Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ոչմիթիզհողականների փաստարկներն ավելի հիմնավոր են, քան հող զիջողներինը»

«Ոչմիթիզհողականների փաստարկներն  ավելի հիմնավոր են, քան հող զիջողներինը»
31.03.2017 | 09:57

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկիկ-մեկիկ անդրադարձավ ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերում ղարաբաղյան հիմնախնդրի արծարծմանը և լուծման տարբերակներին: ՀԱԿ առաջնորդի դիտարկմամբ, բացի իշխող կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, ոչ մեկը հստակ լուծման տարբերակ չի առաջարկում։ ՀՀԿ-ն է, ըստ առաջին նախագահի, գնում իր առաջարկած լուծման տարբերակով, ինչի համար նա ՀՀԿ-ին այդ հարցում, անշուշտ, աջակցելու է։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ խնդրեցինք անդրադառնալ իրենց մասով արված քննադատություններին և Տեր-Պետրոսյանի որոշ հայտարարություններին։

-Առաջին նախագահի նկատառումները «Ազատ դեմոկրատների» առումով ընդունելի՞ են Ձեզ համար։
-Համաձայն չեմ և՛ մեր քաղաքական ուժի առնչությամբ Տեր-Պետրոսյանի գնահատականներին, և՛ Ղարաբաղի հարցի վերաբերյալ նրա մոտեցումներին։ Դրանք միայն վախերի մասին են։ Անկեղծ ասած, զարմացած եմ, որ առաջին նախագահը հաղթող հասարակությունում այդքան վախեր է սերմանում։ Չեմ ասում, թե այդ հաղթանակից արբենանք ու չմտածենք խնդրի կարգավորման մասին, պարզապես այն ուժգնությունը, որով Տեր-Պետրոսյանն է վախեր սերմանում, ընդհանրապես հիմնավորում չունի։ Նախ՝ նրա բերած օրինակները, զուգահեռները բացարձակապես տեղին չեն։ Ասել, թե մեզնից հողերը կխլեն, ինչպես ուրիշների դեպքում են արել, մեղմ ասած, սխալ է։ Մեր հակամարտությունը աշխարհի այլ հակամարտությունների համեմատ այլ է։ Ե՛վ Իրաքը, և՛ նախորդ հարցազրույցում օրինակ բերվող հակամարտությունները կապ չունեն մեզ հետ և չեն կարող մեզ համար օրինակ դիտվել։ Փաստը մեկն է. կապիտուլյացիայի ենթարկվող Խորհրդային Միությունում մի ժողովուրդ, որն այդ Միության «արդար» որոշումների զոհն էր, ապագաղութացվել է, և միջազգային իրավունքը նրան տալիս է ինքնորոշման իրավունք։ Սա անգամ չեն հերքում Մինսկի խմբի երկրները և միջազգային հանրությունը։ Այս տեսանկյունից մտածել, թե քանի դեռ մեզ չեն պատժել, եկեք ինքներս մեզ պատժենք, լուծում չէ։ Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին» տրված գնահատականներին (հիշեցնենք Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Նրանք բավականին մոտ են, բայց էլի ուղղակի չեն պատասխանել այդ հարցին (մեջբերում է ԱԴԿ ծրագրում զետեղված դրույթները և ճիշտ համարում դրանք-Ռ.Խ.), մենք ունենք մի ծրագիր, որն առաջնահերթություն է համարում հակամարտության կարգավորումը, չի թողնում այն սերունդների ուսերին։ ԱԴԿ-ն առաջ է քաշում Ադրբեջանին զսպելու խնդիրը, հակամարտության վրա ազդեցություն ունեցող երկրների և ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների վերանայումը։ Հետևաբար, սխալ է այն հայտարարությունը, թե մեր ծրագրում կարգավորման մասին դրույթ չկա, ավելին, միջազգային իրավունքի շրջանակում խնդրի լուծման տարբերակ ենք մատնանշում, ինչը ենթադրում է հակամարտության փաթեթային լուծման տարբերակ և ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում։ Չգիտեմ, թե ինչ է նշանակում իրենց առաջարկած լուծումը։ Ինձ համար լուծում չէ այն, ինչ դուրսն է առաջարկում, այլ այն, ինչ մենք ենք պատկերացնում ու պատրաստ ենք մեր կարողություններով հասնելու դրան։
-Տեր-Պետրոսյանն ընդգծում է, որ միջազգային հանրության այս բալանսավորված փաստաթուղթը լավագույն տարբերակն է ու հիմա լուծման ճիշտ ժամանակն է, այլապես հնարավոր է նրանք մեզ «փոստով» ուղարկեն պարտադրված տարբերակը։ Այսօր իսկապե՞ս հակամարտության լուծման լավագույն պահն է։
-Բացարձակապես համամիտ չեմ տեսակետին, թե հիմա լավագույն պահն է։ Ավելին, համաձայն չեմ, թե մեզ կստիպեն հանձնել Ղարաբաղը։ Ոչ մեկը չի կարող դեմ գնալ միջազգային իրավունքին (բացառությամբ Ադրբեջանի) և մեզ պարտադրել մեր խնդրի դեպքում կիրառել այլ նորմեր, ինչ նախատեսված է միջազգային իրավունքում։ Որևէ մեկը չի կարող արցախցուն ասել, որ ինքն ինքնորոշվելու իրավունք չունի, հակառակը, մինչ այժմ ներկայացված տարբերակներում հստակ նշվել է, որ ԼՂՀ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Այսինքն՝ վախենալ, որ մեզ երբևէ կասեն, թե մեզ համար այդ իրավունքը չի գործում, դժվար է պատկերացնել։ Իսկ եթե անգամ այդպիսի բան տեղի ունենա, դա կլինի այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները լինեն ապաշնորհ, պարտվողական։ Հետևաբար այս տեսանկյունից մտավախությունները հիմնազուրկ են։
-Ոչմիթիզհողականները, ըստ առաջին նախագահի, դավաճաններ են, և հենց նրանք են խանգարում երկրի առաջընթացին։ Համամի՞տ եք։
-Սա նոր երևույթ չէ. ոչմիթիզհողականները մեղադրում են զիջման կողմնակիցներին, և հակառակը։ Բայց մի բան ակնհայտ է. եթե խոսենք ոչմիթիզհողականների մասին, նրանց հիմնավորումները շատ ավելի համոզիչ են, քան հող զիջողներինը։ «Ազատ դեմոկրատները» փոխզիջման և փախստականների հետ կապված հարցերում շատ հստակ դիրքորոշում ունի։ Ինչ վերաբերում է հակամարտության հետևանքներին, տարածքային, սահմանային հարցերին, փախստականների վերադարձի խնդիրներին. դրանք կարող են և պետք է լուծվեն բացառապես սիմետրիկության հիմքով։ Այնպես չէ, որ հայկական կողմը պետք է տարածքներ զիջի, իսկ Ադրբեջանը, որի օկուպացիայի տակ են Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտի մի հատվածը, փոխզիջման խնդիր չունենա։ Այսինքն, մենք չպետք է տարածքներ զիջենք Արցախի կարգավիճակի ճանաչման կամ Ադրբեջանից խաղաղություն «գնելու» դիմաց։ Ոչմիթիզհողականներն իրենց հիմնավորումներում նշում են, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որից պետք է խաղաղություն «գնել»: Ոչմիթիզհողականների և Տեր-Պետրոսյանի բանավեճում ոչմիթիզհողականների հիմնավորումները շատ ավելի զորեղ են։
-Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրում է բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք, նրա համոզմամբ, ոչինչ չեն հասկանում հակամարտության էությունից։ Լուծման մի տարբերակ կարո՞ղ եք մատնանշել, որը հակոտնյա է Տեր-Պետրոսյանի առաջարկածին։
-Այո, դա «Ազատ դեմոկրատների» առաջարկած տարբերակն է, որը բանակցությունների ֆորմատը վերականգնելու մասին է, սիմետրիկ փոխզիջումների, Արցախի անվտանգության խնդիր ենք դնում, այսինքն, այն ամենը, ինչի կարիքն ունի Արցախի ժողովուրդը, և այն, ինչ նախատեսում են միջազգային իրավունքն ու Արցախի սահմանադրությունը։ Ադրբեջանի հոխորտանքները բավարարելը ես լուծում չեմ համարում։ Լևոն Տեր-Պետրոսյանը դա լուծո՞ւմ է համարում, ես և ԱԴԿ-ն լուծում չենք համարում։ Հակամարտության ժամանակ պետք է իմանալ հակառակ կողմի շահերը, սակայն պետք է լուծումների փնտրտուքի դեպքում գնալ այնպիսի ճանապարհով, որը կբավարարի երկու կողմերին։ Սա ամենևին չի նշանակում, որ Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման շահերը պետք է զոհաբերել ադրբեջանական կողմի շահերին։ Սա լուծում չէ։ Բանակցությունների տեսությունը մի հրաշալի ցուցում է տալիս. դու, անշուշտ, պիտի ճանաչես մյուս կողմի շահերը, բայց առաջին հերթին քո շահերը պետք է բավարարես։ Մենք հակամարտության կողմ ենք և պետք է մտածենք մեր շահերն առավելագույնս բավարարելու մասին։ Պատահական չէ նաև ոչմիթիզհողականների բարձրացրած այն հարցը, թե որտեղ է երաշխիքը, որ Ադրբեջանը, այդքան տարածքներ ստանալով, կբավարարվի։ Իսկապես, չկա որևէ երաշխիք։ Հակամարտության ցանկացած կողմ պետք է նկատի ունենա մյուս կողմի շահերը, բայց առավելագույնը բավարարի իր շահերը, ոչ թե հակառակորդի շահերի մտացածին մի պատկեր ստեղծի և փորձի դա որպես միակ ու անփոխարինելի լուծում ներկայացնել։ Ամենևին այդպես չէ։ Եթե Տեր-Պետրոսյանի լուծման տարբերակը լավագույնը լիներ, ինչը նա առաջարկում էր նաև 1997-98-ին, խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Սա նշանակում է, որ երկու կողմերի ակնկալիքները միանգամայն այլ են, տարբերակները չեն բավարարում երկու կողմերին էլ։ Պնդել, թե սա հիմնախնդրի կարգավորման լավագույն պահն է, առաջարկված լուծումն էլ՝ լավագույն տարբերակը, առնվազն սխալ է։


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ