Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Ինձ ոչ թե ձուկ տուր, այլ ձուկ որսալ սովորեցրու»

«Ինձ ոչ թե ձուկ տուր, այլ ձուկ որսալ սովորեցրու»
17.03.2017 | 00:47

Նախընտրական քարոզարշավը իշխող հանրապետականն անցկացնում է ընդամենը ամիսներ առաջ կուսակցական դարձած, ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ չգտած վարչապետի դեմքով։ ՀՀԿ-ի հանդեպ անվստահությունն ու հակակրանքը թաքցվում են Կարեն Կարապետյանի վարկանիշի տա՞կ։ Ինչո՞ւ հայտնի ՀՀԿ-ականները չեն երևում, ավելին, վարչապետի հետ քարոզարշավին ներկայացող Վիգեն Սարգսյանը և Արփինե Հովհաննիսյանը ևս հանրության աչքում «այլ» հանրապետականներ են։ Այլ խոսքով, ՀՀԿ-ն է՞լ է հասկացել, որ իր «հին» դեմքը հասարակությանը մերժելի է։ Այս դիտարկմամբ «Իրատեսը» սկսեց զրույցը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ՀՔԴԿ ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Կարեն Կարապետյանը, ճիշտ է, ցուցակը չի գլխավորում, բայց ՀՀԿ-ն է ներկայացնում,- ասաց պարոն Հարությունյանը։- Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե օրենքի հետ կապված խնդիր չլիներ, Կարեն Կարապետյանը գլխավորելու էր ՀՀԿ ցուցակը։ Դեֆակտո նա ստանձնել է ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության ողջ պատասխանատվությունը, և հիմա շատ պարկեշտ իրականացնում է այն։ Եթե նա ասեր` ես ցուցակի մեջ չեմ ու չեմ մասնակցելու քարոզարշավին, դրանից մենք շահելո՞ւ էինք։ Ոչ։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարեց, որ հաջողության դեպքում մեր վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը։
-Կարեն Կարապետյանն իր «մնալու» հա՞րցն է լուծում։
-Ոչ, նա ստանձնել է պարտավորություն հանրության առջև։ Եթե ՀՀԿ-ն հինգ տարվա համար պետք է խոստումներ տա, ինչպես անում են այսօր մյուս բոլոր կուսակցությունները, անհամեմատ արդարամիտ է, որ այդ խոստումներն ու հավաստիացումները հնչեն հենց վարչապետի շուրթերից։ Այսինքն, ՀՀԿ-ն սրանով հայտարարում է, որ չի խուսափում պատասխանատվությունից։ Ոչ թե հիմա պայքարում ենք այն բանի համար, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, այլ իշխող կուսակցությունը հրապարակավ ցույց է տալիս, որ պատրաստ է ևս հինգ տարի ստանձնելու տնտեսական պատասխանատվությունը։ Ի դեպ, որևէ կուսակցություն, ամպագոռգոռ խոստումներ տալով հանդերձ, դեռ չի հայտարարել` ով է իր ապագա վարչապետը։ Թող ասեն, գնահատենք` ով ով է։ Սա շատ էական հանգամանք է։ Մի բան է խոստումներ տալը, այլ բան, երբ շեշտում ես, թե այդ խոստումներն ով է կատարելու, հանրությունն էլ կողմնորոշվում է` վստահել կամ չվստահել տրված խոստումներին։ Այդ կուսակցությունները թող նաև իրենց ապագա կառավարության չորս-հինգ անդամների անունները տան։ Հանրությունը չգիտի` ովքեր են լինելու այդ ուժերից յուրաքանչյուրի ապագա կառավարության անդամները, իսկ ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ շատ հստակ է։ Գոնե առանցքային դերակատարները հայտնի են ու մրցապայքարի մեջ են, չեն խուսափում անձնական պատասխանատվությունից։ Հանրությունը պետք է կուրորեն չվստահի, որովհետև իրավունք չունի խաբվելու։ Մարդիկ պետք է իմանան` ովքեր են այդ ուժերի խոստումներն իրականացնողները։ Գուցե նրանք ընդհանրապես չունե՞ն այդպիսի անձինք, այլապես ես էլ կարող եմ շատ բան ասել։ Հետևաբար, ոչ թե ՀՀԿ-ն թաքնվում է Կարեն Կարապետյանի թիկունքում, օգտագործելով նրա բավականին բարձր վարկանիշը, այլ հենց այդ վարկանիշն է դնում քաղաքական պատասխանատվության տակ։ Սա իրական քաղաքական պայքարին բնորոշ մոտեցում է։
-Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հանդեպ հանրային ընկալումը, մեղմ ասած, դրական չէ։ Տապալումից խուսափելու համա՞ր է, որ բոլոր «հին» ՀՀԿ-ականները մի կողմ են քաշվել, չեն խոսում, չեն երևում։
-ՀՀԿ-ն այս ընտրություններում փորձարկում է նաև մի շատ կարևոր ներկուսակցական ինստիտուցիոնալ հիմնադրույթ` սերնդափոխություն։ ՀՀԿ-ն գնում է երիտասարդացման ճանապարհով։ Բայց սա չի նշանակում, որ տարեցները մերժված են։ Կատարվում է, այսպես կոչված, միքս` խառնուրդ։ Երիտասարդական ավյունը համադրվում է ավագների փորձառության, հմտության հետ։ Շատ ուրախ կլինեի, եթե նույնպիսի գործառույթ իրականացվեր նաև մյուս կուսակցություններում, սակայն դա մյուսների մոտ բացակայում է։
-Կարեն Կարապետյանի քարոզարշավը ի՞նչ շեշտադրմամբ է մյուսներից առանձնանում։
-ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն է առանձնանում մյուսներից։ Հաշվի առնելով, որ մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման, կարծում էի, որ կուսակցությունների ծրագրերը պետք է առանձնանային հանրային կյանքի կազմակերպման հստակ տեսլականով։ Կուսակցությունը, որը հավակնում է առաջիկա հինգ տարում իշխանության, պետք է ունենա տնտեսության կազմակերպման սեփական դոկտրինը։ Ես հիասթափված եմ, ոչ մի կուսակցություն նման ծրագիր չունի։ ՀՀԿ-ի ծրագիրը քաղաքականության հռչակագիր է, որտեղ ամրագրված են նպատակները և դրանց հասնելու մեխանիզմները։ Երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակներ այլ կուսակցությունների ծրագրերում չեմ տեսել։ Փոխարենը տեսնում ենք 15, 30 կամ չգիտեմ` 365 քայլ, որ աշխարհը կփրկեն։ Հենց սրանով է Կարեն Կարապետյանի քարոզարշավը տարբերվում մյուսներից։ Ընդդիմադիրներն այսրոպեական, երբեմն անիրականանալի առաջարկություններ են անում` նպատակ ունենալով շահելու հանրության համակրանքը։ Բայց հետո ինչ պիտի անեն, պարզ չէ։ Իրենք էլ չգիտեն, թե հետո ինչ պետք է լինի։
-ՀՀԿ-ի ծրագիրը մրցակցությունից դո՞ւրս է։
-Հայեցակարգային առումով ոչ մեկի ծրագիրը չի կարող չափվել ՀՀԿ-ի ծրագրի հետ։ Մի պահ հեռանանք նախընտրական շրջանից ու փաստենք, որ երկրի համար այսօր ամենակարևորն անվտանգությունն է, որի համար պետք է անշրջելի երաշխիքներ ստեղծվեն։ Եթե այս խնդիրը չի լուծվել, մնացած բոլոր հարցերը գրոշի արժեք չունեն։ Ահա թե ինչու ՀՀԿ-ն նախ և առաջ կարևորում է անվտանգությունը, որն էլ հնարավոր է տնտեսական զարգացմամբ։ Խոսքը ոչ թե չնչին առաջընթացի մասին է, այլ մրցունակ տնտեսության։ Ոչ թե մի կերպ 5 % աճ պետք է ապահովել, այլ մրցունակ տնտեսության հիմքերը պետք է դրվեն։ Անկախ նրանից, թե ով է վարչապետը։ Ոչ մի կուսակցություն չի խոսում այս մասին, ասում են` կարմիր գծերը վերացնենք, արագաչափերը հանենք, կենսաթոշակը 25 հազար դրամով ավելացնենք... Բայց այս քայլերով դարդին դարման չես անի։ Մեր խնդիրը դինամիկ, անվտանգ զարգացումն է, աշխատատեղերի ստեղծումը։ Իմաստուն ասացվածք կա. «Ինձ ոչ թե ձուկ տուր, այլ ձուկ որսալ սովորեցրու»։ ՀՀԿ-ի կոնցեպտը դա է։ Մենք դեմ ենք խնամառուների, ֆիլանտրոպների հասարակությանը, մենք ասում ենք` փորձում ենք ձեզ արժեք ստեղծելու հնարավորություն տալ։ Երբ հիմք դնենք մրցունակ տնտեսության, ներդրումներ գան երկիր, կարող ենք կենսաթոշակն անգամ 50 հազարով էլ ավելացնել, բայց դրա համար դեռ նախադրյալներ են պետք։ Զարմանում եմ, որ ընդդիմադիրների տնտեսական քայլերի հետևում կանգնած են տիտղոսակիր տնտեսագետներ։ Կա՛մ նրանք չեն խորացել հարցերի էության մեջ, կա՛մ փորձում են մարդկանց շփոթեցնել։
-Հասարակությունը չի վստահում տրված խոստումներին այն պարզ տրամաբանությամբ, որ ՀՀԿ-ն այդ քայլերը կարող էր նախորդ տարիներին իրականացնել, սակայն չի արել։ Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը դրանք կյանքի կկոչվեն։
-Այո, կա անվստահություն, բայց այն, ինչ հիմա կասեմ, պատրաստ եմ յուրաքանչյուր բառի համար պատասխանատվություն կրելու։ Մեր անկախության 25-ամյա պատմության ընթացքում (բացառելով ղարաբաղյան պատերազմում հաղթանակը) մեր երկրում բոլոր ձեռքբերումներն արձանագրվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին, սկսած 2000-ից։ Աղետի գոտու վերականգնում, մինչև 2000 թվական քաղաքական պատասխանատուները վախենում էին Գյումրի գնալ։ Ենթակառուցվածքների զարգացում, Երևանը մեր աչքի առաջ փոխվեց, շոշափելի ձեռքբերումներ եղան հանրային կյանքում, խոսքի բացարձակ ազատություն։
-Բայց գնալով ավելի խորացան կոռուպցիան, մենաշնորհը։
-Հանրային կյանքը մաշեցնող թիվ մեկ դրսևորումը կոռուպցիան է։ Բայց մի նկատառում. այսօրվա հանրային կյանքի արատների ծնողը «Հանրապետականը» չի եղել, դրանք գալիս են դեռ 90-ականներից, թեպետ դրանց վերացման հարցում «Հանրապետականի» պատասխանատվությունը փոքր չէ։ 2007-ին Համաշխարհային բանկի փորձագետները զեկույց էին պատրաստել Հայաստանի վերաբերյալ և նշել էին, որ կոռուպցիայի մեջ թաթախված են նոտարական ծառայությունները, կադաստրը, ճանապարհային ոստիկանությունը, հարկային մարմինները և այլն։ Նրանք, անկասկած, ճիշտ էին, այդ տարիներին այս ոլորտներն այդպիսի վիճակում էին։ Այսօր բարեփոխումներ են կատարվել այդ ոլորտներում։ Նոտարական ծառայությունը, կադաստրն այլևս կոռուպցիոն ռիսկեր չունեցող կառույցներ են։ Ճանապարհային ոստիկանության ոլորտում բավականին մեծ քայլեր են արվել, նույնը կարելի է ասել նաև հարկային վարչարարության մասին։ Սա կոռուպցիոն ռիսկերի նվազեցում չէ՞։ Մեզ համար ամենակարևոր ոլորտներից մեկը` արդարադատությունը, դեռևս բավականին խնդրահարույց է, և չի հաջողվել մեծ արդյունքներ արձանագրել։
-Չնայած Ձեր նշած հաջողություններին, մարդիկ շարունակում են վատ ապրել, պաշտոնական տվյալներով աղքատության մակարդակը 30 % է։
-Չեմ վիճարկի աղքատության այդ ցուցանիշը, բայց ընդամենը մեկ օրինակ։ Թանկարժեք մեքենայի ղեկի առաջ նստած ճոխ մատանիով վարորդը հայտարարում է, թե ինքը ոչ մի տեղ չի աշխատում, գործազուրկ է։ Այդպիսի «աղքատներ» կարող են շատ լինել։ Երբ պատրաստվում էինք մտնելու ԵԱՏՄ, գիտե՞ք հայ հանրությանն ինչն էր ամենաշատը հուզում` մեքենաները կթանկանա՞ն, թե՞ չէ։ 30 % աղքատություն ունեցող հասարակությունը չի կարող թիվ մեկ խնդիր համարել մեքենայի ձեռքբերումը։ Այսօր Երևան քաղաքում մեքենա կանգնեցնելու տեղ չկա, հետևապես ոչ թե վիճակն է վատացել, այլ սպասելիքները չեն արդարացել։ Որ մենք ունենք ձախողումներ, բացթողումներ, ոչ ոք չի հերքում, այդ մասին առաջինը հենց հանրապետականներն են հայտարարել։ Պետք է հաշվի առնենք ֆինանսատնտեսական ճգնաժամը, որից մի կերպ դուրս եկան նաև զարգացած երկրները։ Այդ ամենից հետո ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը երկնքից աստղեր կիջեցներ, անիրատեսական է։ Ես կարող եմ ձեզ չսիրել, բայց եթե դուք ինձ մի փոքր հույս եք ներշնչում, որ վաղը կարող եք իրավիճակ շտկել, ուրեմն ես իմ քվեն ձեզ կտամ:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ