Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Նավթալինոտ հարցեր Արամ Սարգսյանին

Նավթալինոտ հարցեր Արամ Սարգսյանին
15.02.2017 | 13:07

«Դուք էլ ձեր պաշտոնավարման ժամանակ գնացիք Մոսկվա, ասում եք՝ Պուտինին հանդիպել եք, ուրիշներն ասում են՝ չեք հանդիպել: Կարո՞ղ եք ասել, ինչի՞ համար էիք գնացել»՝ հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը այսօր հրավիրված ասուլիսում պատասխանեց. «Սիրելի լրագրողներ, եթե ձեզնից որևէ մեկը կգտնի նյութ, որում ես փառաբանել եմ գործող իշխանությանն ու գործող նախագահին, կամ սպասարկել եմ նրա ծրագրերը, ես միանշանակ ներողություն կխնդրեմ ու կասեմ, որ դուք ճիշտ եք: Ես առաջին օրվանից եղել եմ գործող նախագահին ընդդիմադիր:

Երևի եզակի վարչապետներից եմ, որ իր պաշտոնավարման ժամանակ ընդդիմադիր է եղել: Իմ գործունեության ընթացքում որևէ պետական օբյեկտ չի սեփականաշնորհվել, ընդհակառակը՝ եղել է այդ գործընթացների հաշվառում, որևէ կարկառուն կամ վարկաբեկված դեմք նախարար չի նշանակվել, ընդհակառակը՝ առաջինը ես եմ ձևավորել ազգային համաձանության կառավարություն: Ինչ վերաբերում է Մոսկվա մեկնելուն, այո, ես որպես վարչապետ պաշտոնական այցով մեկնել եմ Մոսկվա: Նկարներ ունեմ Պուտինի հետ: Դուք ուզում եք՝ կարող եք տեսնել, կարող եք չտեսնել: Հարցը շատ նավթալինոտ է ու չեմ կարծում, որ արժի դրան անդրադառնալ: Դուք կարող եք չհավատալ, բայց ես գնացել էի գազի սակագնի իջեցման համար: Բարեբախտաբար կան մարդիկ, որոնք տեղյակ են այդ մասին: «Պրոմեթևս» ընկերության ղեկավար Սենիկ Վազգենիչը Ռուսաստանի սևահողային շրջաններում գազի խնդրի հետ կապված ծրագրեր էր իրականացնում և իրեն վճարում էին գազով՝ խորանարդ մետրը 28 $: Ինքն առաջարկեց, որ կարող է այդ գազը վաճառել Հայաստանին, նա ուզում էր գործարկել Վանաձորի քիմկոմբինատը, և այդ գազով կոմբինատը կարող էր աշխարհում մրցունակ մելամին արտադրել: Ձեր ասած ժամանակ ես հանդիպեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրեցի, որ գազը մեզ վաճառի «Պրոմեթևս» ընկերությունը: Խնդրի իսկությունը կարող եք պարզել Սենիկ Վազգենիչից: ՌԴ նախագահը կանչեց «Գազպրոմի» այն ժամանակվա նախագահ Ռեմ Վյախիրևին և հարցրեց. «Կարո՞ղ ենք Հայաստանի գազը վաճառել «Պրոմեթևս» ընկերության միջոցով»: Վյախիրևը ծիծաղեց ու «Իհարկե, կարող ենք: Հայաստանը ինչքան գազ է տանում, որ չկարողանանք: Այնքան, ինչքան Հայաստանը տանում է մեկ տարում, Ուկրաինան մեզնից մեկ օրում գողանում է»:

Բնականաբար, ուրախացա և կապվեցի «Պրոմեթևսի» ղեկավարի հետ: Ասեմ, որ նա ասել էր, որ Հայաստանին գազը կտա 32$, հետո դարձրեց 35$: Բայց դա ոնց էլ հաշվես, 55$ պակաս էր: Երևան վերադառնալիս ես հարցազրույց եմ տվել ինքնաթիռում, կարող եք հանել ու թվերը նայել: Իմ վերադարձից հետո պարզվեց, որ գործող նախագահը զանգահարել է ՌԴ նախագահին ու ասել, որ հոկտեմբերի 27-ից հետո իր վարկանիշն առանձնապես բարձր չէ, եթե Մոսկվայից վերադարձած վարչապետն էլ գազի գինն իջեցնի, իր վարկանիշն ավելի կընկնի ու վարչապետը կուժեղանա, լավ կլինի, որ ԱՊՀ նախագահների հանդիպման ժամանակ դա հայտարարվի: Դրանից հետո ձեր սիրելի Ռոբերտ Քոչարյանը ինձ պաշտոնանկեց, գազի գինն էլ չիջավ: Կարծում եմ՝ ձեր հարցին մանրամասն պատասխանեցի: Ասեմ ավելին՝ իմ վարչապետության շրջանում ես զբաղվել եմ հիմնականում արդյունաբերությամբ՝ վերգործարկվել են «Նաիրիտը», Ագարակի պղնձի գործարանը՝ դրանք փաստեր են, կարող եք ստուգել: Արտաքին քաղաքականության մեջ էլ առաջինը ես եմ բարձրաձայնել Մեղրիի տխրահռչակ տարբերակի մասին, որի կողմնակիցն էին Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը:

Երկուսն էլ սկզբից մերժում էին, որ նման տարբերակ չկա, հետո խոստովանեցին, որ կա ու առաջինը ոչ թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճանն են դեմ եղել, այլ՝ իրենք: Այնպես որ՝ իմ վարչապետության շրջանից ինչքան շատ հարցեր տաք, այնքան շատ ասելիք ունեմ»:

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ