Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Ինչպես շահել ընտրողի վստահությունը

Ինչպես շահել ընտրողի վստահությունը
28.02.2017 | 00:57

Հաշված օրեր հետո սկսվելու է նախընտրական քարոզչությունը։ Քաղաքական 9 ուժ նետվելու է պայքարի ու այդ ճանապարհին հազար ու մի խոստումներ կշռայլի հանրությանը։ Ընտրություններին մասնակցող մի քանի ուժերի ներկայացուցիչներից «Իրատեսը» հետաքրքրվեց, թե ինչպես են համոզելու հանրությանը, որ հենց իրենք են խորհրդարան գալուն արժանի։

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ («Ելք» դաշինք)
-Պարոն Մարուքյան, ինչպե՞ս եք համոզելու մարդկանց, որ ընտրեն հենց ձեզ։
-Մեր սերնդափոխության օրակարգով։ Ի տարբերություն մյուս ուժերի, երբևէ ժողովուրդը մեզ չի փորձել ու չի հիասթափվել։ Բոլորը կա՛մ իշխանական կոալիցիայի մաս են եղել, կա՛մ որպես ընդդիմություն են հիասթափեցրել հանրությանը։ «Ելք» դաշինքը, մեկնարկային առումով, այս պահի դրությամբ արդեն լուրջ հաջողություն ունի։
-Դո՞ւք էլ եք անիրատեսական խոստումներ տալու։
-Անիրատեսական որևէ խոստում չի տրվելու։ Կլինեն ծրագրային մոտեցումներ, թե ինչ ենք պատրաստվում անելու իշխանություն ստանալուց հետո։
-Սերնդափոխության օրակարգով մյուսները ևս առաջնորդվում են, այնպես որ, դա միայն ձեր առանձնահատկությունը չէ։
-Վերցրեք մյուսների ցուցակը նայեք, ընդամենը առաջին հնգյակում, տասնյակում մի քանի երիտասարդի անուն են գրել, իսկ մեր ցուցակի 80 %-ը երիտասարդներ են, 21-րդ դարի կրթություն ստացած մարդիկ։

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀԱԿ)
-Պարոն Մանուկյան, ի՞նչ եք առաջարկելու հանրությանը։
-Խաղաղության ծրագիր։
-Միայն այդ գաղափարախոսությամբ հանրությունը վստահության քվե կտա՞ ՀԱԿ-ին։
-Դրան կից ներկայացվելու է նաև տնտեսական-քաղաքական ծրագիր, որը մի քանի օրից հրապարակվելու է։ Բայց մեխը լինելու է խաղաղության գաղափարը։
-Կարծում եք` հասարակության համար այս պահին հենց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հրամայակա՞նն է առաջնային։
-Այո, սահմանային էսկալացիան ավելի է հուզում Հայաստանի ցանկացած քաղաքացու։
-Հետևելով նախընտրական իրավիճակին և խորհրդարանում ուժերի հետաքրքրության շրջանակին, դժվար է ասել, որ նրանք շահագրգիռ են այս պահին արցախյան հիմնախնդրի լուծմամբ։
-Քաղաքական ուժերը վախենում են, համարձակություն չունեն այդ թեմայի մասին խոսելու։ Դա մոդայիկ չէ, նորաձև են պոպուլիստական պատրիոտիզմի դրսևորումները։ Բայց երբ յուրաքանչյուրի հետ առանձին խոսում ես, բոլորին էլ մտահոգում է խաղաղության հարցը։
-Նախընտրական շրջանում ղարաբաղյան հիմնահարցի քննարկումն ի՞նչ կտա։
-Ճշմարտության վերհանում և սթափ քայլերի իրականացում։ Իսկական ժամանակը հենց հիմա է, որ մարդիկ մտածեն իրենց երկրի ապագայի մասին։ Մեր ասածը հետևյալն է. ուզո՞ւմ ես Ղարաբաղը պահել, ուժեղացի՛ր։ Իսկ դրա համար պետք են հզոր տնտեսություն ու մարդկային ռեսուրս։ Մեր երկրից և՛ փողը, և՛ մարդը դուրս են գալիս։ Այս խնդիրը պիտի լուծել։
-Խաղաղության ծրագիրը ՀԱԿ-ին կապահովի՞ բավարար քվեներ։
-Վստահ եմ։ Ամեն օր շփվում եմ շարքային քաղաքացիների հետ, բոլորին անհանգստացնում է այս հարցը։ Այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ է, որ այս թեման բարձրաձայնողը նահանջող է համարվում։
-«Ոչմիթիզհողականների» պարսավանքը ձեզ չի՞ մտահոգում։
-Ոչ։ Հիմա մենք իշխանություններին հարիր հայտարարություններ ենք անում, բայց ես հասարակությանը ճշմարտությունն ասելու պատասխանատվություն եմ զգում։ Գուցե դա գրկաբաց չընդունվի, բայց պետք է ասել ճշմարտությունը։

ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ (ՀՎԿ)
-ՀՎԿ-ն ինչպե՞ս է համոզելու հանրությանը, որ վստահության քվեն տա իրեն։
-Կփորձեմ ընդամենը մեր մի քանի ծրագրային դրույթներից նշել։ Նախ` ավանդների վերադարձի խնդրին կրկին հետամուտ ենք լինելու։
-Արդեն այդ հարցով ձեզ քննադատում են, թե չպետք է մենաշնորհել ավանդների վերադարձը, դա այնքան էլ իրատեսական խոստում չէ։
-Ոչ ոք ոչ մի բան չի սեփականաշնորհում, իսկ այդ ծրագիրը լիովին իրատեսական է։ Հասարակությունը գիտի նաև, որ մեր նախաձեռնությունն էր միանվագ ծննդյան օգնության տրամադրումը։ Մեր կուսակցության համար կարևոր հանգամանք է նաև կուսակցության լիդերի խարիզմատիկ, գրագետ լինելը։ Մարդ, որը մեծ ներդրում ունի այս երկրի համար։ Մենք ընտրությունից ընտրություն չենք աշխատել, մեր աշխատանքը եղել է անընդհատ։ Մենք ներկայացնում ենք ռեալ, իրատեսական ծրագրեր։
-Քաղաքական ուժեր կան, որ ասում են, թե իրենց գրավչությունն այն է, որ հասարակությունը դեռ իրենց «չի փորձել» ու չի հիասթափվել։ Ձեզ բազմիցս «փորձել» է, նորից կվստահի՞։
-Մենք ունենք համակիրների հստակ բանակ, որոնց հետ ճանապարհ ենք գնացել, ու որոնք համոզված են, որ մեր ծրագրերը, քաղաքականությունը ժողովրդի բարեկեցության, երկրի զարգացման տեսանկյունից դրական են։ Հավելեմ, որ ՏԻՄ ընտրություններից հետո ավելացավ մեր գյուղապետերի, ավագանիների թիվը, այսինքն, մենք այդ ընտրություններում հաջողություն ունեցանք։
-Այսօր արդեն քաղաքական ուժերը բարձրաձայնում են ընտրակաշառքի մասին, իսկ ՀՀԿ-ից արձագանքը հետևյալն է` բոլորդ էլ ընտրակաշառք բաժանում եք։
-Մենք բազմիցս խոսել ենք այդ երևույթի մասին։ Իսկ ո՞վ չգիտի, թե ով է իրականում ընտրակաշառք բաժանում։ ՀՎԿ-ն երբևէ այդպիսի բան չի արել ու չի էլ անելու, դա մեզ ընդունելի չէ։ Այս ընտրություններում նաև լուրջ խնդիր է մարդկանց վերագրանցումը։ Այս ԸՕ-ին մենք դեմ էինք հենց միայն ռեյտինգային ընտրության պատճառով։ Մրցակցային ոչ առողջ դաշտը հանգեցնելու է և՛ փողի մրցավազքին, և՛ թշնամության։
-Արդեն Մասիսում ու Փարպիում միջադեպեր եղան, կարծում եք` կշարունակվե՞ն նման դեպքերը։
-Եթե մթնոլորտն այսպես թեժացվեց, կարծում եմ, այո։
-Ձեր ռեյտինգային թեկնածուներից ահազանգեր ստացե՞լ եք։
-Մեր թեկնածուներն այդպիսի վարվելակերպ չունեն, իսկ տեղերում թեժացումների մասին, անշուշտ, խոսում են։

Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ