Turan-ի փոխանցմամբ՝ «Ռոսնեֆտը» 2017-ից կարող է սկսել Իրանին բենզինի մատակարարումները: Այդ ժամանակ Petrocas-ը, որում պետական ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 49 տոկոսը, պլանավորում է լոգիստիկ տերմինալ կառուցել Հարավկովկասյան միջանցքի միջոցով:
Petrocas Energy Group ընկերությունը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը «Ռոսնեֆտը» 2015-ի հունվարին գնել է 144 միլիոն դոլարով, պլանավորում է բենզինի ու դիզելային վառելիքի մատակարարումներ սկսել Նեկա ու Էնզելի նավահանգիստներ՝ Փոթիում սեփական նավթալցման տերմինալով՝ РБК-ի հետ զրույցում հայտարարել է Petrocas Energy Group-ի գլխավոր տնօրեն Վանո Նիկաիձեն. «Փոթիի տերմինալի թողունակությունը կազմում է տարեկան մոտ 3 միլիոն տոննա նավթամթերք, ներկայումս այն բեռնված է 1-1,5 միլիոն տոննայով: Այդ տերմինալով են իրականացվում բաց գույնի նավթամթերքների մատակարարումները Հայաստանին (մինչև երկրում սպառման 80 տոկոսը), Ադրբեջանին, Վրաստանին: Փոթիում կան նաև բենզին պահելու հատուկ հնարավորություններ:
Կասպից ծովի ուղղությամբ Իրան նավթամթերք տեղափոխելու համար պլանավորվում է վառելիքը երկաթուղով հասցնել Ադրբեջանի նավահանգիստներ, իսկ այնտեղ Կասպից ծովով լցանավերով ուղղել Իրան: Իրանական շուկա դուրս գալու և այնտեղ տարեկան առնվազն 1 միլիոն տոննա բենզին մատակարարելու համար Petrocas-ը պլանավորում է ընդլայնել տերմինալը: Ներդրումները գնահատվում են 100-200 միլիոն դոլար: Իրանական շուկան պլանավորված է յուրացնել 2017 թվականից և Փոթիի միջոցով այնտեղ մատակարարել տարեկան մինչև 3 միլիոն տոննա նավթամթերք, որից մոտ 1 միլիոն տոննա բենզինը կարտահանվի Իրան, իսկ նավթամթերքի մնացյալ մասը կգնեն Թուրքմենստանն ու Ղազախստանը»: