Մերօրյա շնորհներից մեկը սուպերմարկետների իրողությունն է, որոնց գործունեությունը երկակի գնահատականի է արժանանում: Այսուհանդերձ փաստ է, որ դրանցում առևտուր կատարելը նախընտրելի են համարում հարյուր հազարավոր գնողունակներ, ինչի հաստատումն են անգամ 10 դրամարկղերի պարագայում դրանց մոտ գոյացող հերթերը: Թե ինչով են սուպերմարկետները գրավում մեր համաքաղաքացիներին, դժվար է ասել, բայց և… հարկ է նշել, որ առևտրի այս նոր տարածքներում մեր մարդկանց սպասարկումը անհրաժեշտ է առավել բարեխղճությամբ կազմակերպվել:
«Սուպեր» բառը, որը շուկայական այս կառույցների հիմնական դերն ու նշանակությունը ներկայացնող իմաստն է, հայերեն թարգմանած կարդում ենք որպես առաջնակարգ, գերազանց, բարձրորակ, գերգերազանց և այլն: Հիմնականում համապատասխանելով այս որակումներին, տարօրինակորեն հանդիպում են նաև փաստեր, երբ նշված գնահատականների մասին ստիպված ես լինում մոռանալ: Ասենք, գյուղմթերքների բաժնում ցուցադրվող կարտոֆիլի ու սմբուկի, ստեպղինի ու բազուկի, այլ բանջարաբոստանային մշակաբույսերի գնման պարագայում: Կարտոֆիլի դեպքում որակի մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանզի այն թե հավկիթաչափ է, թե մինչև 0,5 կգ քաշով: Դրանց վրայի սև խոռոչները, հողով պատված լինելը տանտիրուհիների համար որոշակի խնդիրներ են ստեղծում: Հարկ է, որ գնորդներին ներկայացվեն միջին չափի և առողջ պալարներ: Ամենուր խոշոր կարտոֆիլներն օգտագործում են վերամշակողները, իսկ մանրերը, հավանաբար, անասնակեր են դառնում, որովհետև այն սուպերմարկետներում գնորդին առաջարկելը սպասարկման ընդունված կարգ չէ: Այսօրինակ խնդիրներ են առաջանում նաև տեղական արտադրության բազուկն ու ստեպղինը, սմբուկն ու լոլիկը գնելիս: Դրանց արտաքին տեսքը շատ հաճախ վանող է, որպիսիք սուպերմարկետ անվանվող առևտրային կետերում հարկ չէ գնորդին ներկայացնել: Գնորդները հողապատ գյուղմթերքների առկայությունը կեսկատակ բացատրում են տեղական լինելու հանգամանքով:
Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու չեն պիտակավորվում արտերկրներից ներմուծված գյուղմթերքները: Սխտորը չինական է, սոխը՝ պարսկական, ստեպղինը՝ իսրայելական, տանձն ու խնձորը՝ ամերիկյան ու եվրոպական, որոնց ծագման երկրի մասին գնորդին ոչ մի տեղեկություն չի տրվում: Որ վաճառվող ամեն ինչի արտադրության վայրը պարտադիր հարկ է նշել ապրանքի գնի կողքին, առաջնային անհրաժեշտություն է, գնորդին կողմնորոշող հանգամանք: Սա պահանջ է, որն իրականացվում է պիտակավորում ունեցող յուրաքանչյուր ապրանքի վրա: Այսկերպ նաև կճշտվի, թե ինչ չափով ենք մենք հայոց հողում աճեցված սնունդ սպառում, ինչպիսին են մեր պարենապահովությունն ու պարենանվտանգությունը, որտեղ է թերանում գյուղոլորտը, և ինչ չափով են արդարացված մեր սպասումները հայաստանյան գյուղատնտեսությունից: Ի վերջո, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնորդ-հարկատուների միջոցներով գոյացող ՀՀ բյուջեից միլիարդավոր դրամների ֆինանսավորում է ստանում, որը հարկ է որ արդարացված լինի: Այն մերօրյա պահանջ է:
Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ