ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ստեղծված իրավիճակում գրեթե բոլոր խաղաքարտերը բաց են, բայց կողմերը ձևացնում են, թե անհայտներ կան»

«Ստեղծված իրավիճակում գրեթե բոլոր խաղաքարտերը  բաց են, բայց կողմերը ձևացնում են, թե անհայտներ կան»
15.07.2016 | 01:48

«Իրատեսի» հյուրն է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Մինչև խորհրդարանական ընտրությունները մեկ տարուց քիչ է մնում, ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում, ինչո՞ւ է ընդդիմությունը ինքն իրեն թիրախ դարձրել:
-Ընդդիմության, ավելի ստույգ՝ ոչիշխանության մեծ հատվածի պարագայում, իմ կարծիքով, հիմնականում աշխատում է մեկ տրամաբանություն՝ բողոքական զանգվածի վրա հենվելով լուրջ արդյունքի դժվար է հասնել, դա նշանակում է ֆինանսներ ունենալ, կառույցներ մարզերում, գործող գրասենյակներ, զանգվածային միջոցառումներ անել, հույսը դրա վրա չդնելով՝ ոչիշխանությունը, իր կարծիքով, ավելի պրագմատիկ է և փորձում է տեղավորվել այն քվոտայի մեջ, որ իշխանությունը նախատեսում է ապագա խորհրդարանում: Դա Ընտրական օրենսգիրքն է պահանջում, միջազգային հանրության առաջ պարտավորությունները, ի վերջո նաև՝ ներքաղաքական խաղի կանոնները, որոնք քիչ թե շատ կան երկրի ներսում: 2007-ից սկսած, որ ԱԺ-ում ընդդիմություն պետք է լինի, ընդդիմությունից ոչ պակաս, եթե ոչ ավելի շատ մտահոգում է իշխանությանը: Իշխանությունը, բնականաբար, ուզում է տեսնել ընդդիմություն, որի հետ հարմար է աշխատելը:
-Այդ տրամաբանությամբ՝ ընդդիմությունը դառնում է կառավարելի, կառուցողական, կոալիցելի, իշխանության շարունակություն ի վերջո, բայց ոչ ընդդիմություն, որ ցանկացած իշխանության համար անհրաժեշտություն է:
-Այդ գործընթացը և միտումը նոր չեն սկսվել, իշխանությանը պետք է, որ ընդդիմությունը հնարավորինս կառավարելի լինի, ընդդիմությունն էլ, կարծես, առանձնապես մեծ դիմադրություն ցույց չի տվել իշխանության ձգտումներին և աստիճանաբար մենք ունենք այն, ինչ ունենք՝ տրոհված, ցաքուցրիվ, երբեմն կամազուրկ քաղաքական ուժեր, որոնց ոչ միշտ է նույնիսկ հնարավոր ընդդիմություն անվանել: Բոլորն էլ հասկանում են, որ կա խորհրդարանական քվոտա և այդ քվոտայում պետք է տեղավորվել:
-Արտաքին ներգործությունը քվոտան չի՞ փոփոխի:
-Կարող է, բայց իշխանությունը փորձելու է հավասարակշռություն պահպանել՝ բավարարելով այս կամ այն երևանյան դեսպանատան ամբիցիաները, դա մի կողմից թույլ է տալիս աշխատանքային հարմարավետ հարաբերություններ պահպանել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ, մյուս կողմից՝ արևմտամետ խմբակցությունը ԱԺ-ում Մոսկվայի հետ քիչ թե շատ մանևրի հնարավորություն է ստեղծում՝ ցույց տալով, որ մեզ մոտ էլ կան արևմտամետ ուժեր, և Մոսկվայի աջակցությունը չլինելու դեպքում ռուսամետ ուժերի դիրքերը թուլանում են: Որքան էլ գուցե զարմանալի հնչի, բայց արևմտամետ ընդդիմության շանսերը, իմ կարծիքով, միշտ ավելի մեծ են եղել քվոտայում տեղավորվելու համար, իշխանությունը միշտ ավելի խանդով է վերաբերվում այլընտրանքային ռուսամետ ուժերին՝ նրանց մեջ ռեալ մրցակից տեսնելով: Նախկին ԲՀԿ-ի կտրուկ ջախջախումը, չեմ բացառում, պայմանավորված էր նաև այդ գործոնով: Գուցե այդ պատճառով էլ հարցը կտրուկ փակվեց: Ընդդիմության ներսում ներկա խառնակությունը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ հասկանում են՝ տեղը խորհրդարանական արևի տակ սահմանափակ է: Բայց երբ առանց փաստերի միմյանց մեղադրում են իշխանական այս կամ այն թևի պրոյեկտ լինելու և այլ մեղքերի մեջ, սուրճի մրուրով ապագա գուշակելու պես է:
-Ամենաընդդիմադիր ընդդիմության որոնումնե՞ր են, թե՞ ամենաիշխանամետ:
-Կարծում եմ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է ծանրութեթև արել՝ լինել ավանդական ընդդիմության հետ և ընկնել նույն ստվերի տակ, որ ընդդիմությունը թույլ է, կապված է իշխանության հետ, կամ փորձել առանձնանալ մնացած ընդդիմադիրներից և հայտարարել, որ երկրին ընդդիմություն է պետք, և միակ ընդդիմադիրն ինքն է:
-Ռիսկային չէ՞:
-Անկասկած ռիսկային է, բայց, կարծում եմ, իր պատկերացմամբ և հավանաբար հաշվարկներով՝ չարյաց փոքրագույնն է, հակառակ դեպքում այլ կանոններով պետք է շարժվի, իսկ այս դեպքում փորձում է հայաստանյան քաղաքական դաշտը դարձնել ոչ թե սև-սպիտակ, այլ մնացած ընդդիմադիրներին մոխրագույն ներկել:
-Հասարակության ներսում, քաղաքացիական շարժումներում, արտախորհրդարանական կուսակցություններում չի՞ ձևավորվի այն ուժը, որ կլինի ռեալ, այլ ոչ տիտղոսային ընդդիմություն:
-Տեսականորեն հնարավոր է: Բայց կա արդեն ավանդական դարձած խնդիրը՝ իրական և խարիզմատիկ լիդերների բացակայությունը: Բողոքական ընտրազանգվածը, իհարկե, ապրիլյան պատերազմից հետո է՛լ ավելի է մեծացել՝ եղան նոր որակի հիասթափություններ, երբ շատ ստվերային գործընթացների նկատմամբ աչք էր փակվում, որովհետև ներկայացվում էր, որ ինչ-որ ստվերային հոսքեր գնում են բանակի ծախսերի համար: Երբ պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ, հասարակության դժգոհությունն ավելի մեծացավ: Բայց, ցավոք, հարցերին լուծումներ տալու, ինքնակազմակերպվելու, պահանջելու և նպատակին հասնելու համար, նաև կտրուկ քայլերի փոխարեն հիասթափությունը հաղթահարելու ճանապարհներից հայերս նախընտրում ենք թողնել-գնալը:
-Խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են հիասթափության այլ արտահայտության դետոնատոր դառնալ:
-Կարող են, եթե լինեն լիդերներ, որ կարողանան բողոքական տրամադրությունները վերածել քաղաքական էներգիայի, որը ընտրությունների օրը դրսևորվի ձայներն ընդդիմությանը տալով, իսկ հետո ձայնը պաշտպանելով, ոչ թե սեփական խոհանոցում և պատերի տակ իշխանությունից բողոքելով:
-Ձեզ չի՞ թվում, որ ռեալ ընտրությունը կատարվում է ոչ թե ընտրատեղամասերում, այլ ԿԸՀ-ում:
-ԿԸՀ-ում, այնուամենայնիվ, կամիկաձեներ չեն, եթե զգում են, որ փողոցում այլ տրամադրություն է, բացարձակ թվանկարչության չեն դիմի: Ամբողջ խնդիրն այն է, որ ոչիշխանությունն էլ փողոցում իրեն չի տեսնում և գնում է կուլիսային առևտրի: Մեր քրոնիկ հիվանդությունն է, որ ոչիշխանական ուժերը տեղական ընտրություններում չկան, իսկ տեղական ռեսուրսները կորցնելով՝ իշխանությանն են տալիս վարչական ռեսուրսները ընտրություններում իր օգտին աշխատեցնելու հնարավորություն: Կամ պիտի երկրում լուրջ հեղափոխական իրավիճակ լինի, որ վարչական ռեսուրսը թեկուզ ինքնապաշտպանական բնազդից ելնելով սկսի ծառայել ոչ թե գործող իշխանությանը, այլ փորձի ապագա իշխանության հետ լեզու գտնել, կամ տեղերում պիտի ամեն վարչական ռեսուրսի համար պայքարես, որ գյուղապետից սկսած՝ քեզ համար աշխատեն: Հավելեմ նաև, որ իշխանությանը երբեմն ձեռնտու չէ նաև լուրջ կամ քիչ կառավարելի ընդդիմադիր ուժին դուրսը թողնել, շատ ավելի ձեռնտու է տանել խորհրդարան և «իր գրկում խեղդել»՝ երկրի թիվ մեկ ամբիոնը տրամադրելով ինքնարտահայտվելու: Հակառակ դեպքում կուժեղանա փողոցում գտնվող առայժմ թույլ, բայց երբեմն ծայրահեղ արմատական տրամադրված «ոչհամակարգային» ընդդիմությունը: Ընտրական գործընթացների այսօրվա «ճարտարապետները», որ ապագա ԱԺ քարտեզն են գծում, մի քանի խնդիր ունեն լուծելու: Առաջին՝ ապագա խորհրդարանական ընդդիմությունը պետք է հնարավորինս «կոմֆորտային» լինի իշխանությանը: Երկրորդ՝ աշխարհաքաղաքական բևեռների հավասարակշռությունը խորհրդարանում պահվի: Երրորդ՝ երբեմն ավելի հեշտ է և ձեռնտու ընդդիմության որոշ հատվածին կամ առանձին ներկայացուցիչներին խորհրդարանի ներսում պահել, քան դրսում:
-Արտաքին գործոնները կարո՞ղ են այդ գործընթացների վրա ազդել: ԼՂ խնդրի արագացվող լուծման տարբերակը ներքաղաքական իրավիճակ չի՞ փոխի:
-Ընտրությունների արդյունքների վրա, իմ կարծիքով, կարող են ազդել նախ և առաջ ֆորսմաժորային գործընթացները Ղարաբաղի հարցի լուծման մեջ: Եթե հայաստանյան և արցախյան հասարակությանը այդ գործընթացները դուր չգան, գուցե ընդդիմադիր ուժեր գտնվեն, որ կգլխավորեն բողոքական տրամադրությունները: Կարող են լինել և արտաքին քաղաքական գործոններ՝ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն դժգոհ լինելով Հայաստանի իշխանությունների գործողություններից՝ ակտիվացնի իր ազդեցության տակ գտնվող ընդդիմադիր թևին, մեր պատմության մեջ նման դեպքեր եղել են: Բայց եղել է նաև դեպք, երբ արտաքին և ներքին գործոնների համադրության պարագայում հենց իշխանության ներսում է իշխանափոխություն իրականացվել:
-Բաքուն հայտարարում է, որ փաստաթուղթ է քննարկվում, Երևանը հերքում է, որտե՞ղ է իրականությունը:
-Ինձ էլ մեկ-մեկ թվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները և այլ բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր բանակցությունների մասին են խոսում, որ զուգահեռ աշխարհներում են կայանում: Եթե մինչև ՀՀ նախագահի «Բլումբերգին» տված հարցազրույցը ինչ-որ հարցեր դեռ կային, նրա հայտարարությունից հետո, որ 2011-ին Հայաստանը համաձայնել է Կազանի սկզբունքներին, խաղը, կարծում եմ, ընդհանուր առմամբ բացվել է: Հասկանալի է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, գնում է փոխզիջումային փուլային տարբերակին:
-Ի՞նչ է զիջում Ադրբեջանը:
-Ադրբեջանը համարում է, որ իր զիջումը երբևիցե հանրաքվե լինելն է ԼՂ հարցով՝ Ղարաբաղում՝ հանած շրջանները, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Հայաստանը մինչ այդ պետք է վերադարձնի: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում հարցազրույցից սկսեց նախապատրաստել հանրությանը փոխզիջումային գործընթացներին: Ալիևը իր «տնային աշխատանքը» կարծես չի կատարում, նա չի նախապատրաստում իր ժողովրդին, որ հանրաքվե կարող է լինել և ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինել: Այստեղ, իհարկե, երկու տարբերակ կա՝ կարող է լինել անկախ, կարող է միանալ Հայաստանին: Իր հրապարակային ելույթներում Ալիևը բացառում է հայկական երկրորդ պետության գոյությունը, ակնարկում է, որ հանրաքվեն պետք է լինի Ադրբեջանի օրենքներով, համարյա թե շփման գծում ուսումնական վարժանքներ է անում: Մինչդեռ Լավրովը օրերս Բաքվում ասաց, որ կողմերը երբեք այդքան մոտ չեն եղել լուծման, Մամեդյարովն էլ ասաց՝ այն տեղեկությունը, որ մեզ հետ Լավրովը կիսեց, հույսեր է ներշնչում: Եթե հաշվի առնենք, որ մի շաբաթ առաջ Լավրովը Երևանում էր, ենթադրվում է, որ Լավրովի տեղեկությունը այն մասին է, որ հայկական կողմը համաձայնությունը տվել է ինչ-որ տարբերակի: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում էլ Սերժ Սարգսյանն ասաց, որ ստատուս քվոյի փոփոխություն կարող է լինել, եթե Ադրբեջանը համաձայնում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Դիվանագիտության մեջ ի՞նչը կարող է ավելի բաց լինել՝ փաստացի ՀՀ նախագահն ասում է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե Բաքուն համաձայնի հանրաքվե անցկացնելուն:
-Լավ, իսկ որտե՞ղ է Ղարաբաղը, քառօրյա պատերազմից հետո Բակո Սահակյանն ասում էր՝ ոչ մի թիզ հող թշնամուն:
-Դեյուրե Ղարաբաղը այսօր չկա բանակցություններում, դեֆակտո ԼՂՀ նախագահի հետ աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայացուցիչները արդեն բանակցում և կոնսուլտացիաներ են անում: Դատելով արցախյան բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հայտարարություններից և հարցազրույցներից՝ այնտեղ այնքան էլ չեն կիսում միջնորդների ու ադրբեջանցիների լավատեսական տրամադրությունները և հայաստանյան որոշ պաշտոնյաների «զուսպ լավատեսությունը»: Ընդհանրապես Հայաստանի իշխանությունները օրը մի հայտարարություն են անում. մեկ ասում են՝ փուլային տարբերակով պետք է նախ Շահումյանն ու Գետաշենը վերադարձվեն, մեկ ասում են՝ բանակցվում են շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայման ու Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման հարցերը: Մինչդեռ Վիեննայից հետո Ալիևը հայտարարեց, որ մեխանիզմների տեղակայման պայմանավորվածություն չի եղել: Եթե գործընթացի տրամաբանության, բոլոր պաշտոնատար անձանց ելույթների ու հայտարարությունների մեջ կա, որ ստատուս քվոն պետք է փոխվի, եթե Լավրովը հայտարարում է, որ երբևէ կողմերն այդքան մոտ չեն եղել լուծման, մշտադիտարկման միջոցների տեղակայումն արդեն ուշացած է: Բնական է Բաքվի դիմադրությունը, որովհետև դա փաստացի ստատուս քվոյի ամրապնդում է: Ստեղծված իրավիճակում գրեթե բոլոր խաղաքարտերը բաց են, ինչը բաց չէ, դժվար չէ կռահել, բայց թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե որոշ չափով Ղարաբաղի իշխանությունները փորձում են ձևացնել, թե խաղաքարտերը դեռևս փակ են: Բայց Ստեփանակերտում ամեն դեպքում թերահավատությամբ են վերաբերվում գործընթացին, որովհետև իրենց անվտանգության լուրջ երաշխիքներ չեն տեսնում՝ անվտանգության գոտին հանձնելու դեպքում:
-Աշխարհաքաղաքական կենտրոնները խնդրի լուծումը նո՞ւյն կերպ են տեսնում, մի պատմություն էր Վիեննան, մեկ այլ պատմություն՝ Պետերբուրգը, Փարիզը հայտնի չէ երբ և ինչ կլինի:
-Աշխարհաքաղաքական բևեռները ինչ ակտիվություն էլ ունենան, այս փուլում կարծես բացառիկ իրավիճակ է, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս Արցախի հարցի կարգավորման շուրջ: Թե Վիեննան, թե Պետերբուրգը, թե ապագայում Փարիզը նույն շղթայի տարբեր օղակներն են, և դա էլ ցույց է տալիս, որ համանախագահ երկրներից ամեն մեկը իր փոքր քայլն է անում: Երբ Պուտինն ու Օբաման աշխարհաքաղաքական գերլարվածության պայմաններում հեռախոսով Ղարաբաղի թեմայով զրույց են ունենում, նշանակում է՝ այս անգամ լուրջ են տրամադրված: Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը ուզում է իր նախագահության ավարտին արդյունք արձանագրել այս խնդրում, իսկ Ռուսաստանի որոշակի լիդերությունը, հավանաբար, փոխհատուցվում է մի այլ աշխարհաքաղաքական հարցում որոշակի զիջմամբ: Տպավորությունս այնպիսին է, որ աշխարհաքաղաքական բոլոր շահագրգիռ կենտրոնները փորձում են գոնե մինչև տարեվերջ ինչ-որ փաստաթուղթ ստանալ՝ շրջանակային կլինի, թե արձանագրային, ինչ-որ համաձայնագիր, որ վավերացնում է համաձայնությունները մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնց կողմերը հասել են բանակցությունների ընթացքում: Այլ հարց է, որ այդ փաստաթղթի կետերի իրագործումը լավագույն դեպքում կարող է տարիներով ձգձգվել:
-Այդ համապատկերում որքա՞ն է պատերազմի վերսկսման հավանականությունը:
-Շատ բարձր, բոլոր ողջախոհ երկրների իշխանությունները դա շատ լավ հասկանում են: Հայաստանի բանակում կադրային, կառուցվածքային, տեխնիկական և այլ փոփոխությունները, ռազմարդյունաբերական կոմիտեի ստեղծումը վկայում են, որ Հայաստանում էլ հասկանում են, և իշխանությունները հույսը, մեղմ ասած, միայն դիվանագիտական ճանապարհների վրա չեն դնում: Բոլոր կենտրոնները պահանջում են ռազմական ճանապարհը բացառել, այնուամենայնիվ նաև հասկանում են, որ դիվանագիտական ակտիվությունը սկսվեց քառօրյա պատերազմից հետո, որ վերակենդանացրեց տարիներով «սառեցված» ստատուս քվոյի փոփոխման հարցը: Ի՞նչ պարզվեց պատերազմի հետևանքով: Հայաստանը հասկացավ, որ ամեն ինչ նորմալ չէ, շատ մեղմ ասած: Ադրբեջանը հասկացավ, որ նույնիսկ բլիցկրիգի պայմաններում ի վիճակի չէ ռազմական ճանապարհով հարցը իր ուզածի պես լուծել, բայց քաղաքական առումով, կարծում եմ, Բաքուն լուրջ դիվիդենդներ ստացավ՝ աշխարհի առաջնային օրակարգ վերադարձնելով ԼՂ հարցը, ստատուս քվոյի վերանայման խնդիրը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ