ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Մենք հաճախորդների կարիք չունենք»

«Մենք հաճախորդների կարիք չունենք»
07.10.2016 | 00:11

Վանաձորի և Գյումրու ընտրություններում խորհրդարանական որոշ ընդդիմադիր ուժեր չկարողացան անգամ անցողիկ շեմը հաղթահարել՝ իրենց տապալումը պայմանավորելով ընտրակեղծիքներով։ Իսկ ի՞նչ են մտածում այս մասին ՀՀԿ-ում։ Զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։

-Ձեզ համար անակնկա՞լ էր խորհրդարանական ընդդիմադիրների նման ցածր ցուցանիշը, պարոն Բաղդասարյան։
-Անակնկալներ չեն եղել, մեր հարցումները ևս այդ մասին էին վկայում։ Զարմանալի է, որ այդ ուժերը, ինքնաքննադատությամբ զբաղվելու փոխարեն, մեղավորներ են փնտրում։ Ականատես եղանք, թե այդ ուժերն ինչ ռեսուրսներ ունեն։ Այս ընտրությունները նախորդների համեմատ առավել մրցակցային էին ու քաղաքական։ Համոզվեցինք, որ խորհրդարանական մոդելն ամենաընդունելի տարբերակն է։ Գալիք խորհրդարանական ընտրությունների համար ՏԻՄ այս ընտրությունները փորձաշրջան էին։ Այն փոքր խնդիրներն էլ, որոնք այս ընթացքում ի հայտ եկան, կարծում եմ, առաջիկայում կշտկվեն։
-Ընդդիմադիրներից ոմանք ընտրողի մտածելակերպի մեջ տեսան իրենց պարտությունը, այսինքն, ընտրողը կոնկրետ իր «քյարն» է հետապնդում, կաշառվում է։
-Նրանք ոչ թե ժողովրդին պետք է մեղադրեն, այլ իրենց, իրենց քաղաքականությունը։ Հետաքրքիր է, որ մինչև ընտրությունների օրն այդ ընդդիմադիրներից ոչ ոք չէր խոսում ընտրակաշառք բաժանելու մասին, պարտությունից հետո միայն սկսեցին խոսել։ Բա ինչո՞ւ մինչ այդ չէին բարձրաձայնում, արդյունքներն ամփոփելուց հետո սկսեցին մրոտել ընտրությունները։ Նրանք սև գործ են անում։ Հայտարարում են, թե քսան տարվա կուսակցությունը չի կարող այդքան ձայն հավաքել։
-Իսկապես տարօրինակ է՝ հանրությունը խիստ դժգոհ է ՀՀԿ-ից, բայց դուք ամենաբարձր տոկոսներն եք ստանում։
-Այդ դժգոհությունների մասին բարձրաձայնում են նրանք, ովքեր ընդամենը երկու-երեք հարյուր հոգի կարող են հավաքել ու հայտարարել, թե ժողովուրդը դժգոհ է։ Այո, մենք չենք ասում, թե ժողովուրդը որոշ հարցերում օբյեկտիվորեն դժգոհություն չունի, բայց այդ ամենը պետք է համեմատության մեջ դիտարկել։ Մարդիկ մտածում են՝ եթե ոչ հանրապետականները, էլ ո՞վ կարող է լինել։ Գիտակից հատվածը, վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, տնտեսական վիճակը, այս խնդիրները համարում է իրավիճակային, որոնք հաղթահարելի են։ Պետք է նայել Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական վիճակը։ Հայ ժողովրդի մեծ մասին չեն հետաքրքրում աշխարհաքաղաքական զարգացումները, նրան կոնկրետ իր սոցիալական վիճակն է անհանգստացնում։
-Հենց այդ վիճակը հաշվի առնելով, ինչպես նաև նորանշանակ վարչապետի հայտարարությունը, թե տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, ժողովուրդն իրավունք ունի՞ չվստահելու և արդարացիորեն դժգոհելու։
-Իրավունք ունի, բայց դա նաև նշանակում է, որ մեզ հետ է կապում ապագայի հույսն ու դրական ակնկալիքները։ Այս բարեփոխումները ևս դրական սպասումներ են արթնացրել։
-Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունները կարո՞ղ են լակմուսի թուղթ լինել խորհրդարանական ընտրությունների համար։
-Դժվար է ասել, թեև, խոշոր հաշվով, այո, լակմուսի թուղթ կարող են լինել, նաև՝ օրինակելի, ընտրությունների որակի առումով, քանի որ էական առաջընթաց կար։ Պիլոտային ծրագրերը շատ կարևոր են, որպեսզի առկա բացթողումները կարողանանք շտկել։ Այս ընտրություններն ունեին նաև մեկ առանձնահատկություն՝ քաղաքականացված էին։ Այս առումով ընդդիմադիրները ևս պետք է հետևություններ անեն, իսկ եթե շարունակելու են մեղադրել ժողովրդին, դարձյալ ոչինչ չեն շահելու։
-Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունների արդյունքները կարո՞ղ են որոշ առումով ապագա խորհրդարանի պատկերն ուրվագծել, այսինքն՝ ընդդիմադիրներից ոմանք կարո՞ղ են չհայտնվել ապագա ԱԺ-ում։
-Քաղաքականությունում ոչինչ բացառել հնարավոր չէ, և այսօրվա պատկերն էլ որոշակի հետևությունների առիթ տալիս է։
-Այսպիսի ընդդիմության առկայությունը ՀՀԿ-ի համար խնդիր չէ՞։
-Իհարկե, միշտ էլ ուժեղ ընդդիմությունը զգոն է պահում իշխանությանը։ ՀՀԿ-ին ոչ թե չգնահատող, հայհոյող ընդդիմություն է պետք, այլ կառուցողական, որ կարողանա սեղանի շուրջ նստել իշխանության հետ և առկա թերությունները քննարկել։ Պետությունը մրոտելով՝ արդյունքի չեն հասնի։ Սա ի վնաս իշխանության է աշխատում։
-Ոմանց կարծիքով՝ ընդդիմությունը չհաջողեց այս ընտրություններում, քանի որ միմյանց դեմ էին պայքարում։
-Պետք է վերջ տալ այդ գզվռտոցին, մենք արդեն սկսել ենք հաշտեցնողի դեր կատարել։ Հաճախ մոռանում են իշխանությանը, մրցակցում են միմյանց հետ, թե ով է ամենաընդդիմադիրը։ Սա քայքայելու է հենց իրենց։
-Ոմանց համոզմամբ՝ վերահսկելի ընդդիմությունը ձեռնտու է հենց իշխանությանը։
-Դա իշխանության ամենամեծ սխալներից մեկը կլիներ՝ ստեղծել վերահսկելի ընդդիմություն։ Սա մեր երկրին լավ բան չխոստացող ճանապարհ է։
-Չնայած Ձեր հավաստիացումներին, հաճախ են ընդդիմադիրները միմյանց մեղադրում իշխանության «հաճախորդը» լինելու մեջ։
-Այդ մրցավազքի պատճառով է, որ մեկը մյուսին հաճախորդ է համարում։ Բազմիցս հայտարարել եմ՝ մենք հաճախորդների կարիք չունենք։ Այդ ձևով իրենք իրենց են վարկաբեկում։ Այս առումով ցավում եմ ընդդիմության համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ