Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Որքան կհասցնենք, որքան՝ ոչ, ժամանակը ցույց կտա»

«Որքան կհասցնենք, որքան՝ ոչ, ժամանակը ցույց կտա»
25.11.2016 | 00:49

Պարտք ասածից մարդ քունն ու դադարը կորցնում է, բայց այսօր ոչ թե մեկ մարդ է պարտքի տակ, այլ ամբողջ ժողովուրդը։ Այսօր կառավարության առջև լուրջ խնդիր է դրված՝ կայունացնել արտաքին պարտքը։ Սրան հասնելու համար ֆինանսների նախարարությունը կիրառում է բազմաթիվ գործիքներ, սակայն ֆինանսական ինչ լավագույն գործիքներ էլ լինեն, միևնույն է, ամենալավ գործիքը եղել և մնում է տնտեսության զարգացումը։ Այս ոլորտում աճը օդի պես անհրաժեշտ է ոչ միայն գործող կառավարությանը, այլև ժողովրդին, քանի որ պարտքը ևս ոչ միայն կառավարությանն է, այլև սերունդներինը։ Ֆինանսների նախարարը վերջերս լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրեց իրավիճակը և այն բոլոր գործիքները, որոնցով հնարավոր է կայունացել արտաքին պարտքը։ Եթե տնտեսական աճ չլինի, ի՞նչ գործիքով հնարավոր կլինի կանխել պարտքի ավելացումը՝ հարցրինք ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ։


-Եթե տնտեսությունը չզարգանա, ապա գրեթե անլուծելի կլինի այդ խնդիրը,- ասաց նախարարը։- Եթե չստեղծվի ՀՆԱ, չձևավորվեն նոր եկամուտներ, բնականաբար, անխուսափելի կլինի պարտքի ավելացումը։ Հարցը դիտարկենք մեկ մարդու օրինակով. եթե մարդը եկամուտներ չի ստեղծում, ստիպված ավելի մեծ պարտքեր պիտի վերցնի, որ կարողանա փակել եղած պարտքը, և այսպես շարունակ։ Սա վտանգավոր խաղ է, կասեի՝ ամենավտանգավորը։
-Այս պահին Հայաստանում նման տենդենց նկատվո՞ւմ է։
-Ոչ։ Բայց պետք է նշեմ, որ պարտքի աճի միտում նկատվում է։ Եվ որպեսզի մենք չհայտնվենք նշված վտանգավոր խաղի մեջ, 2017-ի համար այն թիրախավորել ենք, որ պարտքը ՀՆԱ-ի մեջ անվերջ չաճի։ Եթե ուսումնասիրենք իրավիճակը 2009-ից սկսած մինչ օրս, կտեսնենք, որ ունեցել ենք մեկ անգամ պարտքի աճի դեպք, որից հետո այն կայունացել է։ Այնուհետև, 2014-ից այն սկսել է աճել՝ պայմանավորված շոկային իրավիճակներով։ Մեր խնդիրն է, որ այժմ քայլեր իրականացնենք կայունացնելու այն հետագա տարիների համար։ Այս երևույթը հատուկ է բոլոր երկրներին։ Նույն ԱՄՆ-ում եղել է տնտեսական շոկ, ինչից ելնելով արտաքին պարտքը մեծացրել են, որպեսզի կարողանան հակազդել, այնուհետև այն կայունացրել են։ Այնպես որ, Հայաստանն այս առումով բացառություն չէ։
-Տեսեք, ԱՄՆ-ը և այլ երկրներ արտաքին պարտքի կայունացման համար լուծել են երկու կարևորագույն խնդիր՝ ապահովել են տնտեսական աճ և լուծել եկամուտների հավաքագրումը։ Սակայն Հայաստանը մինչ օրս ունի լուրջ խնդիր՝ ստվերային տնտեսություն։ Եթե խոշոր գործարարներն արտոնյալ պայմաններ ստվերում չունենային, ապա այսօր գուցե Հայաստանն է՛լ ավելի հեշտ կարողանար լուծել պետական պարտքի կայունացման և վճարման հարցը։ Մյուս կողմից` վարչապետը, որից հետո նաև Դուք և ՊԵԿ-ի ղեկավարը, հայտարարեցիք, որ հաստատվել են խաղի նոր կանոններ։ Խաղի ի՞նչ կանոն է կոնկրետ փոխվում, որը հնարավորություն կտա եկամուտները ստվերից դուրս բերելու։
-Առաջին խնդիրն է ՝ ապահովել հարկային և մաքսային քաղաքականության արդարացի և թափանցիկ գործունեություն։
-Պարոն նախարար, այդ պահանջը միշտ էլ դրված է եղել։
-Այո, սակայն կարևոր է, թե ինչ ձևաչափով է այն իրականացվելու։ Քանի որ աշխարհում կիրառվում է երկու տարբերակ՝ չափելի գործողությունների և ընդհանուր մոտեցումների, մենք այդ երկուսի միջև ընտրություն ենք իրականացրել։ Առաջիկա հինգ ամսվա համար ներդրվել են չափելի գործողությունները։ Օրինակ, վերանայվում է ներմուծման գործընթացը, և փորձում ենք կրճատել ներմուծման ընթացքում առաջացող անարդյունավետ գործողությունները։ Այսպես շարունակ բոլոր ընթացակարգերում կիրառվելու են հստակ մոտեցումներ, ինչը, մի կողմից, կնպաստի տնտեսության աշխուժացմանը, մյուս կողմից՝ եկամուտների հավաքագրմանը։
-Այս պահին որո՞նք են պարտքի կայունացման ցուցիչները։
-Եթե երկու տարի անընդմեջ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը աճում էր 6-7 տոկոսային կետով, ապա մենք փորձել ենք այս աճը զսպել, և 2017-ի համար նախատեսված է 2 տոկոսային կետ։ Սա արդեն կայունացման ցուցիչ է։ Երկրորդ, կարծում եմ, որ եկող տարի տնտեսական աճի տեմպն ավելին կլինի այս տարվա համեմատ։ Երրորդ կարևոր գործոնը գնաճային միջավայրն է, որը ևս, կարծում եմ, նպաստավոր կլինի։ Միջազգային տենդենցներով պայմանավորված դրամական փոխանցումների աշխուժացում կլինի, ինչը դրական ազդեցություն կունենա ժողովրդի գնողունակության վրա։
-Իսկ դա ե՞րբ ժողովրդի համար նկատելի կլինի, ե՞րբ մարդն իր վրա կզգա այդ փոփոխությունը։
-Կարծում եմ՝ տարեվերջյան հաշվետվությունում այն կնկատվի։
-Բոլոր դեպքերում, կառավարությունը կհասցնի՞ հինգ ամսում լուծել իր առջև դրված այդ մեծ խնդիրը։
-Ամեն ինչ պետք է անենք դրա համար։ Թե որքան կհասցնենք, որքան՝ ոչ, ժամանակը ցույց կտա։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ