Սեպտեմբերի 20-ին Չինաստանի ՈՒրումչի քաղաքում բացվեց հերթական Էքսպո ցուցահանդեսը, արդեն՝ հինգերորդը: Միջազգային մակարդակի տնտեսական ու քաղաքական իրադարձություն համարվող էքսպոն դարձել է Չինաստանի պետական դիվանագիտության, տնտեսության, փորձի փոխանակման կարևորագույն հարթակ, որտեղ հավաքվում են 25 եվրասիական երկրների քաղաքական և տնտեսական ղեկավարներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու ձեռներեցներ:
Իր մասշտաբների շնորհիվ Չինաստան-Եվրասիա համաշխարհային ցուցահանդեսը համարվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ: Չինաստան-Եվրասիա էքսպո ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա ևս ընդգծել է, որ իր գոյության տարիներին «Չինաստան-Եվրասիա» էքսպոն համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ է ստեղծել, որ հինգերորդ ցուցահանդեսը ևս կունենա կարևորագույն համաշխարհային տնտեսական նշանակություն և իր էական ներդրումը կբերի՝ գործարար երկխոսության ընդլայնմանը՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կենսագործման ճանապարհին: «Մետաքսի ճանապարհը տարբեր երկրների ժողովուրդների ընդհանուր հարստությունն է և Չինաստանը այսօր զարգացնում է Մետաքսի ճանապարհի ոգին, ամրապնդում ժողովուրդների մերձեցումը:
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությունը մեծ աջակցություն է ստացել Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող պետություններում: Չինաստանն այդ պետությունների հետ ստեղծում է փոխշահավետ համագործակցության ցանց, համատեղ մշակում է նոր տիպի գործակցության մոդել, բացում է դիվերսիֆիկացված համագործակցության հարթակ: Այդ բոլոր ջանքերը ուղղված են Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող երկրների ու ժողովուրդների բարեկեցությանը: Վստահ եմ, որ այս ներկայացուցչական համաժողովի շրջանակներում կհնչեն նոր, կառուցողական գաղափարներ ու հայեցակարգեր, կքննարկվեն գլոբալ զարգացման արդիական պրոբլեմները, մենք հնարավորություն կունենանք ամփոփել անցյալի դասերը, նշել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զարգացման հիմնական միտումները:
Պատմությունն ապացուցել է, որ սերտ համագործակցությունը և միջմշակութային շփումները խաղաղության և առաջընթացի հիմքն են: Հին ժամանակներում Չինաստանը, Ասիայի ու Եվրոպայի երկրները կապված էին Մետաքսի մեծ ճանապարհով, որ մեծ ներդրում էր տարածաշրջանի ոչ միայն տնտեսական բարգավաճման ու զարգացման, այլև ժողովուրդների հումանիտար ու մշակութային համագործակցության մեջ: Մետաքսի մեծ ճանապարհը ամբողջ մարդկության արժեքավոր պատմական ու մշակութային ժառանգությունն է» իր ելույթում ասել է ԱԺ փոխնախագահը, նա ընդգծել է, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծումը, համատեղ կայացումն ու զարգացումը համապատասխանում են Եվրասիայի երկրների ժողովուրդների շահերին և կնպաստեն տարածաշրջանում տնտեսական բարգավաճմանը ու համագործակցությանը, Ասիայի ու Եվրոպայի առևտրական նոր հնարավորությունների ստեղծմանը՝ միավորելով տնտեսական զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների, տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների միջև փորձի փոխանակմանը: «Մետաքսի ճանապարհը խաղաղության ու բարեկամության, փոխըմբռնումի ու վստահության ճանապարհ է»՝ բանաձևել է Հերմինե Նաղդալյանը:
Նա ընդգծել է, որ Մետաքսի ճանապարհը Արևելքի ու Արևմուտքի հաղորդակցության խորհրդանիշ է: «Հայաստանը իր ամբողջ պատմության ընթացքում եղել է երկու աշխարհների՝ Արևելքի ու Արևմուտքի սահմանագծին: Հազարամյակներով Հայաստանը կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև: Վաղնջական ժամանակներում հայկական ապրանքները վաճառվում էին չինական շուկայում, իսկ հայկական առևտրական նավերը հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ:
Հայաստանին ու Չինաստանն կապում է բազմադարյա բարեկամությունը: Չինաստանը մեծ երկիր է, որ միշտ զարգացրել է իր հարաբերությունները այլ ժողովուրդների հետ իրավահավասարության ու փոխշահավետության սկզբունքներով: Մեր երկրում հատուկ հարգանք են տածում Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակներով պահպանել է իր հարուստ պատմական ժառանգությունն ու ավանդույթները, միևնույն ժամանակ ձեր երկիրը պետության օրինակ է, որ բարենորոգումների ու զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ հասել է վիթխարի հաջողությունների, արժանի տեղ գրավելով աշխարհի առաջատար երկրների շարքում:
Անկախության տարիներին Հայաստանի, հենց այս օրերին մենք նշում ենք մեր անկախության 25-ամյակը, ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ձևավորվել են իսկապես բարեկամական, վստահության ու փոխըմբռնումի վրա հիմնված հարաբերություններ: Ընդհանուր ջանքերով պայմաններ են ստեղծվում փոխշահավետ գործընկերության հետագա խորացման համար: Առևտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների կարևոր մասն են: Անցած տարիներին մենք զգացել ենք Չինաստանի կառավարության ու ժողովրդի բարեկամական աջակցությունը: Ձեր երկիրն օգնել է մեզ հաղթահարելու անցման շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները՝ նպաստելով մեր պետության զարգացմանը»՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին ասել է ԱԺ փոխնախագահը:
Նա արձանագրել է, որ XXI դարը տնտեսական դիվանագիտության ժամանակ է: Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց ունի շահավետ աշխարհագրական դիրք: Հայաստանում իրականացվում են ենթակառուցվածքային մեծ նախագծեր, որոնց արդյունքը պետք է դառնա Հայաստանով տարանցիկ փոխադրումների մեծացումը: «Հայաստանն ունի ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններ, այլև երկկողմ տնտեսական համագործակցության ներուժ: Հայաստանի ու Չինաստանի համատեղ իրականացրած նախագծերը արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության, տեխնիկայի, մշակույթի ու կրթության ոլորտում ապացուցում են երկու կողմերի փոխադարձ հետաքրքրվածությունը: Ընտրելով տնտեսական զարգացման ազատական մոդելը, մենք հաստատում ենք, որ գլոբալ մարտահրավերների ու սահմանափակ ֆինանսական ռեսուրսների պայմաններում կայուն ու կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության և, իհարկե, թափանցիկ ու ազատ բիզնես միջավայրի: Մենք ընտրել ենք գիտության վրա հենվող տնտեսության կառուցման ճանապարհը և այդ նպատակով գործուն քայլեր ենք արել: Մեր հաջողությունների վկայություններն են Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Ամերիկյան, Ֆրանսիական ու Սլավոնական համալսարանները և, իհարկե, Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը դարձել է հայ-չինական համագործակցության ինքնատիպ հարթակ: Այս ամենի արդյունքում Հայաստանն արձանագրել է էական աճ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»՝ ասել է Հերմինե Նաղդալյանը:
Ելույթում նա անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ դա համապատասխանում է մեր երկրի տնտեսական զարգացմանը և ռազմավարական շահերին, արտահանման հիմնական շուկաներում մրցունակության մեծացման և ապանքների ծավալների մեծացման նոր հնարավորություններ կտա: Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանն ազատ մուտք ունի 180- միլիոնանոց միասնական շուկա: Նշվել է, որ նոր հնարավորություններ են բացվում հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացումով, որին մեծ խթան հաղորդեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան և կարևորագույն փոխշահավետ պայմանագրերի ստորագրումը: Հավարտ ելույթի՝ Հերմինե Նաղդալյանը հիշատակել է Կոնֆուցիոսի խոսքերը՝ երբ ճանապարհները նույնը չեն, համատեղ ծրագրեր չեն կազմում և արձանագրել, որ այսօր ժողովուրդները ձգտում են խաղաղության, բարգավաճման ու համագործակցության, Հայաստանը առաջ է նայում և պատրաստ է փոխշահավետ համագործակցության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի մեր բարեկամության ամրապնդմանը, փոխշահավետ համագործակցության նոր ճանապարհների հայտնաբերմանը՝ հանուն Մետաքսի մեծ ճանապարհի երկայնքով ապրող ժողովուրդների բարեկեցության»՝ իր խոսքն ավարտել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որ համաժողովում ու ցուցահանդեսում ներկայացնում է ոչ միայն Հայաստանը, այլև՝ Մետաքսի մեծ ճանապարհի Հայաստանից շատ ավելի մեծ տարածք: