ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Լավ ծրագիրը դեռ քիչ է, հարկավոր են լավ կատարողներ»

«Լավ ծրագիրը դեռ քիչ է, հարկավոր են լավ կատարողներ»
21.10.2016 | 01:05

Երեկ արտահերթ ռեժիմով ԱԺ-ի քննարկմանը ներկայացվեց կառավարության ծրագիրը։ Մարդիկ որոշակի ակնկալիքներ ունեն, բայց և աչքի տակ ունեն նախորդ կառավարությունների գեղեցիկ բառերով ու նպատակներով համեմված ծրագրերի ձախողումները։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ կառավարության ծրագրի առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Սա կարճաժամկե՞տ ծրագիր է։
-Այո, նույնիսկ կարելի է քննադատել, որ ծրագիրը հենց այդ սկզբունքով է մշակված։ Օրինակ, ես ուշադրություն դարձրի գյուղատնտեսության ոլորտին, չկան արմատական փոփոխություններ, սակայն խնդիրներ են առաջադրված, որոնք մի քանի ամսում կարող են լուծվել։ Կան նաև որոշ բազային խնդիրներ, որոնք առաջին հայացքից անկարևոր կարող են թվալ, բայց դրանք այսօր պետք է լուծել, որ 2018-ին առաջ գնալու հիմքեր ունենանք։ Մարտավարական խնդիրներ են լուծվելու, որոնց ազդեցությունը հասարակությունը շատ արագ կզգա։ Կարծում եմ՝ իրատեսական ծրագիր է՝ կարճ ու կոնկրետ։
-Ասել է՝ «իրավիճակայի՞ն» ծրագիր է, երբ օպերատիվորեն պետք է արձագանքել ամենասուր հարցերին։
-Իրավիճակային խնդիրներ կան, որոնք միանգամից չեն լուծվի, բայց կան այնպիսիք, օրինակ, սննդի անվտանգության հետ կապված հարցերը, որոնք շատ արագ լուծում կստանան։ Գյուղատնտեսական համակարգում արմատական փոփոխություն պետք չէ, որպեսզի սննդի անվտանգությունն ապահովվի։ Մաքսային ոլորտում կոռուպցիայի «բույն» համարվող և հանրությանը հուզող հարցերի լուծումները ևս տեղ են գտել այս ծրագրում։ Այլ խոսքով, հանրությանն այս պահին շատ անհանգստացնող հարցերի լուծումներ կգտնեք։
-Այս կառավարությունն էլ է խոստացել կոռուպցիայի դեմ պայքարել, ինչը չհաջողվեց Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին։
-Չեմ կարծում, թե նախկին վարչապետերն այդ հարցում չեն հաջողել։ Կոռուպցիան այն խնդիրն է, որը միշտ եղել է, կա ու կլինի, հարցն այն է, թե այն ինչքանով կնվազի։ Տիգրան Սարգսյանը քիչ բան չի արել այդ ուղղությամբ, Հովիկ Աբրահամյանն էլ իր լուման ունի։ Սա միայն վարչապետով պայմանավորված խնդիր չէ, 2008-ից մեր կուսակցության ծրագրերում ամրագրված դրույթ է։ Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունի նաև հասարակությունը, քանի որ հանրային տարբեր շերտեր ներգրավված են կոռուպցիայի մեջ։ Այնպես որ, ասել, թե միանգամից վերացնում ենք այդ երևույթը, սխալ կլինի։ Նորանշանակ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդոլոգիան, ձևերն է փորձում հարստացնել՝ ներգրավելով հասարակության լայն շերտերին։ Պետք է հոգեբանություն փոխել, կան բաներ, որոնք փողից վեր են։ Այսինքն, կոռուպցիայի դեմ պայքարը մեկ-երկու օրվա գործ չէ։
-Կա՞ մի խնդիր, որը կուզենայիք այս ծրագրում լիներ, բայց չկա։
-Կադրային քաղաքականությանը պետք է լուրջ ուշադրություն դարձվի՝ սուբյեկտիվ գործոնը բացառելու համար։ Լավ ծրագիրը դեռ քիչ է, հարկավոր են լավ կատարողներ։ Համոզված եմ, որ վարչապետը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Հիմա վերին օղակներում այս քայլը կատարվում է, մնում է ներքևում կադրային ճիշտ քաղաքականություն իրականացվի։ Հանրության վստահությունը մեծանում է նաև ճիշտ կադրերի նշանակմամբ, օրինակ, եթե մարդը տեսնի, որ իր տարածքի հարկայինի ղեկավարը, սոցիալական աշխատողը ճիշտ մարդիկ են, նրա վստահությունն ավելի է մեծանալու կառավարության ու նրա քայլերի հանդեպ։ Շարքային քաղաքացու անմիջական շփումն այդ կադրերի հետ է, նրանց միջոցով է կարծիք ձևավորվում պետության ու բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր հին կադրերին պետք է փոխարինել նորերով։ Մարդկային և աշխատանքային բարձր որակներ ունեցող կադրերը պետք է մնան, ազատվել պետք է անվստահելի մարդկանցից։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ