ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ընդդիմությունն ամբողջովին կոլապսի մեջ է»

«Ընդդիմությունն ամբողջովին կոլապսի մեջ է»
17.02.2017 | 01:01

Ավարտվեց քաղաքական ուժերի՝ ԿԸՀ-ին ցուցակներ ներկայացնելու ժամկետը, իսկ թե ինչպիսի ընտրապայքար կծավալվի, որոշակի առումով կանխատեսելի է՝ հաշվի առնելով նախընտրական շրջանի խմորումները, որ իրական կրկես էին հիշեցնում՝ ծաղրածուներով ու ներկայացումներով։ Այս ողջ խառնաշփոթի գլխավոր «մեղավորը», ըստ քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ, «Կուսակցությունների մասին» օրենքն է, որը վերջերս անհասկանալի փոփոխությունների ենթարկվեց։

-ՀՀԿ-ի համամասնական ցուցակն այս անգամ այնպես է կազմվել, որ առաջին տասնյակում օդիոզ դեմքեր չկան։ Ի՞նչ ինտրիգ կա սրանում, պարոն Սարգսյան:
-Հանրությունն առնվազն տասը տարի սովոր է, որ ՀՀԿ-ն մեծահարուստների ակումբ է։ Բոլորը, անկասկած, այդ աչքով են նայում այս ուժին։ 2014-ին ստեղծված կառավարությունը ցրվել է, ու սա առաջին ինտրիգն է, որովհետև այդ կառավարությունը մեծահարուստների ակումբի սիմվոլն էր։ Մարդիկ գիտեին, որ այն կոռուպցիոներների, օլիգարխների կառավարություն է։ Երբ նոր կառավարություն ստեղծվեց, նման մարդիկ հեռացվեցին կառավարող օղակից, որոշ ժամանակ անց էլ՝ կուսակցությունից, հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է այս նոր ստեղծված կառավարությունը։ Եթե մեծահարուստների ակումբ չէ, բա ի՞նչ է։ Ասացին՝ փոխվում ենք, բայց դա այդքան էլ տեսանելի չէ, քանի որ կուսակցությունում դեռ մնացել են մեծահարուստներ, օլիգարխներ։ Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ այս երկիրը երկիր չի դառնա, եթե ստվերը չվերացնենք։ Իսկ ստվերը կուտակված է այդ ակումբում։ Այսինքն, ստվերի վերացումն առաջին հերթին նշանակում է դրա քաղաքական հենարանի վերացում։ Բայց սա առայժմ չի իրագործվում։ Երկրորդ ինտրիգն էլ այն է, որ մինչև ընտրությունները օրենսդրական լուրջ փոփոխություններ եղան՝ և սահմանադրական, և ընտրական օրենսգրքի, և «Կուսակցությունների մասին» օրենքի։ Ըստ այդմ, ՀՀԿ-ում մոտեցումների փոփոխություն է եղել, որը կերևա ընտրություններից հետո։ Պարզ է մի բան. ՀՀԿ-ի տասը տարվա մոտեցումները սպառել են իրենց։ Սա առնչվում է և ներիշխանական, և ոչիշխանական ուժերի՝ Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ի հետ կապված գործընթացների տրամաբանությանը։ Տարիներ շարունակ իշխանության վարած քաղաքականությունը փլուզվել է, արդյունավետությունը` կորել։
-Դա հասկանալո՞վ է ՀՀԿ-ն փոփոխությունների մասին օրումեջ հայտարարություններ անում։
-Այո, նրանք հասկացել են, որ, օրինակ, 2007-ին Ծառուկյանի միֆը, «փուչիկը» մեջտեղ բերելով, ոչիշխանական նման ճանապարհ բացելով, շատ հեռուն չեն գնա։ Մարդիկ լղոզել են նաև համաշխարհային պրակտիկայում ընդունված տարրական հասկացությունը՝ կա իշխանություն և ընդդիմություն։ Իսկ մեզանում այսպես է. բոլոր նրանք, ովքեր պետական կառավարման լծակներ ունեն, իշխանություն են, իսկ ովքեր այդ լծակները չունեն, համարվում են ընդդիմություն։ Այսինքն, միակ տարբերությունը լծակ ունենալ-չունենալն է։ Այս խոշոր խաբեությունը հանգեցրեց այն բանին, որ բոլոր գործընթացները լղոզվեցին, ու ընդհանրապես պարզ չէ՝ ինչ է նշանակում ոչիշխանական ուժ։ «Փուչիկը» պայթեց 2015-ին, երբ Գագիկ Ծառուկյանին տուն ուղարկեցին։
-Եթե իշխանությունում գիտակցել են, որ նախկին քաղաքականությունն արդյունավետ չէր, ուրեմն ինչո՞ւ են նորից «խաղի» մեջ մտցրել Գագիկ Ծառուկյանին (համենայն դեպս, շատ վերլուծաբաններ պնդում են, որ ԲՀԿ ղեկավարն ուղղորդվում է իշխանությունների կողմից)։
-Եթե 2003-ից պետական կառավարման համակարգի ձևավորման հիմնական իրավունքն իրենց վրա վերցրել են մեծահարուստները, այսօր նրանք կորցրել են այդ իրավունքը։ 2014-ի կառավարության ցրելն ու նրանց նաև կուսակցությունից մեկուսացնելը ցույց են տալիս, որ դերակատարներն այդ օլիգարխները չեն։ ՈՒրեմն ովքե՞ր են. սա է հարցերի հարցը։ Այսինքն, հայտնվել է մեկ այլ՝ նրանցից ավելի մեծ ուժ, որը կարողացել է իրավիճակ փոխել։
-Խոսքը դրսի՞ ուժի մասին է։
-Նախ՝ Կարեն Կարապետյանը դրսի մարդ է համարվում, հետո էլ երկրում այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ նման փոփոխությունը հրամայական էր։ 2016-ի ապրիլյան պատերազմը և հուլիսյան դեպքերը ևս նպաստեցին, որ տասը-տասնհինգ տարվա տեր-տիրականները հեշտությամբ դուրս շպրտվեին։ Իսկ արտաքին ազդեցությունն այս ամենում անկասկած եղել է։ Հիմա ինչ ծրագրեր կան, ինչպես է լինելու, դեռ պարզորոշ չէ։ Այս «ակումբն» էլ մինչև վերջ չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում։ Կուսակցությունից դուրս եկածները չգիտեն՝ ինչ է կատարվում, խոսում են «առուներից», «տեխնոլոգիական ջրերից», չգիտեմ էլ ինչերից։ Ինչո՞ւ են բերել Գագիկ Ծառուկյանին, որովհետև Գագիկ Ծառուկյանն այլևս Գագիկ Ծառուկյան չէ, նա 2015-ին վերջացել է։ Հիմա մնացել է նրա ստվերը, նրա շուրջ կկազմվի մի ցուցակ, որն ընդամենը ձայներ պետք է հավաքի ու գա խորհրդարան։ Նա իրենից որևէ բան այլևս չի ներկայացնում։ Նրա ցուցակը հավասարվել է մյուսներին։
-Այսօր ընդդիմադիր դաշտում դաշինքային տրամաբանությունը ևս խաթարված է։ Չի կայանում քաղաքական համագործակցության անգամ այդ ձևը։ Ինչո՞ւ։
-Նախ՝ ինչո՞ւ են գնում կոալիցիոն ցուցակների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններում այսպիսի բան չէր եղել։ Ընդդիմությունն ամբողջովին կոլապսի մեջ է։ Նոր Սահմանադրությունը բոլոր իրավունքները տվել է կուսակցություններին։ Հանրությանը զրկել են ընտրությանը մասնակցելու մյուս բոլոր ձևերից, բացի կուսակցական լինելուց։ Սրան զուգահեռ «Կուսակցությունների մասին» ընդունված ու դեռ ընդունվելիք օրենքները զրկել են կուսակցություններին կայանալու հնարավորությունից։ Կուսակցությունները գործելու որևէ հնարավորություն չունեն։ Անգամ ներկուսակցական մեխանիզմներ են սահմանվել, որոնք վերացնում են կուսակցական համակարգը։ Օրինակ, եթե կուսակցական ժողովով պետք է ընտրությունների ցուցակը կազմվի, հիմա դա վերապահված է ղեկավարությանը, այսինքն, կուսակցականներին արդեն հեռու են շպրտել։ Սա տոտալիտար ռեժիմ է կուսակցությունում։
-Ստացվում է, որ օրենքի անկատարությա՞մբ էր նաև պայմանավորված ընդդիմադիր դաշտի քաոսային վիճակը։
-Կուսակցական գործունեությունը դարձել է լրիվ անիմաստ։ Եթե կան ազատ ընտրություններ և դրան մասնակցող, օրենքին համապատասխան սուբյեկտներ, կարելի է սպասել դրական արդյունք։ Եթե դրանցից ոչ մեկը չկա, ոչ մի ակնկալիք էլ չպետք է ունենալ։
-Բայց «Կուսակցությունների մասին» օրենքը, ըստ իշխանության, մեծացնելու է կուսակցությունների դերակատարումը։
-Իրականում ստեղծել են օրենսդրություն, որի պարագայում կուսակցությունը որևէ դեր չունի։ Ընդամենը մի մարդ, որը ստեղծել է այդ կուսակցությունը, գործ է բռնում ուրիշ ուժերի հետ։ Դրա համար հիմա դեմքերի դաշինքներ են, որոնք էլ պետք է մտնեն խորհրդարան։ Սա նշանակում է, որ խորհրդարանում կուսակցական խմբակցությունները վերանալու են, և մենք այլևս գործ չենք ունենա կուսակցական գործունեության, ծրագրերի հետ։ Հինգ հոգի միանում են, մանդատ են ստանում, հետո էլ ասում՝ դե, ապրեք, տղերք ջան, ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում։ Ինչպես դա եղավ ՀԱԿ-ի և «Ժառանգության» պարագայում։
-Մեկ այլ անտրամաբանական իրավիճակ էլ կա, երբ երեկվա իշխանությունն այսօր խիստ ընդդիմադիր է ներկայանում։ Նման մարդկանցից կարելի՞ է որևէ ակնկալիք ունենալ։
-Անցնող 25 տարում մեր քաղաքական ներկապնակում նույն դեմքերն են։ Սա այնքան էլ էական չէ, որքան կուսակցական և ընտրական համակարգի փլուզումը։ Որևէ մեկին ծրագիրը չի հետաքրքրում։
-Ասել է՝ այս ընտրություններն առանց ծրագրերի՞ են։
-Այո, իսկ ո՞ւր են ծրագրերը։ Հիմա ոչիշխանականները վիճում են մի հարցի շուրջ՝ ով կասի իշխանափոխություն, ով՝ ոչ։ 25 տարի երկրում մի գաղափար է, կասեի՝ «ազգային», իշխանափոխություն։ Շուրջ 80 գրանցված կուսակցություններին երբ հարցնում ես՝ ո՞րն է ձեր ծրագիրը, ասում են՝ իշխանափոխությունը։ Առավել ուշագրավ է հաջորդ հարցի պատասխանը, երբ հարցնում ես՝ ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, ասում են՝ մենք ժամանակ չունենք։
-Եթե հիմա այդ ընդդիմադիրներն իրենց ծրագրերը ներկայացնեն, հանրությանը դրանք կհետաքրքրե՞ն։
-Հասարակության մեջ էլ նույն իրավիճակն է, ինչ քաղաքական ուժերի պարագայում, ընտրողը կոլապս է ապրում, որովհետև ավելի գիտակից է դարձել։ Հասկացել են, որ ընտրությունները ոչ մի կապ չունեն իրենց հետ։ Ոչ թե քաղաքացիական գիտակցությունն է բարձրացել, այլ մարդիկ ավելի ռացիոնալ են մտածում։ Որևէ մեկի դատարկ խոստումներին, փրկիչներին այլևս չեն հավատում։ Ընտրական օրենսգիրքն էլ ստեղծել է մի վիճակ, երբ դաշինքային ցուցակը որևէ դեր չի խաղում։ Բոլոր խնդիրները լուծվում են անձերի միջոցով, ռեյտինգային քվեարկությամբ։ Սակայն մինչև հիմա ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են այդ քվեները հաշվելու։ Ենթադրենք՝ մի ընտրատարածքում ռեյտինգային քվեարկությամբ 12 մանդատ է, մասնակցում է 50 հոգի, ո՞վ է նրանցից ստանալու մանդատը։ Ստեղծված է մի վիճակ, որ անգամ ձեր ստացած ձայները որևէ նշանակություն չեն ունենալու։ Այս խառնաշփոթն ընդհանրապես ոչնչացրել է ընտրության տրամաբանությունը։ Սա ընտրություն է՝ առանց ընտրողի։
-Փաստորեն, այս խաղի կանոնները լիովին ընդունել են նաև ընդդիմադիրները, ավելին, մասնակցելով ԸՕ-ին «միսուարյուն» տալուն, չէի՞ն հասկանում՝ ինչ են ստեղծում իրենց գլխին։
-Բայց ո՞ւր են ընդդիմադիրները, նրանք ընդամենը ոչիշխանական են։ Մենք նախորդ տարիներին ականատես եղանք, չէ՞, թե այդ ընդդիմադիրները ինչպես են ֆոտոսեսիա արել նախագահականում։ Սա նշանակում է, մարդիկ գնացել են ու պայմանավորվել։ Հիմնական հույսը պայմանավորվածությունների վրա է, ով «դոպուսկ» կստանա, ով՝ ոչ, ով ինչ ծառայություն կմատուցի։ Եթե այդ դաշինքները կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, ուրեմն ծառայություններ են մատուցում, ասել է՝ ընդունում են խաղի կանոնները, ինչի դիմաց էլ ստանում են մանդատներ։ Ընտրողն ընդամենը իրենց միջև վեճերը լուծելու համար է։ Ինչ-ինչ մարդիկ չեն ստանալու, չէ՞, իրենց ուզածը, այդ ժամանակ նրանց կասվի՝ քիչ տոկոս եք ապահովել, ու վերջ։
-Ձեր դիտարկումները հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ հաջորդ խորհրդարանն ավելի վատն է լինելու։
-Երբ դու խորհրդարան ես անցնում ինչ-որ ծառայությունների դիմաց պայմանավորվածությամբ, դու ոչ ոք ես, ձայն չունես։ Այսինքն, իրավիճակն ավելի է վատթարանալու։ Եթե այս խորհրդարանում ոմանք գոնե առերևույթ ազատ էին, ապագա խորհրդարան արդեն պարտավորություններով են մտնելու, ինչն ավելի վտանգավոր է։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ