Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Ճտերը» պայմանագրի «տա՞կ» են

«Ճտերը» պայմանագրի «տա՞կ» են
15.07.2016 | 02:14

Եթե մինչ այժմ դժգոհում էր ժողովուրդը, ապա կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ահազանգեց, որ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման ընթացքից դժգոհում են աշխատակիցները, մասնավորապես, «Բորսան» ընկերությունից՝ շեշտադրելով ոչ ճիշտ կազմակերպման և ֆինանսավորման խնդիրները։ Ի զարմանս բոլորի, տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հակադարձեց. «Մենք ուսումնասիրել ենք, և դժգոհության որևէ հիմք չկա»։ Վարչապետի պատասխանը չուշացավ. «Իմ ահազանգը ձեզ համար հիմք չէ՞»։ Այս երկխոսությունն առաջացրեց բազմաթիվ հարցեր, որոնցից մի քանիսն ուղղեցինք տրանսպորտի և կապի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ։


-Վարչապետը հնչեցրեց իր ահազանգը, իսկ Դուք ասացիք, որ դժգոհելու հիմքեր չկան։ Այս հակասությունը ինչո՞վ է պայմանավորված։
-Ես պատրաստ եմ շատ պարզ մեկնաբանելու։ Կա սուբյեկտ, ի դեմս «Բորսան» ընկերության, որը պայմանագիր է կնքել պետության հետ։ Պետությունն իր իրավասությունների շրջանակում պայմանագրով սահմանված դրույթներին համապատասխան իրականացնում է գործառույթներ, այդ թվում՝ հսկողական։
-Ամեն դեպքում, ուզում եմ հստակեցնեք. վարչապետը շեշտեց աշխատողների դժգոհությունը, իսկ Դուք ասացիք, որ իրականացրել եք ուսումնասիրություններ, և խնդիրներ չկան։ Այսինքն, վարչապետի ահազանգն անհի՞մն էր։
-Իհարկե ոչ։ Ինչպես տեղեկացաք, վարչապետն առանձին հանձնարարություն տվեց՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը։ Մենք կուսումնասիրենք և արդյունքները կներկայացնենք։ Ամեն դեպքում, մեր հարաբերություններն իսպանական ընկերության հետ սահմանվում և կարգավորվում են պայմանագրով, որի դրույթների համաձայն աշխատանքներ են տարվում։
-Լրագրողների հետ ճեպազրույցում Դուք բացառեցիք պայմանագրի խզումն այդ ընկերության հետ։ Ինչո՞ւ չի կարելի խզել պայմանագիրն ընկերության հետ, եթե պարզվի, որ իսկապես ընկերությունն իր աշխատանքներում թերանում է։
-Կրկնում եմ, մեր հարաբերությունները սահմանված են պայմանագրով, և պայմանագրի դրույթների համապատասխան էլ մենք հարաբերվում ենք։
-Հասկացանք, բայց եթե թերանում է ընկերությունը, ի՞նչ է, Հայաստանը կրա՞կն է ընկել։ Պայմանագրում սահմանում կա՞, որ եթե ՀՀ-ն հրաժարվի այդ պայմանագրից, ապա խնդիրների առջև կկանգնի։
-Ոչ։ ՈՒղղակի բավարար հիմքեր չկան, որպեսզի հրաժարվենք։ Այսինքն, հստակ հարաբերություններ և նորմեր են սահմանված, ինչը կոչվում է պայմանագիր։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ. Եվ այսպես, տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը փորձում էր ապացուցել, որ խնդիրներ չկան, չնայած վարչապետի հնչեցրած ահազանգին։ Իսկ ամենաաբսուրդը, թերևս, իսպանական ընկերության նկատմամբ անբացատրելի «սերն» է, որը թույլ չի տալիս անգամ խնդիրների դեպքում խզել ընկերության հետ պայմանագիրը։ Այն եռանդը, որով փոխնախարարը փորձում էր պաշտպանել իսպանական ընկերությունը և նրա հետ կնքած պայմանագիրը, ավելի շատ հարցեր է առաջացնում։ Հնարավո՞ր է, որ իսպանական ընկերության իրական տերը հայ է, այն էլ Հայաստանից... Չի բացառվում։ Իսկ եթե անգամ այս տարբերակը բացառենք, կարող ենք ենթադրել, որ այս ընկերության թիկունքում ՀԲ-ն է փորձում «փողեր լվանալ»։ Չմոռանանք, որ ընկերության ընտրությունն իրականացվել է նաև ՀԲ-ի աջակցությամբ։

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ