ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Սիրիր հայրենիքդ, և այն կկառուցվի»

«Սիրիր հայրենիքդ, և այն կկառուցվի»
16.09.2016 | 09:49

Արարատի մարզի Այգեստան համայնքում գալիք կիրակի օրը՝ սեպտեմբերի 18-ին, գյուղապետի ընտրություն է։ Գործող գյուղապետ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ մրցակիցներն են համագյուղացիներ ԱՐՄԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ և ՀԱԿՈԲ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ։ Սեպտեմբերի 10-ին գյուղ մտնելով՝ նախ փորձում էի հայտնաբերել թեկնածուների քարոզչությունն իրականացնող շտաբները։ Չգտա։ Քաղաքականացված հեռատեսությունս ինձ հուշեց՝ պետք է դիմել գյուղամիջի ակտիվին։ Այգեստանցիները տեղյակ էին, որ օրեր անց գյուղապետ են ընտրելու, բայց անտեղյակ էին, թե որտեղ են գտնվում թեկնածուների շտաբները։ Արմեն Շահգալդյանին հանդիպեցի փողոցում, իր շտաբի ճանապարհին։ Զրուցեցինք սաղարթախիտ մի ծառի ստվերում։ (Ի դեպ, երկրորդ թեկնածու Հակոբ Հասրաթյանին հանդիպել այդպես էլ չհաջողվեց)։ Զրուցեցի Արմեն Շահգալդյանի հետ։

-Պարոն Շահգալդյան, ներկայացեք «Իրատեսի» ընթերցողին։

«ՆԱԽ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳԵՄ ԱՅԳԵՍՏԱՆԻ ԴՊՐՈՑԸ»


-Ծնվել եմ 1984-ին՝ Այգեստանում, ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 2006-ից աշխատում եմ «Ազատ ջրօգտագործողների ընկերությունում»։ Առողջական խնդիրների պատճառով այժմ չեմ աշխատում։
-Գյուղի ո՞ր կարևոր խնդիրները պետք է լուծեք, եթե, իհարկե, ընտրվեք Այգեստան համայնքի ղեկավար։
-Նախ կհիմնանորոգեմ Այգեստանի դպրոցը, այն շատ անմխիթար վիճակում է գտնվում։
-Ներեցեք, բայց գյուղի դպրոցները համայնքի հաշվեկշռում չեն։
-Դպրոցը կհիմնանորոգվի և՛ համայնքի լիազորությունների սահմաններում, և՝ դրանից դուրս եղած միջոցներով։ Երկրորդ գերխնդիրը գյուղի գիշերային լուսավորությունն է. այսօր լուսավորված է միայն Այգեստանի կենտրոնական, Շահումյանի անվան փողոցը։ Ես պլանավորել եմ լուսավորել մեր համայնքային բոլոր փողոցները։ Այնուհետև պետք է վերանորոգենք դաշտամիջյան և միջհամայնքային փողոցները, որոնք բարձիթողի վիճակում են և դաշտ գնացող, այնտեղից վերադարձող մարդկանց համար դժվարանցանելի ճանապարհ են դարձել։ Շատ կարևոր է աղբահանության հարցը, ես ինքս մուծում եմ աղբահանության գումարները, բայց տանս աղբը իմ մեքենայով եմ տեղափոխում։
-Ընտրություններին մեկ շաբաթ է մնացել, բայց ձեր գյուղում նախընտրական եռուզեռն զգալի չէ։ Ես Այգեստանով մեկ գյուղապետի պաշտոնի հավակնորդներին եմ փնտրում։ Ձեզ գտա։ Հույս ունեմ Հակոբ Հասրաթյանի շտաբն էլ գտնելու։ Նախընտրական բյուլետենները պատրա՞ստ են։
-Բյուլետեններ չեմ պատրաստում, բայց սեպտեմբերի 13-ին ընտրողների հետ հանդիպում եմ կազմակերպելու գյուղում։ (Զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին -Վ. Ա.)։ Այդ հանդիպման ժամանակ կբարձրացնեմ բնական գազի հարցը, 2016 թվականն է, բայց գյուղում շատերը բնական գազ չունեն։ Այգեստանը պետք է ամբողջապես գազիֆիկացվի և ոչ բնակիչների հաշվին։ Տարբեր կազմակերպությունների հետ եմ համագործակցում, նրանց և համայնքի միջոցների հաշվին գյուղն ամբողջապես կգազիֆիկացվի։

«ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՄ, ԵՍ ԲՈԼՈՐԻ ԹԱՂՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ, ՉԻ ԵՂԵԼ ՄԻ ԴԵՊՔ, ՈՐ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԹԱՂՄԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՄ»


Մյուս թեկնածուին՝ Հակոբ Հասրաթյանին չկարողացա հայտնաբերել. Այգեստանի գյուղամիջում տեղյակ չէին, թե որտեղ է պարոն Հասրաթյանի նախընտրական շտաբը։ Այնուամենայնիվ, գտա նրա հեռախոսահամարը, որն անհասանելի էր։ Ինձ տեղեկացրին, որ լրագրողների հետ Հակոբ Հասրաթյանը դժվարությամբ է շփվում։ Մի լրագրողի հետ, այնուամենայնիվ, տիար Հակոբը շփվել էր և բավականին հիմնարար բացատրություններ էր տվել, ինչը, որպես նրա նախընտրական քարոզչություն, ներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես, Հակոբ Հասրաթյանը խոստանում է նախ դաշտամիջյան ճանապարհները հիմնովին վերականգնել, այնուհետև նորոգել, տեսքի բերել գյուղի ամբուլատորիան և, ամենակարևորը, կառուցել եկեղեցի։ Հակոբ Հասրաթյանն իր գլխավոր խաղաքարտը համարում է հասարակական ճանաչումը, կայքին տրված հարցազրույցում (հեղ.՝ Կարինե Սարգսյան) ազնվորեն խոստովանել է. «Գյուղացիների հետ լավ հարաբերություն ունեմ, ես բոլորի թաղմանը մասնակցում եմ, չի եղել մի դեպք, որ գյուղացիներից մեկի թաղմանը չմասնակցեմ, բոլորն ինձ գիտեն, ու միասին գործեր կկատարենք»։ Տիար Հակոբը ժողովրդի ձայնն է և խիղճը, նա հիմնավոր կրթություն չունի և անգործ է։ Սակայն լի է Այգեստանը դրախտի վերածելու առաքելությամբ։

«Ե՛Կ, ԵՎ ՄԻԱՍԻՆ ԿՈՐՈՇԵՆՔ ԳԱԼԻՔ ՉՈՐՍ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԳՈՐԾԵՐԸ»


Գործող գյուղապետ և գյուղապետի թեկնածու Սոկրատ Հովսեփյանը հակիրճ էր իր խոսքում, նրա նախընտրական ուղերձում նշված են կատարված մեծածավալ աշխատանքները, ի մասնավորի, որ գյուղի 90 %-ը գազիֆիկացված է, բարենորոգված մանկապարտեզում 120 երեխա է կրթվում ու հասակ առնում և այլն։ Սոկրատ Հովսեփյանի կարգախոսն է՝ «Սիրիր հայրենիքդ, և այն կկառուցվի»։
-Պարոն Հովսեփյան, Դուք նախընտրական շտաբ չեք ձևավորել, ինչո՞ւ։
-Դրա կարիքը չկա, իմ կատարած աշխատանքն այնքան ակնառու է և տեսանելի, որ քարոզչությամբ զբաղվելը ժամանակի կորուստ է։ Ես իմ խոսքը համառոտ տեքստով ներկայացրել եմ ընտրողներին, սեպտեմբերի 16-ին, ժ. 19.00-ին էլ Այգեստանի մշակույթի տան բակում հանդիպելու եմ նրանց հետ։
-Պարոն Հովսեփյան, Ձեր դիրքերն ամուր են, նախընտրական ուղերձում էլ ուղղակի երկխոսության եք հրավիրում համագյուղացիներին հետաքրքիր կոչով՝ «Ե՛կ, և միասին կորոշենք գալիք չորս տարիներին կատարվելիք առաջնահերթ գործերը»։ Այնուամենայնիվ, պարտությունը գոնե տեսականորեն չի կարելի բացառել։
-Իմ պարտությունը չի լինի դա, դա Այգեստանի պարտությունը կդառնա։
-Գյուղում ովքեր են, որ դժգոհ են Ձեր իսկապես նկատելի կառուցողական գործունեությունից։
-Նրանք են, որոնց հարկը գանձվում է դատական կարգով։ Վիրավորված են ինձնից ամբարտավան մեծամիտները։ Բայց նրանք էլ մեր հասարակության անդամ են, Այգեստանի բնակիչներ են, և նրանց հետ էլ կաշխատեմ սիրով, որովհետև մենք քիչ ենք, իսկ թշնամին՝ շատ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ