ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Չի եղել մի դեպք, որ մենք իրական խնդիրները թաքցնենք»

«Չի եղել մի դեպք, որ մենք  իրական խնդիրները թաքցնենք»
02.09.2016 | 08:45

Ամիսներ շարունակ քաղաքական օրակարգը զբաղեցրած ԸՕ-ի համար նոր էջ է բացվել: Ընդդիմությանը հաջողվեց 4+4+4 ձևաչափով փոփոխություններ պարտադրել իշխանությանը (չնայած իշխանությունը համամիտ չէ, թե դա պարտադրանք էր), սակայն ստացվեց այնպես, որ օրերս ԿԸՀ ղեկավարի հայտարարությունը ջուրը գցեց ընդդիմության ջանքերը: Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ 4+4+4 ձևաչափով համաձայնեցված փոփոխությունները չեն գործի: Ընդդիմությունը, սակայն, չի ցանկանում տեղի տալ, և հիմա իշխանություն-ընդդիմություն բանակցությունների հերթական փուլն է:
ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց:

-Այս անգամ իշխանությունը ինչ-որ հարցերում կընդառաջի՞ ընդդիմությանը:
-Կա առավել կարևոր հանգամանք, քան ընդառաջելը: Եթե ընտրություններն անցկացվեն այնպես, որ հանրությունը հավատա արդյունքներին, այս կամ այն մեխանիզմի կիրառել-չկիրառելն այնքան էլ էական չէ: Հարկավոր է երկուստեք քաղաքական կամք, որ հետագայում չստացվի այնպես, որ ընդդիմության ինչ-ինչ առաջարկներ չընդունվելու պարագայում հայտարարվի, թե ընտրությունները կեղծվել են: Առավել ճիշտ կլինի այս պահից վստահության մթնոլորտ ձևավորել: Եթե այս ճանապարհին կարևոր համարվի ընդդիմության որոշակի առաջարկներն ընդունելը, իշխանությունը կգնա այդ քայլին: Եթե այդ առաջարկների ընդունումը մեր գործընկերներին հիմք կտա ասելու, թե իրենք իշխանությանը ճնշեցին, և փոփոխությունները դրա հետևանքով եղան, դա ընդամենը քաղաքական խաղ կլինի:
-ԿԸՀ նախագահի բացատրությունից կարելի է հասկանալ, որ իշխանությունները բավականին վաղ են իմացել, որ այս փոփոխությունները կյանքի չեն կոչվելու ֆինանսական կողմի բացակայության պատճառով: Այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ ընդդիմության հետ խաղի մեջ մտավ, հանրությանն էլ վստահեցնելով, թե պատրաստակամ է ընտրություններն արդար անցկացնելու:
-Համամիտ չեմ, որ մենք ի սկզբանե գիտեինք, թե մերժելու են: Այն, որ մենք ազնիվ չենք եղել այդ հարցում հասարակության հետ, բացառված է: Երբևիցե չի եղել մի դեպք, որ մենք իրական խնդիրները թաքցնենք: Ասվել է այն, ինչ այդ պահին պարզ է եղել: Որպես հավաստիք նաև կա ԸՕ-ի վերաբերյալ ընդունված օրենքը: Դավիթ Հարությունյանն օրենքը ներկայացնելիս էլ ասաց, որ մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք, եթե ընդդիմության հետ գանք ընդհանուր հայտարարի և ներկայացնենք, որ սա իշխանության և ընդդիմության որոշումն է: Եթե իշխանությունը միայնակ լիներ, Արևմուտքի մեր գործընկերներն անպայման հարցադրում կանեին՝ որտե՞ղ է ընդդիմությունը, ի՞նչ է մտածում նա:
-ԱԺ-ի պատմության մեջ բավականին վատ նախադեպ է ստեղծվում: Խորհրդարանն ընդունում է, այսպես ասած, «վիրտուալ» օրենք, որի իրագործումը մեզնից կախված չէ: Սա ինչ-որ առումով չի՞ նսեմացնում խորհրդարանի վարկանիշը: Փաստորեն, ստացվեց այնպես, որ այդ օրենքը չեղյալ համարվեց:
-Խորհրդարանն իրավունք ունի ցանկացած օրենք ընդունելու: Մենք էլ ենք այսպիսի փորձերի վրա սովորում, և այս փորձի բացասական արդյունքը հետևություններ անելու նախադեպ պիտի դառնա:
-Անկախ ընդդիմության ջանքերից, իշխանության փորձերից, բարեփոխված ու չբարեփոխված ԸՕ-ից, Հայաստանում ընտրությունները կարո՞ղ են արդար անցկացվել, եթե իշխանության բարի կամքը չլինի:
-Իշխանության ամենակարևոր նպատակներից մեկն էլ արդար ընտրություններ անցկացնելն է, որպեսզի որևէ մեկն այդ հարցում կասկածներ չունենա: Երկրորդեմ՝ այս պահին հրատապ հարցը հանրության շրջանում հավատի մթնոլորտի ձևավորումն է: Ընտրողին համոզելու փոխարեն, որ միայն իրենից է կախված ընտրությունների ելքը, ընդդիմությունն անկատար օրենքների, պաշտոնատար անձանց գործողությունների վրա է դնում մատը: Ավելին, ընտրողներին տրամադրում են, թե ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես երկու տասնյակից ավելի տարիներ: Ստացվում է՝ ընտրությունների արդյունքում ունենում ենք հաղթած մի քանի ուժեր և բևեռացված, հիասթափված հասարակության որոշակի հատված, որը կարծում է, թե իր ձայնը կեղծել են:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ