Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Որտեղ հաց՝ այնտեղ կացի» բնորոշումն ինձ համար ընդունելի չէ, թեև հոլովվում է վաղուց՝ ճավճավաձեների մտամոլագար փայլատակումների շղթայում մեր հասցեին»

«Որտեղ հաց՝ այնտեղ կացի» բնորոշումն ինձ համար ընդունելի չէ, թեև հոլովվում է  վաղուց՝ ճավճավաձեների մտամոլագար փայլատակումների շղթայում մեր հասցեին»
28.03.2017 | 11:05

«Իրատեսի» զրուցակիցն է գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Թերթելով մատենագրության էջերը` տեսնում ենք, որ մեր նախնիներին հնագույն ժամանակներից բնորոշ է եղել ազգի ազատության բացարձակ ըմբռնումը: Մինչդեռ այսօր հանդուրժողականությանը, օտարամոլությանը, «որտեղ հաց՝ այնտեղ կաց» և նման ցածրակարգ ընկալումներին վերաբերվում ենք շատ հանգիստ:
-«Որտեղ հաց՝ այնտեղ կացի» բնորոշումն ինձ համար ընդունելի չէ, թեև հոլովվում է վաղուց՝ ճավճավաձեների մտամոլագար փայլատակումների շղթայում մեր հասցեին: Քարից հաց քամող ժողովրդի կերպարն անտեսելով՝ նման վարկաբեկիչ որակումներով մեզ պիտակավորելը պարզապես չարամտություն է: Մեր աչքերի առաջ հաճախ բոկոտն հայ մարդն աշխատանքի փնտրտուքներով բռնում է աշխարհի ճամփաները և կայանում, նախաձեռնում սեփական գործը, ավելին՝ օգնության ձեռք մեկնում հայրենիքում բնակվող ազգականներին ու հարազատներին: Իմ կարծիքով, հուսալքված մարդը հստակ անհեռանկարայնությունը, սեփական անձի հնարավորությունների ինքնադրսևորման և ներուժի բացահայտումն ու կայացումը փորձում է այլ, ավելի բարենպաստ կամ գոնե ինչ-ինչ հույսեր ներշնչող նպաստավոր պայմաններում: Չկան, չեն ձևավորվում համապատասխան ինքնադրսևորման պայմաններ իր տանը, բայց նա հաջողում է դրսում: Վկան և ապացույցը քաղաքակիրթ աշխարհին իրենց ծառայությունը մատուցած մեր բազմաթիվ հայրենակիցները՝ գործարարներ, ձեռնարկատերեր, գիտնականներ, մշակույթի գործիչներ և այլք: Արտահոսքի այդպիսի մեծ ալիք հայրենիքից ձևավորվեց վերջին հարյուրամյակում ցեղասպանությունից հետո, ապա նաև մեր օրերում:
Ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, ապա ըստ երևույթին նկատի ունեք համբերատարության առավել մեծ չափաբաժնի դրսևորումները, երբ այն հանգեցնում է անգործության հակազդելու անհրաժեշտության դեպքերում, նույնիսկ երբեմն պարունակում երկչոտության տարրեր: Մենք այդպիսի՞ն ենք: Չեմ կարծում, թե դա կարելի է դիտարկել որպես մեր ազգային բնավորության առանձնահատկություն: Մեր ապրած կյանքն ամենևին դա չի փաստում: Պարզապես հավասարակշիռ և դյուրահավատ ենք, որին հանգում ենք այն պարզ գիտակցությամբ, թե դիմացինդ մի օր դարձի կամ խելքի կգա, կթոթափի իրենից անհեթեթությունների բեռը: Այս պարագայում, դիմելով ժողովրդական բառ ու բանին, ավելի մեծ դերակատարություն ունի հայի վերջին խելքի գործոնը: ՈՒզում եմ շեշտել, ոչ թե հայի վերջի, այլ հայի վերջին խելքը: Սակայն անհրաժեշտ է, որ մենք վերջապես սերտենք այն իմաստնության բուն էությունը, թե հիմարն է, որ սովորում է իր սխալների վրա, խելոքները դասեր են քաղում այլոց սխալներից: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, ապա պատերազմում փայլուն հաղթանակ կռած մեր ժողովուրդը չէր պարտվի խաղաղության մարտահրավերներին, ցաքուցրիվ չէր լինի, տնազուրկ և ընչազուրկ չէր դառնա իր տան մեջ՝ իր բոլոր սպասելի և անակնկալ դրսևորումներով, հակառակ կողմում սնուցելով բենդերների և կորեյկոների անհագ տզրուկների ոհմակներ…
Հաճախ կարելի է լսել, թե հայերը համախմբվում են միայն արտաքին վտանգի դեպքում և երկչոտ են, միասնական չեն ներքին հիմնախնդիրների լուծման հանգամանքներում: Ըստ իս, դա ածանցյալ է վերոնշյալին: Հայը քաջ և արի է: Նա գիտակցում է արտաքին վտանգներին դիմակայելու կարևորությունը, միևնույն ժամանակ վարանում է ներքին խնդիրները հեղափոխական և արյունահեղության ճանապարհով լուծելու պարագայում:
Ինչ վերաբերում է ազատությանը, ապա անկասկած այն բացարձակ արժեք է մեզ համար, ավելին, երազանք, նպատակ, ուխտ: Մեր պատմության ընթացքում մենք բազմիցս կորցրել ենք ճակատագրի մեզ հրամցրած ազատության հնարավորությունը: Պատճառները տարբեր են՝ դավաճանությունից մինչև նյութապաշտություն, սեփական անձի գերակայության բարդույթ և այլն: Մենք զսպանակվել ենք, որպեսզի առավել թափով նետվենք դեպի ազատությունը, և դրա վկայությունն է մեր ժողովրդի կեցվածքը վերջին շուրջ երեք տասնամյակի ընթացքում, դիմակայությունը բոլոր բնական և արհեստածին դժվարություններին, կեղեքմանն ու թալանին… Եվ մի՞թե այս հերոսական, ըմբոստ և արժանապատիվ ժողովուրդն արժանի էր նման վերաբերմունքի իր իսկ ծնած իշխանիկների կողմից: Արդյունքում ձևավորվեց և վտանգավոր չափերի հասավ հասարակություն-իշխանություն անջրպետը, երկփեղկված ոչ միայն կենցաղով և ապրուստով, այլև մտածողությամբ և հոգեբանությամբ: Առաջ եկավ նոր տեսակի իդեալ, որը թեև ծանծաղամիտ ու տգետ է, բայց հարգանք է վայելում իր արտաքին արդուզարդով՝ ավտոմեքենայի մակնիշից մինչև պետհամարանիշը: Մի բան, որը լրջագույն սպառնալիք է մարդու տեսակին, մարդու արժեհամակարգին, առավել ևս հայի, ում բնորոշ է եղել հարգանք ու խոնարհումը իրական արժեքների, մտքի, գիտելիքի, վերջապես ուսուցչի հանդեպ։ Ի վերջո, իշխանական բարձունքներում հեքիաթային գորգերով սավառնող պատահականությունները մոռացության մատնեցին պարզ մի ճշմարտություն, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց քաղաքացու, նրա արժանապատվության, կենսակերպի, այլ ոչ, իրենց իսկ արտահայտությամբ, սեփական կայֆերի համար: Նրանցից շատերին խորթ են ազգային, պետական շահի գիտակցումը, պետական մտածողությունը: Ոմանք բացահայտ արհամարհեցին սրբազան գաղափարները՝ ցինիկաբար չթաքցնելով, որ իրենց տեսողությունը տնամերձի ցանկապատն է մինչև, որից անդին վերածվում է անբուժելի կուրության: Եթե այդպիսիք չսողոսկեին պաշտոնական շրջանակներ և յուրայինների ճամբարներ, վստահ ու համոզված եմ, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում կարձանագրեր ամենաբարձր դրական արդյունքներ և գիտության ու մշակույթի, և տնտեսության ու արդյունաբերության բնագավառներում, հայաստանաբնակ քաղաքացին կապրեր բարեկեցիկ կյանքով, և դեպի Մայր հայրենիք կձգվեին մեր հայրենակիցների քարավանները, այլ ոչ հակառակը: Բազմիցս նշել եմ, որ իր երկրի սահմաններից դուրս բնակվող հայությունը մի քանի անգամ ավելին է, հետևաբար, եթե հետևենք ռոբինզոնյան տրամաբանությանը, թե չարիքից անգամ կարելի է օգուտ քաղել, ապա մեր ազգային ողբերգությունը խելամիտ օգտագործելով, մենք կունենայինք փորձառու, աշխարհահռչակ մասնագետների բանակ, ովքեր իրենց հմտությունն ու գիտելիքները կներդնեին մեր երկրում, կդաստիարակեին խորհրդային հոգեբանություն կրողների շրջանում ազատ շուկայական հարաբերությունների հիմունքները, վերջապես բիզնեսի և թալանչիության միջև կգծեին փշալարե սահմանագիծ և այլն: Բայց այդպես չեղավ: Տերեր հորջորջվածները պարզապես թույլ չտվեցին, դա դեմ էր նրանց ազատ գործելու քաղաքականությանը: Չօգտագործվեց այդ հրաշալի ներուժը, և համազգային հարստությունը լցվեց ոմանց ծակ գրպանները, արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։
- Չե՞ք կարծում, որ այսօր ոչ այնքան հացի, որքան հոգևոր արժեքների սով է:
- Երկուսն էլ առկա են: Ցավոք, աշխարհը նյութականանում է, որի արդյունքում մարդը հեռանում է ինքն իրենից, հոգևոր արժեքների դասական ըմբռնումներից: Եթե նյութական արժեքների խեղումը ենթակա է վերականգնման, ապա հոգևոր արժեքների պարագայում, անկեղծ ասած, ես կասկածում եմ: Մարդուն մարդ պահող, կենդանական աշխարհի այդ տեսակը գազաններից տարբերող հոգևոր-բարոյական արժեհամակարգի շատ կորուստներ կարող են անդառնալի լինել: Դրանում կհամոզվեք, երբ ուսումնասիրեք մարդ տեսակի կրած բարոյահոգեբանական չափանիշների փոփոխությունները վերջին հարյուր տարում: Սոցիալական փորձությունները ստիպում են մարդուն կենտրոնանալ ֆիզիկական, կենցաղային, նյութական խնդիրների վրա, նրա կյանքից վանելով հոգևորը, բարձրարժեքը, գաղափարականը, վեհն ու գեղեցիկը: Դրա արտահայտությունը չէ՞ արդյոք հենց ընտրությունների ժամանակ քվեն վաճառող քաղաքացին, ում բնավ չեն հետաքրքրում իր ընտրյալի գաղափարախոսությունը, բարոյական նկարագիրը և այլն: Կարծում եմ` հոգևոր-բարոյական արժեհամակարգի բաղադրիչներից են նաև հավատը, սերը, վստահությունը, բարեկրթությունը, հոգատարությունը և այլն, որոնք երերում են մեր իրականության մեջ՝ տեղը զիջելով հաշտվողականությանն ու հուսախաբությանը, թեև չեմ կարող չառանձնացնել ըմբոստ, անարդարությունները չհանդուրժող, բազմաթիվ երևույթների չհամակերպվող մի շերտ, որի մեջ, բարեբախտաբար, որակ է կազմում երիտասարդությունը: Դա նաև առաջընթացի, զարգացման գրավականն է, ճահճից դուրս գալու և լիաթոք շնչելու կարևորագույն գործիքը:
-Ձեզ տեսանելի չէ՞ հանգուցալուծումը։
-Չէի ասի, թե տեսանելի չէ, մանավանդ որ վերջին շրջանում նկատելի են մեր երկրի ու ժողովրդի թուղթուգիրը քանդելու ջանքեր: Մի՞թե դժվար կամ անհնար է մի փոքրիկ երկիր՝ երկու-երեք միլիոն բնակչությամբ, ոտքի կանգնեցնելը: Չեմ կարծում: Դրա համար անհրաժեշտ են բոլոր կարող և բանիմաց ուժերի համախմբում, անդուլ աշխատանք, ցանկություն և կամք: Այդ ամենը, անշուշտ, պետք է ուղեկցվի արդարադատության հաղթանակով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր խանգարողներին: Ցավ է, որ մեզ վնասում ենք մենք, մեր ձեռքով, ի միջի այլոց վերաբերվում ազատ, անկախ, միացյալ հայրենիքի տեսլականին: Անկախությունը միշտ պետք է դիտարկել համեմատության մեջ, սակայն հաշվի առնել մի կարևոր առանձնահատկություն՝ անկախ լինելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հզոր լինել բոլոր առումներով, բոլոր ոլորտներում: Ինձ հաճախ է զարմացնում որոշ կառավարիչների ինքնագոհ և հիացական կեցվածքը: Ինչպե՞ս կարող է այս կամ այն ոլորտի պատասխանատուն գլուխը հանգիստ դնել բարձին, երբ այնտեղ առկա են լրջագույն խնդիրներ, երբ օր առաջ կարիք կա արմատական լուծումներ գտնելու, քննարկելու մասնագետների հետ և այլն: Այդ հոգեբանությամբ պաշտոնյան ունակ է միայն չարիք սփռելու և հետապնդելու զուտ անձնական շահ: Պաշտոնյան, ըստ իս, պետք է օժտված լինի տիրոջ հոգեբանությամբ և անանձնականության խոր գիտակցումով: Տեր չեն նշանակվում, տեր դառնում են դժվարությամբ, չշրջանցելով դրանք, նվաճում տիրոջ տիտղոսը՝ ծառայելով պետության ու հանրային շահերին:
-Եթե հրաշքով լինեիք երկրի նախագահ, ինչի՞ց, որտեղի՞ց կսկսեիք բարեփոխումները:
-Քավ լիցի: Չեմ պատկերացնում ինձ նման պատասխանատու դիրքում: Ի դեպ, մեր ժամանակներում, եթե ցանկանում ես, իհարկե, ամբողջովին նվիրվել գործիդ, որքան բարձր է պաշտոնդ, այնքան մեծ է պատասխանատվությունը, շատ են դժվարությունները: Աննախանձելի գործ է, թեև վստահ եմ, որ երկրում անհապաղ մի քանի լուրջ վիրահատական գործողություններ, այնուամենայնիվ, կկատարեի: Անցյալ դարասկզբի ճակատագրական օրհասի օրինակով կձևավորեի Հայաստանի և հայության փրկության կոմիտե՝ ընդգրկելով աշխարհի մեր լավագույն ուժերը և այլն:
-Եվ ո՞րն է լինելու առաջնակարգ՝ խե՞լքը, հոգի՞ն, հայրենասիրությո՞ւնը։
-Բոլորը միասին և ավելին… Անկաշառ նվիրյալներ և պրոֆեսիոնալ անհատներ ու կազմակերպություններ: Սերը ևս կարևորագույն գործոն է: Միայն սիրող մարդն է պատրաստ անձնազոհության, անկշռելի նվիրումի։ Եղել են երկրներ, որոնք առավել քայքայված և ծանր վիճակում են հայտնվել, քան մենք այսօր, և հենց իմ հիշատակած հատկանիշները կրող գործիչների համատեղ ջանքերով ու աշխատանքով են կարողացել ոտքի կանգնել ու շարունակել իրենց բնականոն ընթացքը: Մենք պարտավոր ենք հավատալ նախ և առաջ մեր սեփական ուժերին, ապավինել հույսի և հավատի ուղենիշներին, և այդ տրամադրությունները սփռել ժողովրդի շրջանում: Իսկ նա այլևս չի հավատում խոսքին և խոստումներին: Նրան պետք է տեսանելի լինի իր կյանքում տեղի ունեցող թեկուզ չնչին, բայց դրական տեղաշարժը: Հարկավոր է սեփական օրինակներով գործնականում ապացուցել, որ յուրաքանչյուրս և բոլորս ենք մեր երկրի տերը, որ բոլորս ապրում ենք միևնույն անհանգստություններով և ուրախություններով, որ հարգվում է ժողովրդի կարծիքն ու խոսքը, որ շքեղության մեջ շողշողացող անձը չէ միայն երկրի տերը, այլև հողագործը, ինժեները, ուսուցիչը, որոնք, ցավոք, հայտնվեցին ավտոմեքենաների ղեկին կամ առևտրական կետերում… Վերջապես մեր երկրի ու պետության համար էականը դղյակում ապրողը չէ, այլ շարքային քաղաքացին:
-Ձեր կարծիքով, ժողովրդի ուզածն ի՞նչ է…
-Մարդավայել կյանք և հարգանք իր հանդեպ։ Որ կարողանա իր մեջ պահպանել մարդկային հատկանիշները, չվերածվի գազանի, այլ մշտապես ձգտի դեպի կատարյալը, որ իր երազելուն սահմանափակումներ չդնի հենց ինքը, որ իր զավակն ապրի քաղաքակիրթ երկրում և այլն: Ես կցանկանայի, որ ժողովուրդը ոչ թե ատեր իր ղեկավարին, այլ հարգեր ու սիրեր, ակնածեր նրանից, որպես իր ընտրյալի, որպես իր հոգսը թեթևացնողի, որպես լավագույնի լավերի մեջ… Այդպես են կոփվում միասնությունը և ուժը, միասնաբար ապրելու մշակույթը, որին հասնելու համար մեծ ջանքեր են հարկավոր, որ խորտակվի «մենք վերևն ենք, դուք ներքևը» հիվանդագին ճղճիմության պատ-պատնեշը: Ժողովուրդը ցանկանում է, որ ապահովված լինի աշխատանքով, արժանապատիվ աշխատավարձով, որ արմատական փոփոխություններ տեղի ունենան իր կյանքում։ Բազմաթիվ են այդ խնդիրները, որոնց մասին այս օրերին բարձրաձայնում են շատերը: Ի վերջո, հայ մարդուն վիճակված չեն միայն տառապանք ու հնարքներ՝ իր և ընտանիքի ֆիզիկական գոյությունը քարշ տալու համար՝ նվազագույն զամբյուղի պռունկը հաղթահարելով կամ նույնիսկ չհասնելով դրան: Նա նաև հաճույք պետք է ստանա իր կյանքից, իմաստավորի իր գոյությունը չարքաշությունից անդին, այլ, միանգամայն մարդկային գործոններով…
Այնպես չէ, որ քաղաքացին պարտավորություններ ունի իր երկրի և հայրենիքի առջև, իսկ պետությունը՝ ոչ: Գոյություն ունի հիմնախնդիրների մի ամբողջ տրցակ, որում ընդգրկված են բոլոր ոլորտներն ու շերտերը, որոնք անհապաղ և անհետաձգելի լուծումներ են պահանջում:
-Քարոզարշավն ընթանում է կոպիտ ու բիրտ խախտումներով: Ի՞նչ կարելի է ակնկալել արդյունքից…
-Նրանք, ովքեր դիմում են անթույլատրելի միջոցների, ամեն գնով պաշտոնական բարձունքներ նվաճելու, համոզված եմ, անձնական շահագրգռություններից բացի, այլ հետաքրքրություն չունեն։ Ցավում եմ նման դրսևորումների համար: Մեզանում ընտրապայքարի և ընտրությունների հոգեբանությունն առաջին անգամ չէ, որ արձանագրում է նման փաստեր: Ինչպե՞ս թոթափել մեզնից ամեն գնով սեփական անձի, մանավանդ անարժան ու վարկաբեկված, գերակայության մարմաջը, կուսակցական գաղափարաբանությունից զուրկ, բայց կուսակցական նկրտումներ միտող խումբ-խմբավորումների հաղթարշավը, հավանաբար իրավագիտական միջամտության անհրաժեշտություն ունի: Ասենք որոշակի պահանջներ ներկայացնել և սահմանափակումներ մտցնել կուսակցությունների գրանցման գործընթացում, հաշվի առնել պատգամավորության թեկնածուների նկարագիրը և այլն: Չգիտեմ: Ես դրա մասնագետը չեմ: Միայն կարող եմ նկատել, որ ընչազուրկ, կոռ ու բեգյարի բեռի տակ կքած մարդուն գաղափարական դաշտը, գաղափարական պայքարը մեծ մասամբ խորթ և անընդունելի են: Նրան ավելի շատ հուզում և հետաքրքրում է օրվա հրամայականների լուծումը, որովհետև այլևս ոչինչ չունի կորցնելու, իսկ գտնելու հույսերով կերակրվել անհնար է։ Ապրելը դատավաճիռ չէ, այլ շնորհք և իրավունք, որը պետք է իրացվի արժանապատիվ և մարդավայել:


Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ