Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Մեզնից որևէ մեկը չի ժխտել, որ կան հարցեր»

«Մեզնից որևէ մեկը չի ժխտել, որ կան հարցեր»
29.06.2016 | 17:52

Թեև Հարկային նոր օրենսգիրքը մեծ աղմուկ հանեց, այնուհանդերձ, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցավ, ինչը չի նշանակում, թե «կռիվն» ավարտվեց։ Օրենսդրի ընդդիմադիր թևը համարում է, որ իշխանությունն ավելորդ շտապողականություն ցուցաբերեց։ Հարց, որի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ։

-Տիկին Նաղդալյան, Ձեր ընդդիմադիր գործընկերները համոզված են, որ Հարկային նոր օրենսգիրքն առաջին ընթերցմամբ չպետք է անցներ, և այս հարցում ԱԺ-ն շտապողականություն դրսևորեց։ Որքանո՞վ է դա այդպես։
-Շտապողականության դրսևորում չեմ նկատում։ Ընդհանրապես խորհրդարանի մեծ նիստի ժամանակ, որպես չգրված օրենք, գործում է ստանդարտ մեղադրանքների սկզբունքը։ Եվ եթե ասելու այլ բան չի լինում, մշտապես առաջ է քաշվում շտապողականության վերաբերյալ մեղադրանքը։ ՈՒզում եմ տեղեկացնել, որ Հարկային նոր օրենսգիրքը տարիների աշխատանքի արդյունք է, այնպես որ, այս հատվածում շտապողականություն չի ցուցաբերվել։ 2016-ի ապրիլին օրենսգիրքը մտել է խորհրդարան, տնտեսական հանձնաժողովում կազմակերպվել է երեք քննարկում։ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ստեղծվել է առանձին աշխատանքային խումբ, որը զուգահեռաբար ուսումնասիրել է և առաջարկներ է արել, որից հետո տնտեսական հանձնաժողովի հետ դրանք քննարկվել են։ Երեք ամիս է նոր օրենսգիրքը խորհրդարանում է, հետևաբար առաջին ընթերցմամբ այն ընդունելու առաջարկը շատ տրամաբանական էր։ Այսպիսով, ի լուր աշխարհի, հնչեցրինք օրենսգրքի հիմական դրույթները։ Դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն, կուսումնասիրվեն առաջարկները։ Աշնանը այս գործընթացը կավարտվի։ Հիմա Դուք ինձ ասեք, երկու տարի երեք ամիս քննարկվող օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունումը կարելի՞ է համարել շտապողականություն։ Իհարկե կարելի է, եթե այլ ասելիք չկա։
-Բայց ՀՀԿ խմբակցության անդամները ևս նշում էին, որ օրենսգրքով նախատեսված հարկերի բարձրացումը կխոչընդոտի բիզնեսի զարգացմանը և վնաս կհասցնի տնտեսությանը։
-Դա այլ հարց է։ Այո, մեզնից որևէ մեկը չի ժխտել, որ կան հարցեր, որոնք քննարկման ենթակա են։ Հանրապետականների ելույթները հիմնավոր էին և սթափ։ Հիշեցնեմ նաև, որ սա հանրապետականի օրենքը չէ և ոչ էլ հատուկ իշխանության համար է։ Հարկային օրենսգիրքը կարևորագույն և հիմնարար նշանակություն ունի երկրի տնտեսության առաջընթացի, սոցիալական խնդիրների լուծման և ապագայի համար։ Իսկ սա նշանակում է, որ բոլորիս ակտիվ մասնակցությունը լրամշակման համար անհրաժեշտություն է՝ տրամաբանական և առարկայական իմաստով։ Հանրապետականն իր ելույթներն այս կառուցողական մոտեցմամբ է ներկայացել։ Այս պահին ո՛չ անհիմն գովերգը, ո՛չ էլ անտեղի փնովելը տեղին չեն։ Ես ինքս էլ նշել եմ, որ կան դրույթներ, որոնք լուծում են պահանջում։ Այս պահին մենք ունենք ժամանակ առարկայական քննարկման համար։ Համոզված եմ, որ շատ հարցերի լուծումներ կտրվեն, դրա հետ մեկտեղ այնքան էլ ռոմանտիկ չեմ, որ մտածեմ, թե Հարկային օրենսգիրքն ամբողջությամբ կփոխվի։
-1996-97-ից Հայաստանի կառավարությունը որդեգրել է հարկ չբարձրացնելու քաղաքականությունը։ Հիմա, երբ նոր օրենսգրքով նախատեսվում է որոշակի հարկերի բարձրացում, սա նշանակում է, որ հարկային դաշտում ռազմավարությո՞ւն է փոխվում։
-Նախագահ Ֆրանկլինը հայտնի արտահայտություն ունի. «Հարկերը և մահն անխուսափելի են»։ Այսինքն, այսօր խոսել և մտածել հարկերի նվազեցման մասին՝ բարի, լավ ցանկություն է, բայց, ցավոք, աշխարհում քիչ երկրներ կան, որ գործնականում այդ ուղղությամբ են շարժվել։ Պետք է ելնել առկա իրողությունից՝ օրենսդրությունը պետք է նպաստի գործարար դաշտի բարելավմանը և տնտեսության աշխուժացմանը։ Սա է կարևորագույն նպատակը։ Այս գլոբալ աշխարհում անհրաժեշտ է մեր տնտեսության համար ստեղծել երկարաժամկետ արդյունավետ զարգացման հեռանկարներ՝ երկիրը տանելով դեպի առաջընթաց՝ լուծելով նաև ֆիսկալ խնդիրները։ Եթե մենք Հարկային օրենսգիրքն ընդունելու լինեինք հիպոթետիկ միջավայրում, ապա դժվար չէր լինի իդեալական բաներ գրել։ Բայց խնդիրը երկրի զարգացման և պետբյուջեի եկամուտների ապահովման տեսանկյունից պետք է դիտարկել։
-Հիմա, ըստ Ձեզ, այս օրենսգիրքը նպաստո՞ւմ է այդ ամենին։
-Հիշեցնեմ, որ օրենսգիրքը դեռ երկրորդ, երրորդ ընթերցում պետք է անցնի, և այդ ժամանակահատվածում բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկները կքննարկվեն։ Այս մոտեցումը նպատակ ունի օրենսգիրքը դարձնել այնպիսին, որ հնարավորինս լուծում տրվի նշված հարցերին։ Միևնույն ժամանակ, հարց եմ բարձրացրել, որպեսզի աշխատանքային խումբը մեզ ներկայացնի հավաքական աղյուսակ, որտեղ ըստ ոլորտների ներկայացված լինի, թե բեռը որտեղ կծանրանա և որտեղ կթեթևանա։ Առանց այդ համեմատականի այս պահին որևէ բան ասելը ճիշտ չէ։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ