Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մարդ Աստծո, ի տարբերություն ձեր արտադրած օղիների, այս բնագավառում անվերապահորեն հաջողել եք

Մարդ Աստծո, ի տարբերություն ձեր արտադրած օղիների, այս բնագավառում անվերապահորեն հաջողել եք
22.07.2016 | 01:07

Բժիշկս հերթական անգամ հանձնարարեց հագնել միայն դիաբետիկ գուլպաներ: Մայրաքաղաքի բոլոր «անունով» խանութները ոտքի տակ տվեցի. չկար ու չկար: Գործընկերս խորհուրդ տվեց որոնել «Երևան սիթի» խանութների ցանցում: Առաջին իսկ «սիթի»-ում գտա: Չտեսի նման մի քանի զույգ գնեցի, մանավանդ որ գինն էլ մատչելի էր: Երբ ոգևորությունս անցել էր ու սկսեցի պիտակն ուսումնասիրել, հիասթափությանս չափ չկար. գրությունը միայն լատինատառ էր: Դարձերեսին հայերենով մանր տառերով, գրեթե անտեսանելի, գրված է, որ բամբակյա է, առանց կարի: Իսկ քիչ ներքև, նորից լատինատառ, արտադրողի հասցեն է: Որոշեցի գրել ու, մեջբերելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, քննադատել արտադրողին: Հետո դեմս ելավ խիղճս ու ինձ դիմելով ասաց. «Բայց դու մեկ ամսից ավելի նման գուլպաներ ես որոնում, ի՞նչ ես մանրուքների հետևից ընկել»: Մայրենի լեզուն արհամարհելն ու անտեսելը, անշուշտ, մանրուք չէ, բայց, անսալով խղճիս ձայնին, որոշեցի իմ սեփական փորձարկումից հետո միայն հետևություններ անել: Սկսեցի հագնել հայկական արտադրության օտարալեզու գուլպաները: Ջերմաստիճանը քաղաքում 35-ից բարձր է, իսկ իմ ոտքերը վայելում են տարակուսանքով հագած գուլպաներիս թե զովությունը և թե հարմարավետությունը:

Ոչ քրտնել, ոչ ոտնատակս տրորել, ոչ էլ ռետինե մասի անհարմարություն: Մի խոսքով՝ հրաշք: Առանց ափսոսալու դեն նետեցի ունեցածս եվրոպական, չինական և չգիտեմ ինչական, տարիներ շարունակ ոտքերիս անհարմարություններ պատճառած գուլպաները և նորից քայլերս ուղղեցի «Երևան սիթի»…
Վերնագրիս դառնալով, դիմում եմ «Ալեքսգրուպի» փաստացի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին. մարդ Աստծո, ի տարբերություն ձեր արտադրած օղիների, այս մի բնագավառում դուք անվերապահորեն հաջողել եք, ինչո՞ւ եք ամաչում հայերեն գրել դրա պիտակի վրա: Չեմ կասկածում՝ համապատասխան գովազդի ու մարկետինգի դեպքում ձեր արտադրած գուլպաները լայն ընդունելություն կգտնեն աշխարհի ամենախստապահանջ սպառողի մոտ անգամ: Վա՞տ կլինի, եթե նրանք էլ իրենց հասկանալի լեզվին անցնելուց առաջ իմանան, որ գոյություն ունի հայերեն այբուբեն, որ միայն հայերն ունեն և այսպիսի լավ գուլպաներ էլ արտադրում են: Դիմելով ՀՀ լեզվի տեսչությանն էլ` կոչ եմ անում՝ «Լեզվի մասին» օրենքի դեմ մեղանչելու համար ձեզ չտուգանել՝ նկատի ունենալով ձեր այս ապրանքի բարձր որակը:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ