ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Իշխանության համար վտանգավոր են «մեջտեղ» ուտողները, շուրջը ֆռֆռացողներն ու պատերի տակ բամբասողները»

«Իշխանության համար վտանգավոր են «մեջտեղ» ուտողները, շուրջը ֆռֆռացողներն ու պատերի տակ բամբասողները»
03.02.2017 | 00:16

Խորհրդարանական առաջիկա ընտրությունները, ի թիվս այլ գործոնների, մեկ բանով ևս առանձնանում են նախորդներից։ Ընդդիմադիր դաշտում հայտնվել են մարդիկ, ովքեր ունեն ֆինանսական մեծ ռեսուրսներ և տիրապետում են ընտրությունների ժամանակ իշխանության կիրառած տեխնոլոգիաներին։ Այսինքն, դաժան պայքար է լինելու իշխանությանը վերստին տիրանալու համար։ Մինչդեռ հրապարակավ բոլորը խոսում են, իբր կարևոր են գաղափարները, ծրագրերը, ազգափրկիչ գործողությունները, իշխանության ներկայացուցիչներն էլ բողոքում են, թե ընդդիմությունը կառուցողական ու գաղափարական չէ։ Այսուհանդերձ, ՀՀԿ-ի համար այսօրվա ընդդիմադիր միավորումներն ինչպիսի՞ն են։ «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ։

-Այսօր ձեր մրցակիցները ֆինանսական մեծ հնարավորություններ ունեն, իսկ հայաստանյան ընտրություններում գումարը լուրջ դերակատարում ունի։ Մտահոգված չե՞ք։
-Գումարն ու փորձառությունը, որ ունեն ընդդիմության ներկայացուցիչները, իհարկե, կարևոր են։ Բայց ամենակարևորը սկզբունքներն ու գաղափարներն են, որոնք ցանկացած ուժի կայացման հենքը պետք է լինեն։ Եթե անհատապես ես դիտարկում ընդդիմադիր միավորումները, այո, կան լուրջ ճանապարհ անցած, փորձված մարդիկ, բայց բոլորը միասին արդյոք մեկ ափսեում կտեղավորվե՞ն։ Կան մարդիկ էլ, որ ֆինանսական ռեսուրսների համար քննադատում են իշխանություններին, բայց ոչ պակաս ֆինանսական կարողություններ իրենք են կուտակել։ Եթե ընդդիմադիր դաշինքների հենքը լինի գաղափարախոսությունը, գուցե հաջողեն։ Տարբեր գաղափարների տեր մարդկանց միավորմանը չեմ վստահում ու հավատում, քանի որ չունեն ընդհանուր տեսլական։ Նույնիսկ եթե իրենց ունեցած ռեսուրսներով կարողանան ինչ-որ արդյունքի հասնել, այդպիսի միավորումները երկար կյանք չեն ունենա, որովհետև այնտեղ հավաքվել են մարդիկ՝ տարբեր նպատակներով ու նկրտումներով։ Իսկ եթե նպատակները տարբեր են, գործողություններն էլ են տարբեր լինում։ Մեկը ցանկանում է մանդատ ստանալ, մյուսը՝ կարիերա անել, չեմ բացառում նաև, որ ոմանք էլ իսկապես մտահոգ են մեր երկրի վիճակով։ Ամեն դեպքում, նման դաշինքները երկար ճանապարհ չունեն։ Այսօր մեզ պետք են այնպիսի ընդդիմություն և իշխանություն, որոնք կշահեն հասարակության վստահությունը։ Եթե նույն սկզբունքների ու տեսլականի հենքով որևէ դաշինք ձևավորվի, ունենան երկիր կառուցելու սեփական ծրագիր ու, ամենակարևորը, իրենց ասածի պես համեստ կյանքով ապրեն, հաստատ կհաջողեն։
-Դուք կարևորում եք ընդդիմադիր դաշինքների սկզբունքներն ու գաղափարները, բայց ընդդիմությունն ասում է՝ գերնպատակը իշխանափոխությունն է, դրանից հետո կտեսնենք՝ ով ինչ գաղափար է դավանում։
-Լավ, ենթադրենք, իշխանափոխություն արեցին։ Բայց դրանից հետո շատ ուշ կլինի հասկանալու համար, թե ով ինչ սկզբունք է դավանում։ Պատկերացնո՞ւմ եք, որ այս վիճակով գան իշխանության։ Այս դաշինքների դանդաղ կայացումը գիտե՞ք ինչով է պայմանավորված. չեն կարողանում պայմանավորվել, թե ով որտեղ պետք է լինի ցուցակում, բա որ պաշտոններին հերթը հասնի։
-Նույն տրամաբանությամբ կարելի է մեղադրել նաև իշխանությանը, այստեղ էլ ներքին գզվռտոցները, նեղանալ-հեռանալը պակաս դեր չունեն։
-Բոլոր իշխանությունների դեպքում նպատակը նույնն է՝ վերընտրվել, իսկ ընդդիմությունը պարտավոր է դժգոհ հատվածին առաջնորդել։ Սովորաբար հասարակությունն ընդդիմությանը ավելի շատ է վստահում։ Իշխանությունն ամեն ինչի համար պատասխանատու է, դրան գումարվում է նախորդ իշխանությունների չարածի ծանր բեռը։ Ընդդիմությունը շատ լավ հնարավորություն ունի նախընտրական հիանալի գործողություններ ծավալելու, հասարակությանը ներկայացնելու այնպիսի հետընտրական ծրագիր, որ բոլորին վստահություն կներշնչի։ Սակայն ժողովուրդն էլ է տեսնում, որ նման դաշինքները չեն կարող արդյունքի հասնել, գաղափարապես տարբեր մարդիկ իրար հետ երկար ճանապարհ չեն գնա։ Իհարկե, իշխանությունում էլ մարդիկ կան (հիմնարկի պետեր, տարատեսակ չինովնիկներ), որոնք գաղափարակիրներ չեն, բայց ՀՀԿ-ական են ու մեր ծրագրերն են իրականացնում։ Նրանք ՀՀԿ-ի ֆունկցիոներները չեն։ Կուսակցական գաղափարական հատվածն է «նավը» առաջ տանում։ Չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է ՀՀԿ-ում, բայց կա գոնե այդ «կմախքը», այսինքն` մարդիկ, որոնք գիտեն` ինչ են ուզում, ինչ ծրագիր պետք է կազմել։ Այսօր էլ ՀՀԿ-ում ինքնամաքրման գործընթաց է սկսվել։ Սահմանադրություն փոխեցինք, համագումարում ծրագրային դրույթներ փոխվեցին, մեր խոհանոցի «կեղտերը» հանեցինք-դրեցինք հասարակության առջև։ Նոր ընտրակարգի փոփոխությունն ընդդիմությանը հնարավորություն է տալիս համախմբվելու նույն գաղափարի շուրջ, հնարավորություն է տալիս նաև իշխանության ներկայացուցիչներին «ռեյտինգային» կոչվող ընտրությամբ մրցակցելու։ Ասել է՝ նոր ԸՕ-ն ստեղծել է բարենպաստ պայմաններ, որպեսզի և՛ ընդդիմությունը գաղափարական դառնա, և՛ իշխանությունն ինքնամաքրվի։ Մնում է քաղաքական գործիչները ճիշտ օգտագործեն տրված հնարավորությունը։
-Ձեր նշած «ինքնամաքրումը» իմիտացիա է որակվում, քանի որ նախընտրական շրջանում նման քայլերը կեղծ ու արհեստական են։ Ի՞նչ եք կարծում, հասարակությունը կհավատա՞ ինքնամաքրման հավաստիացումներին։
-Եթե դա իրականությանը համապատասխանում է, հասարակությունը հավատում է։ Այսօր, ուզենք թե չունենք, ԸՕ-ն է մեզ ստիպում գնալ «մաքրվելու» ճանապարհով։
-Մի՞թե «ինքնամաքրումը» մի քանի հայտնի դեմքերի՝ կուսակցությունից հեռանալն է։
-Բարեփոխումները սովորաբար ցավոտ են լինում։ Ես չգիտեմ, թե ով ինչի համար է գնում կամ գալիս, բայց յուրաքանչյուր նոր գործողության դեմ պայքարողներ կլինեն։ Կարելի էր ամեն ինչ հեղափոխական ճանապարհով անել, բայց դա հեշտ ճանապարհ չէ։ Անհատների մասին չէ խոսքը, այլ մեխանիզմի, որը պետք է քանդել ու վերակառուցել, սա ցավոտ գործընթաց է։ ՀՀԿ-ում այսօր շատերն են հավատում այդ բարեփոխումներին։
-Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀԿ-ին «զրկենք» ֆինանսներից և իշխանական լծակներից, քանի՞ մարդ կմնա այդ կուսակցությունում։
-Ինչ խոսք, իշխանությունը ձգող ուժ ունի, շատերին է իր շուրջը հավաքում՝ և՛ պատեհապաշտների, և՛ ամբիցիոզների։ Իշխանությունն ունի նաև մեկ այլ վատ հատկություն. անցյալում ով ինչ արել է, պատասխանատու է գործող իշխանությունը։ Իհարկե, իշխանությունն ունի առավելություն, առաջադրված ծրագրեր իրականացնողները պաշտոնյաներն են։ Այնպես որ, դրական և բացասական գործոններին զուգահեռ իշխանությունն այսօր հանրության վստահությունը շահելու կարիք ունի։ Եթե լուծենք այս խնդիրը, կշարունակենք մնալ իշխանություն, չլուծեցինք՝ ուրեմն ինչ-որ բան սխալ ենք արել։
-Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ այսօր ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ին լուրջ մրցակից ուժ չկա։
-Այսօր իշխանությունների խնդիրը նաև քաղաքական դաշտի կայացումն է։ Միակողմանի քաղաքական դաշտ չի լինում։ Իշխանությունը չի կարող դրական արդյունքներ արձանագրել, եթե չունենա լուրջ հակազդեցություն։ Անհրաժեշտ է մի ուժ, որը հստակ կներկայացնի, թե ինչպես է տեսնում երկիրն ապագայում, ինչպիսի ծրագրեր ունի, ու ովքեր են դրանք իրականացնելու։ Հայաստանին պետք են և՛ հզոր իշխանություն, և՛ մեծ ներուժով կառուցողական ընդդիմություն։ Իսկ իշխանության համար առավել վտանգավոր են այն մարդիկ, ովքեր իշխանություն են ներկայացնում, «մեջտեղ» ուտում են, շուրջը ֆռֆռում, բայց պատերի տակ իշխանությունից են բամբասում։
-Իշխանությունը շատ լավ գիտի` ովքեր են «մեջտեղ» ուտողները, բամբասողները, ինչո՞ւ չեք ազատվում նրանցից։
-Հենց նրանցից էլ հիմա ուզում ենք մաքրվել։
-Ի դեպ, ասում են` այս անգամ բավականին մեծ գումարներ են ընտրությունների ժամանակ ծախսվում, և ընտրակաշառքը կարող է շատ մեծ լինել։ Այդպե՞ս է։
-Ես կխոսեմ իմ անունից։ Երկու անգամ մեծամասնական, երեք անգամ էլ համամասնական ընտրակարգով եմ ընտրվել ու երբեք գումար չեմ բաժանել։ Ընտրակաշառքների մասին ընդամենը լսել եմ։ Այսօր նույնիսկ ընտրակաշառքի ձևն է փոխվել, իբր բարեգործություն են անում, բայց իրականում ընտրակաշառք է։ Այս երկուսն այնքան են միաձուլվել, որ երբ ուզեն, կարող են դա որպես բարեգործություն ներկայացնել, երբ ուզեն՝ ընտրակաշառք։ Երկուսն էլ հավասարապես չեմ ընդունում, քանի որ բարեգործությունը ցուցամոլություն չի սիրում։ Կուսակցության անունից էլ ասեմ, որ կա խիստ հրահանգ` ամեն ինչ անել, որ արդար, մաքուր ընտրություններ անցկացվեն։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ