Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Երազախաբ չլինենք...

Երազախաբ չլինենք...
14.06.2016 | 11:15

ԶԼՄ-ների փոխանցմամբ` դեպի Եվրամիության երկրներ Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքները սկսված են։ Իսկ Հայաստանը, ինչպես միշտ, «տանը չէ», դուրս է մնում խոշոր միջազգային ծրագրից։ Ի՞նչ քայլեր է նախաձեռնում Հայաստանը՝ հարցրինք կապի և տրանսպորտի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ։


-Ես Ձեզ ճի՞շտ հասկացա՝ մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ընդգրկվենք ադրբեջանական ծրագրում։
-Ոչ, ծրագիրը ադրբեջանական չէ։ Այս ծրագրում ընդգրկված են նաև Ռուսաստանը և Ֆինլանդիան։
Ասեմ այսպես. բազմաթիվ են այն ծրագրերը, որոնք ենթադրում են տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ, և դրանց վերաբերյալ բազմաթիվ են նաև հայտարարությունները։ Իրան-Հայաստան-Վրաստան մուլտիմոդալ նախագծեր կան, որոնցում ներգրավված չեն այլ պետություններ։ Այնպես որ, մի անհանգստացեք։ Եթե Հայաստանը Ձեր նշած ծրագրում ներգրավված չէ հայտնի պատճառներով, ապա կան բազմաթիվ նախագծեր մեր նախաձեռնությամբ, այդ թվում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Շնորհակալություն։
-Կնշե՞ք որևէ կոնկրետ ծրագրի անուն, որը գործնականում սկսված է։
-Ասացի՝ Իրան-Հայաստան մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, որը ենթադրում է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի համադրմամբ, Իրանից մինչև սևծովյան նավահանգիստներ բեռների փոխադրում։ Շնորհակալություն։
-Այսինքն՝ Բանդարաբասի նավահանգստից դեպի Եվրամիության երկրներ Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման ծրագիրը չի՞ խոչընդոտի կամ նվազեցնի Ձեր նշած մուլտիմոդալ ծրագրի տնտեսական արժեքը և հետաքրքրությունը։
-Ոչ։ Ընդհանրապես տրանսպորտը ենթադրում է տարբեր միջանցքների, հնարավորությունների դիվերսիֆիկացիա։ Բազմաթիվ են երկրների արած առաջարկությունները հնարավորությունների հարցում։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր արած առաջարկը լինի ավելի շահավետ։
-Այդ դեպքում ի՞նչ փուլում է Հայաստանի առաջարկած Իրան-Հայաստան մուլտիմոդալ փոխադրումների առաջարկը։
-Նորից եմ կրկնում՝ դա մեր միակ առաջարկը չէ։ Իրականացվում է «Հյուսիս-Հարավ» ծրագիրը։
-Որը մոտ տասը տարի է, ինչ կառուցվում է։
-Տասը տարի չէ։ Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2013-ին, և մենք շատ շուտով կխոսենք ծրագրի ավարտի մասին։ Շնորհակալություն։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ. Լավ հասկանում ենք փոխնախարարի «շնորհակալություն» բառի ենթատեքստը յուրաքանչյուր հարցից հետո... Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը, ապա չմոռանանք, որ ծրագիրը գերակա համարվեց 2009-ից։ Այսինքն՝ չորս տարի պահանջվեց, որպեսզի խոսքը գործ դառնա։ Նման «օպերատիվ» աշխատանքի արդյունքում երևի թե 2013-ին մեկնարկած ծրագրի ավարտի համար ևս մի չորս տարի պահանջվի։ Հիշեցնենք նաև, որ 2013-ից ծրագիրը բազմիցս ընդմիջվել է։ Եթե աշխատանքները այսպիսի «կայծակնային» արագությամբ ընթանան, ապա ոչ միայն Իրան-Ադրբեջան-Վրաստան-ծրագիրը, որում ընդգրկված են Ռուսաստանը և Ֆինլանդիան, այլև մի շարք այլ ծրագրեր ևս իրականություն կդառնան։ Իսկ Հայաստանը, ինչպես միշտ, երազախաբ կլինի։

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ