Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին։ Իրնա գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման ավարտին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն։
Զանգանեն նշել է, որ հայկական կողմը ժամանել է իրանցի գործընկերների հրավերով բանակցություններին մասնակցելու համար, որոնց նպատակն է քննարկել գազի տարանցումը Վրաստան։ Իրանական կողմը հավանություն է տվել նախաձեռնությանը։ Փոխվել է կազմակերպությունը, որը Հայաստանում իրանական գազ է գնելու։ Նախկինում դա Երևանի ՋԷԿ-ն էր, իսկ հիմա կլինի այլ կազմակերպություն, ասել է Զանգանեն։ Նոր կազմակերպությունը կհամակարգի գազի ուղիղ մատակարարումները և նրա տեղափոխումը Հայաստանի սահմաններից դուրս այլ շրջաններ։ «Իհարկե, Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է կարևոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար։ Այդ ոլորտում կողմերի միջև համաձայնություն կա»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը մեծացրել է իրանական գազի գնման պահանջարկը և 2018-ի վերջին կցանկանար Իրանից օրական 3 մլն խմ ծավալով գազ ներմուծել ներկայիս 1 մլն-ի փոխարեն։ Նախարարը նշել է, որ մի փոքր փոխվել է Իրանի և Հայաստանի միջև գազ-էլեկտրաէներգիա բարտերի գործակիցը։ Նախկինում Իրանը ստանում էր 3կՎտ/ժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր խմ գազի համար, իսկ հիմա կստանա 3,2։ Իրան-Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ։