ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է»

«Հայաստանի Հանրապետությունը  տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է»
16.12.2016 | 00:39

Անցած շաբաթ Հայաստանի տնտեսական դաշտը համախմբել էր տարբեր միջազգային և տեղական ներդրումային կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու ներդրումային հնարավորությունների հարցեր։ Այն փաստը, որ այս հավաքի նախաձեռնողը կառավարությունն էր, հիմք էր տալիս ենթադրելու, որ պոտենցիալ ներդրողներն ավելի լուրջ կմոտենան քննարկվող հարցին։ Զրուցում ենք տնտեսության զարգացման և ներդրումների նախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ հետ։


-Սա լավ հարթակ է, որտեղ մենք կկարողանանք լավագույնս ներկայացնել մեր ներդրումային դաշտը, զարգացումներն ու այդ դաշտի բարելավմանն ուղղված անելիքները։ Նման հարթակները հետագայի համար կարող են ստեղծել մեծ հնարավորություններ։
-Պարոն նախարար, դա շատ պարզ է, սակայն հարցս այլ բանի մասին է. մեր ներդրումային դաշտն այս պահին կարո՞ղ է գրավիչ լինել ներդրողների համար, հատկապես արտերկրի։
-Բավականաչափ։
-Օրինակ, ինչո՞վ կարող ենք հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար։ Նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում ներդրումների ծավալը կտրուկ պակասել է, տնտեսության աշխուժացում ևս չի նկատվում։ Ստեղծված իրավիճակում ներդրումային դաշտը ինչպե՞ս կարող է գրավիչ լինել։
-Մեր «գրավչությունն» արտահայտվում է հետևյալում. Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է։ Դրա հետ մեկտեղ, մենք Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի և այլ երկրների հետ օգտվում ենք «2+» միակողմանի արտոնյալ ռեժիմից։ Դա առևտրային դաշտում այն առավելությունն է, ինչը լայն հնարավորություն է տալիս մեզ` որպես երկիր, բացելու մեր շուկաները պոտենցիալ ներդրողների առաջ։
-Այդ բոլորը նոր բան չեն, Ձեր թվարկած առավելությունները շուրջ երկու տարուց ավելի գործում են, սակայն փաստը մնում է փաստ, որ ներդրումների քանակը փոքրացել է։ Հիմա ի՞նչն է փոխվելու, որ նշված գործոններն առաջնային դառնան և նպաստեն ներդրումների աճին։
-Առաջինը՝ մենք գնալով այդ շուկաները մեծացնելու ենք։ Երկրորդ կարևոր գործոնն արդյունաբերությունն է։ Եթե ուշադրություն եք դարձրել, ՀՀ-ում արդյունաբերության ճյուղը և արտահանումը մեծանում են, ինչի մասին փաստում են թվերը։
-Այդ դեպքում ինչո՞ւ է մեր տնտեսությունն անկում ապրում։
-Տնտեսությունն անկում չի ապրում, նորից աճ է նկատվում։
-Երբվանի՞ց այն սկսեց աճել։
-Անկումը հիմնականում նկատվում է շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում, մինչդեռ այժմ, ինչպես նշեցի, աճի միտումներ են նկատվում նաև արդյունաբերության ու արտահանման ոլորտներում։
-Հայրենական արդյունաբերության ո՞ր ճյուղը հետաքրքիր կլինի արտերկրի ներդրողների համար։
-Կարծում եմ՝ հանքարդյունաբերությունը, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, էներգետիկան և վերամշակող ձեռնարկությունները։ Համենայն դեպս, կարծիքս հիմնված է վերջիններիս հետ զրույցների և ուսումնասիրությունների վրա։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ. Ինչ ուզում եք ասեք, մեր երկրի նման անկանխատեսելի երկիր, աշխարհ էլ ման գանք, չենք գտնի։ Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես միշտ, պնդում է, որ տնտեսության հիմնական աճ ապահովողը գյուղատնտեսության ոլորտն է։ Տնտեսության զարգացման և ներդրումների նախարարությունը, որը մի քանի ամիս առաջ կոչվում էր էկոնոմիկայի նախարարություն, տնտեսական աճի շեշտը միշտ էլ փորձել և այժմ էլ փորձում է «քաշել» իր կողմը։ Ինչ խոսք, թվերը գուցե և աճ են փաստում, բայց մենք հո գիտենք, թե ինչպես են հմուտ «նկարիչները» աշխատում այդ թվերի «գեղագիտական» կողմի վրա։ Եթե արդյունաբերությունը թվերով աճում է, ապա ինչո՞ւ այն գործնականում չի աճում։ Եվ ի՞նչ պատահեց, որ միանգամից երկու-երեք ամսում աճ սկսեց արձանագրվել։ Չէ՞ որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն էլ փաստեց, որ կառավարությունը չունի «կախարդական փայտիկ»՝ բոլոր խնդիրները մի հարվածով լուծելու համար։ Իսկ արդյունաբերությունն այն ծանր ոլորտներից մեկն է, որի աշխուժացումը լուրջ ներդրումներ և ջանքեր է պահանջում։

Դիտվել է՝ 2154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ