Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հայաստանի կես տարին ԵԱՏՄ-ում

Հայաստանի կես տարին ԵԱՏՄ-ում
02.09.2016 | 08:37

«Արմենպրեսի» մամլո ասուլիսների սրահում Եվրասիական փորձագիտական ակումբի երեք անդամներ ամռան վերջին օրը` օգոստոսի 31-ին, մամլո ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելու Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2016-ի առաջին կիսամյակում: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը տվեցին եվրասիական տարածքում Հայաստանի 2016-ի քաղաքական ու տնտեսական ներկայության գնահատականները, կանխատեսեցին 2017-ի զարգացումները: Ասուլիսը հետաքրքիր էր բովանդակային առումով և առավել հետաքրքիր կանխատեսումների մակարդակով: Չցանկանալով խորանալ ասուլիսային ժանրի նրբությունների մեջ՝ հավարտ հարցազույցների հրավիրեցի երեքին էլ:

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼ Է ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԵԱՏՄ-Ի
ՀԱՇՎԻՆ»


ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
-Ձեր գնահատականով՝ անդամակցության որոշումն ընդունելու երրորդ տարում ԵԱՏՄ-ն Հայաստանի համար կա՞ իբրև տնտեսական միություն:
-Անդամակցության երրորդ տարին ցույց է տալիս, որ արտահանման ցուցանիշների աճի խնդիրը, իսկ մենք ունեցել ենք արտահանման աճ 17 %-ով, լուծվել է բացարձակապես ԵԱՏՄ-ի հաշվին, այլապես մենք կդոփեինք տեղում:
-Այդ աճը չէ՞ր պայմանավորվում ռուս-թուրքական հարաբերությունների խնդիրներով:
-Այդ աճը պայմանավորվում էր մաքսատուրքերից ազատումով, գործառույթների պարզեցումով՝ սկսած լիցենզիայի ձևակերպումից մինչև մաքսատուրքեր, ռուսական ռուբլու, նավթի գների կայունացումով՝ մոտ 50 դոլար մեկ բարելը, գազի գնի նվազեցումով:
-Գազի գնի 10 դրամ նվազումն այդքան մեծ նշանակություն ունեցա՞վ:
-Ռեզերվ ունենք, թե չէ,՝ պետք է համատեղ քննարկել՝ էլէներգիայի խնդիրների հետ: Էներգակիրների գների հաստատման ժամանակ պետք է հաշվի առնվեն ոչ միայն ծախսերը, այլև խթանիչ դերը. որքան ցածր է գինը, այնքան երկրի արտադրանքն ավելի մրցունակ է:
-Դուք համամի՞տ եք այն կարծիքին, թե Հայաստանին հեղափոխական տնտեսական զարգացում է պետք:
-Ես կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության պարտադիր հստակեցում է անհրաժեշտ:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Նշանակում է՝ մենք պետք է հաշվի առնենք հարկաբյուջետային քաղաքականության ոչ միայն ֆիսկալ դերը, այլև հնարավորությունները, խթանիչ դերը, հատկապես արտահանման զարգացման մեջ: Մենք փոքր երկիր ենք, զարգացման հնարավորությունն արտահանումն է, որը առայժմ ոչ բավարար մակարդակի է:
-Ի՞նչ է պետք, որ հումքի արտահանումից անցնենք արտադրանքի արտահանման:
-Հումքի արտահանումն անպայման պետք է հարկվի, մաքսատուրքեր դրվեն, ավելացված արժեքի հարկը ցածր լինի և որոշակի երաշխիքներ տա պետությունը, նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը: Դրամավարկային քաղաքականությունը պետք է լուծի ոչ միայն գների կայունության խնդիրը, այլև նպաստի տնտեսության զարգացմանը: Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ մենք ունենք իրական վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույք տարածաշրջանում ու ԵԱՏՄ-ում, որը տնտեսության զարգացման հնարավորություններ չի տալիս: Տնտեսությունը զարգանում է առաջին հերթին վարկային միջոցներով, մենք չենք կարող հույսը դնել միայն արտահանման վրա: Կենտրոնական բանկի մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա, որ բանկի գործունեությունն ուղղված լինի տնտեսության զարգացման համար նպաստավոր քաղաքականություն վարելուն:
-Եթե ամփոփենք անցած կես տարին, ապա, ըստ Ձեզ, այն մեզ գոյատևմա՞ն հնարավորություն տվեց, թե՞ զարգացման:
-Զարգացման հնարավորությունների համար մենք պետք է ունենանք ՀՆԱ-ի 7 % աճ և արտահանման աճ՝ հատկապես պատրաստի տեխնոլոգիական արտադրանքի:
-Եթե երկիրն անդամակցում է որևէ տնտեսական միության, անդամ երկրների տնտեսական պրոբլեմները չե՞ն դառնում նրանը: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի խնդիրները մերը չդարձա՞ն, կա՞ ինտեգրման այն մակարդակը, որ խնդիրները համատեղ լուծելու անհրաժեշտությունը գիտակցվի:
-Հստակեցնենք պատճառահետևանքային կապերը: Մեր պրոբլեմները ոչ թե ԵԱՏՄ-ինն են, այլ տարածաշրջանային: Մենք մինչև անդամակցումն էլ ունեինք արտահանում ՌԴ, եթե անդամ չլինեինք, նույն խնդիրներն ունենալու էինք, հավելած էներգակիրների բարձր գները և մաքսատուրքերը: ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս այդ պրոբլեմները մեղմացնել: Բավարա՞ր չափով: Կարծում եմ՝ առայժմ ոչ այնքան, կան չօգտագործված ռեզերվներ: Մենք տարածաշրջանում ունենք խնդիրներ, որոնք ԵԱՏՄ-ն հեշտացրեց լուծելը:
-Իրանի գործոնը ինչպե՞ս եք գնահատում:
-Մենք կարող ենք համատեղ ձեռնարկություններ ստեղծել մեր հարևանի հետ էներգետիկայի, մետալուրգիայի, ռազմարդյունաբերության ոլորտներում, գյուղմթերքների վերամշակման:
-ԵԱՏՄ-ն աջակցո՞ղ, թե՞ խանգարող կլինի այդ գործընթացներում:
-Աջակցող, ազատ տնտեսական գոտիներ են ստեղծվում, որոնցից որոշակի արդյունքներ կարող ենք ակնկալել: ԵԱՏՄ-ն որոշակի հնարավորություններ է տալիս տարածաշրջանային խնդիրները լուծելու, բայց տնտեսական աճի խնդիրները լուծվում են երկրի ներսում:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉՈՐՐՈՐԴ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ, ՄԵՆՔ ԵՐԿՐՈՐԴՈՒՄ ԵՆՔ ԴԵՌ»


ԱՇՈՏ ԹԵՎԻԿՅԱՆ
-Անցած կես տարում ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսական զարգացման համար գործոն եղե՞լ է, թե՞ ոչ:
-Ակնհայտ ազդեցություն անդամակցության մեկուկես տարում չի եղել: Բայց ճշտենք՝ ի՞նչ ենք հասկանում զարգացում ասելով:
-Ֆինանսական ներդրումների աճ, նոր տեխնոլոգիաներ, որոնք աշխատատեղեր ստեղծելու ու արտագաղթը նվազեցնելու հնարավորություն կտան:
-Եթե մենք կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, այդ ամենը կունենանք: Առաջին հերթին պետք է կարողանանք ինքներս մեզ համոզել, որ մենք կարող ենք դա անել, ինքներս պետք է կարողանանք մշակել ու իրագործել այն քաղաքականությունը, որի արդյունքում իրենք էլ մեզ հետ հաշվի նստեն: Եթե մեր տնտեսական քաղաքականությունը ուղղենք ոչ թե այն ոլորտները, որտեղ արագ շահույթ է ապահովվում, այլ երկարաժամկետ ծրագրերին՝ արդյունաբերություն, գիտության զարգացում, որոնք փող են պահանջում, կկարողանանք: Ֆինանսների ճիշտ բաշխման դեպքում այդ փողերը հնարավոր է հայթայթել: Տեխնոլոգիական հետամնացությունը նորություն չէ՝ ԽՍՀՄ-ի ժամանակներում էլ եղել է: Արևմուտքը չորրորդ տեխնոլոգիական հեղափոխությունն է կատարում, մենք երկրորդում ենք դեռ: Եթե մենք իրոք ուզում ենք համագործակցել, առաջին հերթին պիտի համախմբենք մեր երկրի ներուժը և վարենք գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու քաղաքականություն: Մենք մշակում ենք ռազմավարական ծրագրերը ու մոռանում նրանց գոյությունը:
-Փող չլինելու պատճառո՞վ:
-Միայն փողի հարցը չէ: Գործն իր հետ փող է բերում: Առաջին հերթին մենք պետք է ներքին քաղաքականության հարցերը ճիշտ լուծենք, երկրորդ՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ տնտեսական դաշինք կազմենք՝ հաշվի առնելով ներմուծման փոխարինման քաղաքականությունը, որը գործում է ՌԴ-ում:
-Մենք մրցունա՞կ ենք, այդ քաղաքականությունը ՌԴ-ն կարող է զարգացնել Ադրբեջանի հետ, Իրանի, այլ երկրների: Մենք ունե՞նք մրցունակ առավելություններ:
-Մայիսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԵԱՏՄ երկրներին առաջարկեց միանալ ներմուծման փոխարինման քաղաքականությանը: Փետրվարին ՌԴ կառավարության նիստում հստակ դրվեց արտասահմանյան ապրանքների փոխարինման հարցը, որ վերաբերում է նաև նորագույն տեխնոլոգիաներին: Մենք պետք է հնարավորություններն ինքներս գտնենք:
-Դուք առաջարկում եք վերականգնել արդյունաբերության նախարարությունը, կա՞ն հիմքեր:
-Արդյունաբերության նախարարության վերականգնումը իմաստ կունենա, եթե մենք աշխատենք այդ ուղղությամբ: 1991-2010-ին արդյունաբերական քաղաքականություն հասկացությունը չէր օգտագործվում: ԱՄՆ-ում ևս դա ընկալում չուներ, Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ը այս հասկացությունն ընդհանրապես հանել էին բառապաշարից: 2008-ից իրավիճակը սկսեց փոխվել աշխարհում, ընկալվեց, որ առանց պետության մասնակցության տնտեսական զարգացումը ռեալ չէ: Գիտության զարգացմանը մենք տրամադրում ենք ՀՆԱ-ի 0,2 %-ը, դա շատ քիչ է: Եթե մենք վերականգնենք արդյունաբերության նախարարությունը, պետք է ունենանք ծրագրեր, կապեր, նախադրյալներ, դա պիտի լինի մեծ արդյունաբերության վերականգնման ծրագիր:

«ԵԱՏՄ-Ն ԵՎ ՇՀԿ-Ն ՄԵԶ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՌՈՒՍ ԵՎ ՉԻՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼ»


ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
-2016-ի առաջին կիսամյակը ամփոփելով՝ ԵԱՏՄ-ն ի՞նչ է տվել Հայաստանին:
-Եվրասիական տնտեսական ակումբը հետազոտողների երկու խմբով՝ տնտեսագետներ Աշոտ Թավադյանի և Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ, հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնասիրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո 2016-ի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի հիմնական բնութագրերը: Ես չեմ ուզում կրկնել ձեռքբերումների ցանկը: Հայաստանի նախագահը ուշադրություն դարձրեց, որ ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի հետ հասել է պատմական առավելագույնին, վարչապետը նշեց, որ ՀՆԱ-ն աճել է 4,2, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,8 %-ով: ՈՒզում եմ ընդգծել երկու միտումները, որ անառարկելի ցույց են տալիս այդ տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության օգուտները: Խոսքն արտահանման ծավալների ավելացումն է և արդյունաբերական արտադրանքի աճը, որն ուղղված է եղել արտահանման: Մենք համոզված ենք, որ արտահանման ծավալների մեծացումը, որ այս տարվա առաջին կիսամյակում 87 % է եղել, հաջորդ տարիներին զարգացման միտումներ ունի, որովհետև չի երևում ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած արգելամիջոցների ավարտը և միմյանց ընդառաջ գնացող քայլերի հնարավորությունը: Այս պայմաններում Ռուսաստանում շարունակվելու է ներկրվող ապրանքների փոխարինման քաղաքականությունը, որով պայմանավորված էր Հայաստանի գյուղմթերքների ՌԴ արտահանման ծավալի այսպիսի աճը: Մենք համոզված ենք, որ պետության դերակատարումը տնտեսության մեջ պետք է մեծանա: Անցան լիբերալ լոլոների ժամանակները, երբ մարդկանց համոզում էին, որ հանճարեղ անհատը անվերահսկելիորեն կարող է հարստանալ, ցանկացած մեկը կարող է տնտեսական հաջողությունների հասնել անկառավարելի շուկայով՝ այս տեսակետները քննություն չբռնեցին աշխարհի պետությունների մեծամասնության մակարդակով: Սկսած ԱՄՆ-ից՝ ԵՄ-ի ու ՌԴ-ի տնտեսական ղեկավարներն ու քաղաքական գործիչների մեծ մասը հակված է մտածել, որ տնտեսական ճգնաժամերի բացասական հետևանքներից տնտեսությունը և հասարակությունը փրկելու ձևերից մեկը պետական մասնակցությամբ արդյունաբերական ձեռնարկություններ ունենալն է, պետության մասնակցությունը տնտեսական գործընթացների կարգավորմանը՝ բանկային, ֆինանսական, վարկային, արդյունաբերության, գյուղատնտեսության, այլևայլ ոլորտներում: Մենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետընթաց ենք ապրել՝ տասն անգամ նվազել է բարդ աշխատանք կատարողների թիվը, համարյա փոշիացել է ինժեներական ներուժը, գիտությունը չի աշխատում երկրի տնտեսության առաջնահերթությունների ուղղությամբ՝ չստանալով բավարար ֆինանսավորում: Այս պայմաններում մեզ համար ԵԱՏՄ-ում ստեղծված տնտեսական գործընթացները արտակարգ հնարավորություններ են ստեղծում: ՌԴ-ի գործընկեր կազմակերպությունների, ռուս ներդրողների ուշադրությունը պետք է հրավիրել Հայաստանի վրա և այստեղ ստեղծել համատեղ ձեռնարկություններ:
-Եվ ո՞ր ոլորտներն են մնացել:
-Երկու ոլորտներն անվիճելի են՝ գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և ռազմարդյունաբերությունը: Կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկել, ստեղծվել են համապատասխան օրենքներն ու կարգերը:
-ՈՒ դա ռեա՞լ եք համարում:
-Միանգամայն: Որպեսզի գործընթացները դանդաղ ու երկար չտևեն, կառավարությանը պետք է փորձագիտական հանրության աջակցությունը, որի մասին խոսում էր վարչապետը: Առանց այդ համագործակցության ծրագրերը կընդունվեն ու կմոռացվեն, տարիներ անց կասեն՝ մթնոլորտը նպաստավոր չէր: Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մեզ հնարավորություն են տալիս ռուս և չինացի ներդրողների մասնակցությամբ արդյունաբերության նոր ճյուղեր ստեղծել: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում խոսում են տնտեսական ձեռնարկությունների կոոպերացիայի մասին, իսկ Հայաստանում 1991-ից հետո այդպիսի կոոպերացիա չկա: Մեզ հիմա օդ ու ջրի պես պետք են ձեռնարկություններ, որոնք կոոպերացիոն կապեր ունեն ՌԴ-ի և այլ երկրների հետ, որպեսզի դրանով մեծանան շահը, հետաքրքրությունը ընդհանուր արդյունքի նկատմամբ, ԵԱՏՄ-ի նկատմամբ առաջանա «մերը» լինելու զգացողություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանը լրացուցիչ օգուտներ, լրացուցիչ շահ ստանա այն ոլորտներից, որոնք դեռևս ընկալված ու վերհանված, մշակված չեն: Հայաստանի ինտելեկտուալ հանրությունը պիտի հնարավորություն ունենա օգնելու Հայաստանի տնտեսական թռիչքաձև զարգացմանը: Առաջիկա մի քանի տարիներին, երբ գիտնականների ու ինժեներների այս սերունդը ասպարեզից դուրս գա, անկախության սերունդը բոլորովին այլ հայացքներ կարող է ունենալ, և պարզ չէ՝ դա նպաստելո՞ւ է ինտեգրմանը, աշխատելո՞ւ է երկրի ուժեղացման համար, թե՞ ոչ: Հոռետեսական պրագմատիկ միտումները կարող են գերակշիռ լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Եթե որոշեք ինձ նման հարցնել՝ կա՞, թե՞ չկա ԵԱՏՄ-ն մեր կյանքում, հիմք ընդունեք այն կյանքը, որ ուզում եք ունենալ, ոչ թե այն, որով ապրում եք: Փորձը հուշում է՝ հեռանկար պետք է տեսնել ամեն մի նպատակում ու վերջապես դադարել անընդհատ հետ ու շուրջբոլորը նայել՝ ով ինչ է ուզում մեզնից, իսկ մենք ինչ ենք ուզում: Մենք բանաձևե՞լ ենք մեր նպատակը, թե՞ մեր նպատակը ալիքի վրա մնալն է, ծովն ուր կտանի՝ կտանի, մենք ո՞վ ենք, որ քամու ուղղություն փոխենք, առավել ևս՝ ջրի ընթացքի:

Դիտվել է՝ 3152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ