ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Քաղաքական և իրավական հարցերը կարող են լուծվել հետագայում»

«Քաղաքական և իրավական հարցերը կարող են լուծվել հետագայում»
22.07.2016 | 01:14

Խորենացու փողոցում հուլիսի 20-ի գիշերվա լարվածությունը մարեց լուսադեմին, մոտ 04.00-ին։ Ինչ խոսք, խնդիրը պահանջում է շուտափույթ լուծում, քանի որ այս խմորը շատ ջուր կարող է վերցնել։ Այս պահին արդեն որոշ խոսակցություններ են շրջանառվում, թե այս ամենից դրսի թելադրանքի հոտ է գալիս։ Հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻՆ։

-Ես չեմ ուզում Հայաստանում ընթացող որևէ գործընթաց կապել դրսի գործոնի հետ, նման մոտեցումը ճիշտ չեմ համարում։ Ցանկացած երևույթ, որը տեղի է ունենում մեզանում, հիմնականում պայմանավորում եմ ներսի գործոնով։
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այս երևույթը, և ինչպե՞ս եք այն գնահատում։
-Բնականաբար, երևույթը բացասաբար եմ գնահատում՝ տեղի է ունեցել հարձակում պետական ծառայության հատուկ գնդի վրա։ Իհարկե, սրան արդարացում չկա, սակայն պետք է մատնանշենք նաև հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են քաղաքական, սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ լուծում։ Այսօր դժվար է ասել՝ իշխանությունները չե՞ն կարողանում, թե՞ չունեն այն կամքը, որ կարողանան այդ խնդիրները լուծել։ Ցավոք, հասարակությունն իրեն դրսևորում է այնպես, կարծես այդ խնդիրներն իր կողքով են անցնում։ Իշխանությունը, որ պատկանում է իրեն, ինքն այդ իշխանությունն իրացնել չի կարողանում, և դրա հիմնական մեղավորը հասարակությունն է։ Ընտրությունների ժամանակ, տուրք տալով սրա-նրա ցանկություններին, առաջարկներին, խնդրանքներին, պարտադրանքներին, գայթակղվելով ընդամենը 5 հազար դրամով, իր ձայնը վաճառում է։ Եվ դրանում որևէ մեկը մեղավոր չէ, բացի իրենից՝ հասարակությունից։ Եթե մեկ անգամ հասարակությունը կամք դրսևորի և իրացնի իրեն պատկանող իշխանությունը, չեմ կարծում, որ նման երևույթներ տեղի կունենան։ Սրան զուգընթաց, քաղաքական ուժերը, հասարական կազմակերպությունները Հայաստանում, կարծես, ընդհանրապես գոյություն չունեն, այսօր կարմիր են, վաղը՝ սպիտակ, հաջորդ օրը նորից են կարմրում կամ սպիտակում՝ բացառապես խմբակային շահերից ելնելով։ Դժվար է ասել, թե դրանք ինչի համար գոյություն ունեն Հայաստանում։ Այս ամբողջը հանգեցրել է նրան, որ տղաները, որոնք ազատագրական պայքարի ժամանակ ապացուցել են իրենց հայրենասիրությունը և պատրաստ են եղել իրենց կյանքը տալու հանուն հայրենիքի, երկրի առջև ծառացած խնդիրների լուծման այլ ճանապարհ չեն տեսել, բացի զինված ապստամբությունից։ Սակայն, նորից եմ կրկնում, այս պայմաններում նրանք շատ սխալ են արել՝ որպես թիրախ ընտրել են ՊՊԾ-ի հատուկ գունդը, որտեղ նույնպես ուսադիր կրող զինվորներ ու սպաներ են, որոնք նույնպես երդում են տվել պետությանը, ծառայում են պետությանը։ Այդ առումով, կատարվածը, իհարկե, անհասկանալի և անթույլատրելի է։ Մյուս կողմից՝ ունենք այն, ինչ ունենք։ ՈՒղղակի, եթե դեռևս կան մտահոգ մարդիկ, քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, անհատ գործիչներ, իշխանություններն իրենց ուժային ինստիտուտներով պարտավոր են ոչ թե ուղղակի հայտարարություններ անել, այլ անցնել գործողությունների, որպեսզի լարվածությունը չմեծանա, նոր արյուն չհեղվի, և գործընթացը լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Գործողություններից մեկը նաև համախմբումն է, միասնաբար մեկ սեղանի շուրջ նստելը, մոռանալով անձնական, քաղաքական տարաձայնությունները, լուծման տարբերակ առաջարկելը թե՛ իշխանություններին, թե՛ այդ տղաներին։ Ես նման նախաձեռնություն ցուցաբերել եմ. երկու օր է՝ աշխատում ենք տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ՝ լուծում առաջարկելու ուղղությամբ։
-Ի՞նչ եք առաջարկում։
-Առաջարկներից մեկը հետևյալն է. ես ինքս պատրաստ եմ, տարբեր կուսակցություններից շատերը նույնպես պատրաստ են կամովին գնալու և առաջարկելու բաց թողնել ոստիկաններին, իսկ մենք, որպես երաշխիք, կմնանք նրանց մոտ։ Այս դեպքում պատանդ հասկացությունը կվերանա, այսինքն՝ հոգեբանական բարդույթը տղաների միջից դուրս կգա, ոստիկաններն էլ ինչ-որ տեղ բավարարված կլինեն, որովհետև իրենց ընկերներն այլևս պատանդ չեն լինի։
-Այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծվի Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման հարցը։ Չէ՞ որ առաջին պահանջը դա է։
-Նորից եմ կրկնում՝ քաղաքական և իրավական հարցերը կարող են լուծվել հետագայում կամ հընթացս, երբ մենք ներսում լինենք։ Ես առաջարկում եմ խնդրի լուծման տարբերակներից մեկը, որը կարող է նպաստել, որ բանակցություններն ավելի անկաշկանդ կայանան, որի ընթացքում, բացի իրավականից, պետք է լինեն նաև քաղաքական լուծումներ։ Դրան պետք է և՛ իշխանությունները, և՛ ներսի տղաները պատրաստ լինեն։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ