ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Արարատբանկն» ամփոփեց 2015-ը

«Արարատբանկն» ամփոփեց 2015-ը
21.06.2016 | 00:05

«Ազնիվ հաճախորդ, թե բանկային աշխատող՝ բոլորս էլ պատասխան ենք տալու Աստծո առաջ, մտածեք ձեր հոգու փրկության մասին»

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում հունիսի 17-ին «Արարատբանկ» ԲԲԸ-ն հրավիրել էր բաժնետերերի տարեկան ժողով՝ ամփոփելու 2015-ի արդյունքները:
Նախ՝ միայն թվեր: 2015-ին, չնայած արտաքին տնտեսական ցնցումներին ու ներքին ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրին, բանկի զուտ շահույթը կազմել է 942 միլիոն դրամ, ակտիվները՝ 132,0 միլիարդ դրամ, վարկերը՝ 66,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 105,5 միլիարդ դրամ, հաճախորդներից ներգրավված ավանդները՝ 59,3 միլիարդ դրամ: «Արարատբանկի» նկատմամբ աճող վստահության վկայություն է, որ նախորդ տարվա համեմատ 6,5 %-ով ավելացել է հաճախորդների թիվը, 4 %-ով՝ պլաստիկ քարտերի քանակը, անցյալ տարեվերջի համեմատ 19,4 %-ով մեծացել է հաճախորդներից ընդունված կոմունալ վճարումների ծավալը՝ կազմելով 15,766 միլիոն դրամ:
Նախքան տարեկան ժողովը, «Արարատբանկի» գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին: Տարվա ամփոփման նրա գնահատականն էր.

-Մենք կատարեցինք 2015-ի մեր հիմնական խնդիրները, ապահովեցինք շահույթ, ավելացրինք մեր մասնաբաժինը տարբեր շուկաներում, կարողացանք բարելավել մեր դիրքերը այլ երկրներում: Մեր գործունեությունը գնահատվեց միջազգային ասպարեզում՝ Global finance ամսագիրը մեր բանկը ճանաչեց Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող»՝ հաշվի առնելով 2015-ին միջազգային առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակն ու հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում «Արարատբանկը» ճանաչեց ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում: SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական «Raiffeisen Bank International AG»-ն «Արարատբանկին» շնորհեց «Որակի գերազանցություն» մրցանակ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ԲԲԸ-ն «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ մեր բանկն արժանացրեց «Բորսայի լավագույն անդամ» մրցանակների՝ չորրորդ տարին անընդմեջ՝ բորսայի բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար և երրորդ տարին անընդմեջ՝ վարկային ռեսուրսների շուկայում: Մենք երկուսով ավելացրինք մեր մասնաճյուղերի թիվը:
-Անցած տարի Դուք ասում էիք, որ բանկը նախատեսում է բանկ կամ վարկային կազմակերպություն գնել: Ստացվե՞ց:
-Ոչ, այդ խնդիրը մնում է ակտուալ, անցած տարի երկու բանկի ուսումնասիրությունից հետո, ցավոք, դրական արդյունքի չհանգեցինք: Մենք մեր մտադրությունից չենք հրաժարվել, բայց այդ գործընթացին պետք է զգույշ վերաբերվել, եթե հարմար տարբերակ լինի, մեր մտադրությունը կիրականացնենք:
Մենք այսօր քվեարկելու ենք մեր կապիտալի ավելացման հարցը, բանկը հուլիսի 20-ից կավելացնի կապիտալը, և մենք կհամապատասխանենք Կենտրոնական բանկի պահանջներին:
-Ինչի՞ հաշվին է ավելացումը կատարվելու:
-Բաժնետերերի: Նրանք 8,5 միլիարդ դրամ կներդնեն: Կապիտալի ավելացումը թույլ կտա փոխել մեր ռազմավարությունը: Բացի այդ, այս տարի մենք ֆինանսական սուպերմարկետի ծառայություն ենք ներդրել մեր 3 մասնաճյուղերում, նպատակ ունենք սուպերմարկետների թիվը հասցնել 12-ի:
-Ի՞նչ է ենթադրում ֆինանսական սուպերմարկետը:
-Բանկային բոլոր ծառայությունների մեկտեղում, խորհրդատվություն, բանկային մատչելի գրքույկների հրապարակում և տարածում հաճախորդներին: Մեր ռազմավարությունը ներառում է ավելի արդյունավետ ծառայությունների մատուցում հաճախորդներին՝ մենք ստեղծելու ենք վիրտուալ բանկի մասնաճյուղ: 2015-ին մենք 120 միլիոն դրամի գործարք ենք իրականացրել վիրտուալ բանկով, այս տարի կփորձենք ծառայություններ ավելացնել մեր հաճախորդների համար՝ նրանց հնարավորություն տալով օգտվելու մոդեռն ծառայություններից: Մեր խնդիրը հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելն է, մենք պետք է նրանց մատուցենք նոր, աշխարհում հայտնի լավագույն տեխնոլոգիաներով բանկային ծառայություններ:
-Այս տարի ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:
-«Արարատբանկը» պահպանողական քաղաքականություն է վարում, ուժեղ է ռիսկերի կառավարման համակարգը: Մեր թիվ մեկ խնդիրը բանկը կայուն պահելն է շուկայում և շուկայից դուրս եղած բոլոր ռիսկերից:
«Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, տարեկան ժողովը բացելով, ողջույնի համար խոսքը փոխանցեց Կենտրոնական բանկի փոխնախագահ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ: Նա նշեց, որ «Արարատբանկը» ֆինանսական շուկայում վաղուց է նվաճել իր ուրույն տեղը և կայուն զարգացում է ապահովում՝ հավակնելով լավագույններից մեկը լինել: «Վերջին հինգ տարիներին բանկի ակտիվները միջինն աճել են տարեկան 16 %, ավանդները և տնտեսությանը տրված վարկերը՝ 20 %-ով: 2015-ի վերջին բանկի ակտիվներն արդեն իսկ կազմել են 134 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 23 միլիարդ դրամ: Բանկի ակտիվների 50 %-ը ներգրավված է տնտեսությանը հատկացվող վարկերում, վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում «Արարատբանկն» ունի վարկերի վերադարձելիության լավագույն ցուցանիշներից մեկը ֆինանսական համակարգում՝ դա ևս վկայում է բանկի ճիշտ ռազմավարությունը: «Արարատբանկը» կապիտալի շուկայի առավել ակտիվ մասնակիցներից է և վերջին մի քանի տարիների ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է արտարժութային պարտատոմսեր: Բանկի դինամիկ զարգացումը և ընդլայնվող աշխարհագրությունը վկայում են, որ հաջողությունները կշարունակվեն: Բանկը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ ժամանակակից կառավարման աշխատաոճ է որդեգրել, որից շահելու են առաջին հերթին հաճախորդները»,- ասաց ԿԲ-ի փոխնախագահը՝ «Արարատբանկին» հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթելով: Հայաստանի բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ գնահատականով՝ «Արարատբանկն» իր պատմության մեջ միշտ աչքի է ընկել կայունությամբ, նոր մոտեցումներով, բազմաթիվ բաժնետերերի շահերի անշեղ պաշտպանությամբ: Նա հիշեցրեց՝ «Արարատբանկն» առաջինն էր Հայաստանում, որ 2007-ին որպես ֆինանսական գործիք կիրառեց կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր և անցած բոլոր տարիներին եղել է պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից: «Արարատբանկն» առաջիններից էր, որ վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության՝ ճանապարհ բացելով ինստիտուցիոնալ ռազմավարական կառույցների առջև՝ բաժնետերերի կազմում ընդգրկվելու համար: Չնայած 2015-ը բանկային համակարգի և մեր ամբողջ տնտեսության համար հեշտ չի եղել, «Արարատբանկը» պատկառելի արդյունքների է հասել, որ շարունակվեց նաև այս տարվա առաջին կեսին: «Արարատբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ՝ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Բանկը մեծացրեց իր ներդրումային գրավչությունը այս տնտեսական իրավիճակում, որ բավականին բարդ է»,- ասաց Սամվել Ճզմաչյանը: Բանկերի միության նախագահը, հայտարարելով, որ դժվար ժամանակները իրենց անեկդոտներն են բերում նաև ֆինանսական ոլորտում, անեկդոտ պատմեց բանկի աշխատողի և վարկառուի մասին: Վարկառուն հարցնում է՝ ձեր բանկը ազնիվ խոսքի դիմաց վարկավորո՞ւմ է: Խնդիր չկա՝ պատասխանում է բանկի աշխատակիցը: Իսկ եթե վարկը չվերադարձնե՞մ: Դուք ձեզ անհարմար կզգաք Աստծո առաջ: Օ, դա դեռ ե՛րբ կլինի: Եթե ամսի 5-ին չվերադարձնեք, 6-ին կլինի: Պարոն Ճզմաչյանը անեկդոտն ամփոփեց՝ եզրակացնելով, որ «Արարատբանկը» խնդիրներ չի ունենա ո՛չ Աստծո առաջ, ո՛չ ընդհանուր կապիտալի գծով ՀՀ ԿԲ նորմատիվային որոշման կատարման առումով: Շեշտելով բանկի զարգացման դրական դինամիկան՝ Սամվել Ճզմաչյանը հաջողություններ մաղթեց բանկի խորհրդի նախագահին, գործադիր տնօրենին ու հատկապես բաժնետերերին:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն ՄԱՐԿ ԴԵՎԻՍԸ խոսեց կարճ ու տպավորիչ: Նա ասաց, որ «Արարատբանկի» հետ համագործակցությունը հաճույք է, բերեց թվեր, որ համոզում էին ասածը, նշեց, որ ՎԶԵԲ-ը ուրախ է բանկի բաժնետեր լինել՝ հիմնական գործընկեր ունենալով «Արարատբանկին», խոսեց առաջիկա համատեղ անելիքներից, անդրադարձավ հուլիսին կազմակերպվելիք սեմինարին ու խոսքն ամփոփեց շնորհակալությամբ՝ անցած լավ ֆինանսական տարվա համար՝ նորի սպասումներով: «Մենք ուրախ բաժնետեր ենք»,- հավարտ բանաձևեց Մարկ Դևիսը:
«Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը թվերով ու փաստերով անդրադարձավ անցած ֆինանսական տարվան՝ բաժնետերերին ու հաճախորդներին, լրագրողներին ներկայացնելով նաև ֆինանսական հաջորդ տարվա անելիքներն ու գերակայությունները: Նա արձանագրեց, որ բանկը գտնվում է անցման փուլում՝ «Բազել 2»-ից «Բազել 3», որն ունի հիմնական երկու պահանջ: Մեկը կապիտալի համարժեքության նոր հաշվարկն է, որի համաձայն ձևավորվում է երկու բարձիկ՝ կապիտալի պահպանության համար և տնտեսական ցիկլերի դեմ, յուրաքանչյուրը՝ 2,5 %: Նա նշեց, որ «Արարատբանկը» կապիտալի ավելացումով կհամապատասխանի «Բազել 3»-ին: Գործադիր տնօրենը մասնագիտական լեզվով երկար ու հանգամանալից բացատրեց բանկի գործունեության մանրամասները, որոնց փոխանցումը, կարծում եմ, ընթերցողին չափազանց հետաքրքրում է, եթե որոշել է խորանալ բանկային ոլորտում: Բանկի ֆինանսական գործունեության արդյունքները ներկայացրեց և բաժնետերերի հարցերին պատասխանեց գործադիր տնօրենի տեղակալ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա հիշեցրեց, որ «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 942 միլիոն դրամ, սեփական կապիտալի նկատմամբ շահութաբերությունը (RoE)՝ 4,.29 %, ակտիվների շահութաբերությունը (RoA)՝ 0,72 %։ Զուտ շահույթի մարժան՝ 14,87 %։ Այս ցուցանիշներն ավելի ցածր են եղել, քան 2014-ին ՝ հաշվի առնելով մակրոտնտեսական դժվարությունները (ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի տատանում ու ռուբլու փոխարժեքի անկայունություն)։ 2014-ին RoE–ն ու RoA-ն կազմել են 13,57 % և 2,24 %։ Այդուհանդերձ, բանկը շարունակում է ֆինանսապես կայուն և հուսալի մնալ՝ հայտարարեց Դավիթ Հարությունյանը։ 2015-ին բանկը դիվիդենդներ չի վճարել 2014-ի շահույթից (2,74 միլիարդ դրամ)։ 600 միլիոն դրամ ուղղվել է բանկի պահուստային ֆոնդի համալրմանը, իսկ մնացած մասը, որպես չբաշխված շահույթ, մնացել է բանկում՝ նպաստելով կապիտալի աճին։ «Արարատբանկի» գլխավոր հաշվապահ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը: Կատարելով բոլոր քվեարկությունները՝ «Արարատբանկի» բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշեց բանկի կապիտալը 8,5 միլիարդ դրամով համալրելու նպատակով թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով տեղաբաշխել 483230 լրացուցիչ բաժնետոմսեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. «Արարատբանկի» խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, տարեկան ժողովը ամփոփելով, անդրադարձավ Բանկերի խորհրդի նախագահ Սամվել Ճզմաչյանի պատմած անեկդոտին ու հավելեց. «Ազնիվ հաճախորդ, թե բանկային աշխատող՝ բոլորս էլ պատասխան ենք տալու Աստծո առաջ, մտածեք ձեր հոգու փրկության մասին»: Դահլիճից հավելեցին՝ հատկապես բաժնետերերը: Բարսեղ Բեգլարյանը համաձայնեց:

Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ