ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր էին ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
«Առաջին փուլում առնվազն 50 միլիոն դոլար իրենց կողմից կտրամադրվի և համարժեք գումարներ նաև մեր կողմից»,- պատասխանելով հարցին՝ որքա՞ն է հիմնադրամի կապիտալը՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքով՝ այդ գումարներն անընդհատ, կախված ներդրումային ծրագրից, կարող են ավելանալ։ Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ կան Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած ռուս գործարարներց, ովքեր ներդրումներ էին խոստացել անել Հայաստանում, ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը հորդորեց մի փոքր էլ սպասել։ «Որ մի փոքր էլ սպասեք, մինչև մարտի վերջ իրենք գալու են ու հայտարարություն կանեն»,- նշեց նա: Սուրեն Կարայանի խոսքով՝ Ֆրանսիա այցի ընթացքում 2-3 կազմակերպություն էլ է ցանկություն հայտնել ներդրումներ անել Հայաստանում։ «Մոտ ժամանակներս այց են կատարելու Հայաստան, որ ներդրումներ իրականացնեն՝ հիմնականում դեղագործական, սննդի արդյունաբերության ոլորտում»,- մանրամասնեց նախարարը։ Սուրեն Կարայանը շեշտեց՝ օտարերկրյա ներդրողներին Հայաստանը հետաքրքրում է, քանի որ նրանք հնարավորություն են ունենում մուտք գործել շատ մեծ շուկաներ։
«Դա Եվրասիական տնտեսական շուկան է, որի անդամն ենք մենք, դա այն արտոնյալ ռեժիմներն են, որից մենք օգտվում ենք, դա Եվրամիության հետ GSP+ ազատականացված ռեժիմն է»,- ասաց նա։
Սուրեն Կարայանը վստահեցրեց՝ կառավարության կողմից հայտարարվել է՝ այս տարի առնվազն 850 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում։ «Այդ ներդրումներն արդեն իսկ իրականացվում են ու մենք եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն կներկայացնենք»,- ասաց նա: