դարձնել իրենց ընտրողների համար: Խոսքս կուսակցությունների ծրագրերում ներառված այն քայլերի մասին է, որոնք վերաբերում են հարկերին, աշխատավարձերին, թոշակներին և աշխատատեղերին: Այս ոլորտում կատարվող յուրաքանչյուր առաջադեմ քայլ կարող է շահագրգռել ընտրողներին և հավատ ներշնչել տվյալ կուսակցության հանդեպ:
Նախկինում Նիդերլանդներում կային կուսակցություններ, որոնք իրենց գործունեությունը նվիրում էին ընդհանուր շահերին ու հետաքրքրություններին, հետագայում ունեցանք կուսակցություններ, որոնց հետաքրքրությունն ու շահն ընդգրկում է մի որոշակի խումբ: ՈՒնենք միայն 50-ն անց քաղաքացիների, նաև ձեռնարկատերերի, բուսակերների խնդիրներով զբաղվող կուսակցություններ, ունենք անգամ չընտրողների կուսակցություն: Այս վերջին ընտրություններում նրանք ներկայացրել էին ընդամենը մեկ խնդիր, այն է՝ խոստանում էին, որ երբեք չեն ընտրելու, եթե հայտնվեն խորհրդարանում:
Խոսքս ավարտելով նշեմ, որ Հայաստանում ընթացող խորհրդարանական ազատ, արդար և խաղաղ ընտրությունները կարող են լինել երկրում ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք:

Հարցազրույցը`
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ