ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հին ու նոր արեցինք պատգամավորների հետ

Հին ու նոր արեցինք պատգամավորների հետ
16.09.2016 | 09:32

Առաջիկա օրերին ԱԺ-ին կներկայացվի կառավարության նոր կազմը, իսկ մինչ այդ պատգամավորներից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք երկրում կուտակված խնդիրների լուծման դեղատոմսը վարչապետի փոփոխությունն էր։


ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)


-Իրականում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Դրանք են, որ կարող են լուծել առկա խնդիրները և վերացնել դժգոհությունները։
-ՀՀ նախագահը իր ելույթում նշեց, որ նորանշանակ վարչապետը գործունեության ամբողջական իրավասություն է ունենալու. կարելի՞ է ենթադրել, որ այսուհետ խաղի կանոնները թելադրելու է վարչապետը։
-Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա. գործող համակարգում վարչապետը ինքնուրույն միավոր չէ, նա ձևավորում է այն համակարգը, որը ներկայացնում է իշխող կուսակցությունը։ Եթե չլինի քաղաքական կուրսի փոփոխություն, լուրջ փոփոխություն ակնկալելը միամտություն է։

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)


-Պարոն Բաղդասարյան, ըստ Ձեզ, վերջին երկու տարում կառավարության գործունեությունը նախադրյալնե՞ր է ստեղծել նոր կառավարության համար։
-Բավականին լավ հիմքեր են դրված, որոնք չպետք է անտեսվեն, այլ զարգացնել է պետք։ Ընդհանուր առմամբ, նախկին վարչապետն էլ տեմպերից գոհ չէր, իսկ այն, որ աշխատանք կատարվել է, չենք կարող ժխտել։
-Երկրում առկա խնդիրների լուծման համար վարչապետի փոփոխությո՞ւն էր անհրաժեշտ։
-Ոչ, դա անհատներով պայմանավորված չէ, ծրագրային դրույթների փոփոխությամբ դա պետք է իրականացվի, ինչի ականատեսը կլինեք։

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ (ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)


-Պարոն Բաբլոյան, առողջապահության ոլորտում ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից։ Եվ մեկ հարց էլ՝ Ձեր ոլորտի մասով նախկին կառավարության աշխատանքը Ձեզ բավարարո՞ւմ էր։
-Կոնկրետ ի՞նչ եք ուզում իմանալ։ Ձեր հարցում ենթատեքստ եմ նկատում։
-Ճիշտ եք, ենթատեքստ կա։
-Թողեք կռահեմ. Ձեզ հետաքրքրում է նախարար Արմեն Մուրադյանի վերաբերյալ իմ տեսակետը։
-Նորից ճիշտ եք։
-Արմեն Մուրադյանի հետ մենք օրենսդիրում աշխատել ենք շատ արդյունավետ, այժմ սպասում եմ կառավարության նոր կազմի հաստատմանը, և ինձ համար շատ հաճելի կլինի աշխատանքը շարունակել Արմեն Մուրադյանի հետ։ Եթե փոփոխություն կատարվի, ապա, իհարկե, կաշխատեմ նոր նախարարի հետ։ Սակայն Արմեն Մուրադյանի աշխատանքը առողջապահության ոլորտում այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները։
-Օրինա՞կ։
-Համատեղ ընդունվել են որոշումներ, որոնք դրական զարգացում են ապահովել մասնագիտական մակարդակի, ծառայությունների որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Մի քանի օր առաջ էլ «հեղափոխություն» կատարվեց սրտանոթային ոլորտի ծառայությունում։ Մասնավորապես կտրուկ նվազեց ստենտավորման վիրահատությունների գինը։ Մի խոսքով, ձեռքբերումները զգալի են և բազմաթիվ։


ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)


-Դուք հաճախ եք լինում տարբեր շրջաններում, շփվում գյուղացիների հետ, ի՞նչ եք կարծում՝ նոր կառավարությունը ի՞նչ կփոխի գյուղացու կյանքում։
-Չգիտեմ։ Կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը, և ըստ այդմ կուրվագծվի գործադիր իշխանության նոր ռազմավարությունը։ Իրականում գյուղացու խնդիրը միայն գյուղատնտեսությունը չէ, կան բազմաթիվ չլուծված հարցեր։ Այսօր գյուղացիները «ճկռում» են վարկային բեռի տակ, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ամենախոցելի ոլորտներից մեկն է։ Գյուղացին գյուղատնտեսությունը առաջնահերթություն հայտարարած կառավարությունից լիարժեք օժանդակություն չի ստանում։ Ամբողջ աշխարհում, երբ տարին բերքառատ է լինում, դա ցնծություն է առաջացնում, իսկ Հայաստանում գյուղացու համար դա վերածվում է մտահոգության, պետության համար՝ հոգսի։
-Ոլորտային քաղաքականությունը մշակող և իրականացնողները նախարարություններն են։ Ձեր ասածից ելնելով կարելի՞ է ենթադրել, որ գյուղատնտեսությունում ևս փոփոխություններ կլինեն։
-Գյուղացու խնդրի լուծումը միայն նախարարով պայմանավորված չէ, այն համապետական է։ Երբ գյուղացին շատ բերք է ստանում, նախարարը և վարչապետն անում են հնարավորը այն մթերելու համար՝ զանգում են այս կամ այն վերամշակող ձեռնարկություններին, խնդրում են, պարտադրում, համոզում բերքը մթերել։
-Պետք չէ խնդրել, համոզել, պետք է ունենալ գործող ճկուն համակարգ։
-Ամբողջ խնդիրը դա է։ Մենք գյուղատնտեսական խոշոր վարկեր ենք վերցնում, իսկ եթե տարին խիստ բերքառատ է, ինչպե՞ս է իրացվելու բերքը։ Պետությունը վերամշակողներին օժանդակելու մեխանիզմ չունի, առավել ևս՝ դրսի շուկաներում։
-Պարոն Մարգարյան, այդ ամենը պարզ է, հիմա այդ խնդիրների լուծման համար նոր կառավարությունը ի՞նչ պետք է անի։
-Ես սպասում եմ նոր կառավարության նոր ծրագրին և ասում, որ նշված խնդիրները լուծման անհրաժեշտություն ունեն։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ