ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ինչպես Ավետարանում է ասվում՝ ծառը պտուղով է ճանաչվում»

«Ինչպես Ավետարանում է ասվում՝ ծառը պտուղով է ճանաչվում»
19.07.2016 | 00:16

«Իրատեսի» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում, ճամբարների ձևավորում, տեսակետների հստակեցում կա՞ Ձեր գնահատականով:
-Բնականոն, նախկին նման ժամանակահատվածներին բնորոշ իրավիճակ է: Ես չեմ հիշում համապետական որևէ ընտրություն, երբ մեկ տարի առաջ հայտնի լինեին դաշինքները կամ համագործակցող ուժերը: Տարբերությունը միայն արտաքին քաղաքական գործոնի ազդեցության ավելացումն է ներքաղաքական իրավիճակի վրա՝ կապված Ղարաբաղի հիմնահարցով ապրիլյան զարգացումների հետ:
-Համամի՞տ եք տեսակետին, որ ընդդիմադիր դաշտում ոչ թե իշխանության դեմ պայքար, այլ ներքին զտումներ են ծավալվում:
-Ժամանակը, իհարկե, զտում է: Դժբախտաբար՝ մեր հանրությունը այդ մասին իմանում է միայն ընտրություններից հետո, երբ որոշ ընդդիմադիրներ իշխանության մաս կամ սպասարկող են դառնում: Նման ուժերը փորձում են հետագայում տարբեր անուններով, տարբեր կարգախոսներով ասպարեզում մնալ, բայց իրենց էությունը նույնն է: Ինչպես Ավետարանում է ասված՝ ծառը պտուղով է ճանաչվում: Իրենց «պտուղը» ճանաչված է, և դժվար է այդ ուժերին ոչ իշխանական, առավել ևս ընդդիմադիր համարել: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա մեզ համար գործընթացների զարգացման երկու տարբերակ կա: Առաջին՝ գնալ ընտրությունների զուտ գաղափարական դաշինքով, որը ամենանպատակահարմարն է և քաղաքագիտորեն ամենահիմնավորը: Իսկ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին նախորդ ընտրություններում էր, երբ հանրության ընտրությունն իշխանության և ոչ իշխանության` ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, այսինքն՝ ռուսական ազդեցության երկու ուժերի միջև է, այդ դեպքում պարտադրված ենք ավելի լայն դաշինքի և կհամագործակցենք ցանկացած ուժի հետ՝ բացառությամբ նրանց, ովքեր իշխանության հետ կիսել են Մարտի 1-ի պատասխանատվությունն ու իշխանության մաս են կազմել:
-Արտաքին ուժերի ազդեցություն քաղաքական գործընթացների վրա ասելով՝ նկատի ունեք Ռուսաստա՞նը, թե՞ խաղի մեջ է նաև Արևմուտքը:
-Իհարկե, կա նաև Արևմուտքը, որովհետև հարցը վերաբերում է էներգակիրներով հարուստ տարածաշրջանին, Ղարաբաղի հիմնահարցին և աշխարհաքաղաքական կայունությանը: Անկասկած, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն էլ խաղի մեջ են, բայց անխոս, ամենացցունը Ռուսաստանի մասնակցությունն է: Նրանք միշտ աշխատել են առաջին տեղում ունենալ իշխանությունը, որ իրենցն է, երկրորդ տեղում՝ հինգերորդ շարասյունը, որ նույնպես իրենցն է, որի միջոցով իշխանություններին վախեցրել են՝ առավելագույնը ստանալու համար, երրորդ տեղում ունենալ ազգայնականների որոշակի խումբ, որ հայտարարում են՝ ոչ Ռուսաստանի կողմից ենք, ոչ Արևմուտքի, իրականում էլի իրենցն են: Քաղաքական դաշտում ամեն ինչ արվել է, որ երկրի զարգացումը արևմտյան մոդելով տեսնող ուժերը դուրս մղվեն ասպարեզից, կորցնեն ներգործությունը հասարակության վրա:
-Դիվանագիտական անցուդարձը, այցերը, հեռախոսազանգերը, հայտարարությունները, հանդիպումները ԼՂ հարցով ի՞նչ են նշանակում, մինչև տարեվերջ համաձայնագի՞ր է ստորագրվելու:
-Ղարաբաղի հիմնահարցի ակտիվացումներ բազմիցս եմ տեսել, ավելին, քան հիմա, բայց ոչինչ չի փոխվել: Ակտիվություն դեռ չի նշանակում արդյունք: Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի խնդիրը վաղը լուծվելու է, կամ այդ գործընթացը իշխանափոխության է հանգեցնելու: Զարգացումներ, իհարկե, կան, ապրիլյան գործընթացների պատճառով հարցը մտավ միջազգային օրակարգ, որն էլ ամրագրեց երկու հանգամանք: Առաջինը, որ բոլորը, առանց բացառության, թիվ մեկ խնդիրը համարում են խաղաղության հաստատումը, 1994-95 թթ. զինադադարի պահպանությունը: Սա ձեռնտու է Հայաստանին: Եթե հիշում եք` Ալիևն էր միշտ հայտարարում, որ ինքը ռազմական ճանապարհով վերականգնելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ այսօր աշխարհն Ադրբեջանին ասում է, որ թույլ չի տա ռազմական ճանապարհով խնդրի լուծում: Եթե Ադրբեջանի նախագահը կփորձի հակադրվել աշխարհին, թող աչքի առաջ ունենա Սիրիայի օրինակը:
-Բայց մի անգամ փորձեց, չէ՞:
-Առաջին փորձը խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար էր՝ որոշակի թույլտվության պայմաններում, ինչը Ադրբեջանը ձախողեց: Երկրորդ փորձ թույլ չեն տա, որովհետև հարցը հիմա շատ պետությունների ուշադրության կենտրոնում է և հակադրվում է տարածաշրջանի այնպիսի պետությունների շահերին, ինչպիսին Իրանն է:
-Այդ դեպքում Ալիևը ինչո՞ւ է Ռուսաստանից նորից մի քանի միլիարդի զենք գնում, ի՞նչ է անելու, հոգեբանական պատերազմի՞ համար է:
-Հայտարարություններին, որ Ալիևն անում է Բաքվում, չեմ հավատում, ինչպես Երևանում Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ երկուսն էլ իրենց ժողովրդից ինչ-որ իրողություններ թաքցնում են: Հանուն արդարության ասեմ, որ Ալիևն ավելի շատ է թաքցնում: Արտերկրում արված վերջին հայտարարությունները Վարշավայում էին: ՆԱՏՕ-ի վեհաժողովում Ալիևը հայտարարեց, որ ստատուս քվոն պետք է փոխել, և դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ստատուս քվոյի փոփոխություն հնարավոր է, եթե իրագործվի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման կայացման իրավունքը: Բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության միջև հակասություններ են տեսնում, վստահեցնում եմ Ձեզ, որ այսքան տարի Մինսկի խմբի շրջանակներում բանակցած դիվանագետները անփորձ մարդիկ չեն և համոզված են, որ երկու ուղղությունները կարելի է համատեղել:
-ՈՒ՝ ինչպե՞ս:
-Բազմիցս ասել եմ, որ այդ երկու ուղղությունները համադրելու մեկ տարբերակ կա ընդամենը, այն է` տարածքներ կարգավիճակի դիմաց: Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանը Բլումբերգին տված հարցազրույցում ասաց, որ 2011-ին համաձայնել է նման տարբերակով լուծմանը, ավելին՝ կարգավիճակի հարցը թողնելով 5, 50 կամ 500 տարի հետո, բայց հիմա՝ ապրիլյան դեպքերից հետո, չի վստահում և հարցը շատ կոնկրետ է տեսնում` նախ կարգավիճակ, հետո ստատուս քվոյի փոփոխություն: Սկզբում տարածքներ, հետո կարգավիճակի հարցը պարզելն առաջարկում է Ռուսաստանը՝ Կազանյան սկզբունքներով, իսկ Արևմուտքը ավելի շատ Մադրիդյան սկզբունքների կողմնակիցն է, որը ժամանակի առումով հստակ բանաձևեր ունի՝ հանրաքվեի համար: Եվրոպան ու ԱՄՆ-ը պահանջում են սահմաններին մշտադիտարկման սարքերի տեղակայում, Կասպրշիկի խմբի հնարավորությունների մեծացում, որին Ադրբեջանը և Ռուսաստանը միասին դիմադրում են: Իմ կարծիքով՝ դիվանագիտական խնդիրներում Ադրբեջանի վիճակը ներսում և դրսում ավելի ոչ շահավետ է, քան մերը:
-ՈՒ՝ ի՞նչ է լինելու ի վերջո:
-Ես խորապես կհարգեմ այն գործչին, ով կգնա հարցի լուծման ճանապարհով: Խնդրի երկարաձգումը ու լուծումից խուսափելն է նաև հիմնական պատճառներից մեկը իշխանության վերարտադրության, գոյություն ունեցող մոնոպոլիաների և կոռուպցիայի, աշխարհաքաղաքական կախվածության և պարտադրված ընտրության և որպես հետևանք` արտագաղթի և երկրի դատարկման: Հարցի հետագա երկարաձգումը կործանարար է մեզ համար:
-Հասարակությունը դա կընկալի՞:
-Իհարկե, հեշտ չի լինելու և ամեն ինչ միանշանակ չի ընկալվելու, բայց ես համոզված եմ, որ խաղաղության օգուտները անհամեմատ ավելին են լինելու` տարանցիկ կոմունիկացիաներ և ճանապարհներ, բաց սահմաններ, հարևանների հետ տնտեսական, դիվանագիտական և քաղաքական փոխհարաբերություններ առանց երրորդ կողմի միջամտության, արդյունաբերական ապրանքների և էներգետիկ ռեսուրսների իրական այլընտրանքայնություն և որ ամենակարևորն է` հայ զինվորի անվտանգ և արժանապատիվ ծառայություն և ողջուառողջ վերադարձ տուն: ՈՒ սրանից ելնելով և այս համատեքստում` իմ կարծիքով, մենք հենց այսօր պետք է լուծենք բանակի կառուցվածքային փոփոխության խնդիրը, որը շատ կենսական է: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ազգային բանակում լինեն 20000-ից ավելի պայմանագրային զինծառայողներ: Նրանք պետք է ծառայեն որպես դիրքապահ, դա առանձնակի մասնագիտական կարողություններ չի պահանջում և տևական ուսուցման կարիք չունի: Մինչև թոշակի տարիքի ցանկացած առողջ տղամարդ կարող է դառնալ պայմանագրային զինծառայող: Այդ խնդիրը պետք է լուծվի ու ժամկետային զինծառայողներին պետք է հետ բերել զորամասեր՝ մասնագիտական որակներով ծառայության անցնելու:
-Ընդամենը 20000-ը շփման գիծը կփակի՞:
-20000 պայմանագրայինը բավարար է այդ խնդիրը լուծելու համար, նրանք 15 օր կլինեն դիրքերում, 15 օր՝ տանը: Պայմանագրային զինծառայողը պետք է ստանա ամսական 1000 դոլարին համարժեք դրամ, ունենա զեղչեր իր ընտանիքի անդամների կրթության, առողջական և այլ խնդիրների լուծման համար: Տարեկան դա ընդամենը 240 միլիոն դոլարին համարժեք դրամ է, և թող այս իշխանությունները չասեն, թե չգիտեն՝ այդ փողերը որտեղից գտնել: Հնարավորություններն էլ կան, տեղերն էլ գիտեն:
-Ինչո՞ւ չեն անում:
-Ժամանակի ընթացքում հարկադրված են լինելու անել, իմ հորդորն է՝ չուշացնել, դա բազմաթիվ խնդիրներ է լուծում: Հավատացած եղեք, որ շատերը ռուսաստաններում աշխատանք որոնելու փոխարեն կգերադասեն տանը ծառայել հայրենիքին` 15 օր կանգնելով դիրքերում: Այդ մարդկանց պետք է ներգրավել սահմանամերձ գյուղերից, որ դիրքերից իջնեն իրենց տները, մշակեն հողը, լինեն հարազատների կողքին: Սա նաև աշխատատեղերի ստեղծման լրջագույն հարց է լուծում, որից այդքան խուսափում է գործող կառավարությունը: Պետության ծախսած այդ փողի հետդարձը թե բարոյական, թե հոգեբանական և թե նյութական առումով շատ արագ է լինելու՝ սահմանամերձ գյուղեր են վերադառնալու արտագնա աշխատանքի մեկնածները:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ.Գ. Հարցազրույցը ուրբաթ օրն էր, որին հաջորդեց թուրքական ձախողված հեղաշրջումը ուրբաթ լույս շաբաթ գիշերը և հայկականը՝ ոստիկանական գնդի պատանդառումով: Արամ Սարգսյանին խնդրեցի անդրադառնալ նաև այդ իրավիճակներին.
-Թե Թուրքիայում, թե Հայաստանում կան լուրջ դժգոհություններ գործող իշխանություններից, ու դժբախտաբար այդ խնդիրները սահմանադրական ճանապարհով և ընտրություններով չեն կարողանում լուծում գտնել: Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները իրենց վարած քաղաքականությամբ գործնականում սեփական ժողովրդին հասցրել են քաղաքացիական պատերազմի շեմին: Համոզված եմ, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները լուրջ հետևությունների կարիք ունեն: Փաստ է, որ հասարակությունը չի ընդունում բռնությունը և արկածախնդրությունը, ու թե Թուրքիայում, թե Հայաստանում նման գործընթացները, բարեբախտաբար, աջակցություն չեն ստանում:

Դիտվել է՝ 2873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ