Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Նոր պատերազմ սկսում է նա, ով պարտվել է նախորդ պատերազմում»

«Նոր պատերազմ սկսում է նա, ով պարտվել է նախորդ պատերազմում»
03.03.2017 | 00:11

«Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ կոնֆլիկտի գոտում նոր սրացումից հետո:
-ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն ճանաչված միակ հարթակն է, որտեղ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պիտի իր լուծումը գտնի՝ սա միջազգայնորեն ճանաչված փաստ է, հաստատված և վերահաստատված, որը վիճարկման ենթակա չէ: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե քանի համանախագահ է փոխվել անցած տարիներին, բայց կարող եմ ասել, որ Մինսկի խմբի համանախագահները հսկայական աշխատանք են կատարել, հարյուրավոր այցեր են ունեցել տարածաշրջան, հանդիպումներ ու քննարկումներ, կուտակել են կոնֆլիկտի պատմության աննախադեպ ու մանրամասն տեղեկատվություն, ընդունել են կարևորագույն հայտարարություններ ¥Դովիլի, Մուսկոկայի, ԼþԱքվիլլայի և այլն¤: Դրա հետ միասին՝ կարող եմ ասել, թե այս ընթացքում քանի-քանի պարիտետային ու անհասցե հայտարարություններ են ընդունվել ուղղված կողմերին, հայտարարություններ, որտեղ կողմերի միջև մշտապես դրվել է հավասարության նշան: Իսկ այդ հավասարությունը ոչ միայն չի ապահովում բանակցային գործընթացը, այլև խանգարում է: Այդ ընթացքում զինվորներ են զոհվում՝ սկզբից առանձին դեպքեր, հետո, տեսնելով, որ նույն վերաբերմունքը շարունակվում է, ավելի հաճախակի և մեծաթիվ դիվերսիաներ ու ներթափանցումների փորձեր են ձեռնարկվում, ոչ միայն շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմաններում:
-Ի՞նչ կարող է անել Մինսկի խումբը, որ չի անում:
-Սխրանքներ Մինսկի խմբից ոչ ոք չի ակնկալում: Բոլորը հասկանում են՝ Մինսկի խմբի մանդատը միջնորդական առաքելությունն է՝ բանակցությունների կազմակերպումը, բայց դա նշանակո՞ւմ է, որ հանուն բանակցային գործընթացի համանախագահները պետք է առաջնորդվեն «Չենք տեսել, չենք լսել, չենք ասի» հայտնի սկզբունքով: Կարծում եմ՝ իրերին ու երևույթներին պետք է տրվեն իրենց անունները՝ իրական, ինչպես կան: Լավ, մենք մի կերպ հասկանում ենք, որ նրանք ամեն ինչ էլ տեսնում են, ամեն ինչ էլ լսում, բայց չեն ասելու: Բայց՝ ինչո՞ւ և ինչքա՞ն: Ասենք, ամեն ինչ անում են բանակցային գործընթաց ապահովելու համար, իսկ պարզ չէ՞, որ Ադրբեջանը չի ցանկանում և արդեն չի կարողանում բանակցել: Որտե՞ղ է այն եզրը, որտեղ հանդուրժողականությունը Բաքվի ռազմատենչ հայտարարությունների, բոլոր միջազգային համաձայնագրերը խախտող անվերջ սպառազինման ու հրադադարի ամենօրյա խախտումների նկատմամբ ինչ-որ պահից վերածվում է գործակցության: Ո՞վ է անվավեր հայտարարել պարզ տրամաբանությունը՝ ի՞նչն է խանգարում պարզել՝ ո՞վ է առաջինը կրակում, ո՞վ է ընդհանրապես կրակում: Ինչքա՞ն ենք դեռ «կողմերին» ուղղված կոչեր լսելու, որ աղավաղում են դեպքերն ու տալիս կեղծ գնահատականներ կամ, լավագույն դեպքում, տողատակում ինչ-որ ակնարկներ են ընթերցվում: Քառօրյա պատերազմի օրերին լռում էին, հետո այդպես էլ ոչ ոք չարձանագրեց՝ ո՞վ սկսեց, ինչո՞ւ սկսեց: Ինչպե՞ս ստացվեց, որ երբ ադրբեջանցիները հաջողություններ ունեին՝ Բաքուն հայտարարում էր, որ իր փառապանծ բանակը Ստեփանակերտին է մոտենում, երբ հայկական կողմը ոչ միայն կասեցրեց, այլև հետ մղեց հատուկջոկատայինների հարձակումը, Բաքուն սկսեց հայտարարել, որ հայերն են հրադադարը խախտել ու հարձակվել իրենց վրա: Ո՞վ, եթե ոչ համանախագահները պետք է առաջինը գնահատական տան այս ռազմաքաղաքական քամելեոնությանը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն մի քանի քայլեր է առաջարկում՝ հրադադարի անհապաղ վերականգնում, աջակցություն կողմերի ռազմական ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների Ռուսաստանի նախաձեռնությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, որը դատապարտում է որևէ լուրջ ռազմական գործողություն, անվանել հակամարտող կողմերի շփման գծում նախահարձակ կողմին, պատժել հրապարակային դատապարտման և տնտեսական օգնության դադարեցման միջոցով կամ պատժամիջոցների: Ի՞նչ է պետք, որ այդ տեսակետին գան ոչ միայն նախկին, այլև ներկա համանախագահները:
-Այո, Քերի Քավանոն ամփոփել ու ձևակերպել է տարբեր կառույցներում ու ատյաններում հնչող տեսակետները: Դեռ անցյալ տարվանից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև էր նախաձեռնվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ, բայց դա էլ հարցի լուծում չէ, եթե ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն է մտահոգություն արտահայտում ու «կողմերին» ուղղված կոչ անում: ՄԱԿ-ն էլ, ԵԽԽՎ-ն էլ կարող են բանաձևեր ընդունել, ընդունել են ու չի բացառվում, որ նոր բանաձևեր ընդունեն, խնդիրը դա չէ, այլ այդ բանաձևերի համարժեքությունը իրականությանը, օգտակար գործողության գործակիցը: Ձախողելով բանակցությունները, փակուղի մտնելով՝ Բաքուն փորձում է այլ հարթակներ տեղափոխել հարցի քննարկումը՝ ԵԽԽՎ, ՄԱԿ, ԻՀԿ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարում է, որ իր երկիրը չի ընդունում Մինսկի խմբի մոնոպոլ իրավունքը և շարունակելու է միջազգայնացնել հարցը, նույնքան պաշտոնապես Ադրբեջանի նախագահն է հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը Ադրբեջանի ներքին խնդիրն է: Հետո՝ տարբեր միջազգային հարթակներից լսելով նույն «վճիռը» Մինսկի խմբի «միակության» մասին, հերթական անգամ վերադառնում են նույն կոտրած տաշտակին և շարունակում նույն պահվածքը:
-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակ պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի եղել ու չի կարող Ադրբեջանի ներքին գործը լինել: ՈՒ՝ ի՞նչ:
-Այո, պատասխանեց, բայց այս պատասխանը պետք է արտահայտվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի գործունեության մեջ: Իգոր Պոպովը կամ մյուս համանախագահները պնդո՞ւմ են, որ եթե կա ագրեսիա, ուրեմն կա ագրեսոր, եթե կա դիվերսիա, ուրեմն կա դիվերսանտ: Ագրեսորին ու դիվերսանտին պետք է ասել՝ կա հրադադարի պայմանագիր, մի խախտեք: Խախտում եք, պիտի պատժվեք: Այս հարցում համաձայն եմ Քերի Քավանոյի հետ՝ պետք է լինեն պատժամիջոցներ: Ի վերջո՝ մայիսին կլրանա Վիեննայի, հունիսին` Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների մեկ տարին, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերահսկողության մեխանիզմների տեղակայման մասին: Հայկական կողմը համաձայն է, Ադրբեջանը համաձայնել է, իսկ հետո սովորույթի համաձայն հայտարարել, որ իբր համաձայնությունը ուժի մեջ է մտնում, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն «օկուպացված տարածքներից»: Իսկ համանախագահները և համանախագահ երկրների նախագահները շարունակում են դիվանագիտորեն «նպաստել» բանակցային գործընթացի շարունակմանը՝ հույս ունենալով հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը:
-Գուցե նրանք գիտեն ավելին, քան շարքային մահկանացուներս:
-Գուցե, բայց գիտեք, անգամ Փոքրիկ իշխանը ինչ-որ պահի հասկացավ պատասխանատվության բանաձևը՝ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք»: Ինչքան կարելի է կրկնել՝ հայերը մեղադրում են ադրբեջանցիներին, ադրբեջանցիները՝ հայերին, հայտնի չէ՝ ով սկսեց: Լավ էլ հայտնի է՝ նոր պատերազմ սկսում է նա, ով պարտվել է նախորդ պատերազմում, սկսում է նա, ով ռազմական ճանապարհով է ուզում հարցը լուծել, ով դեմ է վերահսկողության մեխանիզմների տեղակայմանը շփման գծում, ով փորձում է իր ներքին խնդիրները լուծել «թշնամու» հաշվին: ՈՒ այդ հասկանալու համար ոչ տեխնիկական միջոցներ են պետք, ոչ Սողոմոն Իմաստունի խելք, ոչ էլ գերմարդկային խորաթափանցություն: Պետք է քաղաքական կամք՝ կանխելու համար սողացող ու հիբրիդային պատերազմը, որը սպանում է զինվորներին ու հավատը, որ Բաքուն կընդունի միջազգային իրավունքը, իսկ միջազգային կառույցները Բաքվին համարժեք կվերաբերվեն:
-Ի՞նչ պետք է անի հայկական դիվանագիտությունը այդ պարագայում:
-Հայկական դիվանագիտությունը պիտի անի, ինչ անում է, հայ ժողովուրդն էլ պիտի շարունակի համառորեն, հավատով և միասնական պայքարը: Ղարաբաղի հարցը երկու լուծում չունի, ելքը միակն է՝ Արցախի միջազգային ճանաչումը և կարգավիճակի ընդունումը, իսկ մինչ այդ իրերն իրենց անուններով կոչելը և հրադադարի ռեժիմը խախտելու համար պատժամիջոցների սահմանումը Ադրբեջանի նկատմամբ, այլապես այս ընթացքով բանակցությունները դառնում են գրեթե անհավանական, եթե ոչ ապարդյուն:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ