Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հերմինե Նաղդալյան. Միայն ՀՀԿ-ն է պայքարում որպես գաղափարախոսական ուժ և զարգացման ռեալիստական ծրագրեր ունեցող կուսակցություն

Հերմինե Նաղդալյան. Միայն ՀՀԿ-ն է պայքարում որպես գաղափարախոսական ուժ և զարգացման ռեալիստական ծրագրեր ունեցող կուսակցություն
16.03.2017 | 11:56

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը էականորեն բարելավում է կանանց համար քաղաքականություն լինելու և իրենց խոսքը ասելու հնարավորությունները: Նրա կարծիքով՝ ընտրացուցակներում կանանց ներգրավելու օրենսդրական նորմը, որ ոմանք համարում են արհեստական, բոլորովին էլ այդպիսին չէ, այլ տղամարդկանց հասարակության մեջ իրենց ունակություններն ու կարողությունները դրսևորելու հնարավորություն է տալիս կանանց: Օրենքով հավասարությունը պիտի դրսևորվի նաև կյանքում: Նրա գնահատմամբ՝ Ընտրական օրենսգրքի միանշանակ ձեռքբերումն է, որ այլևս ընտրություններում չեն կարող լինել հնում հայտնի, տարածված ընտրախախտումները՝ լցոնումներ, կարուսելներ, ուրիշի փոխարեն քվեարկություններ, մեռած հոգիների հայտնություններ: Այդ

ընտրախախտումների ճանապարհը փակել են Ընտրական օրենսգրքի նորմերը և տեխնիկական սարքերի կիրառումը: Հերմինե Նաղդալյանը նաև դրանով է բացատրում վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի մասին խոսակցությունների
լայն շրջանառությունը՝ ուրիշ ասելիք չի մնացել, որ նաև դարձել է սեփական վարկանիշի բարձրացման ձևերից մեկը:


-Այս ընտրությունները որևէ մեկի համար չեն, բոլորի համար են՝ հիշեք սահմանադրական բարեփոխումների հիմնական թեզը՝ մենք հրաժարվել ենք նախագահական համակարգին հատուկ գլխավոր սկզբունքից՝ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ: Ընտրվելը կարևոր է, բայց ամենակարևորը ընտրությունն է ու ընտրողը՝ սա նոր դրսևորում է հայաստանյան ընտրություններում: Անթույլատրելի պահվածքով, կամ, որ նույնպես հաճախակիացել է, բացասական
էմոցիաներ շրջանառելով և տիրաժավորելով` ստվերել ընտրության ընթացքը ոչ միայն պարզապես դատապարտելի, այլև լուրջ հարված է հենց այն մարմնի ապագա հեղինակությանը կամ լեգիտիմությանը, որին պատրաստվում եք անդամակցել: Վարչական ռեսուրսի օգտագործման մասին դրույթը արագ չեզոքանում է ընտրության գաղտնիության և որևէ մեկի կողմից վերահսկելի չլինելու հիշեցումից հետո: Շատ հնչեղ էր թվում բնակչության մասսայական տեղաշարժերի և վերագրանցումների մասին միտքը, բայց կարճ ապրեց՝ վիճակակագրությունը տվեց բոլոր հարցերի պատասխանը: Ընտրակաշառքի պոտենցիալ բաժանողները, կարծում եմ, պիտի խորապես մտահոգվեն, թե որքանո՞վ է աշխատելու այս պայմաններում, երբ ոք չի կարող ասել՝ դու ում օգտին ես քվեարկել և օրենքով վերացած են ստուգելու հնարավորությունները: Ի վերջո ընտրությունից քառասուն
օր, մեկ ամիս առաջ ընտրակաշառք բաժանելը նախկինում հայտնի չի եղել, դա էլ իր տրամաբանությունը պիտի ունենա: Հիմա, կարծես, մնացել են կռիվների, «ծեծ ու ջարդի», «փոր թափելու» մասին լուրերը, իսկ երբ դա էլ չի աշխատում՝ դրանց կազմակերպումը և սադրանքները: Իշխանությունը ոչ միայն հայտարարել է, որ գնում է օրինավոր և օրինական ընտրությունների, ոչ միայն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները ներառել է օրենսդրության մեջ, ոչ միայն ականջալուր է և արձագանքում է խախտումների մասին տեղեկատվությանը, այլև վերջին դեպքից հետո վարչապետի մակարդակով հստակորեն արտահայտել է, որ մեղավորները պատժվելու են, ինչպես ասում են, անկախ դեմքից: Կրկնում եմ՝ ՀՀԿ-ի համար կարևորը ընտրությունն է: Հայաստանում պետական կառավարման մոդել է փոխվել՝
խորհրդարանական կառավարման պարագայում ոչ լեգիտիմ խորհրդարան ունենալը ամբողջ իշխանությունն է դնում հարվածի տակ՝ նման շքեղություն որևէ երկիր իրեն թույլ տալ չի կարող, առավել ևս Հայաստանը՝ հաշվի առնելով մեր
արտաքին մարտահրավերները: Եվ նոր Ընտրական օրենսգիրքը, և իշխանության քաղաքականությունը միտված են հասարակական կյանքի բարեփոխումները տեղ հասցնելուն, կյանքի որակ, մտածողություն փոխելուն: Նոր խորհրդարանը պետք է լինի բազմադեմք, արտահայտի հասարակության հնարավորինս լայն շրջանակի գաղափարներն ու տեսակետները: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի բազմազանությունը միայն կարող է ապահովել հասարակության բոլոր շերտերի օրենսդրական մակարդակով ինքնադրսևորման հնարավորությունը:
-Որտե՞ղ եք տեսել այդքան բազմազան քաղաքական ուժեր, եթե համարյա բոլորի ծրագրերը նույնն են, նպատակները նույնն են, ցանկությունը ՀՀԿ-ին հաղթելն է՝ ինչպես իրենք են հայտարարում արդեն երկու շաբաթ:
-Դուք ևս մեկ անգամ հաստատեցիք, որ ՀՀԿ-ն ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ու ընտրություններից հետո հաջողության հասնելու ամենամեծ շանսերը: Քաղաքական մշակույթը ու ընտրական
մշակույթը մեկ օրում չեն կատարելագործվում՝ կան գործեր, որ պիտի անես, որ սովորես և կան գործեր, որ պիտի սովորես, որ անես: Կարծում եմ՝ մենք հընթացս և սովորում, և գործում ենք, դա է առավել օպտիմալ ճանապարհը, այլապես ժամանակ ենք կորցնում:
-Չե՞ք կարծում, որ Ջրառատի բախումները արդեն ստվերում են ընտրարշավը և անբիծ ընտրություններ անցկացնելու ՀՀ ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունը ձախողվել է:
-Ընտրությունները համապետական իրադարձություն են, որ իրենց շրջանակներում են ներառում երկրի ամբողջ ընտրական իրավունք ունեցող բնակչությանը, իսկ դա նշանակում է, որ օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն առաջանում է շահերի բախում, սրվում են հին ու նոր հակասությունները, որ գործնականում ոչ մի կապ չունեն ընտրությունների հետ, այլ մարդկային փոխհարաբերությունների դաշտում են: Կյանքն իր պրոբլեմներով ու ընտրությունն իր պրոբլեմներով հատվում են և
առաջանում են նման միջադեպեր: Միանշանակ՝ անթույլատրելի ու անընդունելի: Ծեծկռտուքը, կրակոցները նույնքան անթույլատրելի են միշտ՝ անկախ ընտրությունների ենք նախապատրաստվում, թե մեր սովորական առօրյայով ենք
ապրում: Դրանք կարող էին ստվերել նախընտրական գործընթացը, եթե մատնվեին ինքնահոսի և համարժեք արձագանք չստանային պատկան մարմիններից: Մինչդեռ ինքներդ եք համոզվել, թե իրավապահները որքան օպերատիվ են գործում:
Այլ հարց է, որ այստեղ մենք բախվում ենք ոչ միայն նախընտրական, այլև ընտրական գործընթացի վրա ներգործելու փորձի հետ: Քարոզարշավի անցած ժամանակը ցույց է տալիս, որոշ ուժեր, գերագնահատել են իրենց
հնարավորությունները և մնում է դիմել հին ու անթույլատրելի հնարքների՝ ընտրողների շրջանում արգելված մեթոդներով դիվիդենդներ հավաքելու: Նրանց պետք է լրացուցիչ գովազդ, աղմուկ իրենց անվան շուրջ, պետք է
տպավորություն ստեղծել, որ իշխանությունը իբր վախենում է իրենց հզորությունից, իրենց հաղթելուց ու միայն բռնությամբ կարող է իրենց դեմ պայքարել, իրենք արդեն «անօրինականության» զոհ են: Դա էժանագին սպեկուլյացիա է, որին ընտրողը հազիվ թե հավատա, առավել ևս, որ ամեն ինչ բոլորի աչքի առաջ է, կատարվածի ու կատարվածին տրվող մեկնաբանության տարբերությունները ակնհայտ են, եզրակացությունները պարզ: Կարծում եմ, այսօր բոլորը պետք է մտածեն ու գործեն ոչ թե ընտրություններում հնարավոր պարտությունը արդարացնելու, այլ արժանի
ներկայանալու ու խորհրդարան մտնելու մասին: Հանրությունը սպասում ու ակնկալում է գաղափարական -քաղաքական ու ծրագրային բացահայտ ու տեսանելի պայքար, որ կարողանա ճիշտ ընտրություն կատարել, բայց իրականության մեջ համարյա ամենուրեք տեսնում է ամեն գնով խորհրդարան մտնելու ցանկություն, և միայն ՀՀԿ-ն է պայքարում որպես գաղափարախոսական ուժ և զարգացման ռեալիստական ծրագրեր ունեցող կուսակցություն:
-Չի՞ ստացվում, որ կան անհատներ ու նրանց տրամադրության տակ քաղաքական ուժեր, որոնց պետք է հենց հնարավորինս մեծ աղմուկ ու հնարավորինս ոչ լեգիտիմ համարվող խորհրդարան:
-Ես չէի շտապի նման եզրակացություններ անել և չէի ցանկանա այդպես մտածել: Քաղաքական պայքարը պետք է քաղաքական մրցակցություն լինի և ոչ մի դեպքում չվերածվի սեփական ամբիցիաների ու իշխանության համար
պայքարի, դա դեմ է պետության ու ժողովրդավարության տրամաբանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ