Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Բելառուսի վերաբերմունքը Հայաստանին եղել է Գագիկ Ծառուկյանի մակարդակով»

«Բելառուսի վերաբերմունքը Հայաստանին եղել է Գագիկ Ծառուկյանի մակարդակով»
10.02.2017 | 00:26

«Իրատեսի» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Բելառուսը բլոգեր Ալեքսանդր Լապշինին հանձնեց Բաքվին, կանխատեսելի՞ քայլ էր Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից:
-«Լուկաշենկո» ու «կանխատեսելի» բառերն այնքան էլ համատեղելի չեն: Չգիտեմ նրա անկանխատեսելիությունից ինչքա՞ն է բելառուս ժողովուրդն օգտվում կամ տուժում: Շատերը պնդում են՝ օգտվում է: Բելառուսի նախագահը, բոլոր դեպքերում, իրեն պահում է չարաճճի երեխայի նման ու կարողանում է իր երկրի համար ինչ-որ զիջումներ պոկել, մինչդեռ մեր իշխանություններն ամեն ինչին հլու-հնազանդ համաձայնում են: Անգամ այն դեպքերում, երբ ոտնահարվում են պետության արժանապատվությունն ու նյութական շահը:
-Չե՞ք կարծում, որ բլոգերի գործն ի հայտ եկավ, որովհետև Ռուսաստանը սկսել է զիջումներ չանել Բելառուսին:
-Ռուսաստանը իր քաղաքացուն չկարողացավ պաշտպանել, և Բելառուսը՝ խախտելով Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության պարտավորությունները, արտահանձնեց ՌԴ քաղաքացուն՝ ապացուցելով, որ Ռուսաստանը տարածաշրջանային գերտերություն չէ բնավ և տարածաշրջանի երկրների վրա չնչին ազդեցություն ունի: Մենք պետք է հետևություններ անենք: ժամանակին իշխանությունները հայտարարում էին՝ միանում ենք ՀԱՊԿ-ին անվտանգություն ապահովելու համար, մտնում ենք ԵԱՏՄ, որովհետև անվտանգության խնդիր կա, ու՝ ի՞նչ: Ռուսաստանը սեփական քաղաքացու անվտանգությունը չի կարողանում ապահովել անգամ դաշնային Բելառուսից, ուր մնաց մեր անվտանգությունը պաշտպանի ոչ դաշնային Թուրքիայից ու Ադրբեջանից: Բելառուսի վերաբերմունքը Հայաստանին եղել է Գագիկ Ծառուկյանի մակարդակով՝ այդ պատճառով էլ Հայաստանում Բելառուսի դեսպանատունը Երևանը թողած՝ Առինջ գյուղում է՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետնամասում: Դա վերաբերմունք է, որին համաձայնել է ՀՀ արտգործնախարարությունը: Մենք հետևություններ պետք է անենք՝ թե Բելառուսի, թե Ռուսաստանի իշխանությունների, թե ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների շահերն ավելի շատ համընկնում են Ադրբեջանի շահերի հետ, քան Հայաստանի:
-Դա նորություն չէ, այլ հարց է, որ այլևս անթաքույց է դարձել, այս պարագայում Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն:
-Հայաստանի անդամակցության ժամանակ թե ՀԱՊԿ, թե ԵԱՏՄ որևէ անդամ երկիր չի ասել, որ մենք հարևան երկրի հետ խնդիր ունենք ու չենք կարող անդամակցել, ուրեմն այսօր Ադրբեջանի շահերը պաշտպանելը, որը գործընկեր չէ, հակառակ է դաշինքների տրամաբանությանը ու պայմանագրերին: Հայաստանը պարտավոր է պաշտպանել իր շահերը և այդ երկրների ներկայացրած ցանկացած օրինագծի ու առաջարկի վրա թե ՀԱՊԿ-ում, թե ԵԱՏՄ-ում պետք է վետո դնի ու կազմալուծի կառույցի աշխատանքը, որ հասկանան՝ գործընկերոջ հետ այդպես չեն վարվում: Եթե իրենք մեր շահերին ու խնդիրներին այսպես են վերաբերվում, մենք էլ համարժեք պատասխան ենք տալիս՝ սեպը սեպով են հանում:
-Դուք վստա՞հ եք, որ Հայաստանի ինքնիշխանությունը կբավարարի դրան:
-Ինքնիշխանությունը երկնքից չի ընկնում, քայլերով է ձևավորվում ու արտահայտվում: Ցանկացած անկախ երկրի ինքնիշխանություն նման իրավիճակներում պարտադրում է այդպես վարվել՝ սա արդեն մեր արժանապատվության ոտնահարում է, մեր գործընկերները փոխգործակցության պայմանագրերը մի կողմ դրած՝ պայմանագրից դուրս երկրին վերաբերվում են որպես ավելի սերտ դաշնակցի ու ցանկալի գործընկերոջ:
-Ձեզ չի՞ թվում, որ Բելառուսը ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դեֆակտո հեռացել է, մնում է դեյուրե հեռանա:
-Լուկաշենկոն այդ կառույցների ստեղծման առաջին օրից խնդիրներ է առաջացնում, ուզածը ստանում, նահանջում ելման դրություն, գուցե մարտավարություն է, գուցե բնավորություն է: Լուկաշենկոն դիկտատոր է, որի երկրում իշխանությունը չի փոխվում, իր մրցակիցներին նա հեռացնում է քաղաքականությունից կամ բանտարկում: Բելառուսը չի կարող մեզ գործընկեր լինել: Ես, որ դեմ եմ եղել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն, միշտ ասել եմ, որ Հայաստանը կարող է զարգանալ եվրոպական մոդելի պետություն դառնալով, մեր օրինակը պետք է լինեն Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, բայց ոչ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը կամ Ղրղզստանը: Մենք նրանցից ոչ օգուտ ունենք, ոչ էլ սովորելիք, նրանց շուկաներն էլ մեզ համար չեն: Ակնհայտ է, որ ոչ միայն տնտեսական, այլև արտաքին քաղաքական սխալ ընտրություն ենք կատարել, անվտանգության առումով սխալ ընտրություն: Ոչ Ռուսաստանը, ոչ այդ երկրները ի վիճակի չեն մեր անվտանգությունն ապահովելու: Ինչո՞վ բացատրել, որ շարքային բլոգերին, որ ոչ մի միջազգային կոնվենցիա չի խախտել, հայրենիքին չի դավաճանել, մարդ չի սպանել, գողություն չի արել, Մոսկվան չի կարողանում ազատազրկումից պաշտպանել, ու Բաքուն շանս է ստանում աշխարհին ցուցադրելու, թե ինչպես է ձեռնաշղթաներով հատուկջոկատայիններով մեկուսարան տանում ՌԴ ու Իսրայելի քաղաքացուն:
-Վերջին օրերին շփման գծում կրակոցները ավելացել են, Ձեր գնահատականով՝ հրադադարի ռեժիմի՝ Ադրբեջանի համար սովորական խախտումնե՞ր են, թե՞ կարող է իրավիճակը սրվել ու հեռագնա հետևանքներ ունենալ:
-Լեռնային Ղարաբաղի խնդիրն այնպիսին է, որ ցանկացած պահի կարող է հեռագնա հետևանքներ ունենալ: Զուտ զգայական կանխատեսման հիման վրա՝ կարծում եմ, որ մինչև ընտրությունները լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը քիչ է, իսկ բախումներ, ցավոք, եղել են, կան ու կլինեն: Ամենօրյա կրակոցների իր հիբրիդային պատերազմը Բաքուն չի դադարեցնի: Ղարաբաղի պես խնդիրները ընտրությունների ժամանակ չեն լուծվում, սովորաբար թեկնածուներն ասում են՝ սպասեք, ընտրվենք հետո: Այդ շրջանում նաև փորձում են թեկնածուներից խոստումներ կորզել, ու բացառված չէ, որ նման խոստումներ Ռուսաստանը տարբեր ձևերով կփորձի կորզել Սերժ Սարգսյանից՝ ընտրությունները և ընտրություններին մասնակից ուժերին այդ նպատակին ծառայեցնելու համար: Ընտրության գնացող քաղաքական կուսակցությունները՝ իշխանական, թե ոչիշխանական, այս ենթատեքստով Ղարաբաղի հարցում պիտի շատ զգոն լինեն և ջուր չլցնեն այդ ջրաղացին, որ տանում է Լավրովի ծրագրով լուծման՝ ընտրություններից առաջ, թե հետո:
-Ձեր առաջարկած տարբերակը ո՞րն է:
-Ես առաջարկել էի իմ տարբերակը, ու հետաքրքիր արձագանքներ եղան: Վստահ եմ՝ բացարձակ անթերի լուծում ոչ ոք չի կարող առաջարկել, գոյություն ունեցող տարբերակներն էլ այսօր չեն գործում: Կա երեք տարբերակ՝ ոչ մի թիզ հող. սա ակնհայտորեն դեպի պատերազմ տանող տարբերակ է, երբ կոնֆլիկտի կողմերից մեկը պիտի կապիտուլյացիայի ակտ ստորագրի: Երկրորդը Մադրիդյան սկզբունքների տարբերակն է, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին դրույթ կա՝ հանրաքվեի տեսքով: Ադրբեջանը հրաժարվում է այդ տարբերակով խնդրի լուծումից: Հետո հայտնվեց Լավրովի պլանը, որի վերաբերյալ Ադրբեջանը տեսակետ չի հայտնել, որովհետև դեմ է Սերժ Սարգսյանը: Կազանյան տարբերակին, որը մոդիֆիկացվեց Լավրովի պլանի, Սերժ Սարգսյանը կողմ էր: Բայց Ադրբեջանը մերժում է խնդրի խաղաղ լուծման ցանկացած տարբերակ ու անթաքույց պատրաստվում է ռազմական լուծման: Երեք տարբերակներն էլ Ապրիլյան պատերազմով մերժված տարբերակներ են ու լուծման չեն տանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարողանում գտնել բանաձև, որով կարող են երկու նախագահներին ընդհանուր հայտարարի բերել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը, որ մտահոգ է ու ուզում է խնդիրը լուծված տեսնել, պիտի մտածի հնարավորությունների ու հավակնությունների համադրումով՝ ռեալ տարբերակի մասին: Որպես անհատ ու Վազգենի եղբայր՝ ես քննարկման եմ առաջարկել իմ տարբերակը՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ որևէ կողմ չի կարող կրակել:
-Ինչպե՞ս:
-Իրավիճակի վերահսկողությունը դնել ԵԱՀԿ-ի մանդատի տակ, որը պիտի մշտադիտարկում անի երկու կողմերում թշնամանքի քարոզչությունը: Ադրբեջանում հերոս են քնած մարդուն կացնով սպանողը, զինվորի գլուխ ու ծերունու ականջ կտրողը, Հայաստանում, բարեբախտաբար, դա չկա: Երկրորդը՝ տարիներ է ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդիր է դրել շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, եթե միջազգային հանրությունը չի կարողանում այդ խնդիրը լուծել բանակցություններում, պետք է անցնել պատժամիջոցների կիրառման: Պատժամիջոցներ՝ թե թշնամանքի տարածման, թե հրադադարի խախտման դեպքում, պետք է վերահսկեն սահմանը, քաղաքական գործիչների հայտարարությունները, լրատվամիջոցները: Նվազագույնը երեք տարի՝ առանց կրակոցների ու այդ երեք տարում տարբեր ուղղություններով պետք է աշխատանք տարվի՝ զավակներին կորցրած մայրերի ու հարազատների, ընդհանուր ընտանիքներ ունեցողների, լրագրողների, հին ընկերների, նախկին հարևանների, քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի միջև շփումներ կազմակերպելով: Հասարակությանը պետք է նախապատրաստել խնդրի լուծմանը, երբ չկան կրակոցներ, լարումը նվազում է: Միայն կրքերը հանդարտվելուց հետո նախագահները կարող են կլոր սեղանի շուրջ նստել ու գնահատելով խաղաղությունը՝ մտածել ինչպես երկարացնել ու կայուն դարձնել: Իհարկե, այս առաջարկը բազում հարցականների տեղիք է տալիս, հենց այդ պատճառով էլ առաջարկում եմ քննարկել ու հարցականները փակել, բացերը լրացնել: Ես, իհարկե, կուզեի, որ ոչ թե 3, այլ 50 տարով սա լիներ, բայց իրատես լինենք:
-Ձեր առաջարկը նշանակում է երկարացնել ստատուս քվոն, որին դեմ է Ադրբեջանը, որքանո՞վ է իրատեսական:
-Բաքուն դեմ է ստատուս քվոյին ու անընդհատ խախտում է, որ հիշեցնի՝ դեմ է ստատուս քվոյին, բայց դա հակառակ արձագանքն է ունենում ու հանգեցնում է նրան, որ բանակցային գործընթացն է անհնարին դառնում: Փաստ է, որ հարցը չունի ռազմական լուծում, ու դա ընդգծում են միջազգային կառույցներն ու համանախագահները, պետությունների ղեկավարները: 21-րդ դարում անհնարին է, որ Բաքուն գրավի Երևանը, Երևանն էլ՝ Բաքուն, հետևաբար հիմա անիմաստ են կապիտուլյացիայի մասին խոսակցությունները, կարծում եմ՝ գործող երկու նախագահներն էլ դա հասկանում են: Մնում է հող ստեղծել բանակցությունները շարունակելու և բանակցային գործընթացում լուծումներ գտնելու հնարավորություն ստեղծելու համար: Ոչ թե պիտի մեծ-մեծ քայլեր ու անհնար նպատակներ առաջադրել՝ տարածքները տանենք-հանձնենք, խաղաղապահներին բերենք-կանգնեցնենք, այլ փոքր-փոքր, մարդկային քայլեր անենք: Ներգրավենք հոգեբանների, կոնֆլիկտաբանների, տարածաշրջանում ապրած ժողովուրդներին, որ ապրել են իրար հետ: Փախստականների փաստարկն ամենաքիչը մենք ենք օգտագործում, մինչդեռ Ադրբեջանը իր մեկ միլիոն միֆական փախստականներին մատի փաթաթան է դարձրել: Նրանք կարող են օգնել՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները հայերեն գիտեն, Ադրբեջանից բռնագաղթված հայերը՝ ադրբեջաներեն, գիտեն միմյանց նիստուկացը, ընդհանուր հիշողություններ ունեն, ու այդ ամենը ոչ թե թշնամանքի խորացման, այլ կոնֆլիկտը լուծելու հիմք պիտի դառնա: Պետք է սկսել քչից՝ մեծին հասնելու համար:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ