Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Թուրքերը խորամանկ են, բայց պակասն էլ ռուսները չեն»

«Թուրքերը խորամանկ են, բայց պակասն էլ ռուսները չեն»
08.07.2016 | 00:58

Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը մեզանում բավականին ցավոտ են տանում: Չգիտես ինչու, մենք ոգևորվում ենք, երբ ռուսները թուրքերի հետ «կռվում» են և հիասթափվում ենք, երբ հաշտվում են: Քաղաքական ու տնտեսական առումով ի՞նչ շահեցինք նրանց գզվռտոցից, և ի՞նչ կորուստներ են հնարավոր նրանց հաշտեցումից: Ներկայացնում ենք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ և տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ քաղաքական ու տնտեսական մեկնաբանությունները:

«ԱՍՏՎԱԾ ԷԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՅԴՔԱՆ «ՏՐՎԵՆՔ»


-Պարոն Շիրինյան, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման ժամանակահատվածում Հայաստանը քաղաքականապես ի՞նչ շահեց, որ հիմա նեղսրտել ենք, ինչ է թե նրանք հաշտվել են:
-Ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ «շահեցինք» պատերազմ, քանի որ նրանք հրահրեցին Ադրբեջանին պատերազմ վերսկսել: Այսօր լիովին աշխատում է 1921 թվականի ռուս-թուրքական բանաձևը, իսկ սա նշանակում է 30000 քկմ Հայաստան և Ադրբեջան, որին Նախիջևանը տվել են, իսկ այն ունի ԼՂԻՄ: Նրանք այս մոդուսով են աշխատում, իսկ մենք` մեր երևակայությամբ: Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ չկարողացան իրավականորեն շտկել վիճակը: Կա սխալ հիմք: Ռուսներն ու թուրքերն իրար կարիք շատ ունեն, իսկ մնացածը, այդ թվում՝ քաղաքական գործիչների իբր հակաթուրքական գնահատականները, փրփուրներ էին: Ժիրինովսկին էլ ժանգլյորություն է անում: Հիմա ի՞նչ կարելի է ակնկալել այդ հարաբերությունների հարթեցումից: Կարծում եմ, կլինի գործարք, որը կարող է վնասել նաև մեզ: Թուրքական քաղաքականությունը մեր հանդեպ կոստանտ է` ոչնչացնել Հայաստանը: Այսպես է նաև Ադրբեջանի պարագայում: Իսկ Ռուսաստանը սա օգտագործում է իր շահերը բավարարելու նպատակով: Իհարկե, Հայաստանը ինչ-որ չափով նրան հարկավոր է, սակայն մեզանում էլ բոլոր իշխանությունները Ռուսաստանի նկրտումների ջրաղացին հաճախ ջուր են լցրել: Հայ բոլշևիկներն ավելի շատ բան Ռուսաստանի համար են արել, քան Հայաստանի: Նրանք հայրենիքը ծախել են: Լևոն Տեր-Պետրոսյանին էլ, վստահ եմ, ռուսներն են խցկել մեր քաղաքականության մեջ, որ մշտապես ջախջախումների տանի: Նա էլ իր դերը հիանալիորեն կատարում է: Եթե մենք ունենայինք ոչ թե դիսիդենտ, դրածո, այլ նորմալ իշխանություններ, ռուսների հետ շատ լավ հարևանություն կանեինք: Իսկ կհաջողվի՞ այս անգամ ռուս-թուրքական տանդեմի գործարքը կասեցնել, կախված է մեզնից:
-Մեզնից ի՞նչ է կախված, ինչպե՞ս պետք է չեզոքացնել այդ գործարքը:
-Մենք պետք է հնարավորինս պետականորեն համախմբվենք, ուժերը կենտրոնացնենք: Ռուսների հետ պետք է ոչ թե որպես ամբոխ, այլ պետական ինստիտուտներով հարաբերվել: Եթե նրանց հետ հարաբերություններում մենք մեր պետական շահերով առաջնորդվենք, վերջիններս էլ կընդունեն մեր վարքագիծը և հաշվի կնստեն մեզ հետ: Քանի որ մենք այսպես չենք վարվում, ռուսները ձգտում են Հայաստանի հետ «աշխատել»` հինգերորդ շարասյուն ձևավորելով:
-Այսօր ո՞րն է մեր դիվանագիտության էական բացթողումը, ինչի պատճառով հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ ռելսերի վրա չեն դրվում:
-Մենք չենք կարողանում գնահատել մեր երկրի աշխարհագրական դիրքի կարևորությունը: Իսկ էական բացթողումն այն է, որ մեր ազգի մենթալիտետի մեջ մտցրել են անչափելի ռուսամոլություն: Մեր ժողովրդի համար անթույլատրելի է կողմնորոշում ունենալը` գերմանական, ամերիկյան, ռուսական: Պետությունը պետք է բալանսի քաղաքականություն վարի: Բանաձևը մեկն է` եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն: Սա չի նշանակում, որ օտարի հետ պետք է թշնամանալ, բարեկամը քեզ կգտնի: Պետության շահերը չպետք է ծախել, պետության շահը բարձր է ամեն ինչից: Եթե այս տեսանկյունից ենք ռազմավարական, աշխարհաքաղաքական, հոգեբանական հարցերը կարգավորում, դառնում ենք մի ժողովուրդ, որն ունի անցյալ, Տիգրան Մեծ, պետականություն: Ի վերջո, նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ազգերի եղբայրություն: Ռուսները դա ընկալում են իրենց տակ «պառկելու» ձև: Այնինչ, մեզ հետ Ռուսաստանը պետք է հարաբերվի առնվազն Ֆինլանդիայի պես, այսինքն՝ պետական հարաբերությունների հիմքով: Ֆինն ժողովուրդը չի հասկանում, թե ինչպես կարող է միանալ մեկ այլ ժողովրդի, ինչու պիտի ռուս չինովնիկն իր երկրում պաշտոնյա լինի: Հաշվեկշռի քաղաքականությունը պետք է ընտրել: Գերտերությունների հաշվեկշռի քաղաքականությունն անընդհատ փոխվում է, երբեմն նժարն իջնում է, երբեմն էլ այնքան է ցած ընկնում, որ գցում են փոքրերին «շան բերանը»: Հետևաբար, ազգային շահի քաղաքականություն պետք է վարել, ասել է` ոչ թե ամեն ինչ լավ է, որովհետև Սերժ Սարգսյանը Պուտինի հետ է լավ, այլ լավ է, եթե նախագահներն են իրավահավասար կարգավիճակով հարաբերվում (անկախ նրանից, թե ովքեր են այդ նախագահները): Պետք է մեզ հետ որպես պետության հարաբերվեն, բայց սրա գինը շատ-շատ բարձր է:
-Ձեր նշած ռուսամոլների ամենամեծ փաստարկն այն է, որ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, տնտեսական պայմաններից, չի կարող ապրել առանց Ռուսաստանի: Դուք ի՞նչ կասեք:
-Մենք առաջին հանրապետությունը ստեղծել ենք առանց Ռուսաստանի և առանց որևէ մեկի: Մեր երկիրը դարձավ 71000 քկմ, առանց որևէ մեկի օգնության հիմնադրել էինք համալսարան, ամերիկյան սննդով և անգլիական զենքով զինված բանակ ունեինք, միջազգային հարաբերությունում սուբյեկտ էինք: Անգլիացիների օգնությամբ 1919-ին Կարսը, Նախիջևանը վերադարձրինք, ռուսները եկան Կարսը տվեցին թուրքերին, Նախիջևանը` ադրբեջանցիներին, իսկ մեր բանակի զինամթերքի հիմնական մասն ուղարկեցին Բաքու: 1921-ին 1200 հայ սպայի աքսորեցին: Ռուսներն իրենց հանձնվող, ջերմ հայերի չեն սիրում:
-Հիմա ունենք այն, ինչ ունենք: Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է: Ցանկացած երկրի մեղքերը հաշվելուց առաջ մեր ներսը պետք է նայենք ու խնդիրների լուծումը մեզնից սկսենք:
-Երկրորդեմ. մենք հարաբերությունները պետք է կառուցենք պետականորեն և առաջնորդվենք փոխլրացման քաղաքականությամբ: Պետք է իմանալ նաև, որ դաշնամուրի բոլոր ստեղներն էլ կարևոր են, սակայն դրանց մեջ կա շատ կարևոր մեկը, որն այսօր Ռուսաստանն է: Ես հակառուս չեմ, պարզապես հայամետ եմ: Ռուսները կվարվեն ձեզ հետ այնպես, ինչպես դուք կկառուցեք ձեր հարաբերությունները: Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ անգամ չզինված, լավ չապրող Հայաստանը որքան ուժեղ է, որ հարյուր տոկոսով տապալեց Բաքու-Անկարա-Մոսկվա ռազմավարական նախագիծը:
-Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումն ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումների կարող է հանգեցնել:
-Հիմա դժվար է որոշակի կանխատեսումներ ներկայացնել: Չնայած ամերիկյան պաշտոնյաներն արդեն հայտարարություններ են անում՝ թող թուրքերը փորձեն ռուսներին մերձենալ ավելի շատ, քան թույլատրված է, ԱՄՆ-ը պարզապես կքանդի Թուրքիան: Իրավիճակն այսօր հեղհեղուկ է, կանխատեսումների հավանականությունը բավականին նվազում է: Օպերատիվ կառավարումն է առաջնային համարվում: Ոչ թե Ռուսաստանի դեմ ես աշխատելու, այլ մնում ես բարեկամ, բայց թույլ չես տալիս քեզ շահագործեն կամ գոնե նվազագույնս շահագործեն: ՈՒշագրավ մի փաստարկ էլ. ամեն ամառ Լարսի ճանապարհը փլուզվում է, Աստված էլ չի ուզում, որ մենք Ռուսաստանին այդքան «տրվենք»: Ես կողմ չեմ Ռուսաստանի հետ կապերի խզմանը, բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի և արժանապատիվ: Պետականությունն ու անկախությունը պետք է լինեն հոգու մորմոք: Հիմա մենք ոչինչ չստեղծող ժողովուրդ ենք, չունենք արդյունաբերություն, Ռուսաստանը մեր կարիքը բացարձակապես չի զգում, մենք հետաքրքիր ենք միայն քաղաքական առումով, որպեսզի մեր միջոցով ինչ-ինչ հարցեր լուծվեն:

«ՄԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԵՐԲԵՔ ՃԻՇՏ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»


-Պարոն Բոստանջյան, երբ ռուս-թուրքական հարաբերությունները վատացան, մեզանում սկսեցին աշխուժորեն քննարկել, թե ուր որ է հայկական գյուղմթերքը ողողելու է ռուսական շուկան, մեր արտահանումը մեծանալու է, սակայն էական ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Այսօր էլ այդ հարաբերությունները կարգավորվել են, ու մենք տխրել ենք, կարծես ողջ ռուսական շուկան «առգրավել» էինք: Տնտեսական ի՞նչ օգուտներ ունեցանք, և ի՞նչ հնարավոր վնասներ կլինեն:
-Մեզանում, չգիտես ինչու, արմատացած է այն տեսակետը, որ եթե այսինչը այնինչի հետ լավ եղավ կամ վատ, դրանից մենք օգուտ ենք քաղելու կամ տուժելու ենք: Մեր խոցելի կողմերից մեկն էլ այն է, որ մեր գործերը թողած, մտածում ենք՝ այսինչ երկիրը մյուսի հետ վատացա՞վ, թե՞ լավացավ: Վերացարկվեք այդ ամենից: Մեր այս հատկությունը հանգեցրել է մշտապես անցանկալի արդյունքի: Չենք տալիս կարևոր հարցի պատասխանը` ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ նպատակ ենք հետապնդում, որ զինվորագրվենք դրա իրականացմանը: Քանի որ այս ճանապարհով չենք գնում, որպես կանոն, հաջողություն էլ չենք արձանագրում: Մեր ունեցած փոքր հնարավորությունները պետք է օգտագործել և անկախ մյուս երկրների մերձեցումից կամ հեռացումից, հստակ ռազմավարություն մշակել: Փաստ է, որ մեր տնտեսությունը «ճմռթված» վիճակում է, սակայն քաղաքական էլիտան ամենևին էլ մտահոգված չէ, նա մտածում է բացառապես իր անձնական շահերը սպասարկելու մասին: Ստացվել է այնպես, որ մեր շրջանառության գրեթե 85 %-ը պայմանավորված է ՌԴ-ով: Սա մի շուկա է, որը, ըստ էության, «կլանում» է մեր ստեղծածը:
-Մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ շուկան:
-Մենք այդ շուկան երբեք չենք կարողացել ճիշտ օգտագործել: Խորհրդային տարիներին էլ էր այդպես: Պատճառն այն է, որ մենք առաջնորդվում են սուբյեկտիվ նկրտումներով: Իշխանությունները չեն կարողացել հարաբերությունները ճիշտ օգտագործել: Մենք անցյալ տարի 80-85 հազար տոննա գյուղմթերք արտահանեցինք, սա մեզ համար բավականին լավ թիվ էր: Ապավինելով Աստծո բարեհաճությանն ու եղանակային պայմաններին՝ հիմա մտածում ենք` արդյոք կարո՞ղ ենք այդ 80-85 հազար տոննան դարձնել 180 հազար տոննա: Սա նշանակում է աշխատատեղ, եկամտի կրկնակի ավելացում: Պետք է համալիր զարգացում ապահովել: Այս դեպքում բացարձակ կապ չունի՝ Ռուսաստանն ո՞ւմ հետ կմերձենա կամ կհեռանա: Ռուսական անհատակ շուկայում եթե մենք մեծ քանակությամբ արտահանում իրականացնենք, Թուրքիան բացարձակապես խանգարող գործոն չի կարող լինել, որովհետև մերն էլ, Թուրքիայինն էլ, մեկ այլ երկրի արտահանումն էլ գումարենք՝ ռուսական պահանջարկը չի բավարարվի:
-Իշխանությունը նպատակ չունի՞ 80-85 հազար տոննա գյուղմթերքի արտահանումը կրկնակի դարձնել:
-Նպատակ ունենալը մի բան է, կենսագործելը` մեկ այլ: Պետությունը, իշխանությունը կոչված են այդ գիտակցումը կենսագործելու դժվարությունները հաղթահարելուն: Հիմա եթե պետությունը ձեռքերը լվացել է կամ միայն իր շահերն է սպասարկում, հասարակությունը կհայտնվի դժվարությունների մեջ` սկսած տրանսպորտային խնդիրներից մինչև ֆինանսական: ՈՒնենք մի ճանապարհ ընդամենը` Վերին Լարս: Եթե հանկարծ վերացավ դա, ի՞նչ պետք է անել: Շնչակտուր դիմում ենք իբր լաստանավի օգնությանը, բայց պարզվում է՝ ո՛չ սա ունենք, ո՛չ այն: Սա ապացուցում է, որ մեր իշխանավորները ցանկություն էլ չունեն խնդիրներին լուծումներ տալու:
-Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից մոտենանք այս հաշտեցմանը, տնտեսական ի՞նչ փոփոխություններ կլինեն ռուս-թուրքական տանդեմում: Տեսակետ կա, որ տուրիզմի շրջանին ընդառաջ Թուրքիան խորամանկություն ցուցաբերեց:
-Որոշակի բաներ, իհարկե, կփոխվեն: Ենթադրենք, Թուրքիան խորամանկություն արեց, բայց երբ տեսնում ես, թե տուրիզմի ինչպիսի մակարդակ է այդ երկրում, ամեն ինչ պարզ է դառնում: Ռուսաստանինն են աշխարհի ծովերն ու օվկիանոսները, բայց ինչո՞ւ թուրքերի սպասարկման կեսի կեսն էլ չեն ստեղծել: Թուրքերին գովել պետք չէ, բայց երկիր է, որի կառուցած շենքերը, փողոցները շատ բանի մասին են ասում: Այսինքն, այս տեսանկյունից պակաս խորամանկություն էլ ռուսները չարեցին: Չաշխատող, ծույլ ազգ են: Ամիսներ շարունակ իրար հայհոյում էին, բայց ընդամենը մեկ ակնթարթում «սիրատոչոր» բարեկամներ դարձան:


Զրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ