Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Ստրասբուրգ. Օր առաջին

Ստրասբուրգ. Օր առաջին
21.06.2016 | 18:42

Ստրասբուրգում ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին աշխատանքային օրվա ամփոփման խնդրանքով՝ դիմեցի Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին:


-Կարծես թե այս անգամ ԵԽԽՎ լիագումար նիստում մեզ անմիջականորեն վերաբերող հարցեր չկա՞ն:
-ԵԽԽՎ հունիսյան լիագումար նիստի առաջին օրը ավարտվեց, իսկապես լիագումարի օրակարգում Հայաստանին ուղղակիորեն վերաբերող հարցեր չկան, բայց մենք առաջնորդվում ենք սկզբունքով, որ անդամակցելով ԵԽԽՎ-ին, բոլոր հարցերը վերաբերում են մեզ և մենք արտահայտում ենք մեր տեսակետը: Ամբողջ պատվիրակությունն ունի աշխատանքային ծանրաբեռնված օրակարգ, բազմաթիվ ելույթներ են ծրագրված օրակարգի տարբեր թեմաների շուրջ: Երեկ արդեն պատվիրակության անդամները մի քանի ելույթներ ունեցան լիագումարի ժամանակ: Հատկապես կարևոր էր և բավականին մեծ արձագանք ունեցավ մեր անդրադարձը Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցին Ադրբեջանի վերաբերյալ, որը շատ ծանր ձևակերպումներ և եզրահանգումներ ունի այդ երկրում տիրող իրավիճակի և վարվող քաղաքականության վերաբերյալ: Ես և Նաիրա Կարապետյանն անդրադարձանք այդ զեկույցի մի քանի դրույթների: Ցավոք, ժամանակի մեջ սահմանափակված լինելով, չէինք կարող շատ ծավալվել, բայց ամենակարևորը ներկայացրինք, որ պետության և նրա ղեկավարների կողմից մշակված է և իրականացվում է մի քաղաքականություն, որի հետևանքով սերունդները մեծանում են ատելության քարոզի պայմաններում: Հասարակության 91% այլևս բացարձակ հայատյաց է: Մենք ներկայացրինք երկրի ղեկավարի անձնական վերաբերմունքը և դերակատարությունը մարդատյաց ու հայատյաց հասարակություն կերտելու գործում, որ հակասում է եվրոպական արժեքներին, խոսեցինք նրա շարունակական քայլերի մասին՝ մարդասպանների ու հանցագործների հերոսականացման և փառաբանման ուղղությամբ:
-Ինչպե՞ս էր արձագանքում Ադրբեջանի պատվիրակությունը: Նրանք սպասու՞մ էին նման ելույթների:
-Չգիտեմ՝ սպասում էին, թե ոչ, բայց արձագանքը, մեղմ ասած, նյարդային էր ու ջղաձիգ: Նրանք չէին տիրապետում իրենց և ամբողջ դահլիճը տեսավ՝ ինչպես են ադրբեջանցիները հավասարակշռությունը կորցրած՝ հիստերիկ հակադարձում իրենց նախագահին և իրենց երկիրը փաստերով ներկայացնելուն, ինչպես են փորձում հերթական անգամ մոլորեցնել եվրոպացիներին: Մի քանի հեղինակավոր պատվիրակների ելույթներից պարզ դարձավ, որ դա չի ստացվում, պարզապես չի հաջողվում ստանալ այն պատկերը, որ Բաքուն ու իր լոբբիստները ուզում են մատուցել վեհաժողովին որպես ժողովրդավարական մեծ ձեռքբերումներ կամ առաջադիմություն: Միավորված ձախերի խմբի ղեկավար Թինի Քոքսն ասաց, որ չի կարելի մոռանալ նրանց մասին, ում ազատությունը խախտվում է: Սոցիալիստների ղեկավար Միքելա Նիկոլետին ասաց՝ թեև կան բանտերից ազատվածներ, բայց դեռ շատ են քաղբանտարկյալներն Ադրբեջանում և շատ աշխատանք կա անելու, որ նրանք ազատություն ստանան: Բյուրոյի աշխատանքների զեկույցը ներկայացնող եվրապահպանողականների խմբի ղեկավար, բրիտանացի պատվիրակ, եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլե-Գրանիեն ելույթների արձագանքման ժամանակ ընդգծեց՝ կան պրոբլեմներ, մարտահրավերներ, բայց կարևոր է քայլեր անել դեպի ժողովրդավարություն, ելնել հումանիզմից՝ ազատել բոլոր բանտարկյալներին: Ադրբեջանում իրավիճակին գնահատական տվող և ԵԽԽՎ-ին Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու պահանջով իմ ելույթը նա որակեց ՛՛ շատ հզոր ելույթ և շատ կարևոր դրույթներով՛՛: Այդ հարցերի վրա էին ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրում նաև ԵԽԽՎ շենքի մուտքի դիմաց ցույցի մասնակցները, նրանք պահանջում էին ազատություն քաղբանտարկյալներին, ժողովրդավարական փոփոխություններ Ադրբեջանում:
-Ադրբեջանի՝ բարեկեցիկ ու ուժեղ երկրի իմիջը փոխվու՞մ է ԵԽԽՎ-ի համար:
-Իսկապես երեկվա լիագումար նստում Ադրբեջանի ռենոմեին բավականին լուրջ հարվածներ հասցվեցին: Այդ համապատկերում շատ կարևոր էր Սամվել Ֆարմանյանի անդրադարձը Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստան, որ ոչ միայն զուտ պապական այց է, այլև՝ ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիրը:
-Իսկ լիագումարից դուրս ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան առաջին օրը:
-Մշտապես կարևոր քննարկումներ են լինում քաղաքական խմբերում, հիմնականում այնտեղ է ձևավորվում վերաբերմունքը նստաշրջանի օրակարգի գլխավոր քաղաքական հարցերի նկատմամբ, ինչպես նաև՝ հանձնաժողովներում, որտեղ ևս կարևոր հարցեր են քննարկվել:
-Բայց քաղաքական խմբերի ու հանձնաժողովների աշխատանքը, սովորաբար, մնում է ստվերում, ինչո՞ւ:
-Չէի ասի, որ մնում է ստվերում, ի վերջո ամեն ինչ արտահայտվում է լիագումար նիստում: Բազմիցս ասել ենք, որ պատգամավորների աշխատանքների մի զգալի մասը չերևացող է ու ընթացիկ աշխատանքներ էլ կան, որոնց արդյունքները ավելի ուշ են ի հայտ գալիս:
-Ուրիշ ի՞նչ հարցեր կան, որ առնչվում են մեզ:
-Այս նստաշրջանի գլխավոր հարցերից է Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների մասին հարցը, միգրանտների, պատգամավորական անձեռնմխելիության մասին հարցերը, որոնք ի թիվս այլ հարցերի, պահանջում են ուշադիր վերաբերմունք և մասնակցություն քաղաքական քննարկումների ձևավորման գործընթացներին: Այսօր մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է համազեկուցողների Հայաստան փաստահավաք այցի մասին տեղեկատվությունը, համազեկուցողներ Ալան Միլը և Գալատին ներկայացրին իրենց հանդիպումներ ու քննարկումները Երևանում, բարձրացրած հարցերն ու իրենց եզրահանգումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ