Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Մեր բյուջեն այդքան ներդրումներ չի կարող մարսել»

«Մեր բյուջեն այդքան ներդրումներ չի կարող մարսել»
31.03.2017 | 09:59

Եթե հավատանք ընտրություններին մասնակցող ուժերի խոստումներին, ամենաուշը ապրիլի վերջին Հայաստանը դառնալու է հրաշք երկիր` ծաղկուն տնտեսությամբ, բարեկեցիկ կյանքով և հուսալի անվտանգությամբ։ Ցավոք, դրանք ընդամենը նախընտրական հայտարարություններ են, ու ինչպես իրենք, այնպես էլ հասարակությունը վստահ են, որ այդ խոստումներն իրագործելի չեն։ Քարոզարշավի վերջին օրերին քաղաքական ուժերն իրենց խոստումների «դոզան» գագաթնակետին հասցրին։ Նախ` ՀՀԿ-ական վարչապետը հայտարարեց 3,2 մլրդ դոլարի ներդրումների մասին, հետո էլ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը, առաջ անցնելով ու «փշաքաղվելով» ասաց, թե հեռախոսով իր դրսի ընկերները խոստացել են 15 մլրդ դոլար ներդնել Հայաստանում։ Մի պահ պատկերացնենք, թե այս գումարներն իրոք գալիս են մեր երկիր ու նպատակային են ծախսվում, ստացվում է, բավական բարեկեցիկ երկիր ենք դառնում։ Սակայն, հակառակ այս սպասումների, միանգամից հիշում ենք, որ քարոզարշավի փուլում ենք ու բոլոր սպասումները ջուրն են ընկնում։ Այսուհանդերձ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի 7-րդ տեղը զբաղեցնող տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «Իրատեսը» հարցրեց՝ հավատալո՞ւ բան է նման ներդրումների հոսքը Հայաստան, ու դա ի՞նչ կարող է խոստանալ մեր տնտեսությանը։

-Նախ` ՀՀԿ-ի խոստումը՝ 3,2 մլրդ դոլարի ներդրման մասին։ Խելքին մո՞տ է։
-Այդ թիվը, «Ներդրողների ակումբը» ինձ վստահություն չեն ներշնչում։ Ավելին, այդպիսի հայտարարություն նույն մարդը՝ Սամվել Կարապետյանը, արել էր նաև 2007-ի հունիսին։ Երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, կառավարության ծրագիրը հաստատվեց ԱԺ-ում, Մոսկվայում հանդիպեց գործարարների հետ, պաթոսային հայտարարություններ հնչեցին։ Նույն Սամվել Կարապետյանն ասաց, որ 200 մլն դոլարի ներդրում կանի, դրան գումարած` 50 մլն առանձին ծրագրի համար։ Գագիկ Աբրահամյանը 150 մլն դոլարի ծրագրի մասին խոսեց և այլն, և այլն։ Բայց այս ամենը մնաց զուտ խոստում կամ, եթե իրականություն է դարձել, հրապարակայնորեն որևէ տեղ նման հայտարարություն չի արվել, թե այդքան ներդրում են արել։ Եթե նույնիսկ արել են, նշանակում է` մեր խնդիրներն այնքան շատ են, որ դրանք մեր «մաշկի» վրա չենք զգացել։
-Հակված եք այն կարծիքին, որ այս ներդրումնե՞րն էլ կարժանանան նախորդների բախտին, այսինքն, կմնան զուտ խոստում։
-Այն ժամանակ հետընտրական պոպուլիզմ էր, հիմա էլ նախընտրական։ Ինչո՞ւ են հիմա նման հայտարարություն անում և ոչ, օրինակ, երեք ամիս առաջ կամ երկու ամիս հետո։ Համոզված եմ, որ դրանք նախընտրական ներկայացումներ են։ Եթե հետևել եք ՀՀԿ-ի քարոզարշավին, ապա արձանագրած կլինեք, որ Կարեն Կարապետյանն այլ կերպ էր սկսել, նույնիսկ խոստումների մասին չէին հայտարարում, իսկ հիմա լիովին այլ կերպ են ավարտում։ Թոշակների, աշխատավարձերի բարձրացման մասին են խոսում (հիշեցնենք, որ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում էին, թե այդ միջոցները չունենք)։ Այն ժամանակ չկար, հիմա պարզվում է՝ կա՞։ Այս ամենն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ ներդրումների մասին հայտարարություններն իրականություն չեն դառնա։ 850 մլն դոլարի մասին, որ այս տարվա համար խոստացել է Կարեն Կարապետյանը, մուլտիպլիկատիվ էֆեկտն էլ հաշվի առնելով, պիտի ասել, որ դա մեր տնտեսությունում հեղաշրջում կառաջացնի այն առումով, որ անցյալ տարի եղել է ընդամենը 150 մլն դոլարի ներդրում։
-Հաջորդ, ավելի ճոխ խոստումը. «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին իր ընկերները հեռախոսազանգով խոստացել են 15 մլրդ դոլարի ներդրում։ Եթե 850 միլիոնն է հեղաշրջում անելու տնտեսությունում, այս գումարները հաստատ ցունամի կլինեն տնտեսության զարգացման համար։ Մնում է հավատալ Ծառուկյանի ընկերների վստահեցումներին։ Դուք հավատո՞ւմ եք։
-Շատ մեղմ գնահատական տամ, որովհետև չգիտեմ, թե այդ 15 մլրդ դոլարի խոստումն ինչ ժամկետներ է ենթադրում։ Ի վերջո, դա կարող է լինել առաջիկա տասը տարիների ընթացքում, ինչն ավելի խելքին մոտ է։ Բայց եթե դա երկու-երեք տարվա կտրվածքով է, ուղղակի անիրականանալի է, քանի որ 15 միլիարդ ներդրում անելը բարդ է ու նաև անհնար։ Այսօր մեր տնտեսությունն ի վիճակի չէ այդ գումարը կլանելու։ Այնպես որ, այդ թվի հետ կապված, պետք է մանրամասներ ներկայացվեն, թե ինչ ի նկատի ունեն։ Չմոռանանք, որ դա հավասար է Հայաստանի մեկ, մեկուկես ՀՆԱ-ին, վեց-յոթ բյուջեի։ Մեր տնտեսությունը դա մեկ տարում չի կարող մարսել, ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ նյութական ռեսուրսներ ունենք։ Չգիտեմ էլ, այդքան ֆինանսներ ինչ ձևով են բերելու, չեմ կարծում, որ այսօր այդքան ազատ ֆինանսական միջոցներ կան, որ մեկ տարվա մեջ կարող են բերել մեր երկիր։ Եթե կան նման ֆինանսներ, դրանք ազատ չեն, ինչ-որ տեղ ներդրված են` կա՛մ արժեթղթերով, կա՛մ բանկերում, կա՛մ բիզնեսում։ Ես ընդամենը մասնագիտական հարցադրումներ եմ անում, որոնց պատասխանը կցանկանայի լսել, հետո միայն քաղաքական գնահատական տալ։
-Ակնհայտ է, որ ներդրումների մասին խոսակցությունները նախընտրական հնարք են, բայց հնարավո՞ր է, որ հասարակության համակրանքն այդ ուժերի կողմը թեքվի նման խոստումներից հետո։
-ՀՀԿ-ի առումով` չեմ կարծում, իսկ Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ երևույթ է, նրա հանդեպ կա հանրային որոշակի համակրանք։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ. Գ. Ի դեպ, երեկ էլ ՀԿԿ-ն խոստացավ Հայաստան բերել 17 մլրդ դոլարի ներդրում:

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ