Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի մասամբ սուբսիդավորումը շարունակելու վերաբերյալ նոր որոշում չի կայացրել: NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են.
«Ի պատասխան Ձեր հարցադրմանն ու ի կատարումն ՀՀ վարչապետի 06.07.2016թ. N02/22/9770-16 հանձնարարականի՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառման և ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N1030-Ն որոշման համաձայն, սպառողների առանձին խմբերին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց սուբսիդիայի տրամադրումը նախատեսված է 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև 2016 թ. հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
Սուբսիդավորումը շարունակելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը նոր որոշում չի կայացրել: Կայացնելու դեպքում այդ մասին պատշաճ կերպով կտեղեկացվի հանրությանը»:
ԿՀԾՀ-ն որոշել էր նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն իրականում ամսական մինչև 250 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինը կբարձրանա, որովհետև մինչև օգոստոսի 1-ը ուժի մեջ է էլէներգիայի սակագնի սուբսիդավորման որոշումը, ըստ որի, կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը: Այսինքն` մինչև օգոստոսի 1-ը մինչև 250 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա սպառողները վճարում էին մեկ կՎտ/ժամի համար 41,85 դրամ, իսկ հիմա սակագնի «նվազումից» հետո ստիպված են լինելու վճարել 46,2 դրամ: Նրանց համար էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 4,35 դրամով: Էլէներգիայի սակագինը, իրականում, օգոստոսի 1-ին 2,58 դրամով կնվազի այն սպառողների համար, որոնց ամսական ծախսը ավելի է 250 կՎտ/ժամից: