Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Լավ քարոզարշավ են իրականացնում «Ելքն» ու «Ազատ դեմոկրատները», տխուր՝ ՀՎԿ-ն»

«Լավ քարոզարշավ են իրականացնում «Ելքն»  ու «Ազատ դեմոկրատները», տխուր՝ ՀՎԿ-ն»
28.03.2017 | 11:10

Հաշված օրեր են մնացել քարոզարշավի ավարտին, ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերը կարողացա՞ն հասարակությանը դրականորեն ներկայանալ և շահել հանրության համակրանքը։ Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ հակիրճ ներկայացրեց նախընտրական այս փուլի պատկերը։


-Հանրությունն այս ընթացքում ի՞նչ ազդակներ ստացավ քաղաքական ուժերից։
-Թե հասարակությունն ինչ ազդակներ ստացավ, կերևա ապրիլի 2-ին։ Իսկ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով կարողացավ ներկայանալ հանրությանը։ Մեկը մի քիչ ավելի լավ, մյուսը՝ մի քիչ վատ, բայց, ընդհանուր առմամբ, բավականին հետաքրքիր ընտրարշավ էր։ Չեղան բողոքներ ոչ մեկի կողմից, թե իրենց անհավասարաչափ են լուսաբանում, կան ճնշումներ (չհաշված տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների լոկալ գլադիատորական պայքարը)։
-Գուցե լուսաբանման առումով բողոքներ չեղան, բայց վերջին օրերին դպրոցների և մանկապարտեզների տնօրենների վարչական ռեսուրսի օգտագործումը բավական մեծ աղմուկ է բարձրացրել։ Սրան հետևեց ՕՐՕ-ի առաջարկը ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը։ Այս փաստը հիմք կլինի՞ ԿԸՀ-ի համար։
-Այդ տնօրենները մեղավոր չեն, մեղավոր են նրանց այդ պաշտոնում նշանակողները։ Զարմանում եմ, ինչպես կարող են ուսուցիչը, մանկավարժը, առավել ևս, տնօրենը նման բան անել։ Ներողություն եմ խնդրում, բայց եթե այդ 142-ն այդքան անուղեղ են, մեղավորը նրանց նշանակողն է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելուն, չեմ կարծում, որ դա բավարար հիմք է, դա ընտրակաշառքի փաստ չէ։ Ընդհանրապես, ընտրակաշառքը դժվար ապացուցելի է։ Անշուշտ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ ՀՀԿ-ն օգտագործել է և շարունակում է օգտագործել իր վարչական ռեսուրսները։
-Իշխող կուսակցությունը կարողացա՞վ այս ընթացքում իր շուրջ եղած հանրության բացասական տրամադրվածությունը փոխել։
-Միայն Կարեն Կարապետյանի անձի շնորհիվ ինչ-որ դրական սպասումներ առաջացան։ Նաև արտաքին, այսպես ասած, ֆասադային փոփոխությունը, ցուցակի երիտասարդացումը։ Բայց այս փոփոխություններն էական ազդեցություն չեն ունենա։ ՀՀԿ-ի հարցը կլուծեն ռեյտինգային թեկնածուները։
-Այդուամենայնիվ, ո՞ր ուժին հաջողվեց հասարակության վստահությունը շահել։
-Որպես այդպիսին, որևէ մեկին չեմ կարող առանձնացնել։ Գագիկ Ծառուկյանին ինչ-որ առումով կարելի է առանձնացնել, բայց համակրանքը զուտ անձով է պայմանավորված, ոչ թե քաղաքական ուժով։ ՀՀԿ-ում էլ Կարեն Կարապետյանի վարկանիշն է բարձր։ Շատ լավ քարոզարշավ անցկացրին «Ելքը» և «Ազատ դեմոկրատները»։ Սոցհարցումների վերջին տվյալներն էլ փաստում են, որ երեք շաբաթվա ընթացքում այդ ուժերը դրական դինամիկա ունեցան։ Դաշնակցությունը ևս դրական տեղաշարժ ուներ, լինելով նաև իշխանության մաս, ՀՀԿ-ից անհամեմատ քիչ, բայց ունի լծակներ, որոնք ևս գործի կդրվեն։ Ինձ համար անսովոր էր «Հայկական վերածնունդի» քարոզարշավը։ Սովորաբար ՕԵԿ-ը շատ լավ քարոզչություն էր անում, այս անգամ տխուր քարոզչություն անցկացրեց։
-Կարո՞ղ ենք այսօր կանխատեսել ապագա խորհրդարանի մոտավոր պատկերը։
-Դժվար է ասել։
-Անակնկալներ կլինե՞ն։
-Չեմ կարծում, թե մեծ անակնկալներ կլինեն։
-Հետընտրական զարգացումներ հնարավո՞ր են։
-Չի բացառվում, բայց դրա հավանականությունը ևս քիչ է։
-Բայց քաղաքական ուժերից մեկը՝ ՕՐՕ-ն, հայտարարում է, որ ամեն ինչ ընտրություններով չի ավարտվում, և պատրաստվում են հետընտրական զարգացումների։
-ՕՐՕ-ն հայտարարում է, բայց ունի՞ այդ ռեսուրսը: Խնդիրը միայն ասելը չէ, պետք է նաև կարողանալ։
-Սամվել Բաբայանի ձերբակալումն ինչպե՞ս անդրադարձավ այդ դաշինքի վրա։
-Իհարկե, վարկանիշը բարձրացավ, բայց զուտ գործնական առումով նրանց դիրքերը թուլացան։
-ՕՐՕ-ն խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի՞։
-Շատ քիչ են այդ դաշինքի հնարավորությունները։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ