ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Այս բարդ ընտրական շրջանը բոլորս կանցնենք սահուն»

«Այս բարդ ընտրական շրջանը բոլորս կանցնենք սահուն»
17.03.2017 | 00:40

ԱԺ ընտրությունների քարոզարշավից արդեն 12 օր է անցել։ Հաշված օրեր, և Հայաստանը կմտնի կառավարման նոր փուլ։ Ինչպես այն կանդրադառնա մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, այս պահին չկանխատեսենք։ Այսօր միակ փաստն այն է, որ քաղաքական դաշինքներն ընտրապայքարում ջանք չեն խնայում մեկը մյուսին մեղադրելու տնտեսական այսօրվա տխուր իրավիճակի համար։ Ինչ վերաբերում է իշխող կուսակցությանը, ապա քաղաքական այս ուժը վստահեցնում է, որ ներկա պահին տնտեսությունում նկատվում է աշխուժացում։ Չվիճարկելով որևէ տեսակետ, նկատենք, որ տնտեսության ակտիվության ամենալավ բարոմետրն առևտրային բանկերն են։ Եվ քանի որ տնտեսությունն այս պահին ուղղակիորեն քաղաքականացնելու նպատակ չունենք, տնտեսություն և ընտրություններ գործընթացների շուրջ զրուցեցինք ՀՀ բանկերի միության նախագահ, անկուսակցական ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։

-Նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանները ի՞նչ անդրադարձ կունենան բանկային գործարքների վրա, մասնավորապես վարկային և ներդրումային ծրագրերի առումով։
-Գաղտնիք չէ, որ ընտրական շրջանը, լինի նախագահական, խորհրդարանական կամ տեղական նշանակության, որոշակի անորոշություն է պարունակում: Դա բնական է և բնորոշ ժողովրդավարության ուղիով շարժվող բոլոր երկրներին, որոնց շարքում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ բանկային համակարգը, առևտրային բանկերը մեզ մոտ զուտ մասնավոր կառույցներ են և գործում են սեփական տրամաբանությամբ և մտածելակերպով: Եվ եթե ներդրողը կարող է ինչ-որ ժամանակով հետաձգել իր ներդրումային որոշումը, ինչը հասկանալի է, ապա առևտրային բանկերի դեպքում այլ է. բիզնես գործառույթները բանկերում գործնականում հնարավոր չէ դադարեցնել շատ պարզ պատճառով. եթե որևէ բանկի ղեկավարություն որոշի ժամանակավորապես սառեցնել իր գործառույթները, ապա նա անխուսափելիորեն տանուլ կտա խիստ մրցակցային պայքարում: Ահա այս ամենը թույլ է տալիս ինձ վստահաբար ասել, որ այս բարդ ընտրական շրջանը մենք բոլորս կանցնենք սահուն, իսկ բանկերը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը:
-Շուրջ վեց ամիս է՝ վարչապես Կարեն Կարապետյանը որդեգրել է տնտեսության աշխուժացման ծրագիր։ Բանկային համակարգում այդ աշխուժացումը նկատելի՞ է։
-Այո, աշխուժացումն արդեն նկատվում է. օրինակ, աճել են վարկավորման ծավալները: Սակայն սպասելիքները շատ ավելին են, ինչի համար և՛ ՀՀ կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկը կատարել և կատարում են ծավալուն աշխատանք՝ ստեղծելով երկարաժամկետ կայուն աճի համար անհրաժեշտ նախադրյալներ: Ես նկատի ունեմ և՛ լայնածավալ ներդրումների սպասվող իրականացում, և՛ բանկերի կապիտալների կտրուկ ավելացում, և՛ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության աստիճանական մեղմացում: Այսպիսով, ստեղծված են լավ բազային հիմքեր կայուն և շոշափելի տնտեսական աճի համար: Դա տեսանելի դարձնելու համար ուղղակի պահանջվում է որոշակի ժամանակ: Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, որոնք ցանկանում են օր առաջ իրենց կյանքում տեսնել փոփոխություններ դեպի լավը, բայց այդպես չի լինում: Բոլորս պետք է լցվենք համբերությամբ:
-Ընդհանուր առմամբ, տնտեսական իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։
-Եթե մեկ խոսքով՝ սպասողական: Տարին մակրոտնտեսական տեսանկյունից վատ չի սկսվել, բայց ձեռք բերված, կարելի է ասել, դեռևս չնչին ցուցանիշները ձեռքներիցս պետք է բաց չթողնենք, կայունացնենք դրանք: Իսկ դրա համար, ինչպես արդեն ակնարկեցի, ստեղծվում են կարևոր նախադրյալներ, որոնք վաղը կվերաճեն կոնկրետ արդյունքների: Կրկնում եմ՝ և՛ ԿԲ-ն, և՛ երկրի ամբողջ բանկային համակարգը լիովին պատրաստ են իրենց գործառույթների և հնարավորությունների սահմաններում աջակցելու կառավարության ջանքերին, որոնք ուղղված են մեր երկրի բնակչության բարեկեցության բարելավմանը:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ