«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Նախընտրական խոստումներ. լո՞ւրջ, թե՞…

Նախընտրական  խոստումներ. լո՞ւրջ, թե՞…
31.03.2017 | 10:22

Հայկական առանձնահատկությամբ համաշխարհային տնտեսությանը ներկայանալու հայ իշխանավորների ու տնտեսավարական մտքի ներկայացուցիչների և քաղաքական հավակնություններ ունեցող այրերի մտորումներն ու մտահոգություններն աստիճանաբար տարօրինակից արտառոց դրսևորումների են հանգեցնում: Փնտրտուքի մեջ են բոլորը՝ մեծ, թե փոքր տարիքով, թե մարմնի ծավալով, երիտասարդ, թե ավագ, լեզուների տիրապետող, թե հայերենի բարբառային իմացությամբ, բակալավր ու գիտության դոկտոր, պարտադիր չէ դիպլոմավոր, թե կոչումը գնած, տարածաշրջանային, թե միջազգային խաղացող, խաղի ձևն ու նպատակը կարևոր չեն… Մի խոսքով` համազգային որոնողական գործընթացի մեջ ենք, Հայաստան աշխարհից մինչև հեռավոր սփյուռք: Ինչ-որ բան եթե չի ստացվում, թերևս այն չենք փնտրում, ինչ անհրաժեշտ ու պահանջված է, կամ այնտեղ չենք ուժերն ուղղում, ուր պետք է: Երբեմն թվում է, թե մարդկանց ու նպատակների քանակն ու տեսակն ենք շփոթում, կամ որոշակի առանձնահատկությունները չենք հաշվի առնում, չգիտես էլ ինչերը չենք կանխազգալով ծրագրեր կազմում, մի խոսքով՝ ցանկալի արդյունքներ ոչ ուրվագծվում են, ոչ էլ տեսանելիության նշաններ ցուցադրում: Դեպքից դեպք ծրագրեր իրականացնողների այն հավաստիացումները, որ թունելի վերջում լույս տեսնում են, այդպես էլ իրականություն չեն դառնում թունելի երկարության, թե լույսի տկարության պատճառով: Թերահավատության այն տեսակը, թե խնդիրը մեր ազգային յուրօրինակությամբ, թե առանձնահատկությամբ է պայմանավորված, որ իրենց դերն ունեն նախորդ համակարգի անցանկալի դրսևորումները, նորի էլ՝ այլոց մոտ արդյունքներ երաշխավորածի մեզ ոչ հատուկ գործելաոճն ու անբացատրելի շեղումները, մշտապես են ընդգծվում:


Ինչո՞ւ եմ Հայաստանից մոտ 3 հազար կմ հեռվում գտնվող կենտրոնական Եվրոպայի այս երկրում կարճ ժամանակով հյուրընկալվելու պարագայում նման մտորումների տրվում, երբ հայրենի իշխանություններն իրենցով արած և այստեղ էլ հեռարձակվող էլեկտրոնային լրատվամիջոցների օգնությամբ ամեն պահի ու առիթով են խոսում ձեռքբերումների ու հաջողությունների, անգամ ինչ-ինչ ոլորտային նվաճումների մասին: Տարօրինակն այն է, որ այդ ամենը գրեթե չեն նկատում երկրի տպագիր լրատվամիջոցները, որոնք թերևս առաջնորդվում են «ինչ գրում ես գրչով, չես ջնջի կացնով» ասացվածքով, քանզի գրածի համար հարկավոր է պատասխան տալ, իսկ բանավոր խոսքն ասվում ու անհետանում է: Այլապես ինչով բացատրել, որ տասնամյակներ շարունակ ՀՀ կառավարությունն ու դրանց բազմակուսակցական նախարարները հիմնականում խոսել են իրենց գործունեության արդյունավետությունից, վերցրած միլիարդավոր դոլար վարկերի նպատակային օգտագործումից, իսկ երկրում ավելացել են աղքատների թիվը, արտագաղթողների քանակը, նվազել ծնելությունը, իշխանավորի հանդեպ տարրական հարգանքն ու համակրանքը: Իսկ ահա այստեղ, ինչպես և տարածաշրջանի այցելածս մի շարք երկրներում իշխանություն-հանրություն հարաբերություններում այդ երկվությունը չկա, թեև ջերմության նշաններ էլ հատուկ չեն նկատվում: Ասենք, հայաստանցուս համար տարօրինակ է, որ 250 հազար բնակիչ ունեցող Գրացում գրեթե չեն ծածանվում երկրի խորհրդանիշ դրոշները, որպիսի դրսևորումների կանդրադառնանք մի այլ առիթով: Առայժմ մտահոգությունը տնտեսությունն է, շարքային մարդկանց առօրյան, կյանքի որակը:


Ավստրիական միջավայրը տրամադրող է բոլոր առումներով, որոնց մանրամասներին չեմ անդրադառնա, քանզի համանման դրսևորումների կարելի է հանդիպել թե հայերիս, թե շատ այլ ազգերի ու ժողովուրդների մոտ: Աշխատասիրություն ու բարյացակամություն, հոգատարություն ու լսելու կարողություն, համբերատարություն ու զիջելու ունակություն, շատ այլ որակներ, որոնք առկա են ամենուր: Դրանց արդյունքում է նաև կազմավորվում այն միջավայրը, որը բնակատեղին այս երկրից հայրենիքի է վերածում, հարգանքի ու համակրանքի դրսևորում առաջացնում: Այս առումով տարօրինակ է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների այն մասնակիցների քարոզարշավային մոտեցումը, թե Եվրոպայում քննություն անցած խորհրդարանական կառավարումն է այն միջոցը, որը Հայաստանը դուրս կբերի զարգացման ցանկալի ուղի: Իսկ ի՞նչ է, ասենք՝ միակուսակցական չինական համակարգը զարգացումից ա՞յլ միջավայրում է գտնվում, որտեղ անգամ տարեկան 6-7 տոկոս տնտեսական աճը հետընթաց է որակվում: Չինական վերնախավը, որն է կոմունիստական կուսակցությունը, գնաց ոչ թե համակարգ փոխելու ճանապարհով, այլ վերափոխեց այն սոցիալ-կենցաղային միջավայրը, որում ապրելը դժոխք էր հիշեցնում հարյուրմիլիոնավոր չինացիներին: Հասան նրան, որ արգելեցին երկրորդ երեխայի ծնունդը, անմարդկային մի քայլ, որը մարդկությունը երբևէ չէր քննարկել: Անգամ հարևան Ճապոնիայում, որտեղ 1 քառակուսի կիլոմետրի վրա 300 և ավելի մարդ է բնակվում, Չինաստանի ցուցանիշի եռապատիկը: Չինաստանում գնացին այդ քայլին, քանզի երկրում պարենային խնդիր ունեին, թեև թե գյուղնշանակության հողերով, թե առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու նպատակահարմարության վարելահողերով, թե ջերմային ու ջրային կարողություններով 1 բնակչի հաշվարկով զգալիորեն գերազանցում էին իրենց կղզիաբնակ հարևաններին: Չինաստանի իշխանությունը միջավայրի փոփոխությունը ծավալեց առաջին հերթին պարենապահովության ու պարենանվտանգության ոլորտում, որն առավել էր վտանգում իշխանություն-հասարակություն հարաբերությունները: Ամենակարճ ժամանակահատվածում Չինաստանում հասան նրան, որ նախորդ դարավերջին արտադրում էին արդեն իրենց ոչ հիմնական սնունդ դարձած բրնձի մոտ 200 մլն տոննան, էլ ավելի շատ եգիպտացորենի հատիկ, որն անասնապահության մեջ որպես լիարժեք անասնակեր օգտագործելու միջոցով աննախադեպ ցուցանիշներ ապահովեցին հիմնական պարենային սննդատեսակների ոլորտում: Միայն այն փաստը, որ երկիրն արտադրում է խոզի մսի համաշխարհային արտադրության մոտ կեսը, միջին 1 բնակչի հաշվով այս մսատեսակի տարեկան սպառումը հասցրել է 40 կգ-ի, խոսում է կառավարման աննախադեպ արդյունավետության մասին: Համանման ցուցանիշներ են այլ սննդատեսակների՝ հավի մսի, կաթնամթերքների առումներով: Ընդամենը 10 տարվա կտրվածքով թռչնի մսի տարեկան արտադրությունը 10 մլն տոննայից դարձավ 20 մլն տոննա: Չինաստան այցելած զրուցակիցս վկայում է, որ հիմնական պարենամթերքներն այսօր հասու են երկրի ողջ բնակչությանը, որպիսի իրավիճակ ՀՀ-ում, ցավալիորեն, չունենք, թեև 1 բնակչի հաշվով կրկնակի վարելահողային ցուցանիշ ունենք:


Այսօրինակ իրողության շուրջ զրույցներ ու փաստարկներ հայաստանյան քաղաքական գործող ու հավակնող այրերը գերադասում են չհիշել, իրենց գործողություններն ու գոյությունը արդարացնելով շարքային հայաստանցուն մասամբ, թե գրեթե անհասկանալի ինչ-ինչ տերմինաբանությամբ: Եվրոպան ու այստեղի արժեքները վկայակոչելն ընդամենը քաղաքական աճպարարության այնպիսի դրսևորում է, որից գլուխ չի հանում միայն չափահասից ցածր տարիքի երեխան: Պարզից էլ պարզ է, որ եվրոպական հանրությունն օրինապահ է և իր գործին նվիրված, քանզի այլ կերպ վարվելու անհրաժեշտությունը չունի: Այլ կերպ ասվածը մեզանում ընդունված, ասենք, համատիրության ղեկավարի կամայականությունն է, շարքային իրավապահի կողմից իր անմիջական պարտականությունների կատարման անտեսումը, պաշտոնյայի էլ պարտավորությունների խեղաթյուրումը և այսպես շարունակ: Այս ամենը որևէ կապ չունի մեր ազգային առանձնահատկությունների, մենթալիտետ համարվող որակների հետ, այլ պատճառ ու միջոց է ապահովելու այն նվազագույնը, որն անհրաժեշտ է առօրյա հարցերն ու հոգսերը լուծելու համար: Եվրոպացին ինչո՞ւ դիմի այլ միջոցների, երբ սեփական արտադրության առօրյա բոլոր առաջին անհրաժեշտության սննդակարգը սպառելու խնդիր չունի: ՀՀ բարձրագույն իշխանության ո՞ր ներկայացուցիչն է խոսել այն մասին, թե ինչու է Հայաստանի քաղաքացուն պարտադրվում սպառել աշխարհի չորս կողմերից ներմուծվող խոր սառեցման ենթարկված հավի, խոզի ու տավարի միսը, դրանցից պատրաստվող երշիկեղենը, որը, փառք Աստծո, ՀՀ առողջապահության նախարարությունն արգելել է օգտագործել մանկական հաստատություններում: Նույնը՝ չոր կաթից պատրաստվող կաթնամթերքների պարագայում, երբ թարմ կաթն այստեղ շաբաթվա որոշ օրերի կարելի է ձեռք բերել ՀՀ 250 դրամին համարժեք եվրոցենտով: Քանի տարի կամ տասնամյակ է պետք այս պարզ ու հասարակ ոլորտում արդյունքներ ապահովելու համար, որը չհաջողվեց հերթական նախընտրական պայքարի ելած այն կուսակցությանը, որը 7 տարի անընդմեջ ղեկավարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:


Նվազագույնը տարօրինակ է պետք գնահատել, երբ նախընտրական գործընթացի հիմնախնդիր չի դիտարկվում Հայաստան երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, որը ազգային վիճակագիրների գեղանկարչական ջանքերի արդյունքում անգամ վտանգված է առավել քան: Միակ գյուղմթերքը, որով մասամբ ապահովված ենք, թերևս ներմուծվող տնկանյութի շնորհիվ արտադրվող կարտոֆիլն է, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում օրեր առաջ քննարկման թեմա էին դարձրել: Որ երկիրը կենսականորեն անհրաժեշտ հացահատիկի անգամ կեսը չի արտադրում, ընդհանրապես վերացել է բուսական ու կենդանական յուղերի արտադրությունը, շաքարավազի հումքը հեռավոր աշխարհամասերից է բերվում, իսկ անասնապահության ոլորտն ընդհանրապես չի կառավարվում, դրանք ոչինչ, Երկիր մոլորակում դրանց ավելցուկ ինչքան ասես կա, կարելի է ներմուծել ու անգամ տեղականի կես գնով վաճառելու պարագայում էլ ցանկալի շահույթ ստանալ: ՀՀ իշխանության համար, ինչպես գյուղնախարարներից մեկն էր նկատել, կարևորը յուրաքանչյուր չինացու մեկ ծիրան հասցնելն է, արհեստական արև ստեղծելու աշխատանքների աշխուժացումը, զուգահեռ էլ, ձեռքի հետ զբոսաշրջության ծրագրեր կազմելը: Արդեն մոռացվել է, որ տարիներ առաջ «2020» զբոսաշրջային երազանքներ ուրվագծվեցին, «Զվարթնոցը» մինչև 3 մլն այցելու էր սպասարկելու, որոնցից յուրաքանչյուրը 1000-ական դոլար միջին ծախս էր ՀՀ-ում իրականացնելու: Հիմա սխալների յուրօրինակ ուղղում է արվում, իմա՝ գյուղական տուրիզմն է մեզանում զարգանալու, ինչպես միշտ տարածաշրջանային կենտրոն ենք դառնալու, որն իրականացնելու են մի քանի նախարարություններ և գործակալություններ: Իսկ թե ով է այդ 1000-ական դոլարները ծախսելու միջավայր ստեղծելու ավերակներ հիշեցնող մեր գյուղական համայնքներում, կարևոր չէ:


Ընտրապայքարին հետևելով, պարզվում է, որ այս ամենն ու բազում այլ մտահոգությունները ոչինչ են այն իրողության հանդեպ, որն այս շրջանում ակտիվորեն քննարկվում է հայաստանյան տնտեսավարական որոշակի միջավայրում: Հարցը ռազմավարական, հեռահար ստրատեգիական մի ոլորտի զարգացման շուրջ է, որի նախադրյալներն առկա են մեր անաղարտ բնության յուրաքանչյուր անկյունում: Խոսքը կարմիր հրաշք մասուրի մասին է, որն աճում է ՀՀ ողջ տարածքում և Հայաստան երկրամասի յուրաքանչյուր անկյունում: Այս հատապտղի արտառոց հատկությունների մասին ժամանակակից գիտությունը դեռ ամբողջական գնահատական չի տվել: Այն նպաստում է հնարավոր բոլոր գույների մաշկ ու կրոնական պատկանելություն ունեցողների հիվանդությունների կանխարգելմանը, հիշողության ամրապնդմանը, ֆիզիկական ու հոգեբանական ունակությունների բացահայտմանը, սերնդափոխության հուսալիությանը, կարճ ասած՝ հրաշագործությունների մի ամբողջ գանձարան է: Հայտնի է, որ դրանից պատրաստված հյութը մշտապես էին ըմպում Տիգրան Պետրոսյանը, «Արարատ-73»-ի տղաները, 80-ականների մեր դյուցազուն ծանրորդները:


Այսօր ծերացող Եվրոպան հեղեղված է «Յոգուրտ» անվանվող կաթնամթերքով, որի ծագումը լուրջ բանավեճերի պատճառ է հանդիսանում: Իսկ ահա դրա տարատեսակ մասրամածունն իր հայկականությամբ անվիճելի իրողություն է, մի արտադրատեսակ, որի բառակապակցությունն իսկ դրա հայկական ծագման շուրջ որևէ կասկած չի հարուցում: Լեզվաբանները կարող են հիմնավորել, որ բառի «մաս» և «ուր» կամ «մա» և «սուր» մասնիկները միայն հայկական լեզվամտածողությանը հատուկ դրսևորումներ են: Վստահ կարելի է պնդել, որ մասուրի ու դրանից պատրաստվող հյութի, հատկապես մասրամածնի հանդեպ անտարբեր չեն հասարակության բոլոր շերտերն ու խավերը: Այնպես որ, հարցերի հարց է դառնում մարդկության մասրամածնի պահանջարկի բավարարումը: Օրերս պատգամավորի թեկնածուներից մեկը նշեց, որ իր նվիրյալ ընտրող տիկինը տունը պահում է բանջար հավաքել-վաճառելով: ՈՒրեմն ինչո՞ւ չմտածել առատաձեռն բնությունից օգտվելով հավաքած մասրից մասրամածուն պատրաստելով երկիրը պահելու մասին: Հենց թեկուզ Չինաստանի պարագայում. եթե յուրաքանչյուր չինացու 1 բաժակ մասրամածուն հասցնենք, հարկ կլինի արտադրել 260 մլն լիտր: Հետագա հաշվարկների առումով չծավալվենք, ինչպես նախընտրում են վարվել ԱԺ 2017-ի մասնակիցները, քանզի կարևորը գաղափարն է, հարյուր հազարավոր աշխատատեղերի ստեղծման խոստումները, թոշակների բարձրացումը, վարկերի տոկոսադրույքների իջեցումը, արտահանման ծավալների ավելացումը: Եվ հարցը, թե ինչով է այս գործընթացում առանձնանում մասրամածնով համաշխարհային տնտեսությանն ու հանրությանը ներկայանալու գաղափարը, հնչում է բնականաբար: Չէ՞ որ առավել գայթակղիչ են ընտրարշավի մասնակիցների մեր երբեմնի արդյունաբերությունը վերականգնելու շուրջ խոստումները, գերհզոր գործարաններն ու կոմբինատներն աշխատեցնելու պարտավորությունները: Սակայն փաստ է նաև, որ մերօրյա արդյունաբերական գերզարգացած երկրները հիշելիս այլ բան ենք մտաբերում. Հոլանդիա ասելիս՝ պանիր, Իտալիա՝ պիցցա, Ճապոնիա ու Արգենտինա՝ սուշի և ստեյք, ԱՄՆ ու Չեխիա՝ կոլա ու գարեջուր, Ֆինլանդիա՝ օղի, Անգլիա՝ վիսկի… Իսկ ահա ՀՀ-ն միջազգային կառույցները ներկայացնում են որպես պարզ ու հասարակ սննդակարգ ունեցող երկիր: Այնպես որ նոր բան է պետք, նոր, շռնդալից ու շոյող, հմայող ու հրապուրող, գրավիչ ու գերող: Բոլոր նախադրյալները կան, որ դա մասրամածունն է, հաստատումն այն բանի, որ լավագույն նորը լավ մոռացված հինն է: Եթե ասվածն անլուրջ համարեք, նույն կերպ կարող եք գնահատել մեզանում այս օրերին հնչող քարոզախոստումները, որոնք, ինչպես տողերիս հեղինակի պարագայում, ասվում են ամենայն լրջությամբ և ոչ ավելին:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ