ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Բալթիկ ծովից Կասպից ծով տարածքը գտնվում է երկու քաղաքակրթությունների բախման արանքում»

«Բալթիկ ծովից Կասպից ծով տարածքը գտնվում է երկու քաղաքակրթությունների բախման արանքում»
21.03.2017 | 00:45

«Իրատեսի» զրուցակիցն է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով՝ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա պաշտոնական այցի ընթացքում ստացա՞վ իր ցանկացած խնդիրների լուծումները:
-Ես դատողություններս կառուցում եմ այն հիմնարար փաստաթղթի հիման վրա, որ ընդունվեց հավարտ պաշտոնական այցի, և համոզված ասում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնական այցը Մոսկվա, նրա հանդիպումը ՌԴ նախագահի, իշխանության բարձրագույն մարմինների մյուս ներկայացուցիչների հետ եղել են շատ բարձր մակարդակի և վկայել են հայ-ռուսական համագործակցության ու դաշինքի անխախտ բնույթը: «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը Եվրասիական տնտեսական ակումբի գործընկերների հետ քաղաքական հետազոտություն էր սկսել այցից մեկ ամիս առաջ, որ ավարտեց այցի նախօրյակին: Այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ մեր հետազոտությունը շատ կենսունակ է այն հայտարարությունների համապատկերում, որ երկու երկրների նախագահները արեցին այցի արդյունքում:
-Ինչի՞ն է վերաբերում քաղաքական հետազոտությունը:
-Մենք հետազոտության մեջ ցույց ենք տվել, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցությունը այլընտրանք չունի: ԵԱՏՄ-ին անդամակցության երրորդ տարում պետք է դադարեցնել աննյութ, անօգուտ, անիմաստ քննարկումները՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ անդամակցությունը, խոսակցությունը պետք է տեղափոխել այլ մակարդակ՝ ինչքանո՞վ է մեզ ձեռնտու անդամակցությունը, ի՞նչ լրացուցիչ օգուտներ կարող ենք ստանալ և ինչպե՞ս անենք, որ պետական, քաղաքական, հասարակական կառույցները դեմքով ուղղվեն դեպի այդ շահը և այդ օգուտը:
-Բայց դրա համար կոնկրետ արդյունքներ պիտի ունենանք:
-Անպայման: Մեր արդյունքները մեզ հնարավորություն են տալիս համարձակ ասել, որ պիտի շարունակենք: Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ բնակչության 70 %-ից ոչ պակասը, մի քանի ծավալուն հարցումների արդյունքներով, կողմ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, պաշտպանում է Հայաստանի քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը պետք է խորանա և ամրապնդվի: Մենք նախընտրական շրջանում ենք, և ուզում եմ հրապարակել նաև հետազոտության այդ հատվածը: Հրապարակային քաղաքականության դաշտում հայ-ռուսական համագործակցության զարգացման օգտին աշխատանքի առյուծի բաժինը իշխանական կուսակցությանն է: ՀՀԿ-ն, որ 2007-ից համագործակցության պայմանագիր ունի համառուսաստանյան «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, անցած տարիներին իրականացրել է քաղաքական բոլոր կապերի ու ծրագրերի գերակշիռ մասը: Առանձնացնելով իշխանական համակարգի գործունեությունը, մամուլի մոնիտորինգի արդյունքները ևս վկայում են, որ իշխանությունը, ի դեմս կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի, հաջողված է այս ընթացքում Ռուսաստանի հետ իր համագործակցության մեջ, վայելում է Ռուսաստանի իշխանական կառույցների, գործադիր իշխանության օղակների համակրանքը և աջակցությունը, որը բավարար հիմք է ստեղծում 2017-ին մեր տնտեսության արմատական խնդիրների լուծման համար: Իսկ խնդիրների խնդիրը ներդրումներն են մեր տնտեսության մեջ, որպեսզի ներդրումային քաղցը, որ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերին գրանցվեց, կարողանանք հաղթահարել և տնտեսությունը վերադառնա նորմալ զարգացման փուլ: Երկրորդը ես ուզում եմ նշել «Ծառուկյան» դաշինքը: 2007-ից Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն համագործակցության պայմանագիր ունի «Միասնական Ռուսաստանի» հետ, և այսօր այդ քաղաքական ուժի գործիչներից շատերը ծառայություններ ունեն համագործակցությանը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ դաշինքում գլխավորը Գագիկ Ծառուկյանն է, նրա հետ ուզում են համագործակցել ու աշխատել ռուս գործընկերները: Երրորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է և ՀԱԿ-ը:
-Նրանք նո՞ւյնպես համագործակցում են ռուս գործընկերների հետ, թե՞ «Խաղաղություն հիմա»-ն է դեր խաղում:
-Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք են ստորագրվել հայ-ռուսական հարաբերությունների բոլոր հիմնարար փաստաթղթերը՝ թե բարեկամության ու համագործակցության համաձայնագիրը, թե Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի պայմանագիրը, թե ՀԱՊԿ-ին անդամակցության համաձայնագիրը: Այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները այն ժամանակից մինչև մեր օրերը չեն փոխել իրենց տեսակետը, այլ կառուցողական մասնակցություն են ունեցել քաղաքական դաշտում այդ համագործակցության զարգացմանը: Ես ուրախ կլինեի, եթե իմ այս հայտարարությունները քաղաքական դաշտում ընկալվեին որպես սադրանք, և Հայաստանի քաղաքական դաշտի մյուս դերակատարները ներկայացնեին իրենց դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերություններին: Ափսոսանքով արձանագրում եմ, որ նախընտրական քարոզչության մեջ կան նաև ուժեր, որ փորձում են լռության մատնել այս խնդրի կարևորությունը և ընտրողներ չկորցնելու համար շրջանցել այս հարցերի պատասխանները: Ես կողմնակից եմ, որ քաղաքական դաշտի բոլոր դերակատարները ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլև Արևմուտքի հետ հարաբերությունները կառուցողական հուն տեղափոխելու օգտին ունենան հստակ դիրքորոշումներ, և այդ դիրքորոշումները տանեն դեպի համագործակցություն, այլ ոչ թե վերածեն Հայաստանը ներքաղաքական առճակատման դաշտի՝ աշխարհաքաղաքական նախապատվությունների մարտի: Բալթիկ ծովից Կասպից ծով տարածքը գտնվում է երկու քաղաքակրթությունների բախման արանքում: Քաղաքակրթական բախումը շատ ծանր հետևանքներ է թողնում միջազգային հարաբերությունների վրա: Այս պայմաններում մենք պարտավոր ենք լինել շատ զգույշ, որպես փոքր պետություն՝ ունենալ հասկանալի և թափանցիկ, բոլորի համար ընդունելի քաղաքական դիրքորոշումներ:
-Հրաշալի է, բայց այդ դիրքորոշումը չի նշանակում միանշանակ և 70-80 %-ով դեպի Ռուսաստան: Մոսկվա այցից առաջ ՀՀ նախագահը Բրյուսել էր մեկնել, թե նա, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր մասով քանիցս ասել են, որ Հայաստանը համադրում է և/և-ի քաղաքականությունը և պատրաստվում է ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել:
-Մեր արտաքին քաղաքականության երկու վեկտորների համադրումը միակ ճիշտն ու հնարավորն է: Կարծում եմ, որ ԵՄ-ի հետ այնպիսի համագործակցության զարգացումը, որ չի խանգարում Հայաստանի հիմնական վեկտորին՝ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում գործակցությանը, մեզ միայն օգուտ է և լրացնում է մեր արտաքին քաղաքականության ամբողջ կառույցը: Տնտեսական զարգացման մեջ մեր հույսը այսպես թե այնպես միայն Ռուսաստանն է, միայն ԵԱՏՄ-ն: Վերջին հինգ տարիներին ԵՄ-ից, ԱՄՆ-ից, միջազգային կառույցներից վարկեր ու դրամաշնորհներ ստանալու մեր բոլոր հույսերը բախվել են անհաջողության կամ հետաձգվել անորոշ ժամանակով: Այս հարաբերություններով մենք ստիպված ենք լինելու զրոյից սկսել մեր երկխոսությունը միջազգային դաշտի բոլոր խաղացողների հետ, որ նրանք ևս ականջալուր լինեն և կարողանան օգտակար լինել Հայաստանին: Ինչպես չորս տարի առաջ, այնպես էլ այսօր Հայաստանի հասարակական կարծիքի գնահատմամբ միանշանակ՝ մեր արդյունաբերության ու տնտեսության զարգացման հնարավորությունները կապված են Ռուսաստանի հետ՝ կլինե՞ն ներդրումներ, տնտեսությունը կզարգանա, չե՞ն լինի՝ չի զարգանա: Ցավոք, այլ տեղից սպասելիքներ չունենք:
-Իսկ եթե ռուսական ներդրումներ չեն լինում օբյեկտիվ պատճառներով՝ ՌԴ տնտեսական վիճակը:
-Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացավ առաջին միջոցները գտնել և գտավ, համոզված եմ՝ տարվա ընթացքում այդ ներդրումները կլինեն: Հայաստանի քաղաքական դաշտում այսօր, բարեբախտաբար, չի գերիշխում այն քաղաքական գործիչների տեսակետը, որ ասում են՝ ԵԱՏՄ մտնելը սխալ էր, Ռուսաստանը չի կարողանում կատարել Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի իր դերը, որ Հայաստանը աստիճանաբար օտարանում է Ռուսաստանին, և Ռուսաստանը չի փորձում ապրել Հայաստանի հոգսերով ու խնդիրներով: Այդ գաղափարների կրողները այսօր Հայաստանում հաջողությունների չեն հասնում, որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը ուղղակի այլընտրանք չունի, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը ներդրումների գրավման տեսանկյունից ոչնչով չի փոխարինվի: Եթե այս տարիներին՝ Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ լինելու տարիներին, մենք կարողանանք օգտագործել այդ պատեհությունները, կառուցողական զարգացումների մեջ մտցնել մեր նպատակները, մենք կշահենք, եթե ոչ, ուրեմն մեր ազգային բնավորության ամենավատ գծերը մեզ թույլ չտվեցին օգուտներ և սպասելիքներ ունենալ այնտեղից, որտեղից կարող էինք ունենալ:
-Ինչո՞վ եք բացատրում Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցք ձևավորելու Էրդողանի առաջարկը Պուտինին:
-Ես կարծում եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը իրականում չի կարող վտանգվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցությամբ: Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքը կենսունակ է և երկու երկրների նախագահների քննարկումների մեջ եղել է տրանսպորտային լոգիստիկ միջանցքի կառուցումը, Մեղրիում ազատ առևտրի տնտեսական գոտու ստեղծումը, որ փորձագետների համոզմամբ մեծ օգուտներ կարող է տալ և ստիպելու է Ռուսաստանին ունենալ ներդրումներ ազատ առևտրի գոտում: Հայաստանը ԵԱՏՄ երկրների կողմից նաև ընդունվել է Իրանի հետ առաջատար բանակցող երկիր, որովհետև միակն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ռուսները ինչքան էլ համագործակցեն թուրքերի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերով, միշտ լինելու են երկակի վիճակում՝ մի կողմում համագործակցություն, մյուս կողմում՝ մրցակցություն: Երբեք մրցակցությունը իր տեղը չի զիջի՝ կուլ գնալով համագործակցությանը՝ դա աշխարհաքաղաքական բազմադարյան սկզբունքներին դեմ կլինի: Ռուսաստանը և Թուրքիան փորձելու են տարածաշրջանում համատեղ դիրքորոշումներ ունենալ, օբյեկտիվ իրողություն է, որ Թուրքիան մեծ դեր է խաղում Հարավկովկասյան տարածաշրջանում և ստիպում է իր հետ համագործակցել Ռուսաստանին, որ ունի մեծ ազդեցություն և շահեր Հարավային Կովկասում:
-Գուցե Թուրքիան պարզապես փչացրել է հարաբերությունները Արևմուտքի հե՞տ:
-Թուրքիան մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում, միայն Հայաստանում դա չի զգացվում: Գնացեք Վրաստան, խոսեք փորձագետների հետ: Ազնիվ քաղաքագետները ուղղակի անհանգստացած են թուրքական ազդեցության մեծացումից:
-Անհանգստացած են, թող կուլ չգնան:
-Հավասարակշռելու համեստ փորձ է այն երկխոսությունը, որ Վրաստանը ծավալում է Ռուսաստանի հետ: Կյանքն է ստիպել Վրաստանին այսպես վերաբերվել Հայաստանի ու Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցերին: Տասը տարի առաջ նրանք կարծում էին, որ Արևմուտքի առաջ բացվող Վրաստանը դառնում է Արևմուտքի մաս, իրականում դարձավ Թուրքիայի արդյունաբերության ու տնտեսության կցորդը:
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահի հետ քննարկել է և Լեռնային Ղարաբաղի հարցը: Գոնե հրադադարի ռեժիմի պահպանության վստահություն կարո՞ղ ենք ունենալ:
-Մեր օրակարգում եղած հարցաշարը՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ են, վստահության տասը տարի առաջ բարձրացված մեխանիզմների ստեղծման հարցը շփման գոտում և նոր ձևավորված հարցը՝ ստիպելը Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների դաշտ:
-Բաքուն ասում է, որ Հայաստանը չի ցանկանում բանակցել:
-Բանակցությունների ընթացքը ձախողվել է Կազանից հետո, որովհետև Բաքուն պարզ հայտարարել է, որ ինքը իր երկրից մի թիզ տարածք չի զիջելու: Եթե հայկական դիվանագիտությանը, որ սկզբունքային նույն դիրքորոշումներն ունի, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաջողվի Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղան, ինքնին հաջողություն է: Եթե Բրյուսելում և Մոսկվայում Սերժ Սարգսյանի բանակցությունները, հանդիպումները քաղաքական դաշտի դերակատարների, դիվանագետների հետ հանգեցնեն բանակցությունների վերսկսմանը՝ նախարարների ու նախագահների հանդիպումների նոր ցիկլին, մեր դիվանագիտության հաղթանակը կլինի: Հիմա եղած վիճակը նախկինում չի եղել, երկու կողմերից այսքան կյանքեր չի խլել, և այսքան անհույս բանակցային վիճակ չի ստեղծվել:
-Բաքուն պատրաստ է հենց այսօր վերադառնալ՝ վարելու սուբստանտիվ բանակցություններ, որոնց տակ հասկանում է՝ դուք վերադարձնում եք շրջանները, մենք հանձն չենք առնում ոչ հանրաքվե, ոչ կարգավիճակի ճանաչում:
-Բանակցային գործընթացի վերջին հինգ տարիներին մանրամասն տեղյակ չեմ, ինչպես նախորդ հինգ տարիներին, երբ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն էի, բայց կարծում եմ, որ շեշտադրումները Բաքուն չի փոխել: Եթե Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը այնքան է ձախողվել ու իրավիճակն այնքան է սրվել, որ միայն թույլը պիտի զիջի, ու այդ թույլը Հայաստանն է, չարաչար սխալվում է՝ հայ հասարակության մեջ, ինչպես տասը տարի առաջ, այնպես էլ այսօր չկա երկմտություն, որ մենք միակողմանի զիջումների պիտի գնանք: Հայ իրականության մեջ հիմա այլ հարց է քննարկվում՝ ինչ զիջումներ անենք, որոնք սկզբունքային չեն, որ ստանանք բանակցային գործընթաց: Ես ավելի քան համոզված եմ, որ թույլի հաշվին բանակցային գործընթաց սկսելու ու այդ թույլը Հայաստանին դարձնելու փորձը չի ստացվելու:
-Հակառակը պատերա՞զմն է:
-Պատերազմն անխուսափելի է և դառնալու է աղետ՝ Ադրբեջանը դա շատ լավ գիտի: Այն, որ Բաքուն մեզնից քսան անգամ ավելի շատ սպառազինություն է գնել և պատերազմ չի սկսում, նշանակում է՝ գիտի, որ պարտվելու է այդ պատերազմում: Լավագույն քննությունը այդ հարցի այսօրվա դիրքորոշումն է՝ ռազմական հռետորաբանությունը՝ ներքին շուկայում, շանտաժը` միջազգային ասպարեզում, այս վիճակը կարող է շատ ու շատ երկար շարունակվել: Բայց ինչո՞ւ, եթե կարելի է վերսկսել բանակցությունները և տալ անցումային լուծումներ, որոնք երկար ժամանակի համար կարող են տեսականորեն ընդունելի լինել բոլոր կողմերի համար:
-Լավրովի պլա՞նը նկատի ունեք:
-Մանրամասների մասին դժվարանում եմ խոսել, թող մթնոլորտը դառնա կառուցողական, հետո կմտածենք, թե ինչ լավագույն լուծումներ կլինեն ապագայի համար:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

  • Տեսանյութ
  • Այլ
  • 15.07.2024