Իրանն առաջարկում է կառուցել Իրան–Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցք, որի շահագրգիռ կողմերն են Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը: Հայաստանի առումով դժվար է ասել՝ շահագրգռված կողմ թե ոչ, սակայն դա բխում է Հայաստանի շահերից՝ ասուլիսում ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Միջանցքի կառուցման համար Սոֆիայում տեղի է ունեցել փորձագիտական քննարկում՝ նպատակներն ու խնդիրները դիտարկելու համար:
Հայաստանը, ըստ տնտեսագետի, դուրս է տարածաշրջանային զարգացումներից. «Աշխարհագրական առումով Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Դա նշանակում է, որ Հայաստանի տրանսպորտային ուղիները պիտի ինտեգրված լինեն այդ տարածքներին: Հայաստանում քիչ բան է փոխվել, հարևան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով, դա արգելակում է Հայաստանի զարգացումը, իսկ երկաթգիծը Հայաստանի համար անհրաժեշտ գործոն է»: Տնտեսագետի խոսքով՝ տրանսպորտային հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով Հայաստանը ոչ գրավիչ երկիր է դառնում ներդրումների առումով. «Հայաստանը Վրաստանի հետ նույն ինտեգրման տարածքում է, բնականաբար, էական տարբերություն չկա: Հայաստանում կարելի է արտադրել, Վրաստանի միջոցով արտահանել, սակայն, քանի որ իրավական առումով, այլ ռեժիմներ են գործում Հայաստանում և Վրաստանում, ներդրումների համար ռիսկեր են առաջանում»:
Եղիազարյանն ասաց, որ տարածաշրջանում փոփոխություններ է առաջացրել նաև Իրանի պատժամիջոցների չեղարկումը, ինչը փոխում է խաղաքարտերը. «Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տարածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, և Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»:
«Հայաստանը շրջանցող նախագծերի նկատմամբ խանդավառված չեն եղել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց նախկինում ինչ եղել է և այսօր ինչ պիտի լինի, էապես տարբեր են: Արևմուտքի և Իրանի ազդեցությունն այսօր մեծացել է տարածաշրջանում, որովհետև նախկինում, բոլոր նախագծերը նպատակ են ունեցել շրջանցել ոչ միայն Իրանը, այլ նաև Ռուսաստանը, իսկ ներկայումս նման նախագծերում ներգրավվում է Իրանը, այդ թվում նաև Հայաստանը և մեր երկրի համար ստեղծվում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ»,– ասել է տնտեսագետը:
2014-ին Ռուսաստանը հայտարարեց, որ մտադիր է էլեկտրաֆիկացնել Իրանից Ադրբեջան գնացող երկաթուղին, հետագայում հասցնել մինչև Ռուսաստան, սա քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ իրագործման հնարավորություն կա, հարցին Եղիազարյանն ասաց. «Դրանք մեծամասամբ եղել են աշխարհաքաղաքական հայտարարություններ: Ի վերջո, ոչ Իրանի կողմից, ոչ էլ Ռուսաստանի կողմից իրական քայլեր չեն արվել այդ նախագիծն իրականություն դարձնելու համար, ամեն մեկն ակնկալել է, որ ինքն առավել մեծ շահ կունենա»: