Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իրանական գազը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին վը՜-նաս չի՛

Իրանական գազը  Ռուսաստան-Հայաստան  հարաբերություններին  վը՜-նաս չի՛
19.07.2016 | 00:46

Երբ իշխանություններին քննադատում են ռուսական գազից կախվածության համար՝ հարևան Իրանը կողքին ունենալով, միանշանակ արդարացված է։ Բայց երբ նույն իշխանությունը փորձում է այլընտրանքային գազի ճանապարհ հարթել, կրկին դժգոհություններ են հնչում։
Մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի փոխնախագահ Էսհաղ Գահանգիրիի հետ հեռախոսազրույցում, տնտեսական գործակցության հեռանկարները քննարկելիս, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան մայրուղային գազատարի վերանորոգման գործընթացը, Իրանի իր գործընկերոջը դիմել է գազի մատակարարման ծավալների ավելացման հարցով։ Այլ կերպ ասած, փորձ է արվում Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնել։ Սակայն պարզվում է՝ սա էլ լավ չէ։ Ավելին, լրատվամիջոցներով փորձ է արվում ապացուցել, որ այդպիսով Հայաստանը Ռուսաստանին ուզում է հասկացնել, որ վերջինս միակը չէ, կան ավելի էժան գնով գազ ստանալու հնարավորություններ և շատ ավելի կարճ ճանապարհով։


Նման վերլուծություններն ուղղակի անհասկանալի են։ Նկատենք, որ Իրանից Հայաստան այլընտրանքային գազամուղը հայկական կողմը հանձնել է ռուսական «Գազպրոմին»՝ դեռևս այն շահագործման չհանձնած, և հիմա ասել, թե Հայաստանը փորձում է Ռուսաստանին ինչ-որ բաներ հասկացնել, միամտություն է։


Ըստ որոշ կարծիքների էլ, հայկական կողմը վստահ չէ, որ Ռուսաստանը մեկ ամսում կավարտի մայրուղային գազատարի նորոգումը։ Ինչպես ասում են, որքան մարդիկ, այնքան տեսակետներ։ Խնդիրը փորձեցինք ճշտել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ «Էներգետիկ անվտանգության և ռազմավարական պահանջներից ելնելով, սահմանված կարգով գազապահեստից մատակարարվող ծավալները լրացվում են։ Միջին հաշվարկով օրական պահանջվում է 3,3 մլն խմ գազ։ Գազապահեստարանն այդ հնարավորությունն ունի։ Ինչ վերաբերում է իրանական գազի հետ կապված գործընթացին, ապա այն կիրականացվի «Երևան ջէկ-ի պայմանագրի շրջանակներում՝ փոխանակման սխեմայով»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը։
Նկատենք, որ գազատարի վերանորոգման երկարաձգումը առաջին հերթին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տնտեսապես ձեռնտու չէ։ Երկրորդ, առաջին դեպքը չէ, որ մայրուղային գազատարը նորոգվում է, այդ ընթացքում Հայաստանի սպառողներն անխափան գազ են ստանում Աբովյանի գազապահեստարանից և երբևէ պաշարների հետ կապված խնդիր չի ծագել։ Ճիշտ է, ինչպես միշտ, տարբեր խոսակցություններ, մտավախություններ հնչել են, որոնք, փառք Աստծո, չեն արդարացել։ Այնպես որ, վերը ներկայացված մտավախությունները, կարծում ենք, այդ շարքից են։ Չմոռանանք նաև, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները սրելու մոլուցքով տառապում են շատ երկրներ, որոնք փորձում են արանքում իրենց շահն առաջ տանել։ Այն, որ մեծ քաղաքականության հիմքում միշտ էլ տնտեսական շահն է, նորություն չէ և շատ տրամաբանական է։ Ցանկացած պետություն իրավունք ունի լայնորեն համագործակցելու հարևան երկրների հետ, և այս համատեքսստում լիովին հասկանալի է հայկական կողմի դիմումն իրանական կողմին գազի ծավալների ավելացման առնչությամբ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ