Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պետական պարտքի «կոկորդից» են բռնել

Պետական պարտքի «կոկորդից» են բռնել
09.12.2016 | 00:20

«Դուք գիտեք, որ մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ և ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագրերն ենք համարելու առաջնահերթ և որ ծրագրերն ենք ֆինանսավորելու»,- օրերս ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը միջազգային վարկատուների հետ հանդիպման ժամանակ։


Եվ այսպես, կառավարությունը պետական պարտքի մակարդակի կայունացման և առաջիկայում այն չմեծացնելու ուղղությամբ ոչ թե խոսքով, այլ գործով է մտադիր քայլեր կատարելու։ Իհարկե, դրա լավագույն միջոցը նոր վարկեր չներգրավելն է և տնտեսության զարգացումը։ Որքանո՞վ դա հնարավոր կլինի, դժվար է ասել, բայց որ ամենագործուն տարբերակը սա է, փաստ է։ Ամեն դեպքում, այս պահին գործադիրը փորձում է վարկերի հաշվին ֆինանսական միջոցների ներգրավումը սահմանափակելու համար կրճատել հարակից ծախսերը։ Մասնավորապես, դա իրականացնում է ԾԻԳ-երի կրճատումներով։ Բացի նշվածից, հիշեցնենք, որ պետական պարտքի կայունացման նպատակով 2017-ի պետբյուջեի դեֆիցիտը սահմանված է 2,8 տոկոս։


Գուցե և կառավարությանը հաջողվի կայունացնել պետական պարտքը։ Համենայն դեպս, այն փաստից, որ Կարեն Կարապետյանը միջազգային կառույցների հետ անձամբ է քննարկել վերը նշված հարցերը, պետք է ենթադրել, որ դրական արդյունք կարող է լինել։ Իհարկե, ԾԻԳ-երի կրճատումը դժվար թե լինի միջազգային ֆինանսական կառույցների սրտով, չէ՞ որ դրանց պահպանումը, ինչպես նաև ԾԻԳ-երի կողմից տրամադրվող խորհրդատվությունն իրականացվում են վարկային միջոցների հաշվին։ Եվ նկատենք, որ վարկերի զգալի հատվածն ուղղվում է ԾԻԳ-երի պահպանմանը և աշխատողների աշխատավարձերին։ Սա նշանակում է, որ վարկատուներն այս հարցում իրենց հետաքրքրություններն ունեն, հետևաբար մեծ խանդավառությամբ չեն ընդունի ՀՀ կառավարության նոր քաղաքականությունը։
Բայց եթե այսօր որդեգրված է ռազմավարություն՝ ամեն կերպ կայունացնելու պետական պարտքը ֆինանսական տարբեր գործիքներով և ծախսերի կրճատումներով՝ ԾԻԳ-երի փակման միջոցով, ապա մտածել, թե ինչ կասեն և ինչպես կընդունեն այդ ռազմավարությունը միջազգային կառույցները, անհեռանկարային կլինի։ Ի վերջո, ցանկացած երկիր և կառույց առաջին հերթին հետապնդում է իր շահը։ Գաղտնիք չէ, որ թույլ է այն երկիրը, որը չի կարողանում առաջ տանել իր հետաքրքրությունները՝ նպաստելով սեփական երկրի զարգացմանը։


Ինչ խոսք, արտաքին պարտքը լուրջ խնդիր է ոչ միայն կառավարության, այլև ժողովրդի համար։ Վերջին հաշվով, այդ պարտքի բեռը կրողները հարկատուներն են, և երբ 2009-ից սկսած կառավարությունը «աննշմար» քայլերով մխրճվեց պետական պարտքի ճահճի մեջ, իրեն հարց չտվեց՝ ինչպե՞ս է դրա բեռան տակից դուրս գալու։ Հայտնի բան է, երբ պարտքը գործի մեջ ճիշտ չես աշխատեցնում, պարտքի վրա պարտք է ավելանում։ Գաղտնիք չէ, որ վերցրած վարկային միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում։ Դրա վկայությունը մեր տնտեսության այսօրվա տխուր վիճակն է և սոցիալական լարվածությունը։


Նախկին երկու կառավարությունների անհեռատես քաղաքականության հետքերն է փորձում վերացնել այսօրվա գործադիրը։ Ասել, որ մի քանի ամսում հնարավոր կլինի լուծել տարիներով կուտակված խնդիրները, միամտություն կլինի։ Բայց և այնպես, այն փաստը, որ փորձ է արվում մի կողմից՝ կայունացնել պետական պարտքը, մյուս կողմից՝ տնտեսության աշխուժացման համար պայմաններ ստեղծել, կարելի է ենթադրել, որ դրական տեղաշարժեր հնարավոր են։ Համենայն դեպս, մի բան անհերքելի է. եթե իշխանությունը ցանկանա, ցանկացած խնդիր կարող է լուծել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ