Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մոսկվան նորից լվաց ձեռքերը

Մոսկվան նորից լվաց ձեռքերը
28.03.2017 | 17:05

Առաջին լրատվականը հարցազրույց է վերցրել «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովից։ «Որքանո՞վ է Մոսկվան հետաքրքրված ԱԺ ընտրություններով։ Կա տեսակետ՝ Սերժ Սարգսյանը ընդունելի և հարմար գործընկեր է Մոսկվայի համար, և Մոսկվան չի ցանկանա այստեղ իշխանություն փոխել» հարցին Կոլերովը պատասխանել է.

«Մոսկվայում, համենայն դեպս՝ այս ընտրություններում, չկան կուսակցական նախասիրություններ»։ Նա նաև Հայաստանի ներքին գործն է համարել ԵԱՏՄ-ից դուրս գալը: ԵՄ-ի հետ համաձայնագիրը «հետաքրքիր» է որակել այնքանով, որ չհակասի ԵԱՏՄ-ին։ Սխալ է համարել պրոռուսական ընդդիմություն հասկացությունը՝ «Հայաստանի մասով Ռուսաստանում այդպիսի տերմին գոյություն չունի։ Դա հայկական հայտնագործություն է։ Ռուսաստանում այդ հարցն ակտուալ չէ»:


Կոլերովը շտապել է հիշեցնել, որ «Ռուսաստանը օգնում է Հայաստանին ամբողջապես և ոչ առանձին որևէ քաղաքական ուժի։ Մոտ 3 միլիոն հայերը, որ ապրում են Ռուսաստանում, որևէ կուսակցության անդամ չեն։ Հետևաբար այդպիսի ձևակերպումները սխալ են»։
Փաստացի՝ ընտրությունների եզրագծում Մոսկվան «հրաժարական» է տվել ոչ միայն ԲՀԿ-ից, այլև ՀԱԿ-ից: Հարցն այլևս «ակտուալ» չէ: Գուցե ԲՀԿ-ի հարցը արդիականությունը կորցրեց եվրոպական կուսակցությունների դեսանտից հետո, գուցե եվրոպական դեսանտը հետևանք էր հենց արդիականության կորստի, փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը առանձին որևէ քաղաքական ուժի հրապարակային աջակցությունից հրաժարվում է: Իհարկե, դա չի նշանակում, որ ոչհրապարակային աջակցություն չի լինելու: ՀՀԿ-ից Մոսկվան հաստատ չի հրաժարվի, թեպետ նախընտրելի կհամարի ՀՀԿ-ի հզորացումը կանխել՝ որևէ ընդդիմադիր համարվող ուժի «կախելով» ՀՀԿ-ի վրա: Հրապարակային իներտությունը գրեթե պարտադրված է՝ Կրեմլին առանց այդ էլ միջազգային ասպարեզում մեղադրում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա «աշխատելու» վրա, որ իսկապես հնարավոր է՝ հաշվի առնելով, թե Պուտինին նախընտրական ու հետընտրական ինչ անակնկալներ մատուցեց նախագահական վերջին ընտրություններում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որ անցյալ տարի ԱՄՆ-ում նախագահի թեկնածու էր: Իհարկե, ԱՄՆ-ը պաշտոնապես հերքում էր Ռուսաստանում հանրահավաքներին իր աջակցությունը, բայց Կրեմլում ոչ հավատացին, ոչ ներեցին: Հիմա էլ Կրեմլին մեղադրում են Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի ընտրության գործընթացների վրա ներգործելու փորձերի մեջ: Այս համապատկերում հրապարակավ ավելացնել Հայաստանը, որտեղ անիմաստ է այդ ազդեցությունը հերքել, ծիծաղելի է: Կրեմլը արդեն ունի իր պայմանավորվածությունը, որ շատ հստակ ի հայտ բերեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երեկ ասուլիսում ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մանրամասներ բացեց բանակցային գործընթացից՝ կա եռամաս պլան, որ դժվար է Լավրովի պլան անվանել, որը քայլ առ քայլ ամեն ինչ մշակած՝ առաջարկում է խաղաղություն, բայց կողմերը համաձայն չեն, ուստի պետք են բանակցություններ վիճարկվող հարցերը համաձայնեցնելու համար:

Սա, իհարկե, բացահայտում չէ, որովհետև անհայտ մնացին վիճարկող հարցերը, բայց մեծ խորիմաստություն պետք չէ՝ կռահելու, որ հարցը ԼՂ կարգավիճակն ու տարածքներն են, Բաքուն դեմ է Արցախի անկախությանը, Երևանը՝ տարածքները առանց կարգավիճակի որոշարկման հանձնելուն: Այս կտրվածքով, բնականաբար, Հայաստանի իշխանությանը քարտ բլանշ է տրվելու ընտրություններում: Ոչ ոք չի կարող ասել, թե իշխանափոխության պարագայում նոր իշխանությունը ինչ դիրքորոշում կունենա բանակցային գործընթացում, կարող է ամեն ինչ ջնջել ու նոր ելակետեր սահմանել: Սա դեժավյու է՝ այսպես է եղել նախորդ ու նախորդի նախորդ նախագահական ընտրություններից առաջ, հետայսու այսպես է լինելու խորհրդարանական ընտրությունների պարագայում: Սերժ Սարգսյանի բանակցային օրակարգից է կախված՝ տրամադի՞ր է զիջումների, թե՞ մտադիր է մինչև վերջ պայքարել Ղարաբաղի համար, նրան պետք կգա Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիությունը» կամ պետք չի գա: Այսպես Մոսկվան «հանձնեց» Սերժ Սարգսյանին թե ԲՀԿ-ի, թե ՀԱԿ-ի խորհրդարանական ճակատագիրը և հրապարակավ դա բարձրաձայնեց:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մոդեստ Կոլերովի հետ հարցազրույցում ևս մեկ հարց է պարզվել՝ Սամվել Բաբայանի ճակատագիրը: «Դուք հավանաբար ծանոթ եք ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աղմկահարույց ձերբակալությանը։ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Վրաստանի տարածքով ռուսական զինտեխնիկա է տեղափոխվում Հայաստան. հենց այդ օրն էլ Բաբայանը ձերբակալվեց Հայաստան ապօրինի ճանապարհով բավականին վտանգավոր զինատեսակներ ներկրելու մեղադրանքով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը» հարցին Մոդեստ Կոլերովը պատասխանել է.
«Ես կարող եմ ասել միայն հետևյալը՝ ինֆորմացիան, որ Վրաստանի սահմանով Հայաստան ռուսական զենք է տեղափոխվել, վրացական քաղաքական ուժերից մեկի ինֆորմացիան էր։ Բայց այդ ինֆորմացիան անմիջապես հերքվեց Վրաստանի իշխանությունների կողմից։ Դա պարզապես մի մեծ սուտ ու կեղծիք է։ Ասեմ ավելին՝ պետք է առնվազն հիմար լինել՝ մտածելու համար, թե Ռուսաստանին պետք է Հայաստան զենք տեղափոխել Վրաստանով՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը Գյումրիում ռազմաբազա ունի։ Հետևաբար կասեմ միայն, որ դա մի մեծ կեղծիք է»։


Այսինքն՝ պետք լինի ինչ-որ մեկին զինել իշխանության դեմ, կա ռուսական ռազմաբազան Գյումրիում: Հիանալի ինքնամատնություն է՝ սա հարցի մի կողմն է, մյուս կողմում իրողությունն է, որ Մոսկվան ձեռքերը լվաց և Սամվել Բաբայանից՝ փաստացի մտահոգվելով միայն ռուսական զենք փոխադրելը հերքելով, ոչ թե Սամվել Բաբայանով, ում ներկայացված է «Իգլան» ձեռք բերելու մեղադրանքը: Սա, իհարկե, մխիթարական չէ ՕՐՕ-ի համար, ում հարցումներով՝ ինքը հաղթում է ԱԺ ընտրություններում ու իշխանափոխություն անում: Բայց ընտրությունների ոսկե կանոնն է՝ բոլորը խոսում են հաղթելու մասին, ոչ մի խոսք պարտության հնարավորության մասին: Իսկ այն հայտարարությունները, որ ՕՐՕ-ն հետընտրական գործընթացներ է նախաձեռնելու, մեծ ու գեղեցիկ միֆ է՝ Սեյրան Օհանյանը հիանալի տեղեկացված է ու հասկանում է, որ այդ պարագայում իր ձերբակալությունը դառնում է անխուսափելի: Իրադարձությունների անցանկալի զարգացումների դեպքում՝ նաև համախոհների, առավել ևս որ վերջին շրջանում «Սասնա ծռերն» ու «Հիմնադիր խորհրդարանն» են սկսել փոխարինել Սամվել Բաբայանին՝ իրենց աջակցությունը հայտարարելով ՕՐՕ-ի ձեռնարկումներին: Սա թակարդ է, որտեղ չընկնելու համար Սեյրան Օհանյանն ու ՕՐՕ-ն խելամիտ պիտի լինեն, որովհետև հետևանքները կանխատեսելի են:

Դիտվել է՝ 2890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ